Պետությունն իր սոցիալական գործառույթը դնում է ժողովրդի վզին

    • Հարցազրույց - 15 Նոյեմբերի 2016, 23:22
Մեր զրուցակիցն է հրապարակախոս Զարուհի Հովհաննիսյանը

Զարուհի, ԱԺ-ում քննարկվում է Հայաստանի պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման համար յուրաքանչյուր քաղաքացուց ամսական 1000 դրամ գանձելու օրինագիծը։ Արդյո՞ք սա կարո՞ղ է  համախմբման հիմք հանդիսանալ, ինչպես պնդում է իշխանությունը, թե՞ ընդհակառակը։

Ես հարցը դիտարկում եմ երկու տեսակետից. մեկը կոնցեպտուալ իմաստով, երկրորդը՝ մեթոդի։ Առաջինը՝ կոնցեպտուալ իմաստով բավական խնդրահարույց է, որովհետև պետությունն իր սոցիալական գործառույթը, որն ամրագրված է սահմանադրության մեջ՝ որպես իրավական, ժողովրդավարական, սոցիալական, ինքնիշխան պետության, դնում է ժողովրդի վզին պարտադրաբար և միևնույն ժամանակ բավական անսպասելի։ Երկրորդ խնդիրը վերաբերում է հանրային գիտակցության մեջ հարատև պատերազմի ամրագրմանը, որը բացարձակապես խաղաղության նախապատրաստելու հետ որևէ աղերս չունի։

Հանրային գիտակցությունը նախապատրաստել խաղաղության, նշանակում է մտածել հիմնականում սոցիալական գործառույթներն իրականացնելով միաժամանակ ավելի շատ տարբեր, այլ տիպի ինստիտուտների զարգացման մասին։

Պետականաշինության գործընթացը դիտարկել սեգմենտավորված, հնարավոր չէ, եթե չես զարգացնում ժողովրդավարական ինստիտուտները:

Զուտ պետականաշինության գործընթացն իր մեջ ներառում է ամբողջական փաթեթ՝ սկսած տարբեր ինստիտուտներից։ Այդ ինստիտուտներից ամենակարևորն ընտրական ինստիտուտն է, որը լեգիտիմություն ու վստահություն է առաջացնում իշխանության հանդեպ, միաժամանակ ամեն մի քաղաքացի օտարված չի լինում իշխանություն ձևավորելու իրավունքից։ Սա պետականաշինության գործընթացի ամենակարևոր ինստիտուտն է, որը պետք է ամրացնել, որպեսզի դրանից բխող մնացած ինստիտուտներն արդեն կարողանան իրենց շուրջ համախմբել տարբեր խմբերի։

Համընդհանուր իրավունքն ընտրական իրավունքն է, ցանկացած այլ ինստիտուտի մասնակցությունը համընդհանուր չի, նույն զինվորական պարտադիր ծառայությունը բոլորի համար չի։ Այսինքն՝ մասնակցությունը պարտադիրի դեպքում օտարված է ամեն քաղաքացուց, իսկ ոչ պարտադիրի դեպքում՝պարտադրված։ Լրիվ խառնաշփոթ է ստեղծվում կոնցեպտուալ իմաստով պետականաշինության գործընթացում։

Անդրադառնալով մեթոդին՝ կարելի է տարբեր առումներով դիտարկել այդ քայլի անտրամաբանականությունը։ Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո ի հայտ եկան բազմաթիվ չարաշահումներ ու խնդիրներ բանակում։ Այդ հարցը ամենևին չլուծվեց, մնաց օդում կախված: 1-2 զինվորական պաշոնյաներ հեռացվեցին իրենց պաշտոններից, այնուամենայնիվ, որևէ դատական գործընթացի, որևէ կոռուպցիոն շթղայի բացահայտման, պետական ու հանրային ունեցվածքի վերադարձման ականատես չդարձանք։ Նմանատիպ անվստահության մթնոլորտում կոնկրետ այս պարագայում հիմա նորից, այն սոցիալական խնդիրները, որոնք կարող էին գոյանալ տարբեր նմանատիպ հնարավոր միջոցներ ձեռք առնելով, էլի դրվում է հանրության վզին, որն առանց այդ էլ այնքան կեղեքված է, և ինչպես պարզվեց ապրիլյան պատերազմի ժամանակ, ամենաանապահով խավը հենց ինքն է պաշտպանում երկրի սահմանները։

Կարծում եք՝ այս անվստահության մթնոլորտը մինչև խորհրդարանական ընտրություններ  հնարավոր կլինի՞ ինչ-որ կերպ մեղմել: Եթե ոչ, ապա իշխանությունը հնարավո՞ր է իշխանությունը կորցնի:

Ճգնաժամը, որն առաջացել է առաջինը ապրիլյան պատերազմից հետո, երկրորդը՝ Սասնա ծռերի՝ բավական լուրջ և բավական ահազդու ակցիայից հետո, որը պետք է  ազդակ հանդիսանար հենց նույն էլիտաների համար, թե իրավիճակն ինչքան պայթյունավտանգ է, միակ ճանապարհը հենց նմանատիպ ոչ լեգիտիմ, կուտակված ունեցվածքի վերադարձն է հանրապետության բյուջե, իսկ այդ ուղղությամբ որևէ քայլ չի նկատվում:

Այսինքն՝ պատասխանատվության ինստիտուտն այդպես էլ չի ձևավորվո՞ւմ՝ հաշվի առնելով, որ ձախողումների համար որևէ մեկը պատասխանատվության չենթարկվեց:

Այո, միևնույն ժամանակ տարօրինակ է, որ պաշտպանության նախարարը, ով 10 և ավելի տարի պետական ապարատում է, շատ հանգիստ ասում է՝ մենք անում ենք այն գործը, որը 25 տարի չի արվել: Չէ՞ որ իր դիրքը կարող էր օգտագործել կառուցողական փոփոխությունների իրականացման համար: