Արամ Աթեշյանը իր հեղինակությամբ զիջում է մյուս բոլոր թեկնածուներին

    • Հարցազրույց - 23 Նոյեմբերի 2016, 09:40
Կպոլսի հայոց պատրիարքի առաջիկա ընտրությունների շուրջ զրուցել ենք թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի հետ։ Այս պահին առաջադրված թեկնածուները չորսն են՝ պատրիարքի փոխանորդ Արամ սրբազան Աթեշյանը, կրոնական ժողովի ատենապետ Տեր Սահակ եպիսկոպոս Մաշալյանը, Գերմանահայոց թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանը և Հայաստանից Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը: 

Պարոն Մելքոնյան,  ըստ Ձեզ՝ ինչո՞ւ է Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը Էջմիածին ժամանել  գաղտնի։ Ըստ շրջանառվող  լուրերի՝ այցը կապված է կաթողիկոսից առաջիկա ընտրություններին աջակցություն ստանալու հետ: Եթե այդ աջակցությունը ստանա, ինչպիսի՞ արդյունք կարելի է ակնկալել ընտրություններից։ Եվ առհասարակ, ինչո՞ւ են ուշացնում թուրքական իշխանություններին դիմումը ընտրություններն անցկացնելու հետ կապված։

Նախևառաջ պետք է արձանագրենք, որ շատ մտահոգիչ է, որ Հայ առաքելական եկեղեցու բարձրաստիճան հոգևորականը, մարդ, ով քանի տարի է զբաղեցնում է Պոլսո պատրիարքական փոխանորդի պաշտոնը, մայր հայրենիք և Մայր աթոռ սուրբ Էջմիածին գալու խնդիր ունի, քանի որ հանրության մեջ հասկանալի պատճառներով ձևավորել է բացասական կերպար, մինչդեռ հոգևորականի ամենակարևոր առաքելությունը հանրության հետ շփվելը և այդ հանրությանը քարոզելը կամ հանրության շահերին ծառայելն է։

Ես չեմ պատկերացնում, թե ինչպես կարող է Արամ սրբազանը նման վերաբերմունքից հետո շարունակել ցանկանալ զբաղեցնել Հայ առաքելական եկեղեցու նվիրապետական աթոռներից մեկը և զբաղվել քարոզչությամբ և հոգևոր գործառույթներով։ Սա մեկ, և երկրորդ՝ ինչ վերաբերում է ընտրությունների անցկացման համար հայտ ներկայացնելուն, Աթեշյանը բազմիցս խոսել է հայտը ներկայացնելու և հետո անիմաստ ժամանակով և անհայտ պատճառներով հետաձգվել է։

Հույս ունենք, որ սա նման օրինակներից չի լինելու, քանի որ այս գործով ոչ միայն Արամ սրբազանն է զբաղվում, այլ Պոլսո պատրիարքության հոգևոր եկեղեցական խորհուրդը, և թերևս այս ուշացումը կարող ենք բացատրել որոշ կազմակերպչական խնդիրներով կամ հիմնավորումներով։ Այնուամենայնիվ, ուշացումն արդարացված չէ, քանի որ որոշում էր ընդունված և հայտարարվել էր, որ դիմումը տրվելու է նոյեմբերի սկզբին։ Իսկ այդ դիմումը գիտական աշխատանք չէ, վերլուծություն չէ, ուղղակի իրավական որոշ նորմեր պահպանելով՝ պետք է ներկայացվեր դիմում թուրքական իշխանությունների համապատասխան կառույցին։ Հույս ունենանք, որ այս անհարկի ձգձգումը շատ չի երկարի և ի վերջո, այդ դիմումը կտրվի։

Ինչ վերաբերում է աջակցությանը, չեմ կարծում, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի շահերից է բխում կամ ընդհանրապես նա կգնա այն քայլին, որ կպաշտպանի թեկնածուներից մեկին, քանի որ բոլոր թեկնածուներն էլ Մայր Աթոռի սպասավորներ են, եկեղեցու զինվորներ են, և ով էլ ընտրվի պատրիարք, լինելու է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նվիրապետական աթոռի գահակալը և իր կապվածությունն ու հավատարմությունն է ունենալու Մայր Աթոռին։

Թե հեռավոր, թե ոչ այնքան հեռավոր անցյալի պատմության մեջ չի եղել նման դեպք, որ Մայր Աթոռը հստակ ձևով պաշտպանի թեկնածուներից որևէ մեկին։ Առնվազն բացահայտ նման դեպք չի եղել, ուղղակի կարող է Վեհափառն ունենալ իր նախապատվելի թեկնածուն, որը կարող է հեղինակություն ունենալ, կամ չունենալ, բայց չեմ կարծում, որ Ամենայն հայոց կաթողիկոսը կամ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը բացահայտ կերպով կարտահայտվի թեկնածուներից մեկի օգտին։

Կարծում եմ՝ Արամ սրբազանի շրջանակներից է բխում այն կեղծ լուրը, թե ինքը եկել է Էջմիածնից աջակցություն ստանալու։ Սա  միտում ունի համայնքում տպավորություն ստեղծելու, թե Արամ Աթեշյանը ունի Մայր Աթոռի աջակցությունը։ Ես չեմ հավատում, չեմ էլ ուզում հավատալ նման լուրերի։ Ես հավատում եմ այն իրողությանը, որ Արամ Աթեշյանը ոչ Պոլսո համայնքում, ոչ համայն հայության մեջ՝ ոչ սփյուռքում, ոչ Հայաստանում, ոչ էլ, ընդհանուր առմամբ, Հայ առաքելական եկեղեցում չունի այնպիսի մեծ հեղինակություն, և իր հեղինակությամբ անհամեմատ զիջում է մյուս բոլոր թեկնածուներին։ Ի վերջո, դա թաղապետի կամ նախարարի աթոռ չէ, դա հոգևոր գործառույթներով օժտված աթոռ է և չի կարելի աշխարհիկ ընտրությունների արատավոր բարքերը փորձել տեղափոխել այդ ոլորտ ու տպավորություն ստեղծել, թե իբր «դաբրո»-ներով հնարավոր է դառնալ Պոլսո հայոց պատրիարք։

Եթե այսքան ձգձգվել է, եննթադրվում է, որ առաջիկա ամիսներին պե՞տք չէ սպասել այս ընտրություններին՝ հաշվի առնելով, որ սովարաբար, եթե Թուրքիայի իշխանությունները համաձայնություն տան, մի քանի ամիս պետք կլինի մինչև այդ ամենը կազմակերպեն։

Եթե Թուրքիայի իշխանությունները համաձայնություն տան, այնտեղ տեխնիկական խնդիրներ են մնում, որոնք ցանկության դեպքում կարող են արագ լուծվել, այսինքն՝ այնտեղ պետք է կազմակերպվեն հանձնաժողովներ,  ընտրություններ և այլն։ Եթե նախորդ նախադեպը նայենք, 1998 թվականին պատրիարքը մահացավ մարտին, իսկ նոր պատրիարքի ընտրությունները տեղի ունեցան հոկտեմբերի սկզբին։ Այսինքն՝ պատրիարքի մահից հետո նախ քառասունօրյա սուգը պահեցին, այնուհետև ձևավորեցին համապատասխան հանձնախմբեր, դիմեցին թուրքական իշխանություններին և արդեն հոկտեմբերի սկզբին տեղի ունեցան ընտրությունները։ Կարծում եմ՝ այստեղ ավելի շատ տեխնիկական խնդիրները չեն հետաձգում, այլ ինչ-ինչ այլ ցանկություններն ու միտումները։

Այսինքն՝ արդյունքը կարող է շատ անսպասելի՞ լինել, բայց չէ՞ որ մյուս թեկնածուները համայնքի համար այնքան էլ ծանոթ չեն՝ բացառապես մեկի, ով նույնպես պատրիարքությունից է։

Ես այդ կարծիքին չեմ, եղած բոլոր թեկնածուներն էլ այս կամ այն չափով ծանոթ են համայնքին։ Եվ Գերմանիայի թեմի առաջնորդ Գարեգին սրբազանը, որը կրկին ծագումով Թուրքիայից է, համայնքում բավական լավ կապեր ունի, բավական լավ ընկալում ունի, և Սեպուհ սրբազանը, որը հատկապես վերջին տարիներին համայնքում էլ ավելի մեծ ճնաչում ձեռք բերեց։ Բացի այդ, համայնքի մամուլը գրեթե բոլոր թեկնածուներին էլ անդրադառնում է։

Ինչ վերաբերում է նրանց տարբերակված դիրքին, ճիշտ է, Արամ Աթեշյանն ու Սահակ Մաշալյանը Պոլսո աթոռի ծառայողներ են, ծառայության բերումով այնտեղ են գտնվում և համայնքի հետ շփվում են, բայց դա ամենևին չի նշանակում, թե մյուս թեկնածուները համայնքից հեռացել կամ խորթացել են։ Բավական լավ կապեր բոլոր թեկնածուներն էլ, կարծում եմ՝ ունեն, և եթե լավ նախադեպերը նայենք, ասենք 1950 թվականին պատրիարք ընտրված Գարեգին Խաչատուրյանը տարիներով հոգևոր ծառայության էր Լատինական Ամերիկայում։

Նա պատրիարք է ընտրվել անգամ չլինելով Թուրքիայում։ Նա հեռակա է ընտրվել, որից մի քանի ամիս անց նոր ժամանել է Ստամբուլ։ Նույն Շնորհք պատրիարքը երկար տարիներ ծառայել է Երուսաղեմում, և այդ պահին չի եղել Պոլսո աթոռի ծառայող։ Սա մի փոքր ընկալման խնդիր է։ Եվ այնպես չէ, որ համայնքը քանի որ ավելի մոտիկից գիտի Արամ Աթեշյանին, հիացած է նրա պահվածքով, կամ եթե ավելի մոտիկից գիտի Սահակ Մաշալյանին, հիացած է նրա կառավարչական հմտություններով։ Սահակ Մաշալյանը փայլուն հոգևորական է, հռետոր և քարոզիչ, բայց կարծում եմ կառավարչական առումով Սահակ սրբազանը մինչև այս պահը աչքի չի ընկել։ Այնպես որ բոլոր թեկնածուներն էլ կունենան հնարավորություն ավելի մոտիկից շփվելու և համայնքի հարցադրումներին պատասխանելու։

Ամենաընթերցվածը