Նոր կառավարությանը սկսել են նվերներ մատուցել

    • Հարցազրույց - 25 Նոյեմբերի 2016, 19:08
Lragir.am-ի զրուցակիցն է տնտեսագետ Վահագն Խաչատրյանը

Պարոն Խաչատրյան, հունվարի 1-ից Հայաստանում գազի սակագինը կնվազի: Ի՞նչ եք կարծում՝ սակագնի այս չափով իջեցումը համահո՞ւնչ է գազի միջազգային գներին, հիմնավո՞ր են Գազպրոմ Արմենիայի ներկայացրած հիմնավորումները:

Միանշանակ ոչ: Սա ուղղակի քաղաքական նպատակ է հետապնդում, ոչ թե տնտեսական: Ոչ էլ իրականում ցանկություն կար մեր բեռը թեթևացնել: Այն բոլոր հիմնավորումները, որոնք ներկայացրել են գազի սակագնի նվազեցման համար, դրանց հիմնական նպատակը քաղաքական ենթատեքստը ցույց չտալն է ընդամենը: Դրա համար չորս հիմնական հիմնավորում գտան: Իրականում դա շատ հեռու է իրականությունից, կապ չունի ստեղծված իրավիճակի հետ:

Ի՞նչ նկատի ունեք, կմանրամասնե՞ք:

Եթե խնդրին զուտ տնտեսագիտական մոտեցում ցուցաբերվեր, այսօրվա սակագինը 10 հազար խմ սպառում ունեցող բաժանորդների համար ոչ թե պետք է լինել 146 հազար կամ 139 հազար դրամ, այլ՝ 90 կամ 100 հազար, նույնիսկ ավելի ցածր: Ի վերջո, այդ սակագինը ձևավորվել էր երեք տարի կամ մի քիչ ավելի առաջ, երբ համաշխարհային շուկայում գազի գինը 2.5 անգամ ավելի բարձր էր, քան հիմա: Երկրորդ, նույն Ռուսաստանում այն ժամանակ տեղի չէր ունեցել ռուբլու արժեզրկումը և տնտեսական անկումը: Մեր գազի գնի հաշվարկման մեթոդիկայում պետք է հաշվի առնվեր ՌԴ Օրենբուրգի մարզի գինը: Մենք պետք է այնտեղի գազի գնի հաշվարկով, պլյուս տարանցիկ տեղափոխման գին վճարեինք: Դա շատ ավելի էժան կլիներ, քան այսօրվա գինն է իջեցված տարբերակով: Եվ դրանից ելնելով եմ ես ասում, որ ներկայացված հիմնավորումները տնտեսական հիմք չունեն:

Այդ հիմնավորումներից մեկն այն է, որ քանի որ գազի սպառման ծավալները պակասել են, ցանկություն կա գինը նվազեցնել՝ ավելացնելով սպառման ծավալները: Դրա մասին մենք տարիներ շարունակ խոսում ենք, որ իրականում անհասկանալի քաղաքականություն են վարում Հայաստանի կառավարությունն ու Գազպրոմ Արմենիան, որովհետև այդ քաղաքականության հետևանքով ոչ թե գազի սպառման ծավալներն ավելանում են կամ սպառողների թիվը մեծանում է, այլ հակառակն է տեղի ունենում: Ասում են՝ բաժանորդների թիվը մեծանում է, բայց հաշվի չեն առնում այն հանգամանքը, թե քանի ընտանիք այսօր գազ չի սպառում, գյուղերում ու քաղաքներում քանի ընտանիք է հրաժարվել գազի սպառումից: Այսինքն՝ այս հանգամանքի մասին չի խոսվում, միայն ասում են, որ պետք է սպառման ծավալները մեծացնել: Այդ ի՞նչ եղավ, որ որոշեցիք անհանգստանալ, թե սպառման ծավալները պակասել են: Բայց այս քայլը, որ արվեց, կիսատ է, որովհետև սրանով սպառման ծավալների էական ավելացում չի լինի: Հիմնական սպառողը բնակչությունն է, իսկ այդ մարդկանց համարը գազի սակագինը նվազում է ընդամենը 7 դրամով կամ 5 տոկոսով, չհաշված անպահով խավը, որի տեսակարար կշիռն ավելի փոքր է լինելու:

Երրորդ, հիշում ենք, որ երբ 2011 թվականին գազի գնի բարձրացում էր եղել, բայց մեզ տեղյակ չպահվեց, դա նորից քաղաքական նպատակ էր հետապնդում, քանի որ նախընտրական տարի էր: 2013 թվականի դեկտեմբերին, երբ այդ մասին իմացանք, ՀՀ-ն ստիպված էր 300 մլն դոլար պարտքի դիմաց Գազպրոմին տալ բաժնետոմսերի վերջին 20 տոկոսը: Այսինքն՝ Գազպրոմի կամ Գազպրոմ Արմենիայի համար առաջին անգամը չէ, երբ իրենց տնտեսական ծրագրերը կապում են քաղաքական նպատակների հետ: Սա ապացուցող ևս մեկ հանգամանք ներկայացնեմ ձեզ: Գազի սակագնի նվազեցման հարցը քննարկվել է դեռևս այս տարվա մայիս ամսին: Բայց այն ժամանակ դրա աննպատակահարմարությունը բացատրվել էր նրանով, որ դրա հետևանքով պետական բյուջեն վնասներ կկրի, եկամուտները կնվազեն: Դա հասկանալի էր, որովհետև մինիմում 20 տոկոսով ավելացված արժեքի հարկը կնվազի՝ իջեցված սակագնին համապատասխան: Այսինքն՝ դա բյուջեի համար ուղղակի խնդիրներ կստեղծեր, և հաշվի առնելով դա՝ մայիսին մերժեցին սակագնի իջեցումը: Հավանաբար մայիսին արդեն նման մի ծրագիր կար, որ բոլոր ձախողումները պետք է բարդեին արդեն նախորդ կառավարության վրա, այն, ինչ հիմա կատարվում է, և նոր կառավարությանը սկսել են նվերներ մատուցել: Նվերներից մեկը սա է:

Այսինքն՝ այս քայլով իշխանություններն ընդամենը փորձում են խորհրդարանական ընտրություններ շեմին մեղմե՞լ սոցիալական լարվածությունը:

Միանշանակ այդպես է, սա ոչ մի տնտեսական հիմնավորում չունի: Երբ նայում ենք Գազպրոմ Արմենիայի 2015 թվականի հաշվետվությունը, ֆինանսական վնասը կազմել է 11 մլրդ դրամ: Եվ հիմա իրենք սակագնի այս իջեցման պայմաններում հաշվարկել են, որ ևս ավելի քան 13 մլրդ դրամ վնաս են կրելու: Գազպրոմն ինչո՞ւ է նման զոհողությունների գնում: Չեմ կարծում, որ մենք շատ սիրուն ենք, լավն ենք, արտառոց արտաքին ունենք, այդ պատճառով են նման քայլի գնում: Նույն այս սակագնի էժանացումը կարելի էր հաստատել այս տարվա փետրվարին: Բայց քանի որ սա արվում է ընտրությունների նախաշեմին, տնտեսական հիմնավորում չունի: Գազպրոմ Արմենիան սովոր չէ բնակչության հաշվին վնասներ կրելու, իսկ այս դեպքում համաձայնել է, որ 13 մլրդ վնաս է կրելու: Դրա ապացույցն այն է, որ նույն 2013 թվականին մեզ չներեցին պարտքը: Դա մի այնպիսի կազմակերպություն է, որը շատ մասնակցություն ունի քաղաքական գործընթացներում:

Այսօրվա գինը, որով մեզ Ռուսաստանը գազ է վաճառում, որևէ տնտեսական հիմնավորում չունի, ոչ ոք չի կարող ՀՀ քաղաքացիներին բացատրել, թե ինչո՞ւ պետք է սպառողը 1000 խմ գազի դիմաց վճարի 320-330 դոլար: Ինչո՞ւ պետք է մենք նման գին վճարենք, երբ մեր աշխատավարձի չափը էական զիջում է եվրոպական երկրների աշխատավարձի չափը: Փաստորեն տարիներ շարունակ այս ընկերությունը մեր հաշվին գերշահույթներ է ստացել:

Իշխանություններն ընտրությունների նախաշեմին նման քայլի են գնում, որովհետև չեն կարող այլ աշխատանքի արդյունք ցույց տալ՝ երկիրն աղքատացել է, հայտնվել դեֆոլտի առաջ, ժողովուրդը՝ սնանկացել, պետական պարտքը հասնում է ՀՆԱ-ի 60 տոկոսին, տնտեսական աճ չկա: Վերջին 5 տարվա ընթացքում 200-230 հազար մարդ արտագաղթել է Հայաստանից: Սա 5 տարում կատարած աշխատանքի արդյունք է, հետևաբար, գոնե հիմա փորձում են ինչ-որ մի բան անել:

Ընդհանրապես, ամբողջ կառավարության փոփոխությունն էլ է քաղաքական նպատակ հետապնդում, կապ չունի տնտեսության հետ: Կառավարություն են փոխում, որ ժողովրդին թվացյալ նորություն ու թարմություն ցույց տան, բայց իրավիճակը շարունակվելու է:

Հնարավո՞ր է ընտրություններից հետո դարձյալ սակագնի բարձրացում լինի:

Ես կանխատեսում եմ, որ խորհրդարանական ընտրություններից հետո, օրինակ, հունիս ամսին մեզ կասեն, որ գազի սակագնի նվազեցումը բացասական է ազդել Գազպրոմ Արմենիայի ֆինանսատնտեսական վիճակի վրա, կուտակվել են պարտքեր, և պետք է սակագինը նորից բարձրացնել: Իրենք արդեն այսօր ասում են՝ ևս 13 մլրդ դրամի վնաս են կրելու: Մենք էլ պետք է փորձենք չակերտավոր հասկանալ իրենց: Բայց այս ամենը կախված է նրանից, թե ինչպիսի ընտրություն կանցկացվի, այդ ընտրության պարագայում ինչ կառավարություն կձևավորվի Հայաստանում: Եթե ընտրությունները չկեղծվեն, նոր կառավարությունը Գազպրոմ Արմենիայի և մյուս մենաշնորհային ընկերությունների առաջ հարց պետք է բարձրացնի, որ հերիք է զբաղվեք ՀՀ քաղաքացիների հաշվին գերշահույթներ ստանալով, անցեք տնտեսվարման նորմալ ձևի: Սա այն հարցն է, որը պետք է իրենց առաջ դնեն նաև ընտրություններին մասնակցող ուժերը: Մեր մոտեցումը հստակ է՝ ՀՀ-ում 1 խմ գազի սակագինը բոլոր սպառողների համար 100 դրամից ավելի չի կարող լինել: