Վարչապետը Տավուշում բախվել է ամենակարեւոր խնդրին

    • Հարցազրույց - 12 Նոյեմբերի 2016, 21:06
Վարչապետ Կարեն Կարապետյանը նոյեմբերի 12-ին այցելել է Տավուշի մարզ, որտեղ հանդիպել է համայնքների ղեկավարներին եւ հորդորել, որ համարձակ ներկայացնեն առկա խնդիրներն ու անելիքները: Վարչապետին համարձակ դիմել է միայն Նավուրի գյուղապետ Արամ Նիգոյանը, ով դժգոհել է ճանապարհների որակից, ասելով, որ եթե ճանապարհները բարեկարգվեն, ապա դա կունենա տնտեսական էֆեկտ թե գյուղատնտեսության, թե զբոսաշրջության զարգացման մասով:

Գյուղապետը վարչապետին դիմել է նաեւ գյուղացու ապրանքն իրացնելու հարցում օգնության համար, ասելով, թե օրինակ ինչ-որ մեկին էլ պետք է խրախուսել, որ գա եւ միս գնի:

Ըստ aysor.am-ի, վարչապետի համար անհասկանալի է եղել, թե ինչ է ուզում գյուղապետը: «Եթե դուք, որպես համայնքապետ, չգիտեք, ես ի՞նչ իմանամ՝ Երևանում նստած», հայտարարել է վարչապետը եւ գյուղապետին պատմել անեկդոտը փղի վաճառքի մասին, այդպիսով անելով մարքեթինքգի յուրօրինակ դասախոսություն: «Հիմա ձերն է՝ դուք ձեր տրամադրությամբ համայնքը չեք ծաղկացնելու, ասում եք՝ էս վատա, էն վատա», Կարեն Կարապետյանին մեջբերում է լրատվամիջոցը:

Երբ գյուղապետը շեշտել է, որ ինքն օրինակ չի կարողանում իր արտադրանքն իրացնել, ուր մնաց գյուղացին, Կարեն Կարապետյանը հայտարարել է, թե ուրեմն պետք է արտադրել այնպիսի մի բան, որը հնարավոր է իրացնել:

Իսկապես հետաքրքիր իրավիճակ է, մի շարք առումներով: Օրինակ, գյուղապետը շատ կոնկրետ խոսում է ճանապարհների բարեկարգման մասին: Ճանապարհները յուրաքանչյուր պետության ամենաբնորոշիչ բաղադրիչներից են: Հայաստանի ճանապարհների վիճակը մեղմ ասած անմխիթար է: Դրանցով մի անգամ անցնողը այլեւս չունի երկրորդ անգամ անցնելու ցանկություն: Կան բարեկարգ մեկ-երկու ճանապարհ, այսպես ասած ստանդարտ անցուդարձի ճանապարհները, որոնցից դուրս գտնվողների համար դա ոչինչ է: Իսկ Հայաստանը նաեւ այդ մեկ-երկու ճանապարհից դուրս է:

Հիմա, Կարեն Կարապետյանը դա չի՞ հասկացել: Համենայնդեպս, տեղեկատվության մեջ այդ մասին չկա ոչինչ: Կարեն Կարապետյանն ունի՞ հնարավորություն բարեկարգել ստանդարտից դուրս գտնվող ճանապարհները: Գյուղապետը կարծես թե նրանից ոչինչ չի ուզել՝ փող, դոտացիա, պարարտանյութ կամ վառելանյութ, նա ընդամենն ուզել է, որ ճանապարհները բարեկարգեն, տրամաբանորեն ասելով, որ դա կբերի թե գյուղատնտեսության, թե զբոսաշրջության զարգացման նոր հնարավորության:

Կարեն Կարապետյանը մարքեթինգի դասախոսություն կարդալուց եւ անեկդոտ պատմելուց բացի, գյուղացուն ունի՞ այդ մասով ասելու բան: Այլապես, Հայաստանն ուներ դասախոսություն կարդացող վարչապետ: Ընդ որում, նա ոչ միայն ավելի վատ չէր կարդում, այլ գուցե նույնիսկ ավելի լավ, հանդարտ, զուսպ, համբերատար: Բայց պարզվեց, որ Հայաստանին վարչապետ է պետք, ոչ թե դասախոս, որովհետեւ դասախոսը հետո թողնում-հեռանում է այլ եվրասիալսարան, իսկ դասախոսության հետեւանքը մնում է Հայաստանի բնակչության ուսերին:

Հետեւաբար, երբ Կարեն Կարապետյանը համայնքային իշխանությունից ակնկալում է ոչ թե ուզվորություն եւ տրտնջոց, այլ կոնկրետ ծրագրեր, լուծումներ, առաջարկներ, ապա ինքն էլ պետք է ներկայանա գործընկերոջ, ոչ թե համայնքային իշխանությունների քննական հանձնաժողովի կարգավիճակով: Այսինքն, Կարեն Կարապետյանն էլ պետք է համայնքներ մեկնի իր առաջարկներով, կենտրոնական իշխանությունից հասանելիք լուծումներով:

Մյուս կողմից, Կարապետյանի մոտեցումը, որ տեղական, համայնքային իշխանությունները պետք է զգան պատասխանատվություն եւ լինեն նախաձեռնող, աշխույժ, կրեատիվ, միամգամայն տեղին է, անհրաժեշտ, նույնիսկ հրատապ: Այստեղ իհարկե կարիք կա կառուցվածքային հիմնարար փոփոխության: Կենտրոնական իշխանությունը տեղական կառավարման մարմիններին «մակաբույծ»  ռեժիմից հանելու եւ ստեղծարար, արժեքի ձեւավորման ռեժիմի դնելու համար նախ պետք է վերացնի իր «մակաբույծներին»՝ մարզպետարանները:

Այլապես, համայնքների մոտ առաջանում են հարցեր, երբ նրանք տեսնում են, թե ինչպես են նաեւ իրենց վճարած հարկերի հաշվին մակաբուծում մարզպետարանները:

Իսկ դրանց վրա ծախսվող տարեկան միլիարդները կարող են ուղղվել համայնքային զագացման ծրագրերին:

Բայց, կառավաման խնդիրն այստեղ բախվում է իշխանության խնդրին: Այն, ինչ փորձում է անել Կարապետյանը համայնքային իշխանության մտածողության փոփոխության առումով, խիստ անհրաժեշտ է, սակայն զուտ կառավարման վերափոխման տրամաբանության տեսանկյունից: Իսկ Հայաստանում գերիշխում է իշխանության վերարտադրության եւ պահպանության տրամաբանությունը, որն առաջնահերթ կամ գերակա շահն է: Ըստ այդմ, համայնքային իշխանությունը ենթակա է այդ շահին, հետեւաբար Կարեն Կարապետյանի փոփոխության մտադրությունը կարող է հեռանկար ունենալ այն դեպքում, երբ չի հակասում իշխանության վերարտադրության եւ պահպանման գերակա շահին:

Համայնքային իշխանությունն այդ շահի տրամաբանության մեջ ունի բոլորովին այլ գործառույթ: Այդ իշխանությունից չի պահանջվում կառավարչական նախաձեռնողականություն, այլ պահանջվում է վարչական կազմակերպվածություն, ինչն անհրաժեշտ է ընտրական քվեների վերահսկողության համար:

Կենտրոնական իշխանությունը պահում է այդ համայնքները, որպեսզի համայնքապետերը պահեն կենտրոնական իշխանության ձայնը: Եթե համայնքապետը ինքը պետք է «պահի» իր համայնքը, ապա նրա մոտ եւ համայնքապետի թեկնածուների մոտ առաջանում է հարց՝ այդ դեպքում հանուն ինչի՞ պահել կենտրոնական իշխանությունը:

Ահա հենց այդ հարաբերությունը, կենտրոնական իշխանությունից եկող այդ գերակա շահը համայնքային իշխանությունը, ՏԻՄ համակարգ ասվածը խոշոր հաշվով վերածել է Հայաստանում մի մեծ «մակաբույծի», առանձին բացառություններով հանդերձ, որոնք հաստատում են կանոնը:

Կարո՞ղ է փոխել այդ կանոնը Կարեն Կարապետյանը: Ուրեմն կստացվի փոխել նաեւ համայնքային, ՏԻՄ կառավարման փիլիսոփայությունը: Եթե ոչ, ապա Հայաստանում վաղ թե ուշ դասախոս է փոխվելու: