Կարեն Կարապետյանը չէր սպասում այսքան վատ կացություն

    • Հարցազրույց - 25 Նոյեմբերի 2016, 09:57
Մեր զրուցակիցն է քաղաքագետ, Ֆրանսիայի Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի փորձագետ Կայծ Մինասյանը

Պարոն Մինասյան, շաբաթ օրը ՀՀԿ համագումարն է։ Վարչապետը, ևս երկու նախարար կանդամագրվեն ՀՀԿ-ին։ Ինչո՞ւ է ՀՀԿ-ին այդքան անհրաժեշտ նրանց հանրապետական դառնալը։

Ինչպես ասել էի մեկ-երկու ամիս առաջ, Կարեն Կարապետյանին վարչապետի պաշտոնում նշանակելը ապտակ էր ՀՀԿ-ին։ Մասնավորապես, ոչ Վիգեն Սարգսյանը և ոչ  էլ Էդվարդ Նալբադյանը որևէ կարևոր դերակատարություն չունեն ՀՀԿ-ում և ոչ էլ անգամ անդամ են։ Այսինքն՝ կառավարության մեջ երեք գլխավոր պաշտոնները՝ վարչապետ, ԱԳ նախարար և պաշտպանության նախարար, դուրս էին եկել ՀՀԿ-ի վերահսկողությունից, անշուշտ, բացի նախագահից, բայց գիտենք, որ նախագահն ուրիշ իմաստ ունի քաղաքականության մեջ, քան զուտ կուսակցության նախագահ լինելը։ Եվ հիմա կուսակցականացնել այդ պաշտոնները, նշանակում է ունենալ վերահսկողություն այդ անձերի վրա։ Եվ  սովորական է նման երևույթը քաղաքականության մեջ։

Այսինքն՝ նրանց հանրապետականացումն անխուսափելի՞ էր։

Այո, ինչպես ասացի, նրանց ստիպեցին մտնել ՀՀԿ, որպեսզի ցույց տան, թե ՀՀԿ-ն է ղեկավարում Հայաստանը, ինչպես որ սովորական երևույթ է անկախությունից ի վեր։

Իսկ դա կառավարության իմիջի վրա վատ ազդեցություն չի՞ ունենա։

Եթե արդյունք գրանցի կառավարությունը, բնավ կարևոր չէ՝ ՀՀԿ անդամ են, թե ոչ։ Կարևորը իրավիճակի բարելավումն է տնտեսական, ընկերային, քաղաքական առումներով։

Կարեն Կարապետյանը Bloomberg-ին տված հարցազրույցում նշել է, որ պայմաններ կստեղծեն գործարարների համար, որ նրանց համար խոչընդոտներ չպետք է լինեն։ Նոր վարչապետի խոստումներից ու պատկերացումներից այն կողմ, զուտ իրական, գործնական քայլեր տեսնո՞ւմ եք։

Նախևառաջ անհնար է փոխել իրավիճակն այս կարճ ժամանակահատվածում։ Երկրորդ՝ վարչապետը մեկ բան է մինչև այսօր արել՝ անկեղծությամբ ներկայացրել է իրականությունը։ Եթե  համեմատենք նախորդ վարչապետի հետ, հարյուր տոկոս տարբերություն կա։ Այսինքն՝ այսօրվա վարչապետը ուզում է լավ ուսումնասիրել հարցերը և սկսել աշխատել։ Եվ ուզում է ճշմարտությունն ասել թե ժողովրդին, թե մամուլին և թե միջազգային համայնքին։ Կարեն Կարապետյանը չէր սպասում տնտեսական, ընկերային այսքան վատ կացություն։ Սպասվածից էլ ավելի վատ էր նրա համար իրավիճակը։ Կարծում եմ՝ հիմա նա փորձում է ցույց տալ, որ այլևս կա անձ՝ հանձին իրեն, որ լուրջ է, անկեղծ, պատասխանատու, որ իրականությունն է ներկայացնում։ Բացի այդ, ուզում է ցույց տալ, որ վստահության մթնոլորտ պետք է ստեղծվի, որ մեկ ուղղությամբ հնարավոր լինի աշխատել։ Նա հասկանում է, որ եթե վստահություն չկա, անհնար է որևէ փոփոխություն իրականացնել։ Եվ փորձում է փոխել իրավիճակը՝ վստահություն արթնացնելով թե նախարարների, թե քաղաքական կուսակցությունների, թե խորհրդարանի և թե ժողովրդի և վերնախավի մեջ։ Հիմա պետք է սպասենք տեսնենք, առաջին արդյունքները շուտով կիմանանք։ Ինքը՝ վարչապետը, ուզում է ցույց տալ իր բոլոր գործընկերներին՝ Իրան, Ռուսաստան, Վրաստան, ԵՄ, ԱՄՆ, որ այլևս Հայաստանի վարչապետը պրոֆեսիոնալ է, պրագմատիկ և ուզում է, որ Հայաստանում եվրոպական մտայնությունը, գործելակերպը տարածվի, ինչը շատ կարևոր է։

Բայց չէ՞ որ Հայաստանում շատ խնդիրներ պայմանավորվում են ռուսական խնդիրներով։ Մասնավորապես հստակ գնահատականներ Կարեն Կարապետյանը չի տալիս արտաքին գործոններին, մասնավորապես թե Հայաստանն ինչպես պետք է համագործակցի Վրաստանի, Իրանի հետ։ Ինչո՞ւ է, ըստ Ձեզ, նա խուսափում։

Որովհետև լարված են հարաբերությունները՝ Վրաստանը Ռուսաստանի, Իրանը՝ Ռուսաստանի (արդյոք Մոսկվան համաձա՞յն է, որ Հայաստանը դառնա տրանզիտ երկիր Իրանի և Եվրոպայի, Վրաստանի միջև)։ Եվ ինքը՝ որպես պրոֆեսիոնալ անձ, պետք է փորձի գործելակերպը փոխել և տեխնոկրատ, իրական մոտեցում ցուցաբերել և ոչ զգացական մոտեցում, ինչպես ուներ նրա նախորդը՝ Աբրահամյանը։ Ռուսները պետք է իմանան, որ իրենց դիմաց լուրջ և պատասխանատու անձ է կանգնած՝ հանձին Կարեն Կարապետյանի, որը բարձր վարկանիշ ունի, ուրիշ կերպ կսկսեն նայել Հայաստանին։ Ըստ երևույթին՝ նույնիսկ լինելով ռուսամետ, չի նշանակում վատ աշխատել, կարող ես լինել և ռուսամետ, և լավ աշխատել, դա է նա ուզում ցույց տալ։ Եվ Կարեն Կարապետյանը ոչ միայն լավ հարաբերություններ պետք է ունենա Ռուսաստանի հետ, այլ պետք է փորձի լավ հարաբերություններ ունենալ թե ԵՄ-ի, թե Միացյալ Նահանգների և թե Իրանի, թե մյուս բոլոր բարեկամների հետ, բացառությամբ հարևան Թուրքիայի և Ադրբեջանի, որ ուրիշ հարց է։

Երբ փոքր պետություն ես, մանավանդ Հայաստանի պարագայում, չես կարող հարյուր տոկոս ղեկավարել պետությունդ ուզածդ ձևով, այսինքն՝ ստիպված ես հաշվի  առնել հարևանների՝ Վրաստանի, Ռուսաստանի, Իրանի, Միացյալ Նահանգների, ԵՄ-ի կեցվածքը։ Շատ հեշտ է զգացական լինել, բայց ի՞նչ օգուտ դրանից, ավելի պրոֆեսիոնալ պետք է լինել և լավ ուսումնասիրել բոլոր հարցերը մանրամասներով, որպեսզի շտկեն իրավիճակը։

Ի՞նչ եք կարծում, ՀՀԿ-ն կամրագրի՞ հաղթանակ առաջիկա ընտրություններին, թե կարող են անսպասելի զարգացումներ լինել։

ՀՀԿ-ն ամեն ինչ անում է իշխանությունը պահելու համար, բայց հարց է, մենակ պետք է գնա իր ցանկո՞վ, թե կոալիցիոն գաղափարը պետք է գործի, չեմ իմանում։ Ընդդիմադիր ուժերը պետք է միանան, թե ոչ, պարզ չէ։ Անշուշտ, ապրիլին կարևոր ընտրություններ են, մի փոքր վաղ է լուրջ ձևով պատասխանել այս հարցին, բայց մեկ բան կարող ենք ասել՝ բոլոր քաղաքական ուժերը պատրաստվում են, ՀՀԿ-ն ամեն գնով փորձում է իշխանությունը պահել։ Կարեն Կարապետյանին նշանակելով այս պաշտոնին, Սերժ Սարգսյանը ցույց է տալիս, որ ուզում է իր կուսակցությունը մնա իշխանության գլուխ, և սա սովորական բան է։