Ռուսաստանի գերիշխանությունը բաղձող ներքին գաղութարարները փորձում են ստորադասել հայերենի նշանակությունը

    • Հարցազրույց - 24 Նոյեմբերի 2016, 12:33
Մեր զրուցակիցն է մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանը

ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարությունների դեսպան Էլեոնորա Միտրոֆանովան օրեր առաջ հայտարարել է նախկին ԽՍՀՄ երկրներում ռուսերենին օրենսդրորեն հատուկ կարգավիճակ տալու և երկրորդ պետական լեզու հռչակելու անհրաժեշտության մասին։ Առայժմ հայտնի չէ, Մոսկվան միայն հայտարարություններո՞վ է սահմանափակվելու, թե՞ գործնական քայլերի է դիմելու։ ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի դեկանը նշել է, որ դեմ չէ ռուսերենին 2-րդ պետական լեզվի կարգավիճակ տալուն։ Ինչո՞վ եք պայմանավորում, ու ՌԴ-ն նորից ասպարեզ է բերում լեզվի խնդիրը և ինչո՞ւ հիմա։

Ամեն ինչ շատ պարզ է, Ռուսաստանը հիմա փորձում է վերականգնել իր ազդեցությունը գոնե նախկին խորհրդային երկրների նկատմամբ։  ԽՍՀՄ փլուզումով կարծեք թե ավարտվեց սովետառուսական կայսերատիրությունը։ Հիմա Մոսկվայի համար շատ բարդ է մտնել նախկին սոցիալիստական երկրներ, իսկ ահա նախկին ԽՍՀՄ երկրները ռուսներն ընկալում են որպես իրենց տարածքներ, չեն կարողանում հրաժարվել այն մտքից, որ այդ երկրների ժողովուրդները կարող են ապրել ինքնուրույն, կարող են լինել ազատ և ինքնորոշված։

Ռուսական իմպերիալիստական մենթալիտետին դա հանգիստ չի տալիս։ Նրանք տեսնում են, որ այդ երկրների ժողովուրդներն աստիճանաբար նաև իրենց ինքնությունն են կառուցում ավելի անկախ՝ հենվելով իրենց պետական ու մշակութային արժեքների վրա։ Հենց դա էլ ռուսների մոտ անհանգստություն է առաջացրել։ Ինքնուրույն որոշումներ կայացնելու ձգտումը ռուսական ներկա քաղաքական մտածողությանը լուրջ անհանգստություն է պատճառում։ Նրանք փորձելու են մշակույթի վրա ազդելով տարածել իրենց ազդեցությունը, որովհետև գաղութատիրությունն առաջին հերթին մշակութային ոլորտում ժողովուրդներին ինքնուրույնությունից զրկելն է և հատկապես լեզվի ու լեզվամտածողության ոլորտում։

Նրանք գաղութատեր պետություն են և շատ լավ գիտեն, թե ինչպես պետք է իրենց ազդեցության տակ վերցրած ժողովուրդներին զրկել ինքնուրույնությունից։ Դրա ամենացավալի և վտանգավոր ուղին հենց լեզուն է։ Պատահական չէ, որ ցարական Ռուսաստանի ժամանակ էլ, երբ ռուսական ռեակցիան իրենց պետության ներսում ուժեղանում էր, իրենք փորձում էին կայսրությունում ապրող ժողովուրդների մշակույթի ու լեզվի վրա ազդել, զրկել նրանց մայրենի լեզվով կրթությունից կամ ասենք ուժեղացնեն ռուսերենի և ռուսական մշակույթի ազդեցությունը։

Հիմա Ռուսաստանը, որպես գաղութատիրական կայսրություն, հերթական ճգնաժամային իրավիճակն է ապրում և քանդվում է ու շարունակելու է քանդվել։ Ոչ թե որպես պետություն է քանդվում, այլ՝ որպես գաղութատիրական կայսրություն։

Ցավոք սրտի այդ գործընթացում, երբ տվյալ երկիրը թույլ է ներսում, փորձում է ուժեղության խաբկանք ստեղծել իրենից կախվածության մեջ գտնվող երկրներում ավելի ուժեղացնելով իր ազդեցությունը։ Դա է պատճառը, ուրիշ պատճառ դժվար է գտնել։ Հայաստանն ու Ռուսաստանը անկախ պետություններ են, ի՞նչ է նշանակում նախկին խորհրդային երկրներ։ Նախկին խորհրդային երկրները վաղուց դադարել են լինել խորհրդային երկրներ։ Միայն Ռուսաստանի այսօրվա էլիտայի նախկին խորհրդային մտածողության տեսանկյունից են այդ երկրները մնում նախկին խորհրդային, որովհետև ինքը «նախկին խորհրդային» ասելով տեսնում է երկրներ, որտեղ կարող է պահպանել իր գերիշխանությունը։

Ձեր կարծիքով՝ այս գաղափարը Հայաստանում կհանդիպի՞ դիմադրության՝ հաշվի առնելով, որ ՀՀ գործող կառավարությունը չափազանց սերտ կապեր ունի Ռուսաստանի հետ։

Այս գործընթացը նախապատրաստվել է և նախապատրաստվում է։ Սա լեզվի ոլորտում հայերենը ստորացնող քայլ է, ու խնդիրը միայն հայերենը չէ, այլ՝ Հայաստանին աստիճանաբար ինքնուրույնությունից զրկելը և լրիվ ռուսական գավառ, բառիս բուն իմաստով ռուսական տարածք սարքելն է։ Այս գործընթացը բավական երկար նախապատրաստվել է և Մոսկվային հաջողվում է այստեղ գտնել իր համար ազդեցության գործակալներ։

ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի դեկանին անձամբ չեմ ճանաչում, բայց մտքերից ու տարիքից դատելով սովետական շրջանի մարդ է, այդպիսի մտածողություն ունեցող։ Բնականաբար, Մոսկվան այդպիսի մարդկանց պետք է փորձի գտնել, որոնք կարող են ազդել հասարակության վրա։ Շատ հավանական է, որ շուտով հայտնվեն, հայտնաբերվեն և օգտագործվեն վաղուց իրենց դարն ապրած նմանատիպ գործիչներ, օրինակ տարբեր տեսակի ստեղծագործական միությունների զառամյալ նախագահներ, 65-70 տարեկանն անց մարդիկ, որոնք իրենց սրտի խորքում շարունակում են մնալ Ռուսաստանի գերիշխանությունը բաղձող ներքին գաղութարարներ։

Այդ մարդիկ, լինելով հայ, հայերենի կրող, շարունակում են իրենց ներսում Ռուսաստանը համարել գերակայող ու ավելի քաղաքակիրթ։ Բնական է, որ հենց այդպիսի մտածողություն ունեցող մարդկանց միջոցով է, որ պետք է Ռուսաստանը փորձի իր քաղաքականությունն այստեղ իրացնել։ Իսկ թե արդյոք այստեղ դիմադրություն կլինի, թե ոչ, դժվար է ասել։ Համենայնդեպս, այն մարդկանց խումբը, այն սերունդը, որ դրան սովոր չէ, մեծացել է Հայաստանի անկախության տարիներին, չի տեսել Խորհրդային Ռուսաստանը, այդ զառամյալ մտածողության ազդեցությունից դուրս է, պարզ չէ, թե ինչպես կարձագանքի։

Ցավոք, այդ մարդկանց համեմատաբար ակտիվ մասը ժամանակի ընթացքում հեռացել է Հայաստանից, մի մասը ակտիվ գործունեությունից է հեռացել։ Համենայնդեպս, Ռուսաստանը մեծացնում է ճնշումը, շարունակելու է մեծացնել՝ օգտվելով նաև ստեղծված իրավիճակից, իսկ Հայաստանի ռուսամետ էլիտաները փորձելու են դա հիմնավորել Հայաստանի անվտանգության խնդրով, ուրիշ խնդիր չկա։ Այսինքն՝ փորձելու են «Իսկանդերները» և նման տարբեր տեսակի զենքերը օդում որպես դրոշ թափահարել և դրան զուգահեռ համարել ընդունելի մշակույթի ոլորտում հայկական մշակույթի ստորադասումը ռուսականին։

Հայաստանում ռուսերենը որպես երկրորդ լեզու մտցնելը նույնն է, թե ստորադասել հայերենը ռուսերենին։ Չի կարող որևէ երկրում, որն ունի նման մշակույթ, լեզվի մշակույթ, գրքի մշակույթ, գրի մշակույթ, որը մենք ունեինք այն ժամանակ, երբ ռուսները որպես ժողովուրդ դեռ չէին էլ ձևավորվել, ստորադասել մայրենին։

Մենք շատ հարուստ պետական լեզու ունենք, իսկ այսօր հայտնվել են ինչ-որ բանասիրական դեկաններ, որոնք պարզ չէ, թե ովքեր են իրենց կողմնորոշումներով, և փորձում են մարդկանց շեղել, ուղղություն ցույց տալ՝ ասելով, թե ռուսերենը չի խանգարելու հայերենին։ Բոլորս հիշում ենք խորհրդային շրջանը, թե ինչպես էր հայերեն խոսացող մարդը ռուսերեն խոսացող հայի կողմից համարվում գավառացի։ Այսօր էլ այդ սերունդը պահպանվել է, սովետական, նոմենկլատուրային ստրկամիտ սերունդը։

Եթե այդ գաղափարը կյանքի կոչվի, այն ի՞նչ վտանգներ կբերի։

Անկեղծ ասած, ես հակված եմ մտածել, որ դա ընդամենը Ռուսաստանի հուսահատ ճիգերն են։ Ռուսաստանն այսօր շատ թույլ պետություն է, որն աշխարհում մրցունակ է միայն ռազմական տեսանկյունից։ Մնացած բոլոր ոլորտներում Ռուսաստանը տանուլ տված երկիր է և այսպես, թե այնպես, քանի որ Ռուսաստանը խրված է կոռուպցիայի, գողության ու հանցագործության մեջ, երկիրը կրիմինալ է տնտեսության տեսանկյունից, ստվերը շատ մեծ է, նման երկիրը հեռանկար չի կարող ունենալ։

Պարզապես մեր էլիտաները, որոնք այդ ուղղությամբ են տանում Հայաստանը, շատ մեծ վտանգի են ենթարկում երկիրը, նրա անվտանգությունը, նրանք կարծեք թե ապականում են հայ ժողովրդի 1988-1991 թվականների անկախությանն ուղղված պայքարը։ Այդ ժամանակ մենք ուսանող էինք և պայքարում էինք ազատության ու անկախության համար։ Ու խոսքը ոչ միայն քաղաքական կառույցների մասին էր, ինչպիսին էր «Ղարաբաղ» կոմիտեն, այլ կային նաև մշակութային կառույցներ, որոնցից ամենակարևորը «Մաշտոց» միավորումն էր։

Այդ միավորումը հասարակական կազմակերպություն էր, որը պայքարում էր ռուսերենի դեմ, որպեսզի դուրս մղեն Հայաստանից ռուսերենը, որը խայտառակ ստորացուցիչ վիճակի մեջ էր դրել հայոց լեզուն։ Հիմա ի՞նչ ապագա ունի այս ամենը, կարծում եմ՝ մեծ ապագա չունի։ Սա պարզապես Ռուսաստանի, պուտինյան  ռեժիմի հուսահատության ու ուղղամիտ տգիտության դրսևորում է։ Ես չեմ կարծում, որ Ռուսաստանը քանդվող պետություն է, բայց գործող ռեժիմը կարծում եմ ճգնաժամի մեջ է։ Ռուսաստանում այսօր գործող ռեժիմը խայտառակ, ծայրահեղ իմպերիալիստական ռեժիմ է, որն ուրիշ որևէ գաղափար, իդեա չունի իրենց նշած նախկին խորհրդային երկրների հետ նորմալ գործընկերային հարաբերություններ հաստատելու համար։ Իրենց մտավոր ճգնաժամը բերել է նրան, որ իրենք նման տխմարություններ են հորինում։

Կարող է մի 5-10 տարի սրանք փորձեն ինչ-որ բաներ իրականացնել, բայց ի վերջո այս տիպի մտածողությունը հեռանկար չունի ընդհանրապես։ Իրենք 19-րդ դարի մտածողության մեջ են դեռ, այսինքն՝ հետամնաց են շատ, հետ են մնացել մտածողությամբ աշխարհից։ Այդ խորհրդային սերունդն էլ առաջիկա 10 տարում, էլ ավելի կծերանա ու բնական պատճառներով կհեռանա ասպարեզից, կպրծնենք դրանցից։ Նոր սերնդի մեջ ավելի շատ կան ազատ մտածող մարդիկ և այս հարցը բնական ճանապարհով, սերնդափոխությամբ աստիճանաբար կլուծվի։ Ժամանակի հարց է։ Ես շատ չեմ վախենում դրա համար, պարզապես սրանք ծիծաղ առաջացնող պրոցեսներ են։ Սա թուլացած, քանդված ռեժիմի հուսահատ քայլերի դրսևորում է, ուրիշ ոչ մի բան էստեղ չկա։

Ամենաընթերցվածը