Երկրում իրավիճակ կարող է փոխվել միայն քաղաքացի դաստիարակելով

    • Հարցազրույց - 05 Հունվարի 2017, 19:20
Մեր զրուցակիցն է երաժիշտ-երգահան Եղիշե Պետրոսյանը

Պարոն Պետրոսյան, տարվա վերջին օրը ազատ արձակվեց «հաց բերող» Արթուր Սարգսյանը: Ինչո՞ւ պետք է վերջին օրը տեղի ունենար։

Չեմ կարող ասել, թե որն էր պատճառը, բայց աշխատանքներ այդ ուղղությամբ միշտ էլ տարվել են իմ գործընկերների կողմից, չեմ բացի բոլոր քարտերը: Մասնավորապես, հավաքվել և իրավապահ մարմիններին են ներկայացվել նրա հիվանդությունների էպիկրիզները, հատկապես Բեխտերևի հիվանդության հետ կապված: Վերջինս այն հիվանդությունների դասին է պատկանում, որի դեպքում ուղղակի հակացուցված է մարդուն պահել բանտային պայմաններում։ Բացի այդ, տարվել է երկարատև բացատրական աշխատանք նաև ակնկալվող միջազգային արձագանքների վերաբերյալ։

Հնարավո՞ր է, որ սա իշխանությունների կողմից ընտրություններից առաջ իմիջի փոփոխությանն ուղղված քայլ էր։

Կարող է և այդպես է, որովհետև այս ամենը մեզ մոտ իրավական դաշտում չէ, ամեն ինչ տեղի է ունենում քաղաքական որոշումներով։ Շատ-շատ մարդիկ կան, որոնց ուղղակի ապօրինի պահում են բանտերում։ Նրանք ոչ մի հանցանք չեն կատարել, գոյություն չունեն ստույգ ապացույցներ, բայց նրանք ամիսներով բանտերում են, իսկ քաջ հայտնի հանցագործները վխտում են ամենուր, նաև պետական հիմնարկներում։ Այնպես որ, այստեղ միայն քաղաքական պատվերն  է, և իրավաբանական որևէ հետք ես չեմ տեսնում այս ամենի մեջ։

Իսկ հնարավո՞ր է, որ այս շղթան շարունակվի, և «Սասնա ծռերին» նույնպես ազատության մեջ տեսնենք։

Ես խիստ կասկածում եմ, որովհետև նրանցից շատ են վախենում։

Այսինքն՝ վախի չափո՞վ է որոշվում «Սասնա ծռերի» ճակատագիրը։

Նաև վախի չափով, իրենց պլանների խաթարման վտանգով: Շատ պատճառներ կան, և ես այդ առումով լավատես չեմ։

Իսկ նախընտրական 2017 թվականին նման վայրիվերումներն անխուսափելի՞ կլինեն, մասնավորապես հնարավո՞ր են հետընտրական ֆորսմաժորային զարգացումներ։

Իսկ կարո՞ղ եք ասել, թե որ կուսակցությունը կամ դաշինքն է նման բան անելու։ Իմ երևակայությունը չի բավարարում պատկերացնելու նման բաներ, ես վատատես եմ:  Չկա այդպիսի ուժ, որը կարող է արթնացնել, համախմբել ժողովրդին։ Բոլոր կարող ուժերը կամ բանտերում են, կամ հնարավորինս լուսանցք մտցված, որոնք անգամ նախընտրական շտաբ բացելու հնարավորություն չունեն: Եվ լիքը-լիքը գրպանային կամ ժամանակավոր ներգրավված ֆեյք կուսակցություններ, որոնք այս անգամ էլ  պետք է լեգիտիմացնեն  այս ընտրությունները։Այս պահի դրությամբ ժողովուրդը տանուլ տված է։

Բայց Ձեր նշած կարող ուժերն էլ, մասնավորապես, «Սասնա ծռերը», չեն ուզում ընտրական պայքարի մեջ մտնել, ընտրություններով իրավիճակ փոխել երկրում։

Ցավոք, նրանք ճիշտ են ասում, որ ընտրությունների հետ հույս չի կարելի կապել։ Դա ժամանակի քննությունն անցած աքսիոմա է: Ես էլ հույս չեմ կապում, և ինձ նման շատ շատերը, նաև ընտրությունների պատասխանատուները:

Այդ դեպքում ինչպե՞ս կարելի է իրավիճակ փոխել երկրում։

Միայն քաղաքացի դաստիարակելով, որը ավելի երկար ճանապարհ է։ Մինչև քաղաքացին հստակ չհասկանա, թե ինչ է իրեն պետք, և, ինչն է իրեն խանգարում, որ, ի վերջո, պետությունը դա ամենևին էլ իշխանությունը չէ: Քաղաքացի, որը հստակ կհասկանա, որ ընտանիքը թողնելն ու օտար ափերում բախտ փնտրելը չի լավագույն լուծումը, այլ մնալն ու սեփական երկիրը կառուցելը։ Միայն այդ դեպքում դրական արդյունք կունենանք, թե չէ արտագաղթը շատ ձեռք է տալիս իշխանություններին, որոնք դա սիրով կազմակերպում են, որպեսզի իրենց ոչինչ չխանգարի թալանելու համար։ Հիմա խանգարում է Ղարաբաղի հարցը, դա էլ փորձում են շուտափույթ լուծել, որ ինչ մտնի երկիր, սիրով տանեն իրենց գյոռերը։

Ի՞նչ էր «հաց բերողի» արածը, որին Դուք անգամ երգ ձոնեցիք։

Արթուր Սարգսյանը՝ «հաց բերողը» շանթահարեց բոլորիս, հիշեցրեց, թե որն է  տղամարդու տեսակը։ Նա, անկասկած, մեր ազգի լավագույն հատկանիշներն իր մեջ կուտակած ներկայացուցիչն է: Տաղանդավոր մարդ է՝ ձեռքի շնորհքով, ուսումնատենչ՝ բազմակողմանի կրթված, դժվարություններ տեսած, բայց արժանապատվությունը չկորցրած, վիրավոր, բայց ինքնազոհ-խիզախ, նաև մարդասեր՝ նեղին հասնող։ Արդյոք սա չէ մեր իրական տեսակը, մեր գենը: Նա է իմ տարվա մարդը:

Ամենաընթերցվածը