Մենք ցինիզմը բարձրացնում ենք գագաթնակետին, որտեղ մեզ հավասարը չկա

    • Հարցազրույց - 17 Դեկտեմբերի 2016, 10:31
Դերասան Սերգեյ Դանիելյանը և լրագրող Արման Սուլեյմանյանը ստեղծել են «Քաղաքացիական ակտիվ քայլ» ( Ք.Ա.Ք) կուսակցություն, որին միացել են «SOS» նախաձեռնության տղաները: Թեմայի շուրջ զրուցել ենք Արման Սուլեյմանյանի հետ

Հայտնի է դարձել, որ SOS-ի տղաները նույնպես միանում են Քաղաքացիական ակտիվ քայլ կուսակցությանը։ Որքանո՞վ է լուրջ այս ամենը։

Ի՞նչ պետք է անեմ, որ լրջությունն իմանաք։ Մեզ մոտ քաղաքական դաշտի պես չէ, որ բոլորը նախանձ լինեն։ Սերգեյն ու ես SOS-ի ջերմ երկրպագուներ ենք և, անկեղծ ասած, իրենց աշխատանքներն ավելի շատ էինք տարածում սոցիալական ցանցերում, քան Սերգեյի «Դիվադադարը»։ Այս պարագայում բացարձակ նշանակություն չունի՝ մե՞նք ենք այդ կուսակցությունը գրանցում, թե իրենք։ Եթե, ենթադրենք, իրենք գրանցելուց լինեին կուսակցությունը, մենք էինք զանգահարելու և ասելու էինք՝ տղաներ, մենք ձեզ հետ ենք, ինչով կարող ենք օգնել։ Այս դեպքում հակառակը եղավ, իրենք զանգահարեցին և ասացին, որ այս ամիս չէ, բայց հունվարից հետո համատեղ հետաքրքիր նախընտրական հոլովակներ ենք պատրաստելու։ Այստեղ շատ կարևոր է, որ հասկանաք մթնոլորտը, որ այստեղ շահ չկա, այստեղ ոչ մեկը մյուսին պաշտոն չի խոստանում, ոչ մեկի նպատակը մյուսին խաբելը կամ լավ երևալը չէ։ Մենք անթաքույց երկրպագում ենք մեկս մյուսի ստեղծագործ աշխատանքները և երբ տեսնում ենք, որ մեզնից մեկը ինչ-որ հաջողություն է գրանցում, հատկապես, որ հոգեհարազատ են գաղափարները, միանում ենք։ Մենք բարդույթներ չունենք, որ եթե SOS-ը ինչ-որ բան արել է և մեզ դուր է եկել, մենք մեզ պահե՞նք, խեղդենք, բայց չմիանանք այդ գործընթացին։

Հնարավո՞ր է, որ այլ նախաձեռնություններ նույնպես միանան ձեզ։

Մեծ հաշվով, SOS-ի՝ մեզ միայն մարդկային որակն էր հետաքրքրում, որ մենք միասին էինք ուզում լինել։ Հետագայում ինչ դերասաններ, երգիչներ, ուրիշ այլ մասնագիտությունների պրոֆեսիոնալ մասնագետներ կմիանան, ես չեմ կարող ասել, բայց այն, որ մարդկային որակը գերակշռելու է կուսակցությունում, միանշանակ է, և դա  հիմիկվանից կարող եմ ասել։ Դա է պատճառը, որ մենք 30 տարեկանից ցածր մարդկանց չենք էլ դիտարկում, որ կարող են մեր կուսակցությունում լինել։ Իհարկե, հիմա մեծ այցելություններ ունենք կայք, և դա զվարճացնում է երիտասարդներին, նրանք գրանցվում են, բայց անշուշտ մաղելու ենք, որովհետև այս լուրջ գործընթացին պետք չի, որ երիտասարդները ուղղակի համակրելով, երիտասարդական լեզվով ասած, միայն «ղժժալու» համար գան ու մասնակցեն այս ամենին։

Ըստ էության՝ նախընտրական պայքարի մեջ էլ եք մտնելո՞ւ։

Մտնելու ենք, բայց  ոչ ավանդական ձևով։ Կարեն Դեմիրճյանի անվան համալիրը չենք վարձելու, ամեն ինչ անելու ենք առցանց, ինչպես մինչև հիմա։ Ըստ էության՝ օրենքը չի ասում, որ դու պարտավոր ես ամեն ինչի վրա մեծ գումարներ ծախսել։ Մեկ շաբաթվա ընթացքում մեր բոլոր էջերը, ինտերնետային աշխատանքներն անվճար արվել են կամավորների կողմից։ Փաստորեն այդ մեխանիզմն աշխատում է։ Կարելի է ներդնել 17 հազար դրամ՝ դոմեյն գրանցելու համար և 10 հազար դրամ՝ կանոնադրություն գրանցելու համար, և կարող ես ունենալ կուսակցություն։ Եթե գաղափարներդ լավն են և ունես կուսակցական ընկերներ, որոնք անշահախնդրորեն քեզ օգնում են։

Մյուս կուսակցությունների դեպքում գաղափարնե՞րն են վատը եղել, որ չեն կարողացել հաջողություն գրանցել։

Ախր մենք քաղաքական մարդիկ չենք, հիմա նստենք սրան-նրան անուն դնե՞նք։ Դա մեր հոգեվիճակն է, մտածելակերպն է, որ ուզում ենք գնահատական տալ ամեն ինչին։ Քանի որ բարդույթներով էլ չենք տառապում, հապավումը արտահայտում է այն իրավիճակը, որում 25 տարի գտնվում է մեր երկիրը։ Բայց ասել, որ ներդնելու ենք ջանքեր, որ 6 տոկոս ունենաք, կամ 180 տոկոս ունենանք, դրա մասին բացարձակ որևէ մեկը չի մտածում։ Միանշանակ, դրական նոտայի և իրավիճակը ճիշտ գնահատելու պակաս կար։ Այս 25 տարիներին, ըստ էության, միշտ գալիս էին մարդիկ, ասում էին՝ նրանք քըխ են, մենք լավն ենք, ընտրեք մեզ։ Մենք խաղի կանոնները փոխեցինք, մենք ասացինք, որ մենք ամենավատն ենք, ընտրեք ամենավատին, որ ընդհանրապես էլ չբողոքենք։ Սա կարծես թե շարժում է ինչ-որ զգայարաններ, որոնք սառած էին։ Զգայարաններ, որոնք շատերին թվում էր, որ ընդհանրապես գոյություն չունեն հասարակության մեջ։ Բայց ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ բազմաթիվ մարդիկ ընկալում են թե միտքդ, թե անելիքդ, և ամենաուրախալին դա է։ Թե չէ 500 հոգի է գրանցվել այսօր կուսակցությունում, թե 500 հազար, դա այնքան էլ կարևոր չէ։

Չեք կարծո՞ւմ, որ կուսակցության անվանում էլ մեծ դերակատարություն ունեցավ։

Երկու տարի է՝ «Դիվադադար» հաղորդաշարը եթերում էր, և անընդհատ ասում էինք, որ Ք.Ա.Ք կուսակցությունը պետք է միավորի բոլորին, վստահեք մեզ, մենք ամենաազնիվն ենք, որովհետև մենք իրերը կոչում ենք իրենց անունով։ Հիմա երբ այդ բրենդը սիրվեց և ընդունվեց մարդկանց կողմից, հիմա ուղղակի ֆորմալ առումով պետք է գրանցենք։

Մենք Սերգեյի հետ մտածում ենք, որ քաղաքականություն գնում են առանց մասնագիտության մարդիկ, մենք համարում ենք, որ մենք մասնագետներ ենք, հետևաբար մենք քաղաքականության մեջ մտնելու իմաստ չենք տեսնում։ Եթե մարդիկ լավ բժիշկ են, լավ իրավաբան, անիմաստ է քաղաքականության մեջ մտնել, քանի որ քաղաքականություն գնում են առանց մասնագիտության մարդիկ։ Գաղափարն այն էր, որ մեր կուսակցությունում հավաքվեն միայն լավ մասնագետ մարդիկ։ Լավ մարդը պետք է նաև լավ մասնագետ լինի, իսկ եթե դու դատարկախոս ես, պոռոտախոս, ինչ-որ իքս կուսակցությունում գրանցված ես և հայտնվել ես ԱԺ-ում, դու ունենում ես այն, ինչ ունենք հիմա։ Հետևաբար, փոխելով հիմքը և ֆունդամենտալ գաղափարախոսություն մտցնելով՝ մենք փոխում ենք խաղի կանոնները: Այն խաղի կանոնները, երբ մեզ փորձում էին համոզել, թե ճիշտ է, փորձում էին համոզել, որ վեցերորդ դասարանի կրթություն ունենալը և ԱԺ-ում նստելը ճիշտ է։

Ըստ էության՝ մենք մարտահրավեր ենք նետում բոլոր այն աննորմալ երևույթներին, որոնք, ցավոք սրտի, այսօր կարծես թե համարվում են նորմալ։ Ոմանք ասում են՝ եթե դուք չեք կարողանում հաղթել խայտառակությունը, պետք չի գլխավորել այն։ Սա իրենց կարծիքն է։ Այո, մենք չենք կարողանում պայքարել այս խայտառակության դեմ, մենք զենք վերցնող չենք, մենք ցինիզմը բարձրացնում ենք գագաթնակետին, որտեղ մեզ հավասարը չկա։ Այ, հիմա եկեք այս դաշտում խաղանք։ Հիմա տեսնենք՝ ով է մեզ հետ գլուխ դնելու, ով՝ ոչ։ Ժամանակը ցույց կտա։

Ամենաընթերցվածը