Դրանից հետո մեր սերունդը ամոթից ո՞ր ծակն է մտնելու

    • Հարցազրույց - 25 Նոյեմբերի 2016, 13:32
Մեր զրուցակիցն է «Սասնա ծռեր» խմբի անդամներ Կյուրեղյան եղբայրների հայրը՝ Արմենակ Կյուրեղյանը

Պարոն Կյուրեղյան, Սասնա ծռերը երեկ հայտարարություն էին տարածել, որտեղ նշել էին, որ Սասնա ծռեր հիմնադրամի գործունեությունն այլևս ոչ միայն նպատակահարմար չէ, այլև վնասակար է ազատագրական պայքարի համար: Այս հայտարարությունից առաջ էլ Դուք և Նանոր Բարսեղյանը դուրս եկաք հիմնադրամից։

Երբ ես մտել եմ որպես հոգաբարձուների խորհրդի անդամ և նախագահ, վստահ եմ եղել, որ այդ անունը կապված է անմիջապես «Սասնա ծռեր» խմբավորման տղաների հետ, այսինքն՝ իրենց հակառակ ոչ մի գործողություն չի լինելու։ Բայց հետո պարզվում է, որ այդ անունը կապ չունի նրանց հետ։ Եթե հենց սկզբից կապ չունենար, ես ոչ էլ կընդգրկվեի հիմնադրամում։

Եվ ինչո՞ւ անհրաժեշտություն առաջացավ, որ «Սասնա ծռերը» բանտից կոչով հանդես գան։ Ոչ թափանցիկության խնդի՞ր էր առաջացել։

Ես առայժմ սպասում եմ որոշ տվյալների, ու երբ ստանամ դրանք` հայտարարություն կանեմ։ Ֆելիքս Հայրապետյանն արդեն հայտարարեց, որ ես սկզբունքային տարաձայնություններ ունեմ թափանցիկության, հիմնադրամի անվտանգության և ընդհանրապես կառավարման մեթոդների հարցում։ Իրոք, ինքը ճիշտ է ասել, բայց մեկնաբանությունները, որ արել է այդ հայտարարությունից հետո, դա միայն մեկնաբանություններ են։ Ավելի մանրամասն պարզաբանումներով ես վերջնական կոնկրետ տվյալներ ստանալուց հետո կհայտնեմ։ Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդում իմ գտնվելու ժամանակահատվածի համար ես իմ ամփոփ եզրակացություն-հայտարարությունը կանեմ։  Հիմա դեռ այդ ամբողջն ամփոփված չէ։

Վերջերս «Սասնա ծռերը» բանտից ու ընդհատակից հանդես եկան կոչ-հայտարարությամբ, որտեղ նորից պայքարի կոչ արեցին և նշեցին, որ կառաջնորդեն ժողովրդին։ Նախընտրական շրջանում այս գործողությունները, այդ հայտարարությունները որքանո՞վ են ակտուալ։ Արդյոք դրանցով ինչ-որ փոփոխությունների հասնելու հույս կարող է լինել։

Համախմբումը տեղի է ունենում այն մարդկանց, այն քաղաքական ուժի կամ խմբի շուրջ, երբ այդ մարդիկ իրենց անձնական օրինակով ցույց են տալիս, որ նվիրված են իրենց բարձրաձայնած գաղափարներին և պատրաստ են այդ գաղափարների համար շատ բան զոհաբերել՝ հանուն հայրենիքի, հանուն հայ ժողովրդի և մեր պետականության։ «Սասնա ծռերը» դա ապացուցեցին, որ պատրաստ են անգամ իրենց կյանքը դնել հայրենիքի համար։ Իմ կարծիքով, չկա մեկ ուրիշ ուժ, որը կարող է համախմբում իրականացնել։

Քաղաքական ուժերն ու գործիչները պատրաստվում են խորհրդարանական ընտրություններին, դաշինքներ են փորձում ստեղծել՝ հաղթանակի հասնելու համար։ Ձեր կարծիքով, դա սպառվա՞ծ տարբերակ է, թե դաշինքներով հնարավոր է ինչ-որ արդյունքի հասնել։

Ինչքան էլ դաշինքներ ստեղծեն, ինչքան էլ քաղաքական ուժերը միավորվեն ու փորձեն այս ընտրական օրենսգրքով իշխանություն վերցնել, իմ կարծիքով չի ստացվի, որովհետև դա արդեն բազմիցս փորձված տարբերակ է։ Քանի՞ դեպքում է եղել, որ միավորվել են ու ոչինչ չի ստացվել, որովհետև պետության գործող կառուցվածքն այնպիսին է, որ ցանկացած օրինախախտում, ցանկացած ապօրինություն, որը տեղ է ունենում, այդ թվում ընտրությունների ժամանակ, ուղարկվում է դատարան, իսկ դատարանը ենթարկվում է հենց այդ ապօրինություն անողներին, ընդ որում ենթարկվում է սահմանադրությամբ։ Այսինքն՝ իշխանության թևերի տարանջատում չկա։ Ինչպե՞ս կարող է այս պայմաններում մարդը հաղթել, ի՞նչ ճանապարհով։ Այս իրավիճակում ընտրությունների գնալով հաջողության հասնել հնարավոր չէ։ Այլ բան, որ հեղափոխական վերելքն այնքան մեծ լինի, ամբողջ ժողովուրդն այնքան կանգնած լինի, որ արդեն իշխանությունը դե ֆակտո անցած լինի ժողովրդին, այդ դեպքում ընտրությունները դառնում են ֆիկտիվ բան։

Ընդհանրապես, մեր տիպի երկրներում, որտեղ դիկտատուրա է, ընտրություններով իշխանություն փոխելն անհեթեթություն է, պատմության մեջ նման բան չի եղել, որ դիկտատորական երկրներում ընտրություններով իշխանություն փոխվի։ Միշտ հեղափոխություն է տեղի ունեցել, կամ իշխող ուժը ժամանակի ընթացքում հասնելով գիտակցության, ինքն է հանձնել իշխանությունը, ասելով՝ լավ, հերիք է։ Ինչպես ասենք Պինոչետը հանձնեց իշխանությունը, հայտարարեց ազատ ընտրություններ, տվեց իշխանությունն ու գնաց։ Մնացած բոլոր նմանատիպ երկրներում հույս ունենալ, որ ընտրություններից հետո իշխող ուժը կզիջի իր տեղը, միամտություն կլինի։ Ուղղակի ներկայիս քաղաքական ուժերը երևի թե, իրենց պայքարի ձևը տեսնում են այնպես, որ գնան խորհրդարանում տեղեր զբաղեցնեն և այնտեղից քննադատեն իշխանություններին։ Նման Հայաստանը կոնկրետ ինձ չի բավարարում։

Նշվում է, որ «Սասնա ծռերի» տղաներից մի քանիսին սպառնում է ցմահ ազատազրկում։

Ես ենթադրում եմ, որ դա արվում է նրա համար, քանի որ նորից առաջ է քաշվել ազատագրված տարածքների հանձնման հարցը, և անպայման պետք է խստացումներ լինեն, որպեսզի դրսում գտնվող մարդիկ տեսնեն, թե նման հարցեր բարձրացնելու դեպքում ինչ ապագա է սպասում իրենց։ Անպայման պետք է այդ խստացումներն անեին, իրոք այդ խնդիրը կա, որ խոսում են 7 շրջանները հանձնելու մասին։ Ես կարծում եմ, որ ոչ մի ուժ կամ իշխանություն նման քայլ անելուց հետո չի մնա։ Այսինքն նա կլինի հայ ժողովրդի կենսական շահերին ամենամեծ հարվածողը, որովհետև Արցախի անվտանգությունն անմիջապես կհավասարվի զրոյի։ Պատերազմը նրանով չի, որ շրջանները հանձնեցին, այլևս պատերազմ չի լինի։ Եթե թշնամին կարողանում է, պատերազմ է սկսում ու ոչնչացնում քեզ։ Հովհաննես Թումանյանի կկվի պատմությունը պետք է հիշենք, որ մի շրջան տվեցին՝ հաջորդն է  ուզելու։ Հատկապես Ալիևի պարագայում, երբ ապրիլյան պատերազմում ծեր մարդկանց մարմիններն էին խոշտանգել։ Ինչպես կարելի է հավատալ նրանց կամ ինչ-որ մեկի երաշխիքին, որ ազատագրված տարածքները հանձնելով պատերազմ չի լինի։ Իսկ ի՞նչ են ասելու մեր հաջորդ սերունդները, 50-100 տարի հետո մեր պատմությունն ինչ է գրելու դրա մասին՝ որ վախեցավ այդ սերունդը և արյունով ազատագրված տարածքները նորից տվեց թշնամուն զուտ այն բանի համար, որ իրեն վախեցրին պատերազմո՞վ։ Այսինքն՝ վախեցա՞ն։ Դրանից հետո մեր սերունդը ամոթից ո՞ր ծակն է մտնելու։

Ամենաընթերցվածը