Նրանք զենքը վայր չեն դրել, որ հետո համաներման արժանանան

    • Հարցազրույց - 06 Հունվարի 2017, 18:30
Մեր զրուցակիցն է «Սասնա ծռեր» շարժման քաղաքական խորհրդի անդամ, Կյուրեղյան եղբայրների հայրը՝ Արմենակ Կյուրեղյանը

Պարոն Կյուրեղյան, Նոր տարին առաջին անգամ դիմավորեցիք առանց ձեր որդիների, ձեր կնոջ հետ միայնակ։ Ի՞նչ տրամադրություններ ունեք, ինչպես եք գնահատում 2016 թվականը, մասնավորապես հուլիսյան իրադարձությունները։

Քանի դեռ տղաները բանտում են, տոնական ոչ մի տրամադրություն չկա։ Ամբողջ հայ ժողովրդի վիճակն այնպիսին է, որ ես ոչ մի տոնական տրամադրություն չունեմ։ Իմ բոլոր մտքերն ու մտածմունքներն ուղղված են տղաներին ու երկրի վիճակին, հատկապես վերջին օրերին Հայաստանի հողերը զիջելու խոսակցությունների ֆոնին։ Դա է երկրի վիճակը։

Տարին ավարտեցինք նոր վարչապետով, փոփոխությունների խոստումներով, որի անհրաժեշտությունը իշխանության համար, կարծեք թե, նաև հուլիսյան իրադարձություններով էր պայմանավորված։ Դուք որևէ դրական փոփոխություն տեսնո՞ւմ եք։

Ես բացարձակապես որևէ փոփոխություն չեմ տեսել, հակառակը, իշխանությունները փափուկ ուժի կիրառման գործելակերպն են որդեգրել, այսինքն՝ այն բոլոր բաները, որոնք մինչև «Սասնա ծռերի» գործողությունները կատարվում էին բռնի ուժով, ցինիզմով, հիմա կատարվում են մի տեսակ փափուկ ու գեղեցիկ արտահայտություններով համեմված, բայց էությունը դրանից չի փոխել։ Էությունը մնում է ոչ հայամետ, հայ ժողովրդին ու հայկական պետությանը նպաստող քայլեր անելու ոչ մի հույս չկա։ Նախարարներ են փոխում, մեկին հանում մյուսին են դնում, զարմանում են, որ գողությունը շատ է, այդտեղ ոչ մի փոփոխություն չկա։ Իսկ կոնկրետ քայլեր ու գործողություններ կլինեն միայն այն դեպքում, երբ Հայաստանն ունենա ինքնիշխան, ժողովրդավարական և ազգային պետություն։ Միայն այդ դեպքում մենք ապահովագրված կլինենք թե հողեր հանձնելուց, թե մնացած բացասական երևույթներից, որոնց մասին բարձրաձայնում են գրեթե բոլորը։

ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը հայտարարել է, որ հուլիսյան իրադարձությունները դարձան մեր ազգի համախմբվածությունը ջարդելու առիթ։ Ինչպե՞ս եք գնահատում նման հայտարարությունները՝ հաշվի առնելով, որ Ձեր որդիներն այդ օրերին եղել են իրադարձությունների կիզակետում, ոստիկանության ՊՊԾ գնդում:

ՀԻնչ կարող եմ ասել մի կուսակցական գործչի հայտարարության մասին, որը մեծ-մեծ խոսում էր, երբ Ցեղասպանության 100-ամյակի նախաշեմին ճանապարհային քարտեզ էր ստեղծվում թուրքերի հետ, իսկ հիմա օգտվում են նույն իշխանությունների կերակրատաշտից՝ մոռանալով ազգային շահերը։ Իմ բարեկամներից մեկը ՀՅԴ-ի մասին մի շատ հետաքրքիր բան է ասում, որ ՀՅԴ-ն հայ ժողովրդին տվել է շատ հայրենասիրական երգեր և բազում կորսված տարածքներ։ Ուրիշ բան չունեմ ասելու նրանց մասին։

Ձեր որդիներին չի՞ հիասթափեցնում այն, որ երկրում տեղաշարժ չկա, ինչպես դուք եք նշում։

Ոչ, չի հիասթափեցնում, որովհետև նրանք պատրաստ էին ավելիին, նրանք պատրաստ էին իրենց կյանքը զոհելու և գիտեին, որ իրենց դժվարություններ են սպասվում։ Այնպես չէ, որ նրանք այդ քայլին դիմելիս այս ամենը չէին հասկանում։ Հիմա շատերն են ասում, որ նրանց խաբեցին, ներում չշնորհեցին։ Ոչ, նրանք զենքը վայր չեն դրել, որ հետո համաներման արժանանան, նրանք զենքը վայր են դրել, որ արյուն չթափվի։ Արյուն չթափվելուն ուղղված միակ քայլ անողները հենց «Սասնա ծռերն» են, որովհետև եթե նրանք զենքը վայր չդնեին, հաստատ մեծ արյունահեղություն պիտի լիներ, և այդ արյունը շարունակվելու էր։

Ձեր կարծիքով, իշխանությունները հուլիսյան իրադարձություններից դասեր քաղեցի՞ն։

Ես կարծում եմ՝ էական չէ իշխանությունների դասեր քաղելը, որովհետև նրանք արդեն ինքնուրույն չեն, նրանք կատարում են գաղութատիրոջ պահանջները։ Հայաստանը դե ֆակտո գաղութացված երկիր է այժմ, և իշխանություններն էլ հլու-հնազանդ կատարում են գաղութատիրոջ պահանջները։ Հայաստանը կարիք ունի իր ինքնիշխանությունը վերականգնելու։ Առանց դրա ոչ մի լավ բան չի կատարվի Հայաստանում։ Իշխանությունները կամովին Հայաստանի ինքնիշխանությունը նվիրել են Ռուսաստանին։

Իսկ ինչպե՞ս կարող է Հայաստանը հետ բերել իր ինքնիշխանությունը։

Պայքարով, և այս դեպքում պայքարի բոլոր եղանակներն ընդունելի են։ Երբ սեղանին դրված է Հայաստանի լինել-չլինելու հարցը, ով ինչպես կարող է թող պայքարի։ Եթե մի տատիկ կարող է իր թոռներին հորդորել լինել հայրենասեր, դա էլ պայքարի մի ձև է։

Շատ մարդիկ փորձելու են ընտրությունների միջոցով նաև պայքարել, դուք չե՞ք միանալու նրանց պայքարին։

Կարծում եմ՝ դա անօգուտ գործ է, ընտրությունները հենց սկզբից ձախողված են։ Ի՞նչ ընտրություններ, եթե թե Սահմանադրության հանրաքվեն, թե Ընտրական օրենսգիրքն ընդունված են կեղծիքով, և ես այդ կեղծիքին չեմ ուզում մասնակցել։

Այս օրերին նրանց հետ հանդիպելու հնարավորություն ունե՞ք։

Ոչ, չկա նման հնարավորություն և չեմ կարծում, որ կլինի, հատկապես որ նախաքննությունը կոնկրետ Արեգի մասով ավարտված է, ու սա էլ պատժի մի տեսակ է։ Սա ոչ միայն կալանավորի, այլև իմ իրավունքների խախտում է, որ թույլ չի տրվում որդիներիս հետ տեսակցել։ Մենք պատժվում ենք մեր քաղաքական հայացքների համար։

Ինձ համար Ամանորը տոնական չի լինելու այնքան ժամանակ, մինչև Հայաստանում իրավիճակը չփոխվի։

Իսկ ի՞նչ կանի «Սասնա ծռերի» խորհուրդը 2017 թվականին, ի՞նչ ծրագրեր կան։

Կոնկրետ ծրագրեր չեմ կարող ասել, որովհետև իրավիճակը շատ արագ է փոխվում։ Կայծակնային արագությամբ իրավիճակ է փոխվում և աշխարհում, և Հայաստանում։ Միայն մի բան կարող եմ ասել, որ «Սասնա ծռեր» քաղաքական խորհուրդն ամեն ինչ կանի ի նպաստ Հայաստան պետության կայացման և հայ ժողովրդի:

Ամենաընթերցվածը