Բնակչությունից գումար կորզելը նվազ ռիսկային է

    • Հարցազրույց - 18 Նոյեմբերի 2016, 09:10
Մեր զրուցակիցն է քաղաքագետ Միքայել Զոլյանը

«1000 դրամ բանակին» նախաձեռնությունը բուռն հակազդեցություն է առաջացրել հասարակության մեջ։ Շատերը նշում են, որ նախ պետք է բանակին ուղղել կոռումպացված գեներալների ունեցվածքը, որոնք հարստացել են բանակի հաշվին, հետո նոր նման նախաձեռնությամբ հանդես գալ։ Ի՞նչ նպատակ էր, ըստ Ձեզ, այն հետապնդում:

Ամեն ինչ շատ պարզ է: Սա ընդամենը հետևանք է այն կացության, որում հայտնվել է Հայաստանի պետական համակարգը: Ոչ արդյունավետ կառավարման և կոռուպցիայի պատճառով պետությունն ավելի քիչ փող ունի, քան անհրաժեշտ է երկրի կարիքները հոգալու համար: Իհարկե, այդ խնդիրը կարելի է լուծել համակարգի բարեփոխման և կոռուպցիայի դեմ պայքարի միջոցով, կամ էլ, գոնե անարդյունավետ ծախսերի կրճատմամբ: Բայց դա կհարվածի ազդեցիկ խմբերի շահերին:

Բազմաթիվ ծախսեր, որոնք մեզ կարող են թվալ անիմաստ, իշխանական էլիտայի տեսակետից շատ կարևոր են, քանի որ հենց այդպիսի ծախսերի միջոցով է կատարվում պետական միջոցների յուրացումը: Հետևաբար, այդ ծախսերին իշխանությունը չի կարող դիպչել, քանի որ  կարող է զրկվել այս կամ այն ազդեցիկ խմբի աջակցությունից: Հետևաբար, պետք է անհրաժեշտ գումարը կորզել բնակչությունից, քանի որ դա ավելի հեշտ է և քիչ ռիսկեր է պարունակում:

Իհարկե, կարծում եմ, որ կոնկրետ այս դեպքում իշխանությունը չէր հաշվարկել, թե ինչպիսի բուռն արձագանք կառաջանա: Կարծում եմ, իշխանության մեջ դեռևս չեն գիտակցում, թե ինչքան խորն է անվստահությունն իրենց նկատմամբ: Բացի այդ, ոչ բոլորն են հասկացել, որ ապրիլյան պատերազմից հետո շատ բան է փոխվել և այլևս չի կարելի ցանկացած քայլ հիմնավորել բանակի և ազգային անվտանգության կարիքներով, քանի որ հասարակությունը այլևս պատրաստ չէ կուրորեն հավատալ նման պատճառաբանություններին: Կարծում եմ, եթե այս ամենը գիտակցեին, այս ծրագիրը չէին առաջարկի, կամ, կառաջարկեին այլ տեսքով: Բայց, հիմա արդեն ուշ է, նահանջելը կարող է ընկալվել իբրև թուլության նշան, այնպես որ, կարծում եմ, փորձելու են այս ծրագիրը անցկացնել:

Պաշտպանության նախարարը հայտարարել է, որ առաջիկայում կանդամակցի ՀՀԿ-ին, կառավարության ղեկավարը դեռ չի շտապում նման հայտարարություն անել, թեև անընդհատ խոսում են այդ մասին: Ի՞նչ նպատակ է հետապնդում նախարարների, վարչապետի կուսակցականացումը:

Կարծում եմ՝ իշխանական էլիտայում հիմա բավականին հետաքրքիր գործընթացներ են տեղի ունենում, որոնք, ցավոք, հանրության համար փակ են: Իշխանական էլիտայի ներսում չկա հստակ պատկերացում ապագայի մասին: Պարզ չէ՝ արդյոք Սերժ Սարգսյանը կմնա՞ իշխանական բուրգի ղեկավար 2018 թ-ից հետո, թե ոչ, կամ ինչ դեր կխաղա Կարեն Կարապետյանը 2017 թ. ընտրություններից հետո: Այս հարցերի պատասխանները ոչ ոք այսօր չգիտի: Չեմ բացառում, որ այս պայմաններում իշխանական էլիտայի մեջ կձևավորվի երկու խմբավորում. մեկը, այսպես ասած, խաղադրույքը կանի Սերժ Սարգսյանի վրա, մյուսը՝ Կարեն Կարապետյանի:

Սա իշխանության համար բավականին վտանգավոր է, և, կարծում եմ, իշխանական էլիտային համախմբելուն է ուղղված նախարարների հանրապետականացումը: Սակայն, իհարկե, ՀՀԿ անդամ լինելը կամ չլինելը այսօր բավականին ձևական բնույթ է ստանում: Նույն ՀՀԿ ներսում կան բազմաթիվ տարբեր խմբավորումներ, որոնք իրար հետ բավականին լարված հարաբերություններ ունեն, պարզապես իրար հետ լեզու են գտնում, քանի որ դա անհրաժեշտ է իշխանությունը պահելու համար: Բայց, ինչպես ցույց է տալիս փորձը, իշխանության համար լուրջ վտանգի դեպքում իշխանության կուսակցությունը կարող է պառակտվել:

ՀՀԿ-ն, արդյոք կուսակցական անդամների դեմքը փոխելով, կկարողանա՞ իմիջափոխ լինել, և դա կօգնի՞ առաջիկա ընտրություններին:

Կարծում եմ՝ սա այն դեպքն է, որ ոչ թե ՀՀԿ-ի իմիջը դրական առումով կփոխվի նոր անդամների շնորհիվ, այլ, ընդհակառակը, նոր անդամների իմիջը կտուժի ՀՀԿ մտնելու շնորհիվ: ՀՀԿ-ացումը այլ խնդիր է լուծում՝ դարձնել իշխանական էլիտայի նոր ներկայացուցիչներին ավելի կառավարելի, սահմանափակել նրանց մանևրի ազատությունը: Ինչ վերաբերում է առաջիկա ընտրություններին, շատ բան կախված է նրանից, թե ինչ արդյունքներ ցույց կտա նոր կառավարությունը: Բայց եկեք չմոռանանք, որ կան հարցեր, որոնք կառավարության իրավասությունից դուրս են, և գտնվում են նախագահի իրավասության տակ:

Այդ հարցերից է, օրինակ, պաշտպանության ոլորտը, անվտանգության ոլորտը, արտաքին քաղաքականության ոլորտը: Այդ առումով, կարծում եմ, օրինակ, 1000 դրամի նախաձեռնությունը գալիս է ոչ թե կառավարությունից, այլ ՊՆ-ից, որը անմիջականորեն ենթարկվում է նախագահին: Բայց ընտրությունների ժամանակ ընտրողները չեն ունենալու նախագահի և վարչապետի միջև ընտրություն կատարելու հնարավորություն: Նրանք քվեարկելու են ՀՀԿ-ի օգտին կամ դեմ: Այնպես որ այստեղ ամեն ինչ չէ, որ Կարեն Կարապետյանի կառավարությունից է կախված: Ի վերջո, 2017 թ-ին ՀՀԿ-ը գնալու է ընտրությունների որպես Սերժ Սարգսյանի կուսակցություն: Եթե, իհարկե, մինչ այդ Սերժ Սարգսյանը հրաժարական չտա, կամ չհայտարարի ընտրություններից հետո քաղաքականությունից դուրս գալու մասին: Այդ դեպքում ՀՀԿ-ն իրոք հնարավորություն կստանար հիմնովին իր իմիջը փոխել: Բայց առայժմ, եթե չլինի որևէ ճգնաժամ կամ անակնկալ զարգացում, իրադարձությունների նման զարգացման  հավանականությունը չնչին է: