Թրամփի օգտին քվեարկելու նպատակը կարծես գործող համակարգը կոտրելն էր

    • Հարցազրույց - 10 Նոյեմբերի 2016, 18:23
ՌԱՀՀԿ փորձագետ, հոգեբան Արմինե Ղազարյանի հետ զրուցել ենք ԱՄՆ ընտրությունների արդյունքների շուրջ

Արմինե, հենց տեղից ինչպե՞ս դիտարկեցիք ընտրությունները։ Ֆեյսբուքյան քննարկումներում հիասթափությունը մեծ է։ Ի վերջո, ո՞րն է Թրամփի հաջողության գաղտնիքը։

Մարդիկ հոգնել են նույն քաղաքական էլիտայից, հաստատություններից /establishment/,  գործող քաղաքական մշակույթից, հոգնել են կեղծ ժպիտով քաղաքական գործիչներից, որոնց չեն վստահում այլևս և ստախոս են համարում։ Կարելի է ասել, որ համակարգին դեմ քվեարկելու միջոցը համակարգից դուրս /outsider/ թեկնածուի օգտին քվեարկելն էր։ Թրամփը քաղաքական գործիչ չէ։ Նա  «ուրիշն»  էր, «տարբերը» և խոսում էր բոլորից տարբեր՝ հիմնականում չընդունված ձևով և չափանիշներով։ Նա խախտեց ստատուս քվոն։ Նրա անձը, ոճը, ուղերձը օտարեց քաղաքական էլիտաներին, ու ոչ միայն Դեմոկրատական կուսակցությանը, այլ նույնիսկ Հանրապետական էլիտային, որի մեծամասնությունը չէր սատարում իրեն։ Թրամփի ֆոնին  հանրապետական ու դեմոկրատական էլիտաները, համակարգը ավելի ձուլված էին թվում, ընդունված քաղաքական մշակույթի հաստատությունների համերաշխություն և նմանություն կար: Թրամփը 2-ի համար էլ աութսայդեր էր։ Մարդիկ հիմնականում նույնիսկ դեմոկրատ կամ հանրապետականի միջև չդրեցին ընտրությունը, այլ անձերի։

Ինչ վերաբերում է անձերի միջև ընտրությանը. դեռևս ընտրություններից առաջ հայտնի փաստ էր, որ Քլինթոնին ձայն տվող մեծամասնությունը Թրամփի դեմ հատվածն է, այլ ոչ թե Քլինթոնի օգտին քվեարկողները, որոնց մի հատվածն էլ քվեարկության պասիվություն են ցուցաբերել։ Ակնհայտ հակակրանքը Հիլարի Քլինթոնի նկատմամբ գալիս է թե Բիլ Քլինթոնի համակարգում եղած տարիներից, ինչպես նաև հենց իր գործոնից՝ կապված երկար տարիներ համակարգի մասնիկ լինելու, խորհրդանշելու հետ։ Մարդիկ ուղղակի ցանկություն չունեին եկող 4 տարի տեսնեն այդ մարդկանց՝ որպես գործող նախագահական ընտանիք։

Թրամփի հաղթանակը անմիջականորեն Դեմոկրատական կուսակցության մեծ բացթողումների հետևանք էր։ Ինչպես նշեցի, Հիլարի Քլինթոնի անձի նկատմամբ գոյություն ունեցող հակակրանքին դեմոկրատները լուրջ չվերաբերվեցին. Քլինթոնը լավագույն, հաղթական թեկնածուն չէր։ Իրենց անտեղյակությամբ թերագնահատեցին հասարակության, մարդկանց վերաբերմունքի խորությունը։ Ինչպես նաև մի քանի անգամ հնչեցրեցին «her turn»` «իր հերթն է» անզգույշ արտահայտությունը, որը ամերիկյան մարդակենտրոն, անձակենտրոն և անհատականության զարգացած մշակույթում հակազդում կարող էր առաջացնել հենց Թրամփին ընտրելու պատասխանի ձևով, երբ յուրաքանչյուր անհատականություն մտածում է՝ ես պարտավոր չեմ ձեր խաղի կանոններին ենթարկվել, ընտրությունն իմն է։

Ընդհանրապես, այս ընտրությունը ավելի հանրաքվեի է նման, որը դուրս հանեց իրականությունը։

Ինչո՞ւ:

Առհասարակ ես զարմացած եմ, թե հակաթրամփական մտածող կիրթ հատվածը որքան կտրված էր իրականությունից, երկրի իրականությունից, ու ինչպիսի շոկի մեջ հայտնվեցին Թրամփի հաղթանակից։ Խնդիրն այն է, որ այդ հատվածը չի կարողացել կանխագուշակել մոտավոր հաղթանակի տարբերակ։ Այսինքն՝ շատերը չգիտեն, չեն հասկանում, չեն ճանաչում՝ ինչ է կատարվում երկրում։ Մեծ երկրում, որտեղ ինֆորմացիոն հսկայածավալ հոսքերի պատճառով գուցե տարբեր իրականությունների մեջ են ապրում, յուրաքանչյուրն ընտրում է իրեն ընդունելի կամ հարմար ինֆորմացիոն աղբյուր։ Իրականությունների բազմազանությունը կապված է բնակչության բազմազանության հետ, կյանքի բազմակողմանիության հետ։ Բայց ամենով հանդերձ, ընտրության արդյունքները հիմնականում միանման էին երկրով մեկ, առեղծվածը սա է: Եվ նույնիսկ այնտեղ, որտեղ դեմոկրատներն ունեցել են հաղթանակ, բոլոր հնարավոր տեղերում Թրամփը հաղթեց։ Թրամփի օգտին քվեարկելու մարդկանց միասնական, համերաշխության նպատակը կարծես գործող համակարգը կոտրելն էր, ինքնակազմակերպված բողոք։ Ասենք այսպես, օրինակ՝ դիտմամբ վիրուս գցել համակարգչի մեջ, որ կանգնեցնի աշխատանքը և ստիպված թարմացվի։ Իմ կարծիքով, այդպիսի վիրուսի դերում Թրամփն օգտագործվեց։

Բոլոր ԶԼՄ-ները հարցումների արդյունքում Քլիթոնին էին առաջատար համարում, թեև քիչ տարբերությամբ։ Ինչո՞վ էր պայմանավորված արդյունքների՝ հարցումներին անհամապատասխանությունը։

Նախևառաջ, բոլոր ԶԼՄ-ները նշանկալիորեն մի թեկնածուի օգտին էին՝ Քլինթոնի, ու դա կարծես չէր խանգարում ոչ ոքի, քանի որ Թրամփի ծայրահեղ ու անադեկվատ, ռասիստական հայացքների կամա թե ակամա դատապաշտպան ու կրողը չէին ցանկանա դառնալ կամ ասոցացվել որևէ ձևով։

Պարզվում է, նույնը գործել է սոցիոլոգիական հարցումների ժամանակ. մարդիկ, ովքեր պատասխանել են՝ չեմ կողմնորոշվում, հիմնականում Թրամփի ընտրողներն են, որոնք իրենց անհարմար են զգացել ասոցացվել ռասիստի կամ անադեկվատի, կնատյացի հետ։ Փաստորեն, չկողմնորոշվածները իրականում հաստատապես Թրամփի քվեարկողներն են եղել, իսկ Քլինթոնին քվեարկելու կողմ արտահայտածները ավելի պասիվ են գտնվել քվեարկության մասնակցության ժամանակ։ Սա էլ հիմնական տարբերության պարադոքսը։

Ինպես նշեցի, հանրաքվեի նմանված այս ընտրությանը, եթե վաղը, օրինակ, տեսականորեն հաջորդեր մեկ այլ  ընտրություն, Թրամփին դեմ հատվածը և Քլինթոնի կողմնակիցներն իրենց մասնակցությամբ կարծում եմ կարող էին փոխել իրավիճակը, որոնք լուրջ մարտահրավեր չեն ընդունել Թրամփի ոչ անձը, ոչ էլ նրան քվեարկողների ակտիվ մասնակցությունը։

Եվ, ի վերջո, կարո՞ղ է տեղի ուենցածը ազդել հայ-ամերիկյան հարաբերությունների վրա։

Տեղի ունեցածը հայ-ամերիկյան հարաբերությունների հետ կապ չունի, թե ինչպիսին կլինի Թրամփի պաշտոնավարումը Հայաստանի համար, դա մի այլ առանձին թեմա է։

Իսկ եթե այս պահին ավելի կարճ, ապա դեռ ոչինչ պարզ չէ՝ ինչպիսին կլինեն Թրամփի իրական մոտեցումներն ու դիրքորոշումները թե արտաքին, թե ներքին քաղաքականության մեջ։ Իր հաղթական ելույթից հասկանալի էր, որ անադեկվատ, ծայրահեղական և այլատյաց ավելի ձևանում էր, քան կա։ Ինչ խոսք, դա հույս է ներշնչում, սա մեկ։ Եվ երկրորդ, հայ-ամերիկյան հարաբերությունները նախ կախված են Հայաստանի քաղաքական ղեկավարության շնորհաշատ, ինքնիշխան ճկուն  քաղաքական մտքից, կամքից, դիվանագիտական հմտություններից:

Ի վերջո, մի շատ կարևոր և ուշագրավ փաստ նշեմ. արդյունքները վեր հանեցին, ցույց տվեցին, թե ինչպես և որքան լավ է դեմոկրատիան այս երկրում գործում, միևնույն ժամանակ վեր հանեցին երկրի լատենտ խնդիրներից գոնե մի քանիսը, որոնց մասին դեռ կսկսեն խոսել։

Ամենաընթերցվածը