Քաղաքական թիմն էլ տեսնում է, որ այսպես շարունակել այլևս հնարավոր չէ

  • Հարցազրույց - 11 Նոյեմբերի 2016, 09:28
Մեր զրուցակիցն է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը

Պարոն Հակոբյան, կառավարությունը նախորդ շաբաթ ներկայացրեց 2017 թվականի բյուջեով նախատեսված ոլորտային հատկացումները։ ՊԵԿ ղեկավարն ասաց, թե կպայքարի ստվերի դեմ։ Որքանո՞վ կարող է այդ հայտարարությունն իրատեսական լինել՝ հաշվի առնելով, որ Վարդան Հարությունյանը նախկինում էլ պաշտոն ունեցել է և տեսել է, թե ինչպես են կոռուպցիոն եղանակով գազամատակարարումն իրականացնում։

Կա ապրելակերպ, որը հետևյալն է. անցյալի վրա ժամանակ պետք չի ծախսել, հարկավոր է ճիշտ գնահատել ներկան՝ ապագան կառուցելու համար։ Այսօր որպես չափանիշ հիմք ընդունել այն, թե ով նախկինում ինչ է եղել, ինչ է արել, չեմ կարծում, որ ռեալ է, որովհետև մարդու արած բոլոր գործողությունների ամփոփված կերպարը կամ ձեռք բերած իմաստությունը մարդու ներկան է։ Հետևաբար, մարդը ցանկացած պահի, ցանկացած գործողություն իրականացնելուց առաջ պետք է մտածի, թե ինչ է ուզում։ Ես համոզված եմ, որ Վարդան Հարությունյանն այսօր ուզում է, որովհետև դա ամբողջ քաղաքական թիմի նպատակն է, որ կարողանան հարկային դաշտում ստվերը պակասեցնել։ Դա և քաղաքական թիմի պատվերն է, և կյանքի անհրաժեշտություն է։

Իսկ քաղաքական թիմը 8 տարի շարունակ չէ՞ր տեսնում այդ ստվերը և չունե՞ր համապատասխան կադր, որը կղեկավարեր ոլորտը և պայքար կմղեր ստվերի դեմ։

Ես երկար նախաբանով սկսեցի, որ անցյալից հարցեր չտաք, բայց նորից շարունակում եք անցյալից հարցեր տալ։ Ուզում եմ կրկնել, որ դա քաղաքական թիմի պատվերն է, որովհետև քաղաքական թիմն էլ տեսնում է, որ այսպես շարունակել այլևս հնարավոր չէ։ Մենք սրան հասել ենք անցյալի մեր արած բոլոր գործողություններով՝ լավ և վատ։ Հիմա արդյոք Վարդան Հարությունյանը կկարողանա՞ հասնել այդ նպատակների իրականացմանը. ես համոզված եմ, որ նա կունենա հաջողություններ, որովհետև այդ պայքարի մեջ նա մենակ չէ, այդ պայքարում կան շատ լրագրողներ, քաղաքական թիմի և հասարակության իրական պահանջ։ Դա պարտադրում է անել գործողություններ, ասենք հարկային ոլորտում ստվերը պակասեցնելու համար։

Վարչապետը խոսում է տնտեսության ծանր վիճակի մասին։ Նոր կառավարությունը հաջողելու հնարավորություն ունի՞ այս 6 ամսվա ընթացքում, թե՞ ավելի երկարաժամկետ կտրվածքով պետք է սպասի հանրությունը փոփոխություններ տեսնելու համար։

Կարճաժամկետ հաջողություններ չեն լինում, լինում են քայլեր վաղվա հաջողությունն ապահովելու համար։ Ես մտածում եմ՝ վարչապետը այդ 6 ամսում կկարողանա իրականացնել ընդամենը կառուցվածքային, սկզբունքային, կադրային խնդիրներ, որպեսզի կարողանա ապահովել վաղվա հաջողությունները։ Վարչարարությունը մեխանիզմ է, որը կարող է կարճ ժամանակում փոխել կառավարումը։ Ես մի օրինակ եմ ուզում բերել այդ 6 ամսվա հաջողության մասին։ Խոսքը արագաչափերի և կարմիր գծերի մասին է։ Երբ ինձ հարցնեք՝ ինչու 3 տարի առաջ, 5 տարի առաջ դրա մասին չէիք մտածում, ես կասեմ՝ հիմա ենք մտածում փոխելու մասին՝ հետ չգնալու նախապայմանով։ Այսինքն՝ ոչ մեկը չէր կարող ասել, որ դա ինչ-որ ժամանակ կփոխվի, բոլորն ասում էին, որ պետք է գինն իջեցնել, բայց հիմա խոսում են համակարգը փոխելու մասին։ Տեսնենք՝ ինչպես կվերջանա։ Այսինքն՝ կան այսօրվա պահանջներ, և այդ պահանջները բավարարող մարդկանց տեղը պետք է ճիշտ գտնել։ Խոսքը բոլոր ոլորտների մասին է։

Ի՞նչ երաշխիք կա, որ այս անգամ էլ հանրությունը չի խաբվելու, հերթական անգամ խոստումներ են տալու և չեն կատարելու դրանք։ Մենք տեսել ենք նաև նախորդ կառավարությունների խոստումները, որոնք այդպես էլ մնացել են խոստում։ Հնարավո՞ր է, որ նոր կառավարության խոստումներն էլ մնան թղթի վրա։

Ես հասկանում եմ, որ վախ կա մարդկանց մեջ, հասկանում եմ, որ մարդկանց այն պահանջները, խնդիրները, որ ունեն, չեն լուծվել այն տրամաբանությամբ, որոնք իրենք կուզեին։ Հասկանում եմ, որ ժամանակի ընթացքում կառավարման համակարգում այդ նպատակին հասնելու համար կատարված փոփոխությունները ևս հաջողություն չեն բերել։ Բայց միևնույն է, երաշխիքը գտնվում է նույն մարդկանց ձեռքում, նույն վարչապետի, նույն լրագրողի, նույն պատգամավորի, նույն ընտրողի ձեռքում։ Երաշխիքը քաղաքացու կերպարով պետության մեջ ապրելն է, որ քաղաքացին պարտավոր է պահանջատեր լինել իր պետության հանդեպ, լրագրողը պարտավոր է ճիշտ լուսաբանել հանրային, հասարակական հարաբերություններում կատարվող բոլոր փոփոխությունները կամ դիրքորոշումները, իսկ պետությունն էլ պարտավոր է կատարել գործողություններ՝ իր քաղաքացու կենցաղը բարելավելու համար։ Երաշխիքը պահանջատիրությունն է և պետության կողմից, և քաղաքացու կողմից, և հանրությունը կազմող բոլոր մարմինների կողմից։

Սերժ Սարգյանը «Ալ Ջազիրային» տված հարցազրույցում չի բացառել, որ իր քաղաքական թիմի հաղթանակի դեպքում կզբաղեցնի վարչապետի պաշտոնը, մինչդեռ նախկինում նա հայտարարել էր, որ չի զբաղեցնելու վարչապետի կամ ԱԺ նախագահի պաշտոնները։ Այսինքն՝ նախկինում տված խոստումներից հետո ինչ-որ բա՞ն է փոխվել։

Եթե ուշադիր լինեք այդ թեմայով իմ ելույթներին, ես միշտ ասել եմ, որ Սերժ Սարգսյանը որպես քաղաքական թիմի ղեկավար, կարող է որոշում կայացնել միայն ընտրություններից հետո։ Եթե 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ն հաղթի, կամ հաղթի պայմանական՝ կոալիցիոն սկզբունքով, դրանից կախված է կուսակցության և կուսակցության նախագահի դիրքորոշումները։ Հիմա վաղ է այդ մասին խոսելը։

Այդ առումով, ի՞նչ փոփոխություններ են հնարավոր կուսակցությունում՝ հաշվի առնելով հայտարարությունները, որ ՀՀԿ առաջիկա համագումարում լուրջ փոփոխություններ են սպասվում։ Դուք տեսնո՞ւմ եք այդ փոփոխությունների անհրաժեշտությունը։

Ես էլ լսել եմ, այդ հարցում տեղեկացված չեմ, որ փոփոխություններ կլինեն կուսակցության ղեկավար կազմում։ Ես փիլիսոփայական տրամաբանությամբ եմ ուզում հարցին մոտենալ. իհարկե, կա փոփոխությունների անհրաժեշտությունը, որովհետև եթե մի փոքր առաջ խոսում էինք այն մասին, որ հասարակության պահանջները փոխվել են, քաղաքացու և պետության պարտավորությունները միմյանց նկատմամբ փոխվել են, և պահանջատիրությունը դառնում է զարգացման հիմք, ինչպես միշտ եղել է, այս դեպքում բազիս-վերնաշենք փիլիսոփայությամբ վերնաշենքն էլ պետք է փոխվի։

Սոցիալական բեռի թեթևացում կկարողանա՞ իրականացնել այս կառավարությունը։ Հաշվի առնելով, որ նոր կառավարությունը նպաստներն ու թոշակները ավելացնելու խոստումներ չտվեց, դա կարո՞ղ է խորացնել անվստահության մթնոլորտը հասարակության մեջ։

Թոշակների ու նպաստների բարձրացման խնդիրը հետևանք է, ոչ թե նպատակ։ Նպատակը տնտեսության զարգացումն է։ Տնտեսության զարգացման հեռանկարում նոր կարող են թոշակները, նպաստները բարձրանալ։ Պետության իրական նպատակը սոցիալական առումով մարդկանց օգնելն է, որ մարդիկ իրենք իրենց աշխատանքով կարողանան իրենց օրվա հացը ապահովել, իրենց ընտանիքը պահել բարվոք։ Սա պետության առաջին նպատակն է։ Իսկ այն, որ մեզ մոտ դա չի ստացվել, և մենք ընտանեկան նպաստ ենք բաժանում և այլն, փորձում ենք մեղմացնել բեռը։ Այսինքն՝ եթե ժամանակին մարդկանց չենք կարողացել ապահովել աշխատանքով, մարդկանց տալ համապատասխան կրթություն, որ դա նրանք կարողանան օգտագործել կրթությունը որպես հիմքերի հիմք աշխատելու, աշխատատեղ ստեղծելու, այ դրա թերությունն է, որ մենք սոցիալական ոլորտում ասում ենք թոշակները կամ նպաստները չբարձրացան: Իսկ եթե Կուտակային կենսաթոշակների մասին օրենքը ասում է՝ պետությունը այս չափով, քաղաքացին այս չափով պետք է  միանան, որ վաղվա կենսաթոշակն ապահովեն, մարդիկ դեմ են սրան։ Մենք ինչպես կարող ենք բարձր կենսաթոշակ ապահովել մի երկրում, որտեղ երեք միլիոն մարդուց աշխատում են 620.000-ը, որտեղ կա 535 հազար թոշակառու։

Եվ այն նորմը, որ ասում ենք՝ մեր երկրում կա շուրջ 30 տոկոս ստվեր, եթե այս նորմը հիմք վերցնեն և համամասնորեն պետական բյուջեին բաժանեն վերցրած գումարները, ապա կենսաթոշակների միջին չափը 41 հազարից կդառնա 50 կամ 53 հազար։ Արդյոք սա՞ է այն չափը, որին քաղաքացին սպասում է: Ոչ։ Հետևաբար, մենք հիմնական նպատակից շեղվածությունը պետք է բերենք դնենք իր տեղը։ Առաջինը՝ քաղաքացին պետք է ստանա կրթություն, երկրորդ՝ քաղաքացին պետք է պետության կողմից ստեղծված հնարավորություն ունենա՝ իր իսկ աշխատանքով իր ընտանիքի խնդիրները, իր կենսաթոշակի խնդիրները լուծելու համար։ Սա բարդ խնդիր է, բայց առանց այս ուղղությամբ գնալու, մենք հաջողություն չենք ունենա։

Կարծում եք՝ 25 տարիների ձախողումները հենց այդ ուղղությամբ չգնա՞լն է եղել։

Այո, այո։