Համակարգը, որում հայտնվել ենք, չի ենթադրում տնտեսական զարգացում

    • Հարցազրույց - 26 Նոյեմբերի 2016, 20:12
Մեր զրուցակիցն է Տիկինիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը

Պարոն Բաբայան, ՀՀԿ խոսնակը հայտարարել է, որ ՀՀԿ-ին անդամակցելու մասին Կարեն Կարապետյանի հայտարարությունից հետո Հանրապետականին անդամակցելու դիմումներ են ներկայացրել 7000 քաղաքացի: ՀՀԿ-ին անդամագրվում են նաև կառավարության մյուս անդամները։ Ինչո՞ւ էր պարտադիր նրանց հանրապետականացումը։

Տարբեր հարցեր են, թե ինչու են կառավարության ղեկավարն ու նախարարները հանրապետականացվել, միգուցե դա իսկապես արդարացված է, եթե անցում է կատարվում դեպի խորհրդարանական համակարգ: Բոլորովին այլ հարց է 7000 քաղաքացիների անդամակցության հայտը։ Այստեղ ես ուրիշ բան եմ տեսնում, տեսնում եմ, որ տենդենց կա իր ձևով մեր համակարգը դարձնել ավելի ու ավելի մոտ միակուսակցական սովետական համակարգին, նույնիսկ ոչ թե սովետական, այլ սոցիալիստական հանրապետությունների, որոնց քաղաքական համակարգում նաև կային այլ կուսակցություններ, բայց կրում էին ձևական բնույթ, և գերիշխող դերն այդ կուսակցության նաև քանակով էր որոշվում։ Եվ պարզապես իրականությունը ցույց է տալիս, որ դա ոչ մի բան չի նշանակում, Սովետական Միությունում մարդիկ միլիոններով էին կոմունիստական կուսակցության մեջ, բայց դա չխանգարեց, որ այդ համակարգը փլուզվի։ Կարծում եմ՝ թվաքանակով ուրախանալ ճիշտ չէ, կարևորը որակն է, իսկ որակը երբեք շատ մեծաքանակ չի լինում։ Այստեղ, ճիշտն ասած, շատ մեծ ողբերգություն և ոչ էլ շատ մեծ ուրախություն չեմ տեսնում։ Բնական ընթացք է, որով ցավոք սրտի շարժվում է մեր երկիրը՝ միակուսակցական համակարգ, կենտրոնացված ղեկավարում ամեն տեղից։ Եվ որքան էլ մենք խոսում ենք, որ այդ կենտրոնացված մենաշնորհային համակարգը և տնտեսության, և քաղաքականության մեջ որևէ լավ բան չի բերում, բայց իրականում ունենք այն, ինչ ունենք։

Կարծում եք՝ Կարեն Կարապետյանը գիտե՞ր, որ վարչապետ նշանակվելուց հետո հաջորդ քայլը հանրապետականացումն էր լինելու, թե՞ սա անակնկալ էր։ Մինչև այդ մամուլը գրում էր, որ Կարեն Կարապետյանը չի շտապում ՀՀԿ դառնալ։

Չգիտեմ, դժվարանում եմ կանխագուշակել, թե իշխանավոր մարդկանց մտքում ինչ կա, բայց չեմ կարծում, որ դա կարևոր է, անակնկալ էր, թե ոչ։ Սա բնական էր, և բացարձակապես կապ չունի՝ դա կատարվեց այսօր, երեկ, թե չորս ամիս առաջ կկատարվեր։ Ոչ միայն ՀՀԿ-ն, այլ բոլոր կուսակցությունները մեզանում, բացառությամբ մի քանիսից, բոլորը կառուցված են բուրգի սկզբունքով, ինչ որոշում է կուսակցական ղեկավարը, մնացածները, անկախ նրանից՝ համաձայն են, թե ոչ, տարաձայնություններ ունեն, ասում են՝ դե շեֆն այդպես է ասում։ Այնպես որ, եթե ամենավերևում որոշում չկայացվեր, որ մտնի կուսակցության շարքերը, չէր մտնի, եթե որոշում կայացվեր ստեղծել ուրիշ կուսակցություն, կստեղծեր ուրիշ կուսակցություն։ Կարծում եմ՝ կուսակցական ասպարեզում ինքնուրույն քայլեր դեռ չկան։

60 օրից ավելի այս կուսակցությունը գործունեություն է ծավալել։ Դուք որևէ փոփոխություն երկրում նկատո՞ւմ եք։

Ոչ թե նկատում եմ, այլ շատ վաղուց ասում էի, որ նույնիսկ լավագույն ցանկությունների դեպքում ես չեմ կարող տեսնել Հայաստանի տնտեսական առաջընթացը ԵՏՄ-ում։ Եթե նույնիսկ Դեն Սյաո Պինը լիներ կառավարության նախագահ, չեմ կարծում որևէ փոփոխություն լիներ, քանի որ կան որոշակի խաղի կանոններ, որոնք գործում են այս միության մեջ, կան ընդունված կանոններ, կան հակատնտեսական մոտեցումներ, և սրանց մեջ ինչպե՞ս կարող է հանկարծակի փոքր մաս զարգանալ ուրիշ ձևով, տնտեսական իր էությունով հակադրվել Ռուսաստանին, Ղազախստանին, Ղրղզստանին, Բելոռուսին, ես չեմ պատկերացնում, քանի որ ռեալ մտածող մարդ եմ: Եթե ընկել ես այդ կաթսայի մեջ, կամ բոլորի հետ պետք է եփվես, կամ պիտի պաղ մնաս էլի բոլորի հետ միասին, բայց դու չես կարող քո մեկ հարյուրերորդական մասով այնտեղ բլթբլթաս ու ասես՝ տեսեք, ես եռացի: Այդպես չի լինում: Ես չեմ կարծում, որ սա վարչապետի կամ որևէ կուսակցության որևէ անձից կամ բարի ցանկությունից է կախված: Համակարգը, որում հայտնվել ենք, չի ենթադրում տնտեսական զարգացում: Ես տնտեսագետ չեմ, պարզապես տեսնում եմ, թե ինչ է կատարվում այնտեղ:

Այսինքն ով էլ նշանակվեր Կարեն Կարապետյանի փոխարեն, միևնույն է, չէ՞ր կարող փոփոխություններ իրականացնել, քանի դեռ մենք ԵՏՄ անդամ ենք:

Կարծում եմ, որոշակի բաներ կարելի է անել, փորձել պայքարել համատարած կոռուպցիայի դեմ: Այստեղ այնքան էլ մեծ արգելքներ չեմ տեսնում, բայց կիրառել տնտեսական առաջադեմ մոդել և փորձել դրանով շարժվել՝ երևի չստացվի: Որովհետև բոլոր տնտեսական մոդելները, որոնք կյանքի արժանի են, բաց են, իսկ այս համակարգը, որում մենք հայտնվել ենք, փակ համակարգ է: Կարծես թե փորձում է իր համար ստեղծել որոշակի դաշտ, որոշակի շուկա, բայց այդ շուկան էլ է փակ: Առավելևս չի ենթադրում որակի մրցակցություն: Կարծում եմ՝ որոշակի բաներ կարելի է անել, բայց գլոբալ առումով կտրուկ փոխել համակարգը և տանել տնտեսությունը զարգացման ուղիով՝ ես խորը կասկածներ ունեմ: Աստված տա՝ սխալվեմ: