Վերամշակման տեղ դեռ կա, օրինագիծը էականորեն կփոխվի

    • Հարցազրույց - 15 Նոյեմբերի 2016, 11:29
Մեր զրուցակիցն է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀԿ խորհրդի անդամ Կարինե Աճեմյանը

Տիկին Աճեմյան, ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը հայտարարել է, որ ով դեմ է 1000-ական դրամ բանակին տալու նախագծին, տականք է։ ՀՀԿ-ում բոլո՞րն են կիսում այս տեսակետը և ընդհանրապես, ինչպիսի՞ն է Ձեր կարծիքը այս նախագծի վերաբերյալ, և արդյոք ճիշտ չէր լինի՞ հանրային լսումներ կազմակերպել օրինագծի վերաբերյալ։

Այո, երևի թե մեր միակ թերացումը հանրային իրազեկումն էր, որ ուշացավ, բայց կարծում եմ, մինչև 2-րդ ընթերցում հնարավոր է նաև լսումներ կազմակերպի համապատասխան հանձնաժողովի նախագահը։ Նաև նրանք, ովքեր տեղյակ են և կարդացել են օրինագիծը, չեմ կարծում, որ դեմ լինեն դրան, որը կազմակերպված կանոնակարգում է այն բոլոր խնդիրները, որոնք մենք տարիներով լուծել ենք ինքնաբուխ կամ տարերային օգնությունների ձևով։

Այսինքն՝ համակարգվում է, բովանդակային ու հիմնավոր լուծումներ են տրվում բոլոր խնդիրներին՝ կապված զինծառայողների հետ։ Ինքս դատապարտում եմ բոլոր այն մարդկանց, որոնք ուրիշի կարծիք չեն կարող լսել։ Եթե անգամ մենք որևէ բան չենք ընդունում, պետք է կարողանանք լսել։  Փոխարենը կա իրազեկման խնդիր։

Շատերը պարզապես լսեցին 1000 դրամի մասին և այլևս չխորացան, թե ինչի մասին է խոսքը։ Սա գաղափարախոսություն է, քաղաքական կուրս է, ռազմավարություն է, և նաև ժողովրդի համախմբման, միասնական գործելու ակտ, որը շատ դրական արդյունքներ կարող է տալ։ Նաև ուզում եմ նշել, որ Վիգեն Սարգսյանն այն կերպարը չէ, որը վերահսկողություն չի սահմանի, կամ կարող է անվստահություն ներշնչել։ Հիմնական խնդիրը կապված է հասարակության կողմից վստահության հետ, և կարծում եմ, այս ամենն այնքան թափանցիկ, պարզ ու վերահսկելի կլինի, որ որևէ մեկը նույնիսկ մեկ տարի հետո չի կարող կասկածել, որ այս օրենքն անհրաժեշտ էր այս պահին։

Տնտեսագետները նշում են, որ 70 հազար դրամ ստացող մարդու համար 1000 դրամը 1,5 տոկոս հարկային բեռ է նշանակում։ Դուք սա արդարացվա՞ծ եք համարում։

Նախ մի շտապեք, որովհետև նվազագույն աշխատավարձ ստացողներն ազատվում են այդ բեռից, այսինքն՝ նրանց փոխարեն պետությունն է ֆինանսավորում, երկրորդ՝ բոլոր մտահոգությունները լսվեցին, մինչև երկրորդ ընթերցում առաջարկություններ կլինեն, վերամշակման տեղ դեռ կա, օրինագիծը էականորեն կփոխվի, բայց շատ կարևոր հիմնական դրույթները, կարծում եմ, արդեն ամրագրված են ճիշտ, և որևէ խնդիր չի առաջանա։

Հիմնական խնդիրն այն է, որ պարզապես հասարակությունն ավելի իրազեկված լինի օրինագծի մանրամասների մասին, որոնք շատ կարևոր են, որովհետև և հիմնադրամի գաղափարը, և այն մոտեցումը, որ ամրագրված է օրինագծում, շատ ընդունելի են։ Անգամ պատգամավորներն են նոր ծանոթացել օրինագծին, այսինքն՝ օդի մեջ խոսակցություններ էին հազար դրամի պահանջի մասին։ Թե որ խավն ինչպես է մասնակցելու բարեգործությանը, որ խավն ինչպես է իր ներդրումն ունենալու, միայն օրենքը կարդալով կարելի է իմանալ։ Դա նկատի ունեմ, որ մենք՝ պատգամավորներս, ավելի շատ պետք է պարզաբանենք այս օրերին, եթե լսումներ լինեն, շատ հարցեր, որոնք անհասկասկանալի են, կարծում եմ, ավելի հասկանալի կդառնան։

Չեք կարծո՞ւմ, որ եթե այս նախագիծը կյանքի կոչվի և դա չբավարարի հասարակությանը, նրա մեջ կուտակված հարցերը կշատանան, և դա այս կառավարության ամենամեծ ձախողումը կդառնա։

Ես սա ձախողում համարել չեմ կարող, որովհետև այն, ինչ կապված է բանակի հետ, իհարկե, նուրբ թեմա է, բայց նաև շատ կարևոր մեր ազգի համար, և ես այսօր չգիտեմ մի ընտանիք, որը նույնիսկ իր փոքր միջոցներից չի ցանկանում օգնել բանակին։ Այլ հարց է, որ սա ավելի համակարգային լուծում պահանջող խնդիր է, և այդ համակարգային լուծումը, որը տրված է նախագծով, և որը հետագայում օրենք կդառնան և տարիներ հետո, կարծում եմ՝ բոլորը բավարարված կլինեն, որովհետև այս պարագայում, երբ հիմնադրամն ունենալու է կայք, շատ թափանցիկ է աշխատելու, բոլորն իրենց մուծումները, ելքերը, մուտքերը կարող են անմիջապես տեսնել կայքում, հետևաբար, գործընթացը շատ դրական արդյունքներ կունենա։ Պարզապես այս օրերին կուզանայի, որ հասարակության այն բոլոր անդամները, նաև սոցիալական ցանցերում ակտիվ քննարկողները ծանոթանան օրինագծին, որովհետև դա իրենց կօգնի շատ ու շատ հարցերի պատասխաններ այնտեղ գտնել։

Իսկ ՀՀԿ-ում՝ Գործադիր մարմնում, խմբակցությունում, այս օրինագիծը քննարկվե՞լ էր։

Մենք խմբակցության նիստում քննարկել ենք այդ հարցը, բայց կարծում եմ՝ առաջին ընթերցումից հետո ավելի բովանդակային և հասարակական լայն շերտերի հետ կլինեն քննարկումներ։

Այս օրինագիծը «ազգ-բանակ-պետություն» կոնցեպտի առաջին քա՞յլն է։

«Ազգ-բանակ-պետություն» կոնցեպտը շարունակական, նաև հասարակության մեջ աշխատանք է, նաև կարծում եմ, որ սա թեկուզ փոքր, բայց քայլ է, որը կնպաստի մեր համախմբվածությանը:

Ամենաընթերցվածը