Հայաստանի ամենադաժան վիրուսը ծավալվում է

    • Հարցազրույց - 29 Դեկտեմբերի 2016, 09:20
Մեր զրուցակիցն է ազգագրագետ Հրանուշ Խառատյանը

Տիկին Խառատյան, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը հանդես էր եկել հայտարարությամբ, որ մտնում է ակտիվ քաղաքական պայքարի մեջ: Օրերս էլ ֆեյսբուքի իր էջում ԼՂ խնդրի կարգավորման իր տեսլականն էր ներկայացրել: Առհասարակ ինչպե՞ս եք գնահատում նրա մուտքը մեծ քաղաքականություն: Եվ արդյոք կարո՞ղ է նա հաջողել:

Չեմ հիշում, թե Սեյրան Օհանյանը «մեծ քաղաքականությունում» եղել է, որքան ես հիշում եմ՝ նա միշտ քաղաքական գործառույթ չունեցող պաշտոնների պաշտոնյա է եղել: Գուցե սխալվո՞ւմ եմ: Բոլոր դեպքերում, հանրությունը տևական ժամանակ հավատում էր Սեյրան Օհանյան պաշտոնյայի ազնվությանն ու հայրենիքին նվիրվածությանը: Նրա «բախտը բերեց» 2008-ի մարտի մեկի դեպքերի ժամանակ, երբ ակնհայտ էր, որ բանակն օգտագործվեց ներքին քաղաքական խնդիրներ լուծելիս՝ ըմբոստացած ժողովրդի դեմ: Այդ օրերին Սեյրան Օհանյանը դեռևս պաշտպանության նախարար չէր, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ էր: Ես չգիտեմ՝ ինչպես կվարվեր բանակն այդ օրերին, եթե Սեյրան Օհանյանը նախարար լիներ և չգիտեմ՝ նա իսկապե՞ս որևէ ազդեցիկ մասնակցություն չի ունեցել այդ գործում: Նա նախարար նշանակվեց միայն ապրիլ ամսին, և երբ մարտի մեկի առթիվ փաստահավաք խումբն աշխատում էր, նա նախարար էր: Ենթադրում եմ՝ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը չպիտի օժանդակեր փաստահավաք խմբին: Երկրի բարձրագույն ղեկավարությունը՝ ի դեմս նախագահի և ՀՀԿ-ի շահագրգիռ չէր մարտի մեկի դեպքերի բացահայտմամբ, և պաշտպանության նախարարը, ով էլ նա լիներ, չէր կարող և չպիտի նպաստեր  դրանց բացահայտմանը, առավել ևս՝ բանակի մասնակցության բացահայտմանը: Դրան հակառակ դիրքորոշում ունենալու պարագայում նա ուղղակի կհրաժարվեր այդ պաշտոնից:

Հետագայում, կարծում եմ, տրամաբանությունը նույնն է՝ Պաշտպանության նախարարը, անկախ իր համոզմունքներից, պիտի գործեր իշխանության կամքի շրջանակներում: Բայց անկախ այն բանից, թե սեփական կամ իշխանական կամքի շրջանակներում է գործել, իշխանության մաս կազմող ցանկացած պաշտոնյա լուռ կամ բարձրաձայն համաձայն է եղել այդ կամքին և պատասխանատու է իր պաշտոնավարման շրջանի համաձայնությունների համար: Վերջիվերջո, լավ կամ վատ իշխանությունները մարդկանցից են բաղկացած, և մարդիկ լռելով կամ ակտիվ նպաստում են իշխանության լավ կամ վատ լինելուն: Նախարարը քաղաքական պաշտոն է, և քանի որ Ղարաբաղի հարցում իր ողջ նախարարության շրջանում ՀՀ իշխանությունների կողմից որևէ էական ծրագիր չի փոխվել, ապա Սեյրան Օհանյանը իշխանությունների ծրագրերից քաղաքական տարբեր դիրքորոշում ունենալու դեպքում պետք է հրաժարական ներկայացներ: Այդպիսի բան, ինչպես հայտնի է, չի եղել: Հիմա, երբ այլևս նախարար չէ, խոսում է Ղարաբաղի հարցի կարգավորման փոխզիջումների դեմ, բայց իր ողջ նախարարության շրջանում պաշտոնական ծրագրերը միշտ փոխզիջումների շուրջն էին, եթե ոչ միակողմանի զիջումների:

Ոչ միայն Սեյրան Օհանյանը, այլ նաև Գագիկ Ծառուկյանը հնարավոր է վերադառնա քաղաքականություն: Այս անգամ իշխանությունը չի շտապում կոշտ գնահատականներ հնչեցնել նրա հասցեին: Ինչո՞ւ:

Դե Գագիկ Ծառուկյանի՝ որպես անձի, քաղաքական դիրքորոշումներն առհասարակ անհայտ են: ԲՀԿ-ի մեջ քիչ չեն կոռուպցիոն անձիք, բայց պարոն Ծառուկյանը արցունք է թափում կոռուպցիայի ձեռքին տառապող ժողովրդի համար: Սա, ճիշտն ասած, ներկայում բոլոր քաղաքական համարվող և կուսակցություն համարվող խմբերին է բնորոշ՝ բոլորը կոռուպցիայի դեմ են խոսում, բայց ապրում են կոռուպցիոն սխեմաներով: Բոլորը, այդ թվում ՀՀԿ-ի կարկառունները, խոսում են իշխանության նկատմամբ անվստահության մասին, բոլորը համաձայն են, որ կոռուպցիան Հայաստանի ամենածանր, ամենադաժան վիրուսն է, բայց ուժ չունեն այդ վիրուսի աճող թափը նվազեցնելու: Պարոն Ծառուկյանը բարեգործության շղարշով «նրբանկատորեն» շրջանցում է այդ թեման:

Անհայտ է նաև Ղարաբաղի խնդրի կարգավորմանը նրա դիրքորոշումը: Նրա գլխավորած կուսակցությունը գործնականում միշտ քվեարկել է ՀՀԿ-ի ծրագրերի օգտին, այդ թվում, եթե հիշում եք, հայտնի գազային պայմանագրի օգտին: Հիմա, երբ առաջիկա ընտրություններին կարծեք թե Ռոբերտ Քոչարյանի ճնշող ներկայությունը չի սպասվում, ավելին, Քոչարյանը դեմ է արտահայտվել երրորդ Սահմանադրությանը և քաղաքականության՝ փաստացի միակուսակցականացմանը, ՀՀԿ-ին կարծեք թե միանգամայն ձեռնտու են Ծառուկյանի՝ հասարակությանն անհայտ դիրքորոշումները և նրան սպասվող ընտրաձայները:

Ըստ Ձեզ՝ ինչո՞վ է պայմանավորված նախընտրական դաշինքների մրցավազքը: Նախորդ ընտրություններին նման բան չի եղել: Նոր ուժեր են մտնում խաղի մեջ: Հնարավո՞ր է արդյոք սա ուղղորդված լինի:

Կարծում եմ քաղաքական կուսակցությունները հասկանում են, որ հենց որ նոր Սահմանադրությունը սկսի աշխատել, Հայաստանի բազմաքանակ քաղաքական կուսակցությունների գոյությունն արդեն միանգամայն անիմաստ է դառնալու: Նրանց մի մասը ջանում է արագ ինքնահաստատվել, մի մասն էլ շտապում է դաշինքների ձևով դառնալ «մյուս բևեռ»: Այս ընտրությունները դրա համար գլխավոր հնարավորությունն են: Հետո շատ ավելի դժվար կլինի:

Հնարավո՞ր է այս դաշինքները իրական այլընտրանքը չեզոքացնելու նպատակ ունեն:

Չեմ կարծքում: Կրկնում եմ՝ մի մասը «մյուս բևեռի» հավակնություն ունի, և դրանով ինքնին այլընտրանքի տարբերակի նպատակ ունեն:

Ամփոփվեց կառավարության 100 օրը: Ինչպե՞ս եք գնահատում, դրական որևէ փոփոխություն արձանագրե՞լ եք:

Կառավարության նոր վարչապետը հարյուր օր առաջ ընդհանուր «դրական փոփոխությունների» խոստումից ավելին չի տվել: Այսպիսի խոստում տվել են բոլոր վարչապետերը: Ոմանք, ինչպես Տիգրան Սարգսյանն էր, նույնիսկ ծրագրերից էր խոսում՝ հայկական էթնոսֆերայի կապիտալ, կառավարման նոր սկզբունքներ… Հետո բոլոր ձախողումները դրվեցին ֆինանսական ճգնաժամի վրա: Արտաքին աշխարհի հետ նվազագույն տնտեսական կապերով Հայաստանի ծանրագույն տնտեսական ցուցանիշները ներկայացվեցին որպես այդ ճգնաժամի հետևանք: Նոր վարչապետը ոչ առհասարակ, ոչ կոնկրետ 2017-ի բյուջեով ծրագրային ռեալ փոփոխություն չի առաջարկել: Կադրային փոփոխությունների ազդեցությունը դեռևս տեսանելի չէ: Ինչպե՞ս կարող էին դրական փոփոխություններ արձանագրվել: Մի քանի «հին գայլերի» պաշտոնանկություններով հարց չի կարող լուծվել: Եթե նրանց փոխարինողները նույնիսկ «նոր գայլեր» չեն, միևնույնն է՝ «փոքր մարդկանց» համար հնարավորություններ չեն կարող առաջանալ առանց ծրագրային փոփոխությունների: Բայց գլխավորը՝ առանց օրենքի կիրառման: Քանի՞ օբյեկտիվ դատական որոշման մասին եք լսել պաշտոնյաներից և նրանց հովանավորյալներից իրավազրկված քաղաքացիների օգտին:

2016-ն ենք ամփոփում: Այս տարվա կարևորագույն առանձնահատկությունը, ըստ Ձեզ, ո՞րն էր:

Երկրի մակարդակով՝ ա/պատերազմը վերսկսվեց և վերահաստատվեց հայրենիքն ամեն գնով պահելու ՀՀ քաղաքացիների կամքը։ Բ/տեղի ունեցավ քաղաքացիների զինված ըմբոստություն, որն իշխանություններն առայժմ անվանում են ահաբեկչություն, բայց այն իրականում Ղարաբաղի խնդրի կարգավորման ընթացիկ ծրագրերի դեմ և իրավազրկված քաղաքացիների պաշտպանության փորձ էր և հետագայում այդպես էլ կարձանագրվի մեր պատմագրության էջերում: Սա նաև քաղաքական կուսակցությունների անզորության հաստատումն էր: 

Ամենաընթերցվածը