Հավատաքննության դեպքում կմնա միայն «Ժառանգությունը»

    • Հարցազրույց - 09 Հունվարի 2017, 10:05
Մեր զրուցակիցն է Ժառանգություն կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը

Պարոն Մարտիրոսյան, Ժառանգությունը  ներկայացրել է իշխանափոփոխության մանիֆեստ։ Սա որքանո՞վ է «Ժառանգության» միասնական տեսակետը, կա՞ն ներսում տարաձայնություններ, այն, օրինակ, կիսո՞ւմ է Րաֆֆի Հովհաննիյանը։

Սա վարչության կողմից ընդունված հայտարարություն է և որևէ մեկնաբանություն դրա հետ կապված, կարծում եմ, տեղին չէ։

Ներկայացված ծրագրում նշվում է, որ «Ժառանգությունը» պատրաստ է դաշինք կազմել բոլորի հետ՝ բացառությամբ ՀՀԿ-ի։ Այսինքն՝ պատրաստ եք դաշինքի գնալ ցանկացած ուժի հե՞տ։

Ըստ էության՝ մեր ներկայացրած դրույթների ընդունման դեպքում, տեսականորեն կարող ենք յուրաքանչյուր քաղաքական ուժի, քաղաքական գործչի, հասարակական գործիչների հետ քննարկումներ անցկացնել, միավորում կազմել։ Իհարկե, այն գործիչների հետ, որոնք անմիջականորեն երկրի վճռորոշ խնդիրների հետ կապված հրամաններ չեն կատարել, ինչպիսին օրինակ մարտի 1-ին զենք կիրառելն էր, ընտրությունները լայնամասշտաբ կեղծելը։ Բոլոր այն գործիչները, որոնք եղել են իշխանության մեջ, որոնք զգում են, որ համակարգը քաղցկեղածին է և բացարձակ չի համապատասխանում մեր շահերին և պատրաստ են փոփոխությունների, մենք պատրաստ ենք քննարկել և, ինչու ոչ, դաշինքներ կազմել նրանց հետ։ Սա ոչ թե «Ժառանգությանը» միանալու հրավերք է քաղաքական ուժերին, սրանք մեր մոտեցումներն են, որ ներկայացնում ենք հասարակությանը, թե մենք ինչի շուրջ ենք քննարկումներ կազմակերպում։ Մենք ևս մեկ անգամ վերահաստատում ենք այն նվազագույն շեմը, որով պատրաստ ենք համագործակցել մեր գործընկերների հետ։ Այն կետերը, որոնք ներառվել են հայտարարությունում, ոչ միայն օրախնդիր են, այլ տարիներ շարունակ համակարգային խնդիրներ են դարձել։

Օրինակ՝ Սեյրան Օհանյանը, որ մինչև երեկ իշխանության մաս էր ու այսօր հայտ է ներկայացնում, նրա հետ համագործակցություն պատկերացնո՞ւմ եք։

Այո, պատկերացնում եմ, որովհետև եթե ցանկություն կա մասնակցել երկրի արմատական փոփոխությանը, երկրի ինքնիշխանության բարձրացմանը, բնականաբար, նմանատիպ համագործակություն պատկերացնում եմ, որովհետև հավատաքննելու դեպքում նույնիսկ «Ժառանգության» ներսում կարող ենք հավատաքննություն անել և այդպես չենք կարող առաջ շարժվել։ Ամեն մի քաղաքական ուժ ունի իր հետագիծը։

«Ժառանգությունը» երբևեէ չի եղել իշխանության մեջ, ուստի այդ իշխանական հետագիծը չունի, «Ժառանգությունը» կողմ չի եղել սահմանադրական փոփոխություններին, դրա համար այդ բացասական հետագիծը ևս չունի, «Ժառանգությունը» հետ չի քաշվել պայքարներից և միշտ առաջին գծում է եղել՝ անկախ նրանից, թե ինչ դիրքորոշում ենք ունեցել այս կամ այն ուժի կամ գործչի նկատմամբ։ Նաև եթե տեսել ենք, որ կա ընդդիմադիրների միավորման հնարավորություն, գնացել ենք դրան, ժողովրդի հետ միասին պայքարել ենք ժողովրդի ցանկությունը կատարելու համար։ Հավատաքննության պարագայում միանշանակ է, որ «Ժառանգությունը» միայնակ պետք է մասնակցի ընտրություններին, սակայն այդ դեպքում, ցավոք սրտի, «Ժառանգությունը» չի կարող միայնակ իշխանափոխություն իրականացնել, դրան հաջորդող արմատական բարեփոխումներ, փոփոխություններ իրականացնել։ Այդ պատճառով մենք համագործակցելու ցանկություն ունենք երկիրն այս վիճակից դուրս բերելու համար։

Այսինքն՝ որոշ ուժերի քաղաքական անցյալը չի՞ խանգարում նման համագործակցությանը։

Քաղաքական անցյալը խանգարում է այնքանով, որ մինչև հիմա չենք համագործակցել, քան նրանով, որ հասարակական որոշակի ընկալումներ կան, բայց եթե անընդհատ քաղաքական անցյալին նայենք, որևէ մեկի հետ չպետք է համագործակցենք՝ «Ժառանգությանը», Րաֆֆի Հովհաննիսյանին, ինձ, Զարուհի Փոստանջյանին, Հովսեփ Խուրշուդյանին ուղղված ոչ թե քննադատությունը, այլ վիրավորանքները չհաշված։

Այսինքն՝ նույնիսկ եթե բացառապես քաղաքական կատեգորիաներով առաջ շարժվենք, միևնույն է, եթե հավատաքննությանը դիմենք, «Ժառանգությունը» մենակ է մնալու։ Դրա համար մեր կողմից այդ պատրաստակամությունը կա, որ եթե ուզում են բարեփոխումներ իրականացնել, իրենք էլ են տեսել կառավարման համակարգի նեխած լինելու աստիճանը, ինչու ոչ։

Իսկ հնարավոր համարո՞ւմ եք, որ դաշինք չկազմվի, և «Ժառանգությունը» միայնակ մասնակցի ընտրություններին։

Իհարկե, եթե մենք չկարողանանք լայն համախմբում իրականացնել, կամ տեսնենք, որ դա չի բավարարում իշխանափոխության ծրագիր սկսելու համար, նվազագույն պայմանները գոնե չկան, բնականաբար, մենք այդ միավորմանը չենք գնա։ Մենք կգնանք այն միավորմանը, որը որոշակի հավակնություներ կարող է ցուցաբերել։ Եթե այդ միավորումը չլինի, կամ ներքաղաքական ու արտաքին քաղաքական ոլորտներում մեր պատկերացումների հետ որևէ համադրում չլինի, «Ժառանգությունը» միայնակ գնալու ճանապարհը միշտ ունի, և մեր հայտարարության մեջ դա ևս նշել ենք։

Իսկ ԲՀԿ-ի ու Գագիկ Ծառուկյանի հետ նո՞ւյնպես հնարավոր է համագործակցություն՝ հաշվի առնելով նախկին ձախողված փորձը։

Իհարկե, հնարավոր է։ Մենք Գագիկ Ծառուկյանի հետ շատ լավ համագործակցություն ենք ունեցել, և եթե Սերժ Սարգսյանի գլխավորությամբ ՀՀԿ-ն հակաօրինական գործունեությամբ չզբաղվեր, մենք այսօր բոլորովին այլ իրավիճակ կունենայինք, այլ Հայաստանում կապրեինք։ Ակնհայտ էր հասարակական աջակցությունը եռյակ ձևաչափին։ Հասարակությունը հույսով լցված արդեն դուրս էր գալիս պայքարի, եթե չլինեին հակասահմանադրական ու հակաօրինական քայլերը, եւ, բնականաբար, այլ իրավիճակ կլիներ։ Եթե Գագիկ Ծառուկյանը շարունակում է իր այդ մոտեցումը, որ երկրին արմատական բարեփոխումներ են պետք, իհարկե, կարող ենք համագործակցել։

Բայց դա ամեն վայրկյան կարող է կրկնվել...

Ամեն ինչ էլ կյանքում հնարավոր է, բայց մեզ համար կարևոր է, որ կարողանանք այնպիսի ռեսուրսային, ուժային կենտրոն ստեղծել, որ իսկապես հասարակությունը տեսնի, որ դա կարող է այլընտրանք լինել իշխանությանը։ Ակնհայտ է, որ բոլորովին այլ իրավիճակ էր այն ժամանակ Գագիկ Ծառուկյանի հետ կապված, հիմա բոլորովին այլ է։ Իշխանությունն ինքը այս ժամանակահատվածում գիտի, որ հարկային խնդիրներ չունի Գագիկ Ծառուկյանը, ինչ-որ քրեական խնդիրների հետ կապված չի, ուստի ընտրական գործընթացում, եթե կրկնի նախորդ անգամվանը, բոլորովին այլ իրավիճակ կստեղծվի։ Ակնհայտ է նաև, որ այս ընտրություններից առաջ մենք ունենք և ԱՄՆ-ի, և Եվրամիության հայտարարությունները, որտեղ հստակ նշվում է քաղաքական կամքի մասին։ Առաջին անգամ ընտրություններին ընդառաջ հայտարարվեց դրա մասին։ Մենք ունենք արդեն իրավիճակ, երբ «Մագնիտսկու ցուցակ» գոյություն ունի ամբողջ աշխարհի համար, Օբամայի կողմից ստորագրված։ Դա նշանակում է կոռուպցիայի մեջ գտնվող անձանց նկատմամբ սանկցիաների կիրառում՝ սկսած վիզային մուտքի արգելափակումով, վերջացրած բանկային հաշիվների սառեցմամբ։

Ակնհայտ է, որ հիմա իրավիճակն այլ է, ակնհայտ է, որ մենք լայն համախմբման, երկիրն այս իրավիճակից դուրս բերելու կարիք ունենք։ Ակնհայտ է, որ ՀՀԿ-ական իշխանությունը՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, որևէ նվազագույն պահանջ կամ պարտք կառավարման համակարգում չի կարողանում իրականացնել։ Մենք տեսնում ենք, որ այնքան են իջել, որ համակարգային խնդիրները թողած բանանի՝ երկրորդ ներկրողի մասին են մտահոգվում, ու անգամ էդ խնդիրը չեն կարողանում լուծել, որովհետև բանանի գինը մնում է նույնը։ Տեսնում ենք, որ հոսանքը, որը գրեթե կրկնակի պետք է էժանանա, էժանանում է մեկ դրամով, գազը, որ պետք է կրկնակի էժանանա, էժանանում է ընդամենը մի քանի դրամով։ Դրա համար խոսել, որ մենք առանձնահատուկ իրավիճակ ենք ունենալու ՀՀԿ-ում, ժամանակը ցույց է տվել, որ իրավիճակի փոփոխություն չի կարող լինել, իսկ մեզ փոփոխություններ են պետք, որոնք կարող են տեղի ունենալ միասնական ջանքերով։ 

Ամենաընթերցվածը