Հայ-իրանական հարաբերություններում որդեգրվել է «քիչ աղմուկ, շատ գործ սկզբունքը»

    • Հարցազրույց - 17 Նոյեմբերի 2016, 09:15
Մեր զրուցակիցն է իրանագետ Արմեն Վարդանյանը

Իրանական Ֆարս գործակալությունը տեղեկություն է տարածել, որ հաջորդ շաբաթ Հայաստան կժամանի Իրանի նախագահ Հասան Ռոուհանին Սերժ Սարգսյանի հրավերով: Որքանո՞վ է դա  հավանական և ի՞նչ կտա այդ այցը՝ հաշվի առնելով, որ Ռոուհանին առաջին անգամ է լինելու Հայաստանում:

Որքանով ես գիտեմ, Ռոուհանիի այցը Հայաստան պետք է տեղի ունենա դեկտեմբերին: Ռոուհանիի այցը Հայաստան շատ կարևոր է մի շարք պատճառներով: Նախ՝ ավելի կամրապնդվեն հայ-իրանական հարաբերությունները, կուրվագծվեն առաջիկա տարիներին երկու երկրների միջև համագործակցության ոլորտները, նաև դա կնշանակի, որ Ադրբեջանի ցանկությունները՝ Իրանին ներգրավելու Հայաստանի մեկուսացման քաղաքականության մեջ, ի դերև են եղել:

Ինչու պատժամիջոցների վերացումից հետո Ռոուհանին մի քանի անգամ եղավ Ադրբեջանում, բայց ոչ Հայաստանում՝ ի տարբերություն նախորդ նախագահի, ով պարբերաբար Հայաստան էր գալիս: Այս ձգձգումն ինչո՞վ է պայմանավորված:

Հավանաբար դա կապված էր այն բանի հետ, որ Իրանը չէր ցանկանում գրգռել Ադրբեջանին: Դեռ իր երդման արարողության ժամանակ Ռոուհանին հայտարարեց, որ հարևան երկրների հետ հարաբերությունների վերանայումն իր կառավարության գլխավոր առաջնահերթություններից մեկն է լինելու: Դա հատկապես վերաբերում էր Ադրբեջանին, որի հետ Իրանի հարաբերությունները տևական ժամանակ լարված էին: Այդ հարաբերությունները չափազանց սրվել էին 2000-ական թթ. կեսերից, որոնց վրա էապես ազդեց Արևմուտք-Իրան հարաբերությունների վատթարացումը:

Այդ ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր երկիրը դարձրեց Իրանի դեմ պայքարի հարթակ՝ այն հույսով, որ դրա փոխարեն Արևմուտքը կօգնի նրան Ղարաբաղը հետ վերադարձնելու հարցում: 2000-ական թթ. կեսերից Իրանի և Ադրբեջանի միջև մի շարք լրտեսական սկանդալներ ծագեցին, Իրանի ԱԳՆ-ն պաշտոնապես Ադրբեջանի դեսպանին բողոքի նոտա հղեց՝ «սիոնիստական ռեժիմի հետ համագործակցելու համար»: Կարծում եմ՝ հենց դա էր հիմնական պատճառը՝ Իրանը շատ է կարևորում Ադրբեջանի հետ հարաբերությունները և չի ցանկանում սրել դրանք: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա այն Իրանի համար շարունակում է կարևոր երկիր մնալ, սակայն հայ-իրանական հարաբերություններում կարծես թե որդեգրվել է «քիչ աղմուկ, շատ գործ սկզբունքը»:

Կարծում եք՝ այդ սկզբունքի որդերգրո՞ւմն է պատճառը, որ մինչ այս պահը պաշտոնապես այցի հետ կապված որևէ տեղեկատվություն չկա:

Կարծում եմ՝ մոտակա ժամանակներս արդեն կլինի պաշտոնական հաղորդագրություն: Հավանաբար բանակցությունների օրակարգի վերջին հարցերն են քննարկում: Երբ որ բոլոր հարցերը վերջնականապես համաձայնեցվեն, կլինի նաև պաշտոնական հաղորդագրությունը:

Որոնք, ըստ Ձեզ կլինեն օրակարգային հարցեր՝ Հայաստանի տարածքով Վրաստան տարանցելու խողովակաշա՞րը:

Նոր խողովակաշար չի կառուցվելու, այլ գործող խողովակաշարով գազը Վրաստան փոխադրելու հարցը, էլեկտրահաղորդման երրորդ գծի կառուցման հարցը, այլ էներգետիկ հարցեր, տնտեսական նշանակության հարցեր, միգուցե նաև Հայաստանը Իրանին կապող երկաթուղու հարցը: Կլինեն նաև հարցեր, որոնք կքննարկվեն, բայց դրանց մասին մամուլի հաղորդագրության մեջ չի նշվի, խոսքը վերաբերում է քաղաքական հարցերին, որոնք առնչվում են Ադրբեջանին: