Կա միայն մեկ պատճառ, թե ինչու դու չես ստորանում՝ որովհետև դու դա չես կարող

    • Հարցազրույց - 31 Դեկտեմբերի 2016, 12:47
Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի հետ ամփոփել ենք 2016-ը

Պարոն Բաբայան, ամփոփում ենք  2016-ը։ Ինչո՞վ առանձնացավ տարին։ Ի՞նչ կարևոր իրադարձություններ եք Դուք առանձնացրել։

Դժվար է ասել, որովհետև իրադարձությունները շատ-շատ էին՝ սկսած Հռոմի պապի այցելությունից, ապրիլյան, հուլիսյան դեպքերը, և տարին վերջացավ գիտեք ինչով։ Կարծում եմ՝ որոշակի գիտակցություն է ձևավորվում, որը շատ ողջունելի է, այն է՝ մեր ճակատագիրը մեր ձեռքում է, և կարծում եմ յուրաքանչյուրիցս է կախված երկրի, սեփական ճակատագրին տեր կանգնելը, թե ինչպիսին կլինի մեր երկիրը։ Շատ կուզենայի, որ լիներ այն գիտակցությունը, որ հնարավոր չէ երջանիկ լինել մի երկրում, որտեղ չափազանց շատ են դժբախտ մարդիկ։ Քանի որ Նոր տարի է, կուզենայի, որ այդ գիտակցության արդյունքները մենք տեսնեինք 2017-ին։ Սեփական ուժերին ապավիները բացարձակապես չի նշանակում աշխարհից կտրվել, ճիշտ հակառակը։ Քաղաքակրթությունը, կարծում եմ, ոչ տարածաշրջանում է, ոչ համապատասխան կառույցներում է, այլ ուղեղներում է։ Եվ եթե դու ինքդ համապատասխան արժեհամակարգ ես ձևավորում քեզ համար, դու հայտնվում ես առաջադեմ մարդկության շարքերում։ Իսկ եթե սկսում ես քո բոլոր ցավերի, դժբախտությունների պատճառը փնտրել քեզնից դուրս, լինի դա ազգի տեսակետից, ընտանիքի կամ պետության, դու, ցավոք, դատապարտված ես տեղում դոփելու, եթե ոչ հետ գնալու։ Ես կուզեի, որ մենք առաջ գնայինք։

2017-ի գարնանը ընտրություններ են, կարծո՞ւմ եք, որ նախընտրական պայքարը կարող է լինել քաղաքակիրթ, առաջադիմությանը միտված, կամ գոնե հիմք ստեղծել դրա համար։

Անցյալի դառը փորձը ցույց է տալիս, որ հնարավոր չէ պահանջել, որ չորսկողմդ լինեն քաղաքակիրթ, եթե ինքդ քաղաքակիրթ չես։ Հնարավոր չի պահանջել, որ կյանքդ բարելավվի, իսկ հետո վազել ընտրությունների ժամանակ 5-10 հազարով ձայն վաճառել կամ քվեարկել բարեկամ-ծանոթին, կամ պարզապես թույլ տալ խախտումներ։ Կարծում եմ, խոսքը միայն ազատ, արդար ընտրությունների մասին չէ։ Խոսքը նաև քաղաքակիրթ հասարակության մասին է, որովհետև եթե մեծամասնությունը քաղաքակիրթ և համապատասխան պահանջներ է ներկայացնում, այդ ժամանակ կարելի է ակնկալել առաջընթաց։ Եթե հասարակությունը կիրթ չէ, հետամնաց է, ապա մեծամասնությունը նաև նման  ապագա կընտրի երկրի համար։ Ես ավելի շատ հույսեր եմ կապում հասարակության հետ, քան քաղաքական ուժերի, որովհետև բոլոր դեպքերում, քաղաքական ուժերը, անկախ նրանից իշխանություն են, թե ընդդիմություն, ինչ-որ տեղ պատվեր կատարող են, որը գալիս է հասարակությունից։ Եթե հասարակության նշաձողը բարձր է դրվում, հնարավոր չէ դրան չարձագանքել։ Այնպես որ, ես էլ այդ հասարակության մի մասնիկն եմ, և բոլոր այդ պահանջները ես պետք է ներկայացնեմ և համոզված եմ, որ հասարակության առողջ մասն ավելի մեծ դերակատարում ունի և ավելի շատ է։ Պարզապես, պետք է չհիասթափվել, որովհետև կյանքը հրաշալի է իր զարգացումով, ոչ թե տեղում դոփելով ու լաց լինելով։

Պարոն Բաբայան, տարին ամփոփում ենք սահմանին լարվածությամբ, երբ Բաքվի դիվերսիայի հետևանքով 3 զոհ ունեցանք, որին հաջորդեց ՀԱՊԿ-ի անհասցե ու ոչ հստակ արձագանքը։ Սա ինչի՞ մասին է վկայում, հատկապես, որ այս անգամ միջադեպը տեղի ունեցավ ոչ թե ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում, այլ հայ-ադրբեջանական սահմանին։

Ադրբեջանը որևէ տարբերություն չի դնում, ուրեմն մենք էլ տարբերություն չպետք է դնենք՝ հարձակումը Ղարաբաղի հանդեպ է, թե Հայաստանի։ Պետք է հասկանանք, որ իսկապես մեր փրկությունը մեր ձեռքում է։ Այն բոլոր կազմակերպությունները, որոնց մենք անդամագրվել ենք, ցավոք, չեն հետապնդում ոչ մեր պաշտպանության, ոչ մեր տնտեսական զարգացման խնդիրը։ Կարծում եմ՝ ամեն անգամ ասելով «վայ, մենք հերթական անգամ համոզվեցինք», ես ճիշտն ասած դրանից հոգնել եմ։ Համոզվել կարելի է մեկ անգամ և դրանից անել համապատասխան եզրակացություն։ Ամեն անգամ ասել՝ տեսաք, էլի մի անգամ համոզվեցինք... ախր քանի՞ անգամ կարելի է համոզվել։ Համոզմունքը լավ է, եթե ձևավորվում է որոշակի գործողությունների արդյունքում։ Կարծում եմ՝ գործողությունները շատ էին, համոզիչ էին և հիմա եկել է եզրակացություններ անելու ժամանակը։

Պուտինը նախօրեին ստորագրեց հայ-ռուսական միասնական զորախմբի մասին համաձայնագիրը, ինչը շատ փորձագետների կարծիքով մեզ ավելի մեծ կախման մեջ է դնում Ռուսաստանից։ Դուք կիսո՞ւմ եք այդ տեսակետը։

Հարցը չի վերաբերում միայն Ռուսաստանից կախման մեջ դնելուն, մենք շատ վաղուց ենք կախման մեջ և առաջին հերթին տնտեսական առումով։ Ոչ թե այն պատճառով, որ մեր տնտեսությունը կապված է ռուսականի հետ, այլ որ գործում է նույն օրենքներով։ Մեր տնտեսության համակարգը, կազմակերպվածության համակարգը ավելի շատ ռուսական ոլորտից է։ Եթե ես ունենայի այս վիճակից դուրս գալու դեղատոմսեր, կհայտարարեի դրանց մասին, բայց որևէ ուրիշ ճանապարհ չեմ տեսնում, քան ինքնուրույն զարգանալը, աշխարհի լավագույն օրինակները կիրառելու փորձերը։ Մենք պետք է հասկանանք, որ չենք կարող ուժեղ լինել սահմանին և ապահովել լիակատար անվտանգություն, երբ մենք տնտեսապես թույլ ենք։ Ուրեմն խոսքը առաջին հերթին տնտեսապես զարգանալու մասին է։ Բայց ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական, կրթական, մշակույթի առումներով զարգանալու մասին է, որպեսզի մենք չնմանվենք այն կաղ մարդուն, որը մշտապես ինչ-որ հենակներ է փնտրում, որոնց վրա կարող է հենվել ու չի մտածում ընդհանուր օրգանիզմի առողջության մասին։ Մենք այնպիսի վիճակում ենք, որ մեզ համար չպետք է լինեն առաջնային և երկրորդական հարցեր։ Եթե ուզում ենք ունենալ իսկապես այնպիսի հասարակություն և պետություն, որի մասին հայտարարում ենք, երազում ենք, բայց որից իրականում շատ ու շատ հեռու ենք, ապա պետք է աշխատել այդ ուղղությամբ։

2017 թվականի համար ի՞նչ կմաղթեք հանրությանը։

Արժանապատվություն, հարգանք, սեր և սեփական ճակատագրին տեր կանգնելու ցանկություն, որը կբերի նաև երկրի տեր լինելուն։ Հնարավոր չի դառնալ երկրի տեր, եթե սեփական ճակատագրի տերը չես։ Ես կարծում եմ՝ որքան էլ դժվար է կյանքը, որքան էլ փակուղային է, բոլոր դեպքերում արժանապատիվ լինել դու կարող ես։ Ընտրությունը քոնն է։ Միշտ կան բացատրություններ, թե ինչու ես դու ստորանում, և կա միայն մեկ պատճառ, թե ինչու դու չես ստորանում՝ որովհետև դու դա չես կարող, որովհետև քո ներքին կառուցվածքը դա թույլ չի տալիս։

Ամենաընթերցվածը