Ինչ է լինելու, եթե Սերժ Սարգսյանն ինչ-ինչ հանգամանքներում հրաժարական տա

    • Հարցազրույց - 28 Դեկտեմբերի 2016, 17:54
Lragir.am-ի զրուցակիցն է իրավապաշտպան Արթուր Սաքունցը

Պարոն Սաքունց, 2016 թվականն ավարտին է մոտենում, ի՞նչ զարգացումներ տեղի ունեցան Հայաստանում:

2016 թվականը եկավ ամփոփելու դեռևս 2013 սեպտեմբերի 3-ից սկզբնավորված այն տենդենցները, որոնց հիման վրա մենք ունենալու ենք հետագա տարիների գործընթացները: Նախքան այդ, երկու տրամաբանական փոփոխություն տեղի ունեցավ: Մեկն արտաքին վեկտորը` անկախ նրանից, որ հարաբերություններ ունենք ԱՄՆ և Եվրոպայի հետ, բայց կոնկրետ պրագմատիկ հարաբերությունների դաշտն այլևս որոշվում է Եվրասիական տնտեսական միության անդամի կարգավիճակով:

Երկրորդ տրամաբանական շղթան հենց 2013 թվականի սեպտեմբերի 4-ին Սերժ Սարգսյանի կողմից սահմանադրական փոփոխությունների մասին հայտարարությունն էր: Սահմանադարական փոփոխությունների գործընթացը մեծ թափ ստացավ 2015 հուլիսից և իր տրամաբանական ավարտն ունեցավ պարտադրված սահմանադրական հանրաքվեով:

Ըստ էության կարող ենք ասել, որ Հայաստանի ամբողջ կարգավիճակն այլևս տեղավորվում է այդ երկու տրամաբանական շղթաների մեջ: Եվ տեղի ունեցող բոլոր գործընթացները, կլինեն դրանք ապրիլյան պատերազմը, թե «Սասնա ծռերի» զինված գործողությունները, աշխարհաքաղաքական իրադարձությունները, կարծես այս տրամաբանական երկու ընթացքների վրա որևէ ազդեցություն չունեն: Թվում էր, թե պետք է ուղղումներ լինեին, շտկումներ, վերագնահատում, փոփոխություն կատարվեր, բայց արդեն իսկ ընդունված որոշումները դարձել են անբեկանելի՝ նույնիսկ այն գիտակցումով հանդերձ, որ այդ տրամաբանական ճանապարհներն ուղղակի տանում են դեպի փակուղի: Դրա վերջը Հայաստանի մեկուսացումն է տարածաշրջանում:

Երբ խոսվում է ՀՀ տարածքում իսկանդերների տեղակայման մասին, ես ձեզ վստահեցնում եմ, որ այդ իսկանդերների մասով Հայաստանի իշխանությունը որևէ հսկողություն չունի: Հայաստանի իշխանությունը որևէ հսկողություն չունի ռուսական ռազմաբազայի գործողության նկատմամբ, հսկողություն չունի իր զինված ուժերի մի ամբողջ կորպուսի վրա, որը միացյալ ստորաբաժանման մաս է այլևս:

Սահմանադրությամբ որոշված այդ խորհրդարանական կառավարման համակարգին անցնելու տրամաբանության մեջ են բոլորը տեղավորում նաև ՀԱԿ համագումարում ընդունված որոշումները: Բացարձակապես որևէ անդրադարձ չկար ԵՏՄ անդամագրման հետևանքներին, գնահատական չտրվեց սահմանադրական այս փոփոխությունների ազդեցությանը: Այսինքն՝ ով ինչ որոշում էլ կայացնում է, ինչ դիրքորոշում էլ արտահայտվում է, ամբողջը տեղավորվում է Սերժ Սարգսյանի կողմից արդեն իսկ ձևավորված տրամաբանության մեջ: Եվ այս տեսակետից պետք է գնահատել, թե ով ինչ է ասում և ինչ է ուզում անել: Ըստ էության մենք հիմա գտնվում ենք միանձնյա կառավարման ռեժիմում:

Միանձնյա կառավարման մասին ՀՀԿ-կանաններն էլ են խոսում, բայց իրենց կուսակցության մասով: Փաստորեն դա տարածվում  է նաև ընդհանուր դաշտի վրա՞:

Շարմազանովն ուղղակի հրապարակավ ասաց, որ անփոխարինելին նախագահն է, և բոլորը նրա քաղաքականության իրականացնողներն են: Մյուսներն էլ այդ անփոխարինելի նախագահի՝ պետության համար համակարգային նշանակություն ունեցող որոշումները չեն առարկում, կասկածի տակ չեն դնում: Միայն քննարկում են ոչ պատշաճ կատարման հարցը, բայց այդ համակարգերը փակուղային են: Ոչ ոք չի խոսում այն մասին, թե ինչպես անել հերթական կայսերական փլատակների տակ չմնալ ու համար, այն քաղաքականության մասին, որը վարում է Կրեմլը: Ավելին, բոլորը փորձում են տեղավորվել առաջիկա ձևաչափի մեջ, որը կոչվում է պառլամենտական կառավարում: Բայց հետաքրքիրն այն է, որ Սերժ Սարգսյանը՝ որպես նախագահ, մնալու է մինչև 2018 թվականը: Այսինքն՝ մենք 2017 թվականից անցնելու ենք պառլամենտական կառավարման համակարգին՝ ունենալով նախագահական կառավարում: Այսինքն՝ երկկառավարման սիմբիոզ է, և որևէ մեկը սրան չի անդրադառնում: Ենթադրենք Սերժ Սարգսյանն ինչ-ինչ հանգամանքներում հրաժարական է տալու, նորից նախագահական ընտրություննե՞ր են լինելու, և այդ ընտրությունների պայմաններում նրա լիազորությունները շարունակվելու են մինչև ո՞ր թվականը:

Այն իրավիճակը, որն ստեղծվել է Ղարաբաղի խնդրի հետ կապված, հիմնականում արտաքին ճակատում, այս պարագայում նույնիսկ մենք անկարող ենք Իրանի հնարավորություններից պատշաճ օգտվել: Այսինքն՝ մի այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ պետության ռեսուրսների մի մասը՝ հանձինս հանրային ռեսուրսների, հնարավորություն չունի փոխել այս տրամաբանական ընթացքը: Կառույցները, որոնք պետք է ունենային ազդեցություն, հրաժարվել են տրամաբանության վրա ազդեցություն ունենալու գործառույթից, իսկ նավն ընդհանուր գնում է  դեպի կործանման, փլատակների տակ գնալու գործընթաց է տեղի ունենում: Այսինքն՝ պատկերավոր ասած՝ զոհը պիթոնի երախն է մտնում, կանգ առնելու իմունիտետն արդեն վերանալու է այդ պարագայում: Եվ այստեղ ցանկացած դիսկուրս արդեն դառնում է արհեստական:

Անդրադարձ կատարեցիք ՀԱԿ համագումարին, Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթն ի՞նչ մեսիջներ էր պարունակում:

Ապրիլյան պատերազմը, «Սասնա ծռերի» զինված գործողություններն ինդիկատորներ էին, որոնք ախտորոշեցին Հայաստանի իրական վիճակը: Այդ ախտորոշված վիճակների վերաբերյալ լուծումները չենք տեսնում: Լուծումների վերաբերյալ առաջարկություններն էլ չեն կարող համարվել լուծում, քանի դեռ չեն անդրադառնում բուն պատճառներին, թե որոնք են այն պատճառները, որոնք հանգեցրեցին այդ վիճակին: Եվ այդ առումով միակ փորձը դա Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկած դիսկուրսն էր, որը նույնպես չպատասխանեց մի քանի հարցերի: Առաջին հարցը՝ ինչո՞վ էր պայմանավորված 1994 թվականի մայիսի 12-ին հրադադարի հաստատումից հետո 1998 թվականին ռուս-հայկական պայմանագրի ստորագրմամբ ռուսական բազային օրիանականացումը ՀՀ տարածքում: Եթե նշվում է, որ նույնիսկ Ղարաբաղի պատերազմի ժամանակ Թուրքիան սպառնալիք չէր, ապա պատերազմական գործողությունների ավարտից հետո առավել ևս չէր կարող պառնալիք լիներ: Հետևաբար, ռուսական ռազմաբազայի օրինականացումը պետք է հիմնավորում ունենա: Եթե դու այդ հարցին պատասխան չես տալիս, մնացած լուծումների մասին խոսելն անիմաստ է: Ապրիլյան պատերազմը հանդիսացավ հենց այդ քաղաքականության հետևանքը, որովհետև դու ամբողջովին կախվածության մեջ գտնվեցիր մեկ գործոնից՝ դա ռուսական գործոնն է, սպառազինությունների մրցավազքը:

Խաղաղության թեման. աբսուրդ է խաղաղության մասին խոսել: Ես ո՞ւմ հետ խաղաղություն կառուցեմ: Եթե որոշեմ Իլհամ Ալիևի հետ խաղաղություն կառուցել, ապա նա նույնիսկ իր քաղաքացիների հետ խաղաղ վիճակում չէ: Ադրբեջանական հասարակությունում բոլոր այն մարդիկ, ովքեր կարող էինք գործել խաղաղության համար, բոլորը ձերբակալվեցին, հետապնդվեցին, դուրս մղվեցին այդ երկրից: Եթե մի իշխանություն ձերբակալում ու լռեցնում է խաղաղ մտադրություն ունեցող ուժերին, նա ինքն արդեն չի կարող տրամադրված լինել խաղաղությանը: Հետևաբար, դու չես կարող միակողմանի խաղաղություն ունենալ: Խնդրի խաղաղ կարգավորման սկզբունքը հենց ենթադրում էր ստեղծել նպաստավոր պայմաններ հասարակությունների միջև երկախոսության համար:

Երկրորդ, ինքնորոշման սկզբունքը: Ադրբեջանի կողմից ոչ մի ինքնորոշման մասին խոսք չկա, այլ խոսք է գնում տարածքային նկրտումների մասին արդեն ամբողջ Հայաստանի տարածքների մասով: Այսինքն՝ ոչ միայն րոպեական քաղաքական հռետորաբանության մասին է խոսքը, այլ տրամաբանության մասին: Եվ այդ առումով, եթե դրանք պրագմատիկ գործչին բնորոշ բնութագրեր են, ապա նման պրագմատիկ գործչի հետ խաղաղ կարգավորման երկխոսության հնարավորությունները զրո են: Այդ պարագայում խոսել, թե կողմ եմ երկխոսության… Ես էլ եմ կողմ, բայց հնարավո՞ր է դա, հնարավո՞ր է տարածքային ամբողջականությունն ապահովել այնտեղ, որտեղ տարածքային ամբողջականության մասին չէ խոսքը, այլ տարածքային էքսպանսիայի: Հնարավո՞ր է ինքնորոշման սկզբունքի մասին խոսել այն դեպքում, երբ ինքնորոշմանը դեմ են: Եթե նայում ենք, ապա այս բոլոր առաջարկների և Սերժ Սարգսյանի առաջարկի միջև էական տարբերություն չկա՝ տարածքներ զիջել: Ոչ ոք չի խոսում մարդկանց անվտանգության մասին:

Ես նաև զարմացա, որ ՀԱԿ-ը չի խոսում քաղաքական բանտարկյալների մասին, ամբողջ համագումարում քաղաքական հետապնդումների, քաղբանտարկյալներին ազատելու պահանջի մասին որևէ հայտարարություն չարվեց: Ո՞նց կարող ես դու խաղաղության կոչ անել, երբ քո երկրում քո քաղաքացիների մի մասի հետ ունես ոչ խաղաղ գործելակերպ:

Մյուս թեզը, եթե ասում է՝ լուծման բանալին Մոսկվայում է, դա լա՞վ է, թե՞ վատ, դա օգտակա՞ր է, թե՞ ոչ: Ես հասկանում եմ, որ քաղաքականությունն իրականության հնարավորությունն է: Բայց իրականությունն արդյոք նպաստավո՞ր է երեք սկզբունքների հիման վրա խնդիրների լուծմանը՝ ինքնորոշում, տարածքային ամբողջականություն և խաղաղ կարգավորում: Եթե Մոսկվայի ձեռքում է գտնվում լուծման բանալին, այդ դեպքում Մինսկի խումբն ինչի՞ համար է: Տարօրինակ է, որ Միսնկի խմբին հստակ դեմ է արտահայտվում Արդբեջանում Իլհամ Ալիևը, դեմ է Թուրքիան, և մեկ էլ Երևանից են հնչում արձագանքներ, որ պետք է Մոսկվան լուծի հիմնախնդիրը: Այդ դեպքում պետք է համարձակություն ունենալ և ասել, որ Մինսկի խումբը պետք է վերացվի: Այսինքն՝ կիսատ-պռատ առաջարկներ չեն լինում: Հենց Մինսկի խումբն է խաղաղության երաշխիքը, որովհետև երկխոսության կողմնակիցն է: Մոսկվան խաղաղության երաշխիք չէ, որովհետև ունի երկխոսության մեկ միջոց՝ դա զենքն է, այսինքն՝ երկու կողմերին զինելը: Եթե Մոսկվայի ձեռքն ենք տալիս լուծման բանալին, դա նշանակում է Մոսկվային ձեռքն ենք տալիս անընդհատ լարվածության բանալին: Իսկ դա տրամաբանորեն հակասում է  խաղաղության ձգտմանը:

Այսինքն՝ հարցադրումներ կան, որոնց պատասխանների բացակայության պարագայում առաջացած լուծումները բացարձակապես որևէ տրամաբանություն, ընկալում չեն ստանում, ավելին, ստիպված ենք լինում այլ ենթադրություններ անել, որ դրանք ընդամենը խոսքեր են բոլորովին այլ նպատակով՝ մրցակցության մեջ մտնել, թե ով է ավելի կարևորելու Կրեմլի դերը:

Եթե իրապես ընդունենք, որ մեծ մասը երկրից հեռանում է, որովհետև խուսափում է պատերազմից, ինչպես ասում է ՀԱԿ առաջնորդը, ապա ո՞նց եղավ, որ ապրիլյան պատերազմի ժամանակ ընդհակառակը մոբիլիզացիա եղավ, ոչ թե փախուստ երկրից ու դիրքերից:

Ստացվում է, որ Հայաստանը պետք է վերանայի՞ իր քաղաքականությունը, փոխի՞ այն համակարգերը, որոնցում ինտեգրված է:

Այստեղ համակարգային փոփոխության մասին չէ խոսքը, ես չեմ ասում՝ Եվրամիություն, ՆԱՏՕ, խոսքը վերաբերում է նրան, որ այս գոյություն ունեցող կառույցները, որտեղ ՀՀ-ն ընդգրկված է, արդյոք դրանք նպատավո՞ր են երկրի համար: Օբյեկտիվ պայմանները ցույց են տալիս՝ ոչ: Ի՞նչ եք առաջարկում այդ վիճակը փոխելու համար, բացարձակապես ոչինչ: Պրոբլեմներից դուրս գալու միակ գործելաոճը՝ փախուստ խնդիրներից, պատասխանատվություն չվերցնելու դիրքորոշում, որի կրողն արդեն հանդիսանում է Սերժ Սարգսյանը՝ իր անպատասխանատու քաղաքականությամբ: Մենք այս իրավիճակում դառնում ենք վտանգ նաև Վրաստանի համար: Հայաստանի ինտեգրացիան Եվրասիական տնտեսական միությանը, ՀԱՊԿ մեջ իտեգրման խորացումը, դրանով դառնում ենք վտանգավոր հենց տարածաշրջանային խաղաղության համար:

Մեզ բոլորիս խնդիրների լուծման համար համարձակություն է պետք, խոհանոցը, ներքին իրավիճակը կարգավորելու ուղին ոչ թե Հայաստանի այսօրվա կարգավիճակն է, այլ այդ կարգավիճակից դուրս գալը: Այսինքն՝ խոսքը ԵՏՄ-ի, ՀԱՊԿ, հայ-ռուսական պայմանագրերի մասին է: Սրանք մեր խնդիրների առաջացման պատճառներն են: Եվ առանց այդ խնդիրների վերացման, որևէ լուծում չի կարող արդյունք ունենալ: Ցանկացած առաջարկություն ուղղակի սոփեստություն է, քանի դեռ մեր խնդիրների առաջացման պատճառները վերացված չեն:

2017 թվականին, ցավոք, այս պատճառներն իրենց ամբողջ մերկությամբ ի հայտ են գալու ավելի ցայտուն ձևով: 

Ամենաընթերցվածը