Ինչու է կապիտալը դուրս բերվում Հայաստանից եւ ինչ հետեւանքներ կունենա

    • Հարցազրույց - 02 Դեկտեմբերի 2016, 15:51
Lragir.am-ի զրուցակիցն է տնտեսագիտության դոկտոր Աշոտ Եղիազարյանը

Պարոն Եղիազարյանը, Հայաստանում կատարվող օտարերկրյա ներդրումների ծավալը շարունակում է կտրուկ նվազել, իսկ ներդրողներն իրենց գումարները տանում են երկրից: Այս տարվա ինն ամիսներին գրանցված ցուցանիշները ևս մտահոգիչ են, հատկապես դեպի Ռուսաստան գումարների մեծ արտահոսք է եղել, ի՞նչ է կատարվում:

Հստակ կապիտալի արտահոսքի միտում կա, ինչը նախ և առաջ պայմանավորված է Հայաստանի՝ ոչ գրավիչ բիզնես միջավայրով: Հայաստանի տնտեսության հետ կապված սպասումները տարբեր ներդրողների մոտ շատ բացասական են, և նրանք դուրս են հանում կապիտալը: Հնարավոր է, որ որոշակի ծավալներ կապված են նաև արտագաղթի հետ:

Նախկինում Հայաստանում կատարվում էին որշակի վերաներդրումներ, բայց այսօր այդ գումարը դուրս է տարվում: Եթե խոսքը վերաբերում է այն ընկերություններին, որոնք այստեղ ստանում են դիվիդենտներ, այսինքն ՝ իրավունք ունեն իրենց շահույթը տանել երկրից, նրանք պարզապես դա տանում են, էլ չեն զբաղվում վերաներդրումների խնդիրներով: Դա տարբեր պատճառներ կարող է ունենալ, գուցե իրենց մայր ընկերություններում կան ֆինանսական խնդիրներ, գուցե արդեն Հայաստանի շուկան չեն համարում հեռանկարային: Բացի այդ, նրանք չեն էլ փորձում զբաղվել արդիականացման հարցերով, որպեսզի անեն վերաներդրումներ: Այդ ընկերությունները, կարծում եմ, լուրջ խնդիր ունեն արդեն միջազգային ասպարեզում:

Այս իրավիճակն ի՞նչ ազդեցություն է ունենում ընդհանուր տնտեսության վրա և հատագայում ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ:

Երկրից գումարի արտահոսքը միանշանակ բացասական է ազդում մի քանի ուղղություններով: Նախ, դա դանդաղեցնում է տնտեսական աճը: Մանավանդ եթե չկան այլ ներդրումներ, դա տնտեսական աճին հարված է: Այս վիճակը բացասաբար կանդրադառնա նաև ազգային արժույթի փոխարժեքի վրա, քանի որ կապիտալի արտահոսքը արժեզրկման ուղղությամբ ճնշում է դիտարկվում:

Փաստացի, այն, ինչ այսօր հայտարարում է կառավարությունը, հակառակ գործընթա՞ցն է իրականում տեղի ունենում: Խոսվում է ներդրումների աճի հնարավորության ու բարենպաստ միջավայր ստեղծելու մասին, բայց ներդրողները հեռանում են երկրից:

Դա արդեն փաստ է, այդ ամենը, եթե սուտ չէ, ապա առնվազն ճիշտ չէ: Ես նույնիսկ արդեն չեմ կարողանում հասկանալ այդ ամենի տրամաբանությունը: Այնքան պարզ ու ակնհայտ է այդ ամենը՝ փորձել ցույց տալ, թե զբաղվում են տնտեսության խնդիրներով, բարենպաստ միջավայրի ստեղծմամբ, կլինի առաջընթաց, զարգացում, բարեկեցության աճ, աբսուրդ է պարզապես: Երկրում ու տնտեսությունում անկումային գործընթացները խորանում են պարզապես: Եվ դա շատ բնական է այն պայմաններում, որի մեջ Հայաստանը դրել է իրեն: Հայաստանն իր ինքնիշխանությունը հանձնել է, պարզապես ի վիճակի չէ շտկելու իրավիճակը, եթե չվերականգնվի այդ ինքնիշխանությունը:

Հայաստանը պարազապես մեկուսացել է աշխարհից: Ներդրումները, որոնք կարող էին կատարվել Հայաստանում, դրանք պարզապես չեն կարող գալ երկիր, քանի որ մեր երկիրն այդ աշխարհի հետ հարաբերություններում ինքնուրույն չէ: Այսինքն՝ արևմտյան ներդրումներ, արևմտյան տեխնոլոգիաներ չեն կարող գալ Հայաստան: Հայաստանի ենթակառուցվածքները հնացել ու մաշվել են՝ տրանսպորտային, էներգետիկ: Առանց դրանց արդիականացման հնարավոր չէ տնտեսությունն աշխատեցնել:

Իսկ ստեղծված իրավիճակը հաշվի առնելով՝ ի՞նչ կանխատեսումներ ունեք, ներդրումների ցուցանիշը հաջորդ տարի՞ էլ կնվազի:

Դժվար է ասել, թե արտահոսքի ծավալներն ինչքան կլինեն, բայց միտումն առկա է: Բնականաբար, այդ միտումը ինչ-որ պահի ծավալային առումով գուցե կփոքրանա, որովհետև պարզապես բան չի լինի տանելու: Իսկ կարճաժամկետ հատվածում պետք է սպասել այս միտումների շարունակությանը:

Ամենաընթերցվածը