Բազմաթիվ գեներալներ եմ ճանաչում, որոնք անբասիր ծառայում են մեր բանակում. Համլետ Հարությունյան

    • Հարցազրույց - 16 Նոյեմբերի 2016, 15:36
Մեր զրուցակիցն է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանը

Պարոն Հարությունյան, «1000 դրամ բանակին» նախաձեռնությունը բուռն հակազդեցություն է առաջացրել հասարակության մեջ։ Շատերը նշում են, որ նախ պետք է բանակին ուղղել կոռումպացված գեներալների ունեցվածքը, որոնք հարստացել են բանակի հաշվին, հետո նոր նման նախաձեռնությամբ հանդես գալ։

Գիտեք, պետք է այնպիսի առաջարկություն անեն, որ պրակտիկ հնարավոր է։ Հիմա ցանկացած գեներալ ներկայացնում է իր ունեցվածքի հայտարարագիրը, այդպես ընդհանուր գեներալներին ասել թալանչիներ, գռփողներ, կարծում եմ, ճիշտ չէ։ Հասցեական ոչ մեկը ոչ մի բան չի խոսում, երբ հասցեական չեն խոսում, նշանակում է՝ դա բլեֆ է։ Ես բազմաթիվ գեներալներ եմ ճանաչում, որոնք անբասիր ծառայում են մեր բանակում, և եթե դուք որևէ մեկի հետ խնդիր ունեք, ապա անվանական ասեք, ոչ թե վկայակոչեք Բադասյանին, Պողոսին, ինքներդ ասեք։

Բայց Վահան Բադասյանը կոնկրետ անուններ է նշել՝ Հայկազ Բաղմանյան, Մովսես Հակոբյան և Յուրի Խաչատուրով և օրինակներ ներկայացրել։

Դա անօգուտ բան է, եկեք մտածենք բանակի մասին։ Ասեմ, որ պրակտիկորեն մարդկանց մեղադրել այս կամ այն բանում, դատաքննչական մարմինների գործն է։ Թող Բադասյանը դիմի դատարան, բայց նա ասում է՝ ինձ կանչեք հարցաքննեք։

Բայց նա նաև հայտարարել է, որ հաղորդում է տալիս հանցագործության մասին։

Դա իմ խնդիրը չէ։ Ես օրինակ, կոնկրետ կուզենայի, որ ավելի կոնկրետ զբաղվեն բանակի հարցով։ Այդ նույն գողությունը աշխարհի բոլոր երկրներում է լինում։ Հիմա ինչ է թե մի գեներալ գռփող է, մեր համազգային խնդիրը թողնենք մի կողմ և զբաղվենք դրանցո՞վ։

Բայց եթե մեկը պատասխանատվության ենթարկվեր, դա կարող էր զսպող գործոն լինել։

Ես Ձեզ հետ համաձայն եմ, որ ոչ միայն գող գեներալներ կան, գող նախարարներ կան, գող պաշտոնյաներ կան, որոնք մի տեղեկանքի համար փող են վերցնում, բազմաթիվ կոռուպցիոն ռիսկեր պարունակող տեղեր կան։ Եթե հիմա սկսենք դրա մասին խոսել, ամեն ինչ էժանանում է։ Այս գործընթացը համազգային գործընթաց է, և ես կուզենայի, որ ոչ միայն Հայաստանի հայերը, այլ ամբողջ սփյուռքն էլ մասնակցի այս դրամահավաքին, որ իրականում ունենանք հզոր բանակ։ Էն մնացածն ածանցյալ են։

Խոսում են նաև թափանցիկության մասին։

Դե, պետք է  ղեկավարները կարողանան նախ ժողովրդին, ապա նաև ԱԺ պատգամավորներին համոզել, կառուցվածքը ներկայացնել, թե ինչպես են ծախսվելու այդ գումարները, ինչպես է կազմակերպվելու դա, և թափանցիկությունը կերևա։

Եթե այս նախագիծը չփոփոխվի, և այս տրամադրությունները պահպանվեն, կառավարության ձախողումը չի լինի՞, եթե օրինագիծն ընդունվի՝ հաշվի առնելով հանրային տրամադրությունները։

Ախր գիտեք ինչ, երեկ ես նայեցի հանրային դժգոհությունները, և տեսա, որ ԱԺ-ի մոտ ցույց անողները 5-6 հոգի էին։ Ես չեմ կարծում, որ հանրությունը մերժում է այդ նախագիծը։ Ես էլ եմ հանրություն ու ես էլ համաձայն եմ, որ գումարների ծախսը թափանցիկ լինի և չեմ կարծում, որ այդ գումարներից են գողություններ արվում։ Այդ գողությունները, կոռուպցիոն ռիսկերն ուրիշ տեղ են, այդ գումարները, ինձ թվում է, ռացիոնալ կծախսվեն, մեր հաշմանդամները, զոհվածների ընտանիքները որոշակի բարելավում կլինի նրանց կենցաղում։ Իհարկե, կրքերը բորբոքվում են, կան ընդհանուր դժգոհություններ, դրանք ընդհանուր դժգոհություններ են։ Ցանկացած օրինագիծ, որ բերեք, էլի ընդդիմությունը պետք է քննադատի։ Ես չեմ տեսել, որ մի վիճելի օրինագիծ լինի, ու նույն հայտարարությունները, նույն բառերը չասեն։ Բայց բանակի վերաբերյալ պետք է շատ զգույշ լինել, սրտացավ լինել։ Ես անգամ կարծում եմ, որ սխալ է բոլորից 1000-ական դրամ վերցնել, պետք է լինի ըստ աշխատավարձի։

Օրինակ՝ պատգամավորներից, որոնք 550 հազար դրամ աշխատավարձ են ստանում, որքան կուզեիք, որ գանձվեր։

Առնվազն 5 հազար դրամ պետք է բանակի համար գանձվի, իսկ մարդիկ, որոնք կողմնակի եկամուտներ ունեն, բիզնեսներ ունեն, պետք է առանց ասելու, կամավոր ավելի մեծ գումարներ հատկացնեն։

Իսկ հնարավո՞ր է, որ այս քայլերով, որոնք կառավարությունն ուզում է իրականացնել, հանրության մոտ մի փոքր վստահություն առաջացնել՝ հաշվի առնելով, որ տոտալ անվստահություն կա իշխանությունների հանդեպ։

Դժվախտաբար այդ դժգոհությունները կան, և ՀՀԿ-ն, և նրա ղեկավարությունը անում են ամեն ինչ, այդ տոտալ անվստահությունը վերացնելու, վստահությունը վերականգնելու համար, թեև «տոտալ» բառի հետ այդքան էլ համաձայն չեմ։ Ես տեսնում եմ, որ նման քայլեր արվում են։ Ավելի լավ է՝ մենք ազգովի համախմբվենք այդ գաղափարի շուրջը և հանրային հսկողություն սահմանենք այդ հավաքած գումարների նկատմամբ:

Ամենաընթերցվածը