Հազարական դրամների այդպիսի ամպագոռգոռ մատուցումը ունենալու է հակառակ էֆեկտ

    • Հարցազրույց - 14 Նոյեմբերի 2016, 12:39
Մեր զրուցակիցն է հրապարակախոս, Ազատ դեմոկրատներ կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը

Բուռն քննադատության արժանացավ Հայաստանի պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման համար յուրաքանչյուր քաղաքացուց ամսական 1000 դրամ գանձելու օրինագիծը։ Ինչո՞ւ հիմա նման հապճեպությամբ բերեցին այս նախագիծն ԱԺ։

Այս նախագիծը երեք բան ընգծեց. առաջին՝ նույնիսկ ժողովրդի սրտին այդքան մոտ և այդքան սրբությամբ պահպանված թեման, ինչպիսին հայրենիքի պաշտպանությունն է, չի կարող լռեցնել արդար հարցադրումները։ Դրանք հետևյալն են՝ եթե գումարի հավաքումը լինում է թափանցիկ և պարտադիր բոլորի համար, արդյոք գոնե գումարի բաշխման համար նույն կերպ թափանցիկ և հաշվետու են լինելու մարդկա՞նց, թե ոչ։

Երկրորդ՝ ինչու հենց այս պահին ավելացավ այդ հավելյալ ծախսի կարիքը և ինչու է այն ավելանում,  նվազագույն աշխատավարձի այդքան ծիծաղելի չափի դեպքում արդյոք չի ստացվի՞ հերթական սոցիալական անհավասար քայլ Հայաստանի ժողովրդի հանդեպ, որն արդեն բնականոն է դարձել։ Չմոռանանք նաև ինֆլյացիան, որ միայն աճելու միտում ունի։ Երրորդ՝ այդ իրադրությունն ընդգծեց իշխանության և նրա հարակից մարմինների նկատմամբ անվստահության բարձրագույն կետը, որովհետև նույնիսկ այդպիսի շահեկան և սրբազան թեման չկարողացավ շեղել մարդկանց բնական և ռացիոնալ կասկածները, որոնք բխում են իշխանության հանդեպ փաստարկված անվստահությունից:

Դրա համար, կարծում եմ, հազարական դրամների այդպիսի «հայրենասիրական» ամպագոռգոռ մատուցումը, միևնույն է, ունենալու է հակառակ էֆեկտ։ Մարդիկ ուզում են հասկանալ, թե իրենք ինչով են պարտավոր պետությանը բացի սահմանված հարկերից նաև հավելյալ հարկեր հատկացնել, երբ փողի ռեսուրսի անհավասարաչափ բաշխման պարագայում Հայաստանում կան փողային այլ աղբյուրներ, որ կարելի է լույս աշխարհ հանել՝ առանց ժողովրդի գրպանը մտնելու։

Այս նախաձեռնությունը «ազգ-բանակ» կոնցեպտի իրականացման սկի՞զբն է։ Այն գաղափարը, որ դրված է այդ կոնցեպտի հիմքում, հենց այսպե՞ս պիտի իրագործվեր։ Կարծում եք՝ նպատակը դա՞ էր։

Կարծում եմ՝ այդ կոնցեպտը նախևառաջ պետք է պարզաբանել։ Այդ կոնցեպտով շարժվում է հրեական պետությունը, բայց հրեական պետությունը՝ ազգ-բանակ-պետություն եռամիասնությունը հռչակելով՝ գնաց բոլորովին այլ ճանապարհով։ Եվ այդ ճանապարհը ոչ թե բանակի համար վճարվող տուրքն ավելացնելն էր, այլ պետության բյուջետային և սոցիալական ճիշտ կառավարումը, թափանցիկության և սոցիալական արդարության ապահովումը: Եթե դու ինչ-որ կոնցեպտ ես առաջ քաշում և այդ կոնցեպտի հիմքում դնում ես հայրենասիրությունը, ուրեմն դու պետք է նաև իմանաս, որ միայն հայրենասիրությամբ պետության կառավարում և ու հայրենասիրության քողի տակ իշխանության հարստացումն ու ժողովրդի ունեզրկումը,  ի վերջո այլասերելու է հենց հայրենասիրության գաղափարը՝սպառելով մեր պետության այդ լուրջ ռեսուրսը։ Յուրաքանչյուր պետականամենտ և հայրենասիրական գործողություն իր մեջ ունի շատ հստակ կառավարման համակարգ։ Եվ երբ կառավարման համակարգը կաղում է, լոզունգային հայտարարություններով չես կարող նման լրջագույն հասկացությունը, ինչպիսին ազգ-բանակ-պետությունն է, պահպանել։

Եթե նախագիծը չփոփոխվի, սա կառավարության ձախողումը կլինի՞, թե այնուամենայնիվ, հասարակության տրամադրությունները հաշվի առնելով՝ որոշակի փոփոխություններ կանեն նախագծում՝ հաշվի առնելով նաև նախընտրական տարին։

Ինձ թվում է՝ իշխանության մեծագույն ձախողումն այն կլինի, որ առանց հանրության կարծիքը հաշվի առնելու, այդ նախագիծն անցկացնեն, ինչպես անցկացնում են բազմաթիվ նմանատիպ նախագծեր։ Եթե կարծում են՝ այս զգայուն թեմայի արծարծումը կկանգնեցնի ռացիոնալ հարցադրումների տարափը, սխալ է, որովհետև մենք տեսել ենք, որ համախմբումը և անձնուրացությունը, որը բնորոշ է հայ ժողովրդին, ապրիլյան դեպքերի օրինակով դա տեսանք նաև, միևնույն ժամանակ կարող է հակառակ էֆեկտ ունենալ, որովհետև հայրենասիրական մղումները որպես կանոն գալիս են հասարակության կամքից, ոչ թե պետության և իշխանության արտաքին պարտադրանքից։  Հայրենասիրական  ամենաազնիվ մղումը վերածվում է ինչ-որ բռնի հայրենասիրական տուրքի, իսկ բռնին երբեք չի կարող լինել հայրենասիրական։

Ընտրություններին մի քանի ամիս է մնացել, և ընդդիմադիրները նորից խոսում են համախմբումների, դաշինքների մասին։ Շատերն ասում են, որ այս ամենը վերահսկելի կլինի իշխանության կողմից։ Դաշինքներով ընտրություններին մասնակցելը որքանո՞վ արդյունավետ կարող է լինել։

Կարծում եմ՝ ցանկացած իրադրությանը ծառայող դաշինքները որպես կանոն որոշակի կարճաժամկետ հաջողություն ունենալուց հետո տրոհվում են, որովհետև Հայաստանում ընդդիմադիր բևեռն իսկապես դեռևս չի պայմանավորվել երեք հիմնական կետերի շուրջ։ Ընդդիմությունը հստակ պետք է պայմանավորվի Հայաստանի կապիտալի  կուտակման մեխանիզմների հարցը վերանայալու գործում։ Սա ամենակարևոր հարցն է։ Մենք գիտենք, որ Հայաստանի տնտեսական ներքին ռեսուրսները բաշխված են մի քանի խմբերի միջև, և այդ խմբերի անունների  բարձրաձայնումը և այդ խմբերի հետաքրքրությունների բացահայտումն ընդդիմության համար երբևէ չի եղել միասնական խնդիր, այսինքն՝ մենք տեսել ենք, որ երբ հերթը հասել է այդ ցավոտ հարցին, ընդդիմությունը բաժանվել է  խմբերի և տարբեր կարծիքներ հնչեցրել։

Երկրորդ՝ իհարկե եվրոպական և եվրասիական մոդելի խնդիրն է, որտեղ ընդդիմությունը դարձյալ համակարծիք չէ և իրական ուժեղ ընդդիմություն կարող էր ձևավորվել հենց այդ կետի շուրջ, որովհետև եվրոպական մոդելի կիրառումն է ուժեղ պետության ստեղծման հիմքը։ Եվ երրորդ՝ իհարկե կադրային և անհատական ներդրումն է, որովհետև մենք գիտենք, որ այդպիսի դաշինքների մեջ միշտ խնդիր կա տեղերի և խմբերի դասավորվածության գերակայությունների, ցուցակների կարգավորման։ Եվ այս երեք կետերը այն կռվաններն են, որոնց շուրջը որպես կանոն տեղի է ունենում որոշակի ճեղքվածք։ Հայաստանում ընդդիմությունն առավել միավորված է իշխանափոխության խնդրի շուրջ, բայց նաև ակնհայտ է, որ տեսակարար կշիռը այս պարագայում չի կարող  ապահովել լիարժեք իշխանափոխություն։ Դրա համար պետք է մի փոքր ավելի համբերատար լինել և տեսնենք, թե որքանով կենսունակ են այդ դաշինքները և որքան մշակված և համապարփակ ու միասնական են այդ ծրագրերը։

Ամենաընթերցվածը