Կարեն Կարապետյանը չի կարող խուսափել քաղաքական օրակարգից

    • Հարցազրույց - 22 Նոյեմբերի 2016, 11:23
Մեր զրուցակիցն է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի տնօրեն Ստյոպա Սաֆարյանը

Պարոն Սաֆարյան, Կարեն Կարապետյանը Bloomberg-ին տված հարցազրույցում նշել է, որ պայմաններ կստեղծեն գործարարների համար, որ նրանց համար խոչընդոտներ չպետք է լինեն։ Նոր վարչապետի խոստումներից ու պատկերացումներից այն կողմ, զուտ իրական, գործնական քայլեր տեսնո՞ւմ եք։

Կարծում եմ՝ Կարեն Կարապետյանը նշանակվելուց առաջ մի բան պետք է հասկանար՝ գեղեցիկ խոսքերի ու հայտարարությունների նկատմամբ անվստահությունը նույնքան մեծ է, որքան այս իշխանության գործողությունների և վարած քաղաքականության։ Հետևաբար, ինքը կարծեք թե մեթոդաբանական խնդիր էր առաջ քաշել, որ կարճաժամկետ ու երկարաժամկետ անելիքներ պետք է լինեն։

Այսինքն երկու փուլ պետք է լինի, որտեղ առաջին փուլում կարճաժամկետ դրսևորումներ պիտի լինեին։ Կարճաժամկետ խնդիրների դեպքում վարչապետը պետք է չափազանց առարկայական խնդիրներ դներ, որոնք հնարավոր կլիներ իրագործել այս օրերի ընթացքում։ Մինչդեռ մենք տակավին հիշում ենք խիստ գնահատականներ, ժողովրդահաճո ձևակերպումներ, աշխատաոճի հետ կապված որոշ գործողություններ, բայց արդյունք չկա։ Ես չգիտեմ «Բլումբերգի» լսարանն ինչպես կվերաբերի այս հայտարարություններին, բայց Հայաստանում դրան ոչ ոք չի կարող լուրջ վերաբերել, քանի դեռ դրանք ամրագրված չեն արդյունքներով։

Բացի այդ, վարչապետի հետ հանդիպումից հետո հետաքրքիր մեկնաբանություններով հանդես եկան բլոգերներն ու վերլուծաբանները՝ նշելով, որ Կարեն Կարապետյանը խուսափում  է քաղաքական օրակարգերի մեջ մտնել, մյուս կողմից ՀՀԿ-ում հակված են նրան, որ վարչապետը դառնա կուսակցական։ Ձեր կարծիքով, Կարեն Կարապետյանն ի վերջո ստիպվա՞ծ է լինելու կուսակցական դառնալ։

Կուսակցական դառնա, թե չդառնա, Կարեն Կարապետյանը համաձայնել է ստանձնել ՀՀԿ-ի և Սերժ Սարգսյանի ծրագրերն իրականացնողի դերը։ Հիմա դա նա կանի ՀՀԿ-ի կրծքանշանով, թե առանց դրա, կարող է հետաքրքրել ՀՀԿ-ին, բայց ոչ հասարակությանը։

Այս կտրվածքով, պետք է խոստովանել, որ վարչապետի պաշտոնը քաղաքական պաշտոն է, կառավարությունը ձեռնարկություն չէ, որը բավարարվի լավ մենեջերի որակներ ունենալով։ Դա նաև քաղաքական տեսլական է, այդ տեսլականին հասնելու քաղաքական մեթոդների և գործիքակազմի մի ամբողջություն է, հետևաբար, իհարկե, հնարավոր է կառավարության գործունեությունն օպտիմալացնել կամ ավելի արդյունավետ դարձնել ինչպես մի ձեռնարկության գործունեությունը, բայց պետությունը չափազանց շատ է տարբերվում ձեռնարկությունից և միայն մենեջերական կարողությունները բավարար չեն երկրի խնդիրները լուծելու առումով։

Հետևաբար, այս տեսանկյունից պետք է միանշանակ ենթադրություն անել, որ Կարեն Կարապետյանն, անկախ նրանից, թե ինչ խնդիրներ է դրել իր առջև, չի կարող խուսափել քաղաքական օրակարգից։

Արտաքին քաղաքականության մեջ ևս Կարեն Կարապետյանը խուսափում է հստակ ձևակերպումներից՝ կապված Վրաստանի, Իրանի և մյուս երկրների հետ։ Ձեր կարծիքով ինչո՞վ են պայմանավորված այդ խուսափումները։

Հայաստանի այս կառավարման համակարգի պայմաններում ընդունված է մի խաղի կանոն, որ երկրի արտաքին քաղաքականության իրականացմանը ՀՀ վարչապետները չպետք է միջամտեն։ Սա նորություն չէ, և եթե մենք հիշենք թերևս միակ տարբերությունը եղել է Վազգեն Սարգսյանը, ով թեև հրապարակավ չի խոսել երկրի արտաքին քաղաքականության մասին որպես երկրի վարչապետ, բայց փաստացի սկսել է իրականացնել արտաքին քաղաքականության ֆունկցիաներ։ Թե ինչ հաջորդեց դրան, բոլորս ենք հիշում։

Դրանից հետո որևէ վարչապետ երբեք չի մտել արտաքին քաղաքականության դաշտ։ Խոսքը Անդրանիկ Մարգարյանի, անգամ Սերժ Սարգսյանի և մյուսների մասին է։ 2007 թվականին Սերժ Սարգսյանը երբևիցե գրեթե չէր խոսում արտաքին քաղաքականության մասին, լավագույն դեպքում որպես պաշտպանության նախարար է խոսել արտաքին խնդիրներից, ԼՂ խնդրից։ Երբ Հայաստանի վարչապետներին արտաքին քաղաքականությունից հարց էին տալիս, նրանք խուսանավում էին պատասխանից, և այժմ էլ Կարեն Կարապետյանին կարծես թե թույլատրված չէ խախտել այդ ավանդույթը։

Հայաստանում շատ խնդիրներ պայմանավորվում են ռուսական խնդիրներով։ Օրերս էլ տեսանք, թե ինչպես Պուտինն անդրադարձավ ՌԴ էկոնոմիկայի նախարարի ձերբակալությանը և հիմա հնարավո՞ր է, որ այդ շղթան տարածվի նաև Հայաստանի վրա և պատասխանատվության ինստիտուտը գոնե մեկ անգամ գործի դրվի։

Դեռևս պետք է հասկանալ, թե ինչու համատարած կոռումպացված Ռուսաստանում էկոնոմիկայի նախարար Ուլյուկաևը ենթարկվեց խտրական արդարադատության, որովհետև այդ երկրում միայն նա չէ, որ գողանում է։ Ընդհանուր առմամբ, եթե նկատենք ռուսների հետ կապված վերին աստիճանի մութ պատմություններ են։ Թե այս տարիների ընթացքում ինչ է կատարվել և կատարվում այդ ընկերությունում դժվար է ասել, չմոռանանք, որ Լևոն Հայրապետյանի դեմ հարուցված մեղադրանքը ևս կապ ուներ այդ ընկերության հետ։ Ինչ-որ մի բան կա, որը մենք չենք տեսնում, ինչ-որ կանոն կա, որ խախտվել է Ռուսաստանում և խախտվում է այդ կազմակերպության ներսում, որն, ըստ էության, դուր չի գալիս Վլադիմիր Պուտինին։

Ես չէի ասի, թե տեղի ունեցածը փորձ էր ցույց տալու, թե Ռուսաստանում էլ կա կոռուպցիայի դեմ պայքարի ցանկություն և ինչ-որ ցուցադրական համարներ բեմադրելու անհրաժեշտություն։ Թերևս խնդիրն այլ դաշտում է և ակնհայտորեն այդ կազմակերպությունում կատարվել են բաներ, որոնք դուրս են եղել Վլադիմիր Պուտինի իմացությունից։ Սա է պատճառը, որ այդ նախարարը պատասխանատվության ենթարկվեց։ Քանի որ ես տեղի ունեցածի պատճառներն այլ կերպ եմ տեսնում, ես չեմ կարծում, որ դա ուղղակի կարող է տարածվել Հայաստանի վրա և մեզ մոտ էլ կարող են ցույց տալ, թե գող նախարար է ձերբակալվում։

Կարեն Կարապետյանը հայտարարել է պրիմիտիվ գողությանը վերջ տալու մասին, նա դա արել է կառավարության անդամների առջև, դրանով, կարծեք թե, հասկացնելով, որ այդ գողությանը մասնակից են նաև նախարարություններ ու նախարարներ։ Ունի՞ Կարեն Կարապետյանն այդպիսի ազատություն՝ բռնելու պրիմիտիվ գողությամբ զբաղվող նախարարերին, ես մի փոքր թերահավատ եմ։

Դուք արդեն ծանո՞թ եք ՊԵԿ-ի տարածած հայտարարությանը, որ տնտեսվարողը փորձել է բանան ներկրել Հայաստան, հաջողությամբ հատել է ՀՀ սահմանը, բայց արդեն պետության ներսում բախվել է լուրջ խնդիրների։ ՊԵԿ-ը հայտնել է, որ անհայտ անձինք են փորձում խոչընդոտել ներկրման գործընթացին, սակայն պետության աջակցությամբ ընկերությունը հաջողությամբ իրականացրել է ներկրումը։ Այս հայտարարությունից ի՞նչ տպավորություն եք ստանում, վերջապես բանանի մենաշնորհը վերանո՞ւմ է։

Ես ուրախ եմ, որ այդ խոչընդոտը հաղթահարվել է, բայց ինձ թվում է այդ հայտարարության հետ միասին քրեական գործ հարուցվի, վնասների փոխհատուցման խնդիր դրվի։ Տարիներ շարունակ խեղդել են երկիրը, և այդ մարդիկ պետք է ոչ միայն պատասխանատվություն կրեն ոչ միայն այժմ իրենց խոչընդոտման համար, այլև տարիներ շարունակ այդ վիճակը պահելու համար։

Ուղղակի հայտարարել, որ կառավարության աջակցությամբ նոր ներմուծողին հաջողվել է իրացնել իր ապրանքը, դեռ բավարար չէ, որովհետև իրավիճակն այնպիսին պետք է լինի, որ կառավարության միջամտության անհրաժեշտությունը չառաջանա։ Այսինքն պետք է խոչընդոտն այնքան չլինի, որ նույնիսկ կառավարությունը միջամտելու առիթ չունենա։ Կարծեք թե տպավորություն է, որ կառավարությունն ուզում է ավելի շատ հերոս երևալ, քան թե խնդիրը լուծել։ Ես կարծում եմ, որ եթե կառավարությունը նման խնդիր է լուծել, իրավունք և առիթ ունեն գլուխ գովալու, բայց, կներեք, դրա հետ միասին պետք է անուններ տրվեն, թե ովքեր են այդ խոչընդոտողները, արդյոք հենց նույն շրջանակներն են եղել բոլոր այս տարիներին բանանի ներկրման արգելողը։ Եթե այո, նրանք պետք է պատասխանատվություն կրեն հանրապետությանը և երկրի տնտեսությանը պատճառած վնասի համար։ Հետևաբար, ես չեմ կարծում, որ այս հայտարարությունն այն ամբողջն է, որը ես կուզենայի կարդալ։ 

Ամենաընթերցվածը