Ինչ որ պետք էր, արդեն եղավ

    • Հարցազրույց - 27 Դեկտեմբերի 2016, 09:43
Մեր զրուցակիցն է դերասան, Քաղաքացիական ակտիվ քայլ կուսակցության հիմնադիր Սերգեյ Դանիելյանը

Պարոն Դանիելյան, կարելի՞ է ասել, որ մեր քաղաքական դաշտում հետանդումներն ու ճնշումները սկսվել են՝ հաշվի առնելով այն, ինչ տեղի ունեցավ նախորդ շաբաթվա ընթացքում, Պետրոս Ղազարյանի հետ։

Իմ հանդեպ քաղաքական հետապնդում չկա։ Ինձ դեռ որևէ մեկը բան չի ասել։ Ես գնում եմ աշխատանքի, Նոր տարվա նկարահանումների եմ։ Դեռ իմ հանդեպ բան չի եղել, սպասում եմ, կարող է և լինել։

Ձեր կարծիքով, ինչո՞ւ այդքան մեծ տարածում և արձագանք ունեցավ ձեր նախաձեռնությունը։ Դա ավելի շատ անվան հե՞տ է կապված, թե այն գաղափարների, որոնք դրել եք ձեր գործունեության հիմքում։

Այստեղ պատճառները մի քանիսն են։ Նախ անվանումը, պարզ է, պրովոկացիոն է, հետո կարևոր է ժամանակը, և երրորդ, իմ ընտրած ձևն է, որն ագրեսիվ չէ, քաղաքական պերֆորմանսի և քաղաքական սատիրայի ձևն է։ Դրա համար էլ շատ համակիրներ ունեցանք։ Մեր քաղաքական դաշտում, ըստ էության, չասված թեմաներ չկան, ամեն ինչ ասվել է, բայց էսպիսի ձևով, որպես ակցիա, որպես պերֆորմանս ներկայացվող, դեռ չէր արվել, դրա համար բավական ուրախ էր, ահագին մարդ ուղղակի որպես հումոր է ընդունում, որը և ծիծաղելի է, և լացելու։

Շատերը կարծում են, որ Դուք կատակ եք անում և դժվար թե մինչև ապրիլ իսկապես ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացնեք։

Ես համարում եմ, որ մեծ հաշվով հայտ ներկայացնելու իմաստ չկա, որովհետև այդ դեպքում մտնում ես քաղաքականություն, մտնում ես այն տարածք, որտեղ դու չկաս։ Ես իմ տարածքում եմ, արվեստի տարածքում եմ, դրա համար իմ նկատմամբ ոչ մի հետապնդում չկա, եթե անգամ լինի, դա կլինի աբսուրդ, որովհետև ես այդ տարածք չեմ մտել։ Ես մարզերում չունեմ գրասենյակներ, չեմ արել համագումար, ես հայտարարել եմ, որ մենք վիրտուալ կուսակցություն ենք։ Որ մարդիկ, կոպիտ ասած, տժժան այդ ամենի վրա, այլ ոչ թե լուրջ քաղաքականություն փոխեն։ Ուղղակի սա հասարակության վերաբերմունքն է ընդհանուր պրոցեսներին։ Ինչ-որ մեկին դա կարող է դուր գալ, ինչ-որ մեկին՝ դուր չգալ։ Պետք է վերաբերվել սրան որպես պերֆորմանս։

Կարելի՞ է ասել, որ այս քայլով փորձում եք քաղաքականությունն իջեցնել մի աստիճանի՝ ցույց տալու, թե ինչ իրավիճակում ենք մենք հայտնվել՝ քաղաքական մերկության, քաղաքական չգոյության վիճակում։

Սովորաբար, երբ ես անեկդոտ եմ պատմում, հետո չեմ բացատրում այդ անեկդոտի իմաստը։ Ես արեցի այն, ինչ արեցի, թե ով ինչպես հասկացավ... երևի ամեն մեկը հասկացավ իր մակարդակի չափ։

Դուք հայտարարել եք, որ համագումար չեք անելու, այդ ավանդական ձևերից հրաժարվել եք, բայց չէ՞ որ ֆեյսբուքն այսօր շատ ավելին կարող է անել, քան ասենք, համագումարը որևէ էլիտար հյուրանոցում։

Եթե դուք ինձ բացատրեք՝ ինչի համար են արվում այդ համագումարները, ես համաձայն կլինեմ ձեզ հետ, դեռ ավելին՝ պատրաստ եմ էլիտար հյուրանոց վարձել և անել այդ համագումարը։ Բայց ինչի՞ համար, ինչ որ պետք էր, արդեն եղավ։ Այն աղմուկը, այն վերաբերմունքը, այն արձագանքը, որը տեղի ունեցավ հասարակությունում ու իշխանության մեջ, լրիվ բավական է, որպեսզի ես համարեմ, որ մեր նախաձեռնությունը հաջողվեց ու վերջացավ։ Այսինքն՝ այն ընդունեց այլ ձևեր, հիմա ես պատրաստվում եմ հոլովակներ նկարել, խոսել դրա մասին, մի օգտատեր հիմն է գրել, մարդիկ երաժշտություն են գրում։ Վատ չէ։

Այսինքն՝ նախընտրական գործընթացներում, այնուամենայնիվ, լինելու եք։ Եթե իսկապես իրական հայտ ներկայացնեք, չեք կարծո՞ւմ, որ հաղթելու շատ ռեալ հավանականություն կունենաք։

Ես դրա իմաստը չեմ տեսնում։ Յուրաքանչյուր հանրային մարդ, եթե ճիշտ դասավորի իր քայլերը, բնականաբար, շատ ձայներ կհավաքի, ու դրանից հետո պետք է շարունակի պայքարել։ Իսկ ես ոչ մի բանի դեմ չեմ պայքարում, ոչ մի ներկայացում, ոչ մի պերֆորմանս չի կարելի համարել ինչ-որ բանի դեմ պայքար։ Դա ուղղակի ներկայացնում է, ծաղրում է իրականությունը, դրանով զբաղված են քաղաքական սատիրայով զբաղվող բոլոր դերասանները, մեկը մի փոքր ավելի շատ, մյուսը մի փոքր ավելի քիչ։ Մեր արածը մի քիչ մասշտաբային էր, ոչ մասշտաբայինը լինում էր ամիսը 1-2 անգամ՝ ներկայացումների կամ այլ միջոցառումների միջոցով։

Այս օրերին, երբ Քաղաքացիական ակտիվ քայլ նախաձեռնությունն ասպարեզ իջավ, շատերը բերում էին Իտալիայի օրինակը, որտեղ ի վերջո, այս ճանապարհով լուրջ հայտ են ներկայացրել և ասենք խորհրդարանում 3-րդ տեղ են զբաղեցրել։ Փաստորեն, մարդիկ լրջորեն են ընդունել ձեր ասածը և պատրաստ են աջակցելու ձեզ։

Եթե ես իմանայի, թե ինչ պետք է անել քաղաքական դաշտին օգուտ տալու համար, բնականաբար, ես դա կանեի, բայց քանի որ ես իսկապես դերասան եմ, այլ ոչ թե քաղաքական գործիչ, ես միայն կարող եմ իմ վերաբերմունքը շպրտել, ասել և վերջ, դրանից ոչ ավելին։ Իսկ քաղաքական գործիչները պետք է դրանից անեն հետևություններ, անեն եզրակացություններ։ Ես հայելին պահեցի, և իրենք տեսան իրենք իրենց, տեսան իրականությունը, ինչպես օրինակ Կռիլովի առակում, երբ կապիկը հայելին պահում է ու ասում՝ սա լավ հայելի չէ, մինչդեռ ինքն իրեն է տեսնում։ Սատիրայի իմաստը դա է, ոչ թե մտնել խորհրդարան ու փորձել այնտեղ ինչ-որ բաների հասնել։ Այդ դեպքում ես կդառնամ ընդդիմադիր պատգամավորերից մեկը, իսկ այդպիսիք մենք ունենք։

Ընդդիմադիր ուժերն ու գործիչները ինչո՞ւ այդքան ծանր տարան ձեր նախաձեռնությունը։ Դուք ինքներդ նշել եք, որ ձեզ հակազդողների մեծ մասն ընդդիմությունից էր։

Որովհետև ես խոսեցի ընդհանուր, որովհետև, այո, ընդդիմադիրները նույնպես իմ դուրը չեն գալիս։ Եթե իշխանությունն անկեղծ վատն է, ապա ընդդիմադիրները կեղծավոր վատն են։ Ես դեռ չեմ տեսնում այն ուժը, որին գնալու եմ քվեարկեմ որպես քաղաքացի։ Դա շատ մեծ ցավով եմ ասում։ Միգուցե հետո կամաց-կամաց ինչ-որ ուժ դուրս կգա ասպարեզ, ու դա հնարավոր է, բայց այսօրվա դրությամբ այդպիսիք չեմ տեսնում, որ ասեմ՝, այ սա հենց այն ուժն է, որ կարող եմ ասել, օրինակ, ՔԱՔ-ը միանում է այդ ուժին։ Մյուս կողմից, ես առանձնապես բան չեմ հասկանում դրանից, որպեսզի ամպագոռգոռ հայտարարություններ անեմ իշխանական կամ ընդդիմադիր դաշտի վերաբերյալ։ Միայն կարող եմ արձանագրել, որ ինձ նրանք դուր չեն գալիս։

Սպասվում է, որ նախորդ ընտրությունների նման, այս անգամ ևս ընդդիմադիր ուժերը երևի կհայտարարեն, որ ժողովուրդը 5 հազար դրամով ծախվեց։ Ինչո՞ւ է ժողովուրդը 5 հազար դրամով ծախվում։

Որովհետև ժողովուրդը մեծ մասով լյումպենացված, դեգրադացված ինչ-որ մի կոնգլոմերատ է, ժողովուրդ չի։ Այս քաղաքական պրոցեսները ժողովրդից ամենակարևոր բանն են վերցրել՝ մարդկային հպարտությունը։ Երբ մարդը դա չունի, նրա վրայով կարելի է քայլել, նրան կարելի է օրական մի լավաշ տալ, որ լավ զգա, իր համար կարելի է հիվանդանոց սարքել ու ասել՝ տեսեք, թե ինչ թույն հիվանդանոց եմ սարքել, ձեններդ կտրեք։ Իր համար կարելի է բենզինի գները մի քիչ իջեցնել, ու նա կասի՝ էս ինչ «ցենտր» է։ Այսօրվա դրությամբ ժողովրդի մեծ մասը հենց դա է։

Իշխանությունն ինչպե՞ս արձագանքեց ձեր նախաձեռնությանը։ Զանգեր ստացե՞լ եք։

Ես կոնկրետ զանգեր չեմ ստացել որևէ մեկից, բայց կողքից լսել եմ, որ բավական բուռն բացասական ռեակցիա է եղել իրենց կողմից, ծանր են տարել այդ ամենը։ Կարելի է կարծել, որ ես առաջինն էի, որ ասաց՝ թագավորը մերկ է։ Ես կարծում եմ՝ ինձնից ավելի այլանդակ ու կոպիտ ձևերով են այդ ամենն ասել։ Ես այդքան շնորհք ու պրոֆեսիոնալիզմ ունեմ, որ որպես սատիրիկ, երբեք ինձ թույլ չեմ տվել մարդուն անձնապես վիրավորել։ Ես կարող եմ այդ ամենը արվեստի լեզվով ասել, որն ավելի ցավոտ է, քան եթե մարդու երեսին թքեիր։

Իրականում, այն ամենին, ինչ կատարվում է, ես մեծ ցավով եմ վերաբերվում ու բացարձակ չեմ չարախնդում, թե տեսեք, ես աշխարհի ամենաճիշտն էի։ Ինչքան բոլորն են իրենց վատ զգում, համոզված եղեք, որ նույնքան ես եմ ընկճված։ Եթե ես իմանամ, որ վաղը, ասենք, կարող եմ ոտքս կտրել ու դեն նետել ու դրանով ինչ-որ բան կփոխեմ այս իրականության մեջ, ապա կկտրեմ, ոչ մի հարց չկա։ Ես պատրաստ եմ ինչ-որ բան անել փոփոխության համար, բայց, ցավոք, իմ տաղանդն ավելիին չի հերիքում, ես միայն կարող եմ ծաղրել այն, ինչ կա։