Ինչպե՞ս եղավ, որ մեկ շաբաթում բենզինի գինը 40 դրամով իջավ

    • Հարցազրույց - 23 Նոյեմբերի 2016, 15:11
Մեր զրուցակիցն է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Միքայել Մելքումյանը

Պարոն Մելքումյան, կառավարության վերջին նիստում վարչապետը ՏՄՊՊՀ ղեկավարին կոչ արեց հանգիստ թողնել գարեջրի շուկան և անցնել առաջին անհրաժեշտության ապրանքների շուկաների ուսումնասիրությանը, որտեղ հանրությունը դժգոհություն ունի: Իր հերթին ՏՄՊՊՀ-ն հայտարարել է, որ ՌԴ-ում խոչընդոտվում են «Դուստր Մարիաննա» ընկերության արտադրանքի իրացմանը: Ինչո՞վ է պայմանավորված կառավարություն-ՏՄՊՊՀ  հակամարտությունը: Ինչի՞ կարող է այն հանգեցնել:

Այստեղ երկու տեսակի մեսիջներ կան՝ քաղաքական և տնտեսական: Ցավոք, քաղաքական գործընթացներն են կառավարում տնտեսական գործընթացներին, ոչ թե հակառակը: Իրականում տնտեսական գործընթացները պետք է որոշեին, թե քաղաքականությունն ինչպես վարել: Այս առումով տեսնում ենք, որ նոր կառավարությունը հայտարարություն է արել, որ գնում է փոփոխությունների, պայքար է մղելու մենաշնորհների դեմ, մրցակցային հարաբերությունների որակի բարելավման համար և այլն, և կարող է կառավարության շատ հայտարարություններ և ուղղորդումներ ինչ-որ տեղ չբխեն գործող իրավունքի դաշտում: Սակայն խնդիրը քաղաքական է, կառավարությունն այսօր ունի որոշակի քարտ բլանշ, որպեսզի կարողանա ուղղորդել գործընթացները, այսինքն՝ կատարած հայտարարություններն իրականություն դարձնի: Թե որքանով դա կհաջողվի՝ կյանքը ցույց կտա:

Ինչ վերաբերում է ՏՄՊՊՀ-կառավարություն հարաբերություններին, ապա նկատել եք, որ ՏՄՊՊՀ նախագահը մասնակցում է կառավարության նիստերին, ինչպես մասնակցում է ՀԾԿՀ նախագահը: Այսինքն՝ ըստ էության, թեև օրենքով որոշակի ձևական անկախություն ունեն այդ կառույցները, բայց ռեալ կյանքում, բնականաբար, նրանք ենթարկվում են քաղաքական որոշումներին:

Տվյալ դեպքում քաղաքական որոշումները հայտարարելու և իրականություն դարձնելու արտաքին արտահայտությունը կառավարությանն է: Ինչ վերաբերում է «Դուստր Մարիաննա» ընկերության հետ կապված հայտարարություններին, չեմ կարող ասել, թե ինչ խոչընդոտներ կան Ռուսաստանում, բայց այն, որ ՊԵԿ-ը հայտարարում է, թե բանան բերելու հետ կապված խոչընդոտողներ են եղել և հաղթահարվել են, դեռ շուտ է գնահատականներ տալ: Երբ մեզ ռեալ ցույց կտան, որ թե բենզինի շուկայում, թե բանանի շուկայում, թե մյուս մենաշնորհային շուկաներում էական փոփոխություններ կան, նոր կարելի կլինի գնահատական տալ:

Օրինակ, այդ ինչպե՞ս եղավ, որ մեկ շաբաթում բենզինի գինը 40 դրամով իջավ: Այսինքն՝ բենզին ներկրողները վնասով էին աշխատո՞ւմ, թե՞ այնքան մեծ մարժա կար, որ շահույթի ծավալներն էին աննախադեպ մեծ: Անհասկանալի է, որ մի խաղացող մտել է շուկա ու գինը 40 դրամով իջել է: Այսինքն՝ եթե 4-5 խաղացող մտնի շուկա, կարո՞ղ է 150 դրամով իջնի գինը: Այստեղ խնդիրներ կան, որոնք ավելի խորը վերլուծությունների կարիք ունի: Մյուս կողմից էլ որոշակի շարժ կա, նախորդ կառավարությունների դեպքում ընդհանրապես որևէ շարժ չկար, այս անգամ մի փոքր շարժ կա, տեսնենք որևէ դրական արդյունքի կհանգեցնի՞:

Այս 60 օրերի ընթացքում որևէ դրական փոփոխություն արդյոք արձանագրե՞լ եք:

Ես բյուջեի մասին իմ ելույթում անդրադարձա, հիմա առաջարկում եմ սպասել մինչև դեկտեմբերի վերջ: 60 օրը քիչ է, 100 օր տանք, տեսնենք ինչ է լինում: Կարող ենք արձանագրել, որ բենզինի գինը իջել է 40 դրամ, հիմա թե ինչու է իջել, ինչպես երկրորդական է: Ասվում է, որ մենաշնորհները պետք է ադմինիստրատիվ ռեսուրսով չլինեն: Հիմա սպասենք տեսնենք գների իջեցումն ադմինիստրատիվ ռեսուրսով է, թե  բնական է իջնում: Սպասենք մինչև դեկտեմբերի վերջ, նոր կխոսենք:

Ամենաընթերցվածը