Գիտեն՝ ով է մեղավոր Հայաստանի այս վիճակի համար, նրա հետ հաշիվ կմաքրեն

    • Հարցազրույց - 30 Նոյեմբերի 2016, 12:46
Մեր զրուցակիցն է ԳԽ նախկին պատգամավոր, նախկին քաղբանտարկյալ Ազատ Արշակյանը

Պարոն Արշակյան, մեկ օրում 7000 քաղաքացի ՀՀԿ-ական դարձավ, ինչը շատերին հիշեցրեց Խորհրդային Միությունում Կոմունիստական կուսակցությանն անդամագրվելը: Ինչպե՞ս եք գնահատում առհասարակ ՀՀԿ համագումարը, հոգևորականների ներկա գտնվելը, Աստծո անունը տալը և այլն։

Իզուր տեղը Աստծո անունը մի տուր, Աստված չի սիրում, երբ իր անունը տալիս են ինչ-որ ներկայացման ժամանակ։ Հնչեցին ելույթներ, եղան երկարատև ծափահարություններ, յոթ խորհուրդների մեջ խոսվեց առանձին «փոքր թերությունների» մասին, որ ընդհանրապես շատ հաջող է ամեն ինչ, Հայաստանում ամեն ինչ կարգին է, ՀՀԿ-ի օրոք մեծ հաջողություններ կան, բայց  կան նաև «առանձին թերություններ», օրինակ՝ մեկ միլիոն մարդ արտագաղթել է, մեկուկես միլիոն մարդ թշվառ է, Հայաստանը մեկուսացված է, կորցրել է իր անկախությունը։ Սրանք առանձին թերություններ են ընդհանուր հաջողության մեջ։

Ընդհանրապես, ինչ տպավորություն ստացա այդ համագումարից, նոր անդամագրումներից, այդ թվում Կարեն Կարապետյանի և Վիգեն Սարգսյանի, ասենք 7000+2 անդամագրումից։ Ես կարծում եմ, որ ՀՀ-ն Եվրասիական միության ակումբում ամենաժողովրդավարականն է, որովհետև պատկերացրեք, Բելառուսը, Ռուսաստանը, Ղրղզստանը, Ղազախստանը, այնտեղ ի՞նչ ընտրություններ, ի՞նչ համագումար, ի՞նչ քվերակության մասին կարող է խոսք լինել: Այնտեղ ընտրություններ չեն կարող լինել, քաղաքական մրցակցություն և իշխանափոխություն չի լինում։ Ընդ որում, ԵՏՄ-ում Հայաստանը ամենահավատարիմ, ամենահնազանդ անդամն է։ Մենք պարտավոր ենք հավատարիմ լինել այդ միությանը, այլապես այնտեղ մեզ հետ կվարվեն ճիշտ այնպես, ինչպես վարվեցին հարյուր տարի առաջ Ռոմանովների ընտանիքի հետ, հետո Ուլյանով -Լենինը և Աթաթուրքը կվարվեն այնպես, ինչպես բոլորովին վերջերս վարվեցին Ուկրաինայի և Վրաստանի հետ, մենք դա հասկանում ենք։

Այդ 7000 հոգուց գոնե յոթը եղե՞լ է ամռանը ՊՊԾ գնդի գրավման ճգնաժամի ժամանակ։ Թող նրանցից գոնե յոթը ձեռք բարձրացնեն և ասեն՝ այո, այդ օրը ՀՀԿ-ի կողքին կանգնած էինք։ Եվ ընդհանրապես, ինչո՞ւ պետք է համագումարը տեղի ունենար մարզահամերգային համալիրում, ՀՀԿ-ն ունի «Հրազդան» ստադիոնը, դա պետք է «Հրազդան» ստադիոնում իրականացնեին։ Եվ շատ գեղեցիկ էր, որ բաց քվեարկություն գնաց, սա հրաշալի դեմոկրատիա է, և բաց քվեարկությամբ միակ թեկնածուի օգտին քվեարկեցին բոլորը։ Մեկ հոգի դրան արձագանքեց՝ Սերժ Սարգսյանը, ով հեգնեց, և այդ հեգնանքն ամեն ինչ տեղը դրեց։ Եթե Սերժ Սարգսյանի հեգնանքը չլիներ, շատ տխուր կլիներ, բայց որ հեգնեց, մտածեցի, որ մեկ հոգի հասկանում է, թե ինչքան տգեղ է դա։

Արդյոք սա նախընտրական քարոզարշավի շրջանակներո՞ւմ է, մասնավորապես, ՀՀԿ Գործադիր մարմնում փոփոխությունները, երբ Ռազմիկ Զոհրաբյանին և Դերենիկ Դումանյանին դուրս թողեցին, փոխարենը Արփինե Հովհաննիսյանը և Սամվել Ֆարմանյանը համալրեցին գործադիրի շարքերը։ Արդյոք իմիջափոխություն տեղի ունեցա՞վ։

Ռոտացիա պետք է լինի, երկու հոգի հեռացան, ըստ երևույթին, ծափահարություններով, շնորհակալություններով, մեդալներ, պատվոգրեր պետք է հանձնեին նրանց վաստակած աշխատանքի համար: Նրանք այդ մեծ հաջողության մեջ ներդրում ունեն, նրանց պետք է անվանական ժամացույց նվիրեին, չարեցին։ Պետք է ասեին, որ մենք մեր գործը շարունակելու ենք, դեռ շատ բան կա անելու, կարելի է մի քանի աստիճան էլ Հայաստանն իջեցնել։ Իրականում այս փոփոխությունը ոչինչ չի նշանակում, նշանակում է, որ մենք ընդամենը փորձում ենք նմանվել ԵՏՄ մեր ակումբակից ընկերներին, մենք նրանց նման ենք մեզ պահում, բայց հեգնանքով ասում ենք, որ մենք էլ ենք Բելոռուսի, Ղազախստանի, Ղրղզստանի նման, ոչ մի տարբերություն: Ամենագլխավորն այն է, որ մենք պետք է ընդունենք ԵՏՄ կուլտուրան, այդ կուլտուրան չի ենթադրում իշխանափոխություն, քաղաքական մրցակցություն։

Ի՞նչ պետք է անի ընդդիմությունը, արդյոք հնարավո՞ր են այնպիսի մոբիլիզացիաներ, որոնք կարող են հայտ ներկայացնել և իշխանափոխության հասնել։

Ոչ, անհնար է։ Մենք ունենք հրաշալի օրինակ, երբ Գագիկ Ծառուկյանի կուսակցությունը իշխանափոխության լրջագույն հայտ ներկայացրեց, ասացին՝ դա լուրջ չէ, դուք չեք հասկանում ԵՏՄ-ի էությունը, մենք կթալանենք, կճզմենք, ամեն ինչ կանենք, ձեր ընտանիքի անդամները ձեզնից կհրաժարվեն: Պավլիկ Մորոզովները վեր կացան և ելույթ ունեցան, հեռացան կուսակցությունից, փախան։ Եվ քանի դեռ Գագիկ Ծառուկյանից և ԲՀԿ-ից ՀՀԿ-ն ներողություն չի խնդրել, նշանակում է՝ որևէ ձևով չի կարելի ՀՀԿ-ին ձեռնոց նետել։

Փոխարենը հաղթանակը ԱՄՆ-ում եկել է իշխանության, Թրամփը՝ Ռեյգան-2-ը, վերադարձել է, բայց նա Հայաստանի տեղը չգիտի, և դա ինձ բնավ չի անհանգստացնում, կարևորը Մոսկվայի տեղը գիտի, ցարի տեղը գիտի: Նա գործարար է, և պետք է առևտուր անեն, ասելու է՝ ի՞նչ եք տալիս մեզ, որ ձեզ տեխնոլոգիաներ տանք, ինչն եք զիջում: Հիմա ի՞նչ պետք է ասեն Թրամփին՝ Հայաստանն ու Ղրղզստանը քե՞զ, բայց ԱՄՆ-ին դա պե՞տք է, ԱՄՆ-ին պե՞տք է Հայաստանը, կամ Ուկրաինան, Ղրիմը կամ Սիրիան, պետք է ընդամենը Ռուսաստանը: Առևտրի առարկան լինելու է ոչ թե Հայաստանը, Սիրիան, Ուկրաինան կամ Աբխազիան, նա ասում է Կրեմլն եմ ուզում, ուզում եմ իմ սահմանադրության առաջին կետն իրականացնել, կորչեն իմպերիաները, կեցցե ազատությունը՝ անհատական և հավաքական։ Կարող է դա են ուզելու Պուտինից, ոնց որ Ռեյգանը, Բուշը ուզեցին Գորբաչովից: Այ դա հետաքրքիր է, սպասենք, տեսնեք՝ ինչ է լինելու։ Պետք չէ հուսահատվել: Հո մեք չենք գնալու Կրեմլին ասելու՝ այս ենք ուզում, այն ենք ուզում: 1991-ին ասել ենք, որ անկախություն ենք ուզում եւ ազատություն: Իսկ ի՞նչ կասի Թրամփը. կասի Սիրիային քիչ ռմբակոծեք, ես ձեզ վերադարձնում եմ իմպերիայի փա՞ռքը: Չէ, Թրամփը չի կարող ճանաչել իմպերիայի իրավունքները 21-րդ դարում: ԵՄ-ն ու ԱՄՆ-ն ասում են՝ մենք չենք ճանաչում 19-րդ դարի ձեր ձգտումները: Այ, հիմա մի քիչ լավատեսորեն սպասում ենք, որովհետեւ Եվրամիությունը, ԱՄՆ-ը՝ դաշնակիցներով գիտեն, թե ով է իմպերիան, գիտեն՝ ով է մեղավոր Հայաստանի այս վիճակի համար, նրա հետ հաշիվ կմաքրեն. տեսնենք, համբերենք։

Գագիկ Ծառուկյանը ասում է, որ հնարավոր է վերադառնա քաղաքականություն, և որ իրեն վիրավորողներին ներել է։ Սա ինչի՞ մասին է խոսում:

Բայց նրանք ներողություն խնդրե՞լ են, որ ինքը ներել է։ Երբ ցավ պատճառողը ներողություն չի խնդրում, տուժածը, զոհը ներում է, դա նշանակում է՝ ինքը նորից ներողություն է խնդրում, ասում է՝ հո չե՞մ խանգարում։ Ուզում է ասել՝ պարդոն, կարո՞ղ եմ մոտենալ, կարո՞ղ եմ մի անգամ էլ փորձել, հո շատ զայրացա՞ծ չեք։ Ծառուկյանը պետք է ասեր՝ ես պահանջատեր եմ, ինձ վիրավորել եք, Հայաստանում դեմոկրատիային եք խփել, պետք է ներողություն խնդրեք։

Ամենաընթերցվածը