Մենք պատրաստ ենք այդ քայլին

    • Հարցազրույց - 26 Դեկտեմբերի 2016, 12:23
Մեր զրուցակիցն է SOS հաղորդման ռեժիսոր Հայկ Բարսեղյանը: Հիշեցնենք, որ SOS-ը միացել է Քաղաքացիական ակտիվ քայլ կուսակցությանը

Հայկ, ինչո՞ւ միացաք և ի՞նչ հեռանկարներ եք տեսնում այդ կուսակցության հետ։

Մենք արդեն 5-6 տարի է՝ քաքի մեջ ենք ապրում և այդ 5-6 տարվա մեջ տեսնում ենք, որ միայն իշխանությունն է երկրի տերը, ու երկիրը շատ անտեր վիճակում է։ Բոլորը, ովքեր «ընդդիմությունից» են, չենք հավատում, որովհետև վերջին տարիները ցույց տվեցին, որ նրանք կամ դերասան են, կամ չեն ուզում անել այն, ինչ պետք է անեն։ Առաջարկներ եղել են ինչ-որ կերպ իրավիճակը փոխել, այլ ոչ թե խոսել, բայց պլաններ չկային ինչ-որ ձև մտնել քաղաքական կեղտի մեջ։ Որոշեցինք միանալ ՔԱՔ-ի գործընթացին և ցույց տալ, որ ընդդիմությունն իրականում կեղծ է։ Մենք ուրախացանք այդ փաստի կապակցությամբ, որովհետև ժամանակ չունեինք զբաղվել տեխնիկական այդ գործերով։ Գաղափարն ընտիր է և ապացուցում է, որ իրականում Հայաստանում ընդդիմություն չկա, դրանք բոլորը սուտ են։

Ձեր կարծիքով, ինչո՞ւ հանրությունն այդքան բուռն անձագանքեց՝ դրական իմաստով։

Իմ սուբյետկիվ կարծիքով՝ հանրությունը բաղկացած է երեք մասից։ Մի մասը ծախված կամ իշխանական մարդիկ են, որոնք ՀՀԿ-ի համար խելագարվում են, կամ այլ ձև չունեն, երկրորդը՝ սուտի ընդդիմության կողմնակիցներն են, և երրորդը նրանք են, որոնք թքած ունեն այս երկրի վրա, թողնում Հայաստանից գնում են։ Այն զանգվածը, որ աղմուկ է բարձրացրել, երրորդ մասն են, որոնք անտարբեր են եղել այս ամենի նկատմամբ։ Հիմա այդ մարդիկ հույս են կապում այս ամենի հետ, ու մեր պարտքն է՝ այդ մարդկանց հուսախաբ չանել ոչ մի գնով, որովհետև այդտեղ մեր անուններն են դրված։ Մենք իրավունք չունենք հետ կանգնել կամ սխալ քայլ անել, որովհետև մեր անունները ավելի շատ ենք գնահատում, քան ընդդիմության ներկայացուցիչներն իրենց անունները։

Այսինքն՝ դուք գալիս եք ավելի շատ ընդդիմությա՞նը հակակշռելու։

Եթե անկեղծ ասեմ, ես ուզում եմ հասկանալ երկրում տիրող մթնոլորտը, թե իրականում ինչ վիճակ է, իրականում քանի հոգին են նրանց կողմ և քանի հոգի գիտակից մարդ է մնացել երկրում և ընդհանրապես։ Մինչև այս ասում էին, որ շատ տխուր է իրավիճակը, հիմա ուզում ենք հասկանալ, թե ինչպիսին է այն իրականում։

Մենք տեսանք, որ բավական բուռն արձագանք կա իշխանությունների կողմից Քաղաքացիական ակտիվ քայլ կուսակցության նկատմամբ, և տեսանք, թե ինչպես են պատժվում մարդիկ։ Ձեր կարծիքով՝ մինչև ապրիլ իշխանությունը ձեզ գործելու հնարավորություն կտա՞։

Մենք իշխանության կարծիքը չենք հարցրել։ Մենք ունենք մեր գաղափարները և օրենքի սահմաններում ամեն ինչ կանենք, որ իրենց դնենք իրենց տեղը։ Իրենք որքան էլ փորձեն և համոզված եմ, որ կփորձեն այս ամենի դեմն առնել, մենք մերն անելու ենք։

Որքան իշխանությունները փորձեն ընդդիմանալ, իրենց համար ավելի վատ կլինի։ Մեր թիմում ամեն մարդ իր տեղն է պատասխանատու, ամեն մարդ գիտի, թե ինչ ռիսկի պետք է գնա։ Բարեբախտաբար, անձամբ մեր ընտանիքում այդ խնդիրը չկա, մենք մինչև վերջ գնացող ենք։ Ամեն մարդ թող իր տեղը պատասխանի։

Իսկ ովքե՞ր կարող են միանալ ձեր նախաձեռնությանը։

Ամեն մարդ չի կարող մտնել այստեղ, որովհետև դա էդ տեղը չի։ Եթե այն մարդիկ, որոնք նախկինում իրենց շատ սխալ են պահել ու գիտակցում են, որ սխալ բան են արել, ուզում են ժողովրդի կողքը կանգնել, բնականաբար, մենք կընդունենք նրանց։ Բայց դա իմ սուբյեկտիվ կարծիքն է, մեր թիմում ամեն մարդ իր կարծիքն ունի, ու մենք ընդհանուր որոշում ենք կայացնում։

Հնարավո՞ր է, որ SOS-ին և «Դիվադադար»-ին միանան նաև երգիծական ժանրում իրենց  դրսևորող այլ անձինք։

Քանի որ մենք իսկապես ծախված պրոյեկտ չենք, հավանականությունը, որ ինչ-որ մեկը կփորձի մեզ միանալ, շատ փոքր է, որովհետև դա ռիսկ է ու պատասխանատվություն։ Երբ մենք այս ամենի մեջ ենք մտնում, պետք է հաշվի առնենք նաև հարազատներին վնաս տալու գործոնը, ու ամեն մարդ չէ, որ պատրաստ է այդ քայլին գնալ։ Բայց մենք պատրաստ ենք։

Ամենաընթերցվածը