Արագացված կերպով մի քանի հոգու դատավարություն կլինի

    • Հարցազրույց - 19 Նոյեմբերի 2016, 09:10
«Սասնա ծռեր» քաղաքական խորհրդի անդամ Ալեք Ենիգոմշյանի հետ զրուցել ենք վերջին օրերին Սասնա ծռերից մի քանիսի նկատմամբ մեղադրանքների խստացումից։

Պարոն Ենիգոմշյան, Սասնա ծռերի որոշ անդամներին սպառնում է ցմահ ազատազրկում։ Վերջին օրերին մեղադրանքների խստացումը  նրանց նկատմամբ, ըստ Ձեզ, ինչո՞վ է պայմանավորված։

Իշխանության այս քայլից չպետք է զարմանալ, որովհետև նրանք միշտ էլ ցույց են տվել այս ոչ ադեկվատ և ոչ տրամաբանական, իրենց քաղաքական հակառակորդներին հալածելու մոտեցումը։ Իրենց թվում է, որ «Սասնա ծռերի» գործողությունից հետո լրիվ անդամալուծված և երերացող վիճակից ինչ-որ չափով դուրս են եկել: Իրենց թվում է, որ իրենք ամենակարող են, կարող են նման քայլերի գնալ, որ իրենց դեմ «խաղ չկա», ինչպես առաջ։ Այդ «մեր դեմ խաղ չկա»-ի իրականությունն, իհարկե, փոխվել է, բայց իրենք դեռևս չեն գիտակցում այդ փոփոխված իրականությունը։

Իրենց թվում է, որ վերահսկում են իրավիճակը և համապատասխան հոգեբանությամբ  քայլերի են դիմում։ Իհարկե, հերթական անգամ ապացուցվում է, որ այն ժամանակվա խոստումները, որ եթե տղաները վայր դնեն զենքը, նրանց նկատմամբ մեղմ վերաբերմունք կլինի, սուտ դուրս եկան։ Ես սրանով չեմ ուզում ասել, որ հուլիսի 31-ին տղաները զենքը վայր դրեցին նման «խոստումների» պատճառով։ Պարզապես ուզում եմ ասել, որ հերթական անգամ իշխանությունն ապացուցեց, որ իրենց բոլոր նմանատիպ խոստումները, ոչ միայն այս դեպքում, միշտ էլ սուտ են եղել։ Ես կասկած չունեմ, որ մեր ժողովուրդը շատ լավ գիտակցում է իրավիճակը և այս բոլոր քայլերը, որ իշխանությունը ձեռնարկում է, իրենց ոչ ադեկվատ մտածելակերպի արգասիքն է, ուրիշ ոչ մի բան։

Հնարավո՞ր է, որ իշխանությունները շատ արագ ուզում են սկսել դատական գործընթացը, և ինչպես խոստացել էին, մի քանիսին ազատ կարձակեն, իսկ ոմանք էլ խիստ պատիժ կկրեն, ընդհուպ մինչև ցմահ ազատազարկում։

Այդ վարկածը տեսականորեն չեմ բացառում, առավել ևս Ժիրայր Սևֆիլյանի` այսպես կոչված գործով: Բոլոր գործերը մեկ վարույթով դրեցին, դրա ամենավերջին օրինակը Սարի թաղի բնակիչների հետ կապված հուլիսի 29-ին պետական ահաբեչկության գործով անարդարացի մեղադրվողների գործը ևս ընդհանուր «Սասնա ծռերի» գործին միացնելն էր։ Նախ փորձում են այս բոլոր գործերը մեկ ընդհանուր գործի վերածել, հետո փորձում են մաս-մաս առանձնացնել: Այսինքն՝ մայիս-հունիսին ձերբակալվածների մասով, ըստ երևույթին, արդեն կա որոշում, որ այդ ենթագործով արագացված կերպով մի քանի հոգու դատավարություն կլինի։

Այս նախադեպը մտածել է տալիս, որ մեծ գործի մնացյալ բաղադրիչներում էլ հնարավոր է, որ նույն մոտեցումը ցուցաբերեն։ Բայց սա տեսականորեն, իսկ հիմա դժվար է ասել՝ «Սասնա ծռեր» խմբավորման այն անդամներին, որոնց նկատմամբ այս պահի դրությամբ մեղադրանքներ չեն ավելացվել (12 հոգու նկատմամբ են մեղադրանքներն ավելացել) արդյոք կարո՞ղ ենք  ենթադրություններ անել, որ նրանց գործերը կառանձնացվեն և համեմատաբար արագ վճիռներ կկայացվեն։ Տեսականորեն չի կարելի բացառել նման բան, բայց չեմ ուզում ենթադրություններ անել։

Իսկ ի՞նչ քայլեր է պատրաստվում անել «Սասնա ծռեր» քաղաքական խորհուրդը խստացված մեղադրանքների ֆոնին։

Բոլոր դեպքերում և ընդհանուր քաղաքական պայքարը, և կոնկրետ քաղբանտարկյաների, և մարդու իրավունքների ոտնահարումների առումով պայքարը դեռ շարունակվում է։ Եվ ես հիշեցնում եմ, որ մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օր՝ դեկտեմբերի 10-ին, տեղի կունենա երթ մարդու իրավունքների ոտնահարումների,  ոստիկանապետության քաղաքականության, և ի պաշտպանություն քաղբանտարկյալների, «Սասնա ծռեր» խմբավորման, ռազմագերիների: Այս միջոցառումը տեղի կունենա դեկտեմբերի 10-ին և զուգահեռաբար մեր քաղաքական պայքարի։