Ազգ-բանակ գաղափարը իրագործելը պաշտպանության նախարարի գործը չէ

  • Հարցազրույց - 27 Նոյեմբերի 2016, 13:39
Հարցազրույց ՄԱԿ-ի սոցիալ-տնտեսական խորհրդի անդամ, Ինֆորմատիզացիայի միջազգային ակադեմիայի իսկական անդամ, քիմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Առնոս Հովհաննիսյանի հետ

Դուք բնական գիտության բնագավառի գիտնական լինելով հանդերձ, մամուլում հաճախ եք վերլուծում հասարակական երեւույթները: Որքանով է դա արդարացի:

Ինֆորմացիոլոգիան մի գիտություն է, որը ելնելով բնության հիմնարար օրենքներից՝ կարողանում է վերլուծել հասարակության մեջ տեղի ունեցող ամենաբարդ երեւույթները: Լինելով բնական գիտության բնագավառի գիտաշխատող, ես ինձ թույլ եմ տալիս անել այդ բանը մեր հանրապետությունում տեղի ունեցող, իմ տեսանկյունից, ամենակարեոր իրադարձությունների դեպքում:

Շուտով կընդունվի, ինչպես ասում են, «հազար դրամի» օրենքը: Որն է Ձեր կարծիքը և մեկնաբանությունը:

Իմ կարծիքով, ներկա պաշտպանության նախարարը լավ կաշխատեր միայն որպես սոցապ նախարարի խորհրդական: Նրա այս նախաձեռնությունը, ինչպես նրան պաշտպանողներն են ասում, ոչ մի կապ չունի բանակի խնդիրների հետ:

Բայց դա համարվում է ազգ-բանակ գաղափարի իրագործման առաջին քայլերից մեկը, եւ գտնում են, որ օրենքն ընդունվելուց հետո զինվորն իրեն ավելի ապահով և պաշտպանված կզգա: Կզգա, որ ազգը հոգում է իր մասին:

Զինվորն իրեն ապահով է զգում միայն լավ զինված լինելու և լուրջ հրամանատար ունենալու դեպքում: Իսկ վարձու պրոֆեսիոնալ բանակում զինվորը կռվում է լավ վարձատրվելու դեպքում, այլ ոչ թե հետմահու թոշակի համար: Այս հազար դրամի օրենքն արդարացում չունի ոչ մի պարագայում: Պաշտպանության նախարարը այլ ծրագրով պիտի ներկայանար ագային ժողով, եթե իրոք ուզում էր Հայաստանում իրագործել ազգ-բանակ գաղափարախոսությունը:

Ձեզ ծանո՞թ են այդ գաղափարախոսության հիմնական դրույթները, և եթե այո, ապա որոնք են:

Ես գիտեմ այդ գաղափարախոսությամբ կայացած բանակներ: Դա առաջին հերթին շվեյցարական բանակն է: Շվեյցարիայի ամբողջ ազգը մի բանակ է, իր հրամանատարներով և բանակին հատուկ բոլոր ստորաբաժանումներով: Բոլորն ունեն պահեստավորված իրենց զենքերն ու զինամթերքը, ամեն պահի պատրաստ են կռվելու ու դիմակայելու ցանկացած թշնամու: Բոլորը գիտեն, որ շվեյցարական բանակի թվաքանակը հավասար է այդ երկրի բնակչության թվաքանակին: Երկրորդ օրինակը իսրայելական ազգ-բանակն է: Այստեղ արդեն ամբողջ հրեա ազգն է բանակ: Երբ Եգիպտոսը հարձակվեց Իսրայելի վրա, սրճարաններում նստած պատանիներն ու աղջիկները ոչ թե տուն վազեցին, այլ իրենց զինանոցներն ու հավաքի վայրերն ու անմիջապես մեկնեցին կռվելու:

Դուք պատկերացրեք, որ եթե մենք իրոք այսօր ստեղծեինք ազգ-բանակ: Ոչ ոք, կրկնում եմ՝ ոչ ոք, մեղմ ասած, չէր փորձի մեզ նեղացնել: Այսօր մի քանի հսկա պետություններ իսլամիստներից մի քաղաք չեն կարողանում գրավել: Դա լրիվ անհնար կլիներ, եթե քաղաքի բնակիչները ոչ թե քաղաքից փախչեին, այլ զինվորի կողքին կռվեին հարձակվողների դեմ:

Մենք հանպատրաստի եբեմն ստեղծել ենք աշխարհազորային բանակ և թշնամու դեմն առել: Դա արել ենք ծայրահեղ պայմաններում: Այսօր դա պետք է անենք առանց սպասելու այդ ծայրահեղ պայմաններին: Բայց դա անելու համար պետք է ունենալ ազգ-բանակ գաղափարախոսությամբ զինված իշխող համակարգ

Ազգ-բանակ գաղափարը իրագործելը պաշտպանության նախարարի գործը չպիտի լինի: Նա պետք է անի իրեն հանձնարարված գործերը և դրանք պետք է կարողանա անել խիստ պրոֆեսիոնալ մակարդակով: