Ռուսաստանը պիտի փլուզվի, որ Հայաստանը փոխի իր քաղաքական, սոցիալական, տնտեսական համակարգը

    • Հարցազրույց - 10 Նոյեմբերի 2016, 13:20
Մեր զրուցակիցն է Ֆլորենցիայում բնակվող քանդակագործ Վիգեն Ավետիսը

Ի՞նչ տպավորություն եք ստացել Հայաստանում տեղի ունեցող փոփոխություններից։ Ձեր կարծիքով՝ հնարավո՞ր է ինչ-որ դրական փոփոխություն ակնկալել նոր կառավարությունից։

Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Հայաստանը ղեկավարվում է Մոսկվայից, հետևաբար մինչև Ռուսաստանում ինչ-որ բան չփոխվի, Հայաստանում ոչինչ չի փոխվելու։ Ուստի ես չեմ սպասում որևէ փոփոխություն։ Սոցիալական փոփոխություններ, իհարկե, լինում են, Մոսկվան հատուկ ուղարկեց Կարեն Կարապետյանին, որպեսզի մի փոքր հանգստացնի ժողովրդին, քանի որ «Սասնա ծռերը» շատ հիմնարար ազդանշան էր չափերն անցած համակարգի համար։ Ժամանակին Խորհրդային Հայաստանը չպայքարեց անկախության համար, այլ ստացավ անկախություն, քանի որ փլուզվեց Խորհրդային Միությունը, ցավոք, հիմա երկրորդ փլուզումը պիտի լինի, Ռուսաստանը պիտի փլուզվի, որ Հայաստանը փոխի իր քաղաքական, սոցիալական, տնտեսական համակարգը և ինքն ընտրի իր առաջնորդներին։

Ինչպես տեսանք, Մոսկվան Հայաստան ուղարկեց իր ամենավստահելի մարդուն՝ դրանով հասկացնելով, թե մենք ենք ղեկավարում։ Կարեն Կարապետյանի մասին ես շատ լավ տպավորություններ ունեմ որպես մարդ, քանի որ համագործակցել եմ նրա հետ, երբ Երևանի քաղաքապետ էր, և բարձր եմ գնահատում նրա ունակությունները։ Ես համոզված եմ, որ նա որոշակի դրական փոփոխություններ կանի, բայց Հայաստանում գործում է ԿԳԲ-ական համակարգը և ով ԿԳԲ-ից չէ, նրան ուղղակի բանտարկում են։ Այսօր Ռուսաստանը իր ԿԳԲ-ական ճյուղերով ղեկավարում է ամբողջ Հայաստանը։ Ես համոզված եմ, որ ինչ-որ փոփոխություններ կլինեն, իսկ փոփոխության նշանը պետք է լինի բոլոր քաղբանտարկյալների ազատ արձակումը։

Ես կհավատամ փոփոխություններին, եթե ազատ արձակվեն ազնիվ հայրենասերները՝ քաղբանտարկյալները և բանտ կնետվեն իրական հանցագործները, հայաստանյան օլիգարխիան՝ ՀՀԿ, ԲՀԿ, ՕԵԿ, ՀՅԴ, ԱԺ մեծամասնությունը, Տիգրան Սարգսյանն այս շարքում առաջինն է, բոլոր նախկին նախարարներն իրենց տեղակալներով և նրանց խամաճիկ թաղային հեղինակությունններով, այս բոլորի ունեցվածքը պետականացվի, այդ դեպքում կընդունեմ, որ ի վերջո փոխվեց իմ երկրի կառավարման ձևը։ Եթե Ժիրայր Սեֆիլյանը, Շանթ Հարությունյանը և մյուսները բանտարկված են, նշանակում է մենք գտնվում ենք օտար ազգի տիրապետության տակ։ Այսպես կարող է շարունակվել, բայց ես մի բանից եմ վախենում, որ Ադրբեջանը նորից պատերազմ կարող է սկսել այն պայմաններում, երբ ազնիվ տղաների մի մասը բանտարկված է, մյուս մասը հեռացել է Հայաստանից։ Շատ վտանգավոր պահ է Հայաստանի համար։ Ուզում եմ Ժիրայր Սեֆիլյանին անդրադառնալ. Չի կարելի ամբողջ շարժման գլխավորին վերցնել բանտարկել։ Ծառուկյանին Գագիկին Դոդի Գագո սարքելը կարող էր, քանի որ նա իր մարդն է, իր ճաշարանի աշխատողը, բայց Ժիրայր Սեֆիլյանը շարժման գլուխ էր կանգնած, դա Դոդի Գագո չէր, Ժիրայր Սեֆիլյանի հետ այնպես, ինչպես վարվեցին, անթույլատրելի էր։ Սա նույնն է, որ վաղը մի խմբավորում բանտարկի Սերժ Սարգսյանին. ՀՀԿ-ն պետք է գնա իր առաջնորդին ազատելու։

Այսինքն՝ կարծում եք, որ այս փոփոխությունները թելադրվա՞ծ էին Ռուսաստանի կողմից՝ հաշվի առնելով հուլիսյան իրադարձությունները։

Այո, հուլիսյան իրադարձություններն ազդանշան էին Ռուսաստանին, ԿԳԲ-ին, որ ժողովրդի համբերությունը հատել է արդեն, և ժողովուրդն այլևս չի դիմանում ու զենքի է դիմում։ Այստեղ ուղղակի Հովիկ Աբրահամյանի բախտը չբերեց։

Հայաստանում ստեղծված իրավիճակին ինչպե՞ս են արձագանքում սփյուռքահայերը։ Գիտենք, որ «Արդարություն Հայաստանում» նախաձեռնություն ստեղծվեց, ստորագրահավաք սկսվեց։ Որքանո՞վ կարող է սփյուռքն ազդեցություն ունենալ Հայաստանում ստեղծված վիճակի վրա, կամ գալ ընտրությունների ժամանակ վերահսկել իրավիճակը։

Ոչ ոք չի կարող ազդել Հայաստանի իրավիճակի վրա, բացի Մոսկվայից։ ԱԳ և Սփյուռքի նախարարները նույնը մնացին, ինչը նշանակում է, որ ՀՀ արտաքին հարաբերություններում փոփոխություն չի լինի, սփյուռքն էլ կմնա պարալիզացված՝ հրանուշա-դաշնակցական պարսպից այն կողմ։ Այսինքն՝ երբ Պուտինի ԿԳԲ-ական համակարգը քանդվի, կաթվածահար լինի, այդ ժամանակ Հայաստանում կարող է բան փոխվել։ Հիմա շատ բաներ կփոխվեն ԱՄՆ-ում նախագահական ընտրություններից հետո։ Իմ անձնական կարծիքով՝ Թրամփի ընտրվելով Ռուսաստանը փրկվում է, այս ընտրություններով որոշվում էր Ռուսաստանի ապագան։ Ռուսաստանի և Անգլիայի շահերն այսօր ինչ-որ տեղ համընկնում են, որոնք դուրս են եկել ԱՄՆ-ի և քաղաքակիրթ աշխարհի դեմ։ Սա շատ վտանգավոր ընդհարում է, նման բան եղել է 1939 թվականին, երբ Երկրորդ համաշխարհային պատերազմը սկսվեց։ Այսօր մենք կանգնած ենք Երրորդ համաշխարհային պատերազմի շեմին։

Դուք մշակույթի դեռ նախկին նախարար Հասմիկ Պողոսյանի հետ համագործակցում էիք, Արցախում սիմպոզիումներ էիք կազմակերպում։ Ի՞նչ ակնկալիքներ ունեք նոր նախարարից, փորձե՞լ եք արդյոք նրա հետ կապ հաստատել, կկարողանա՞ն աջակցել Ձեր նախաձեռնություններին։

Որպես ՀՀ քաղաքացի՝ ուրախ եմ, որ Կարեն Կարապետյանը փոխարինել է Հովիկ Աբրահամյանին, ինձ ուրախացնում է, որ մշակույթի նախարար է դարձել Արմեն Ամիրյանը, որ ՀՅԴ-ն մի քանի քայլ նահանջեց և էկոնոմիկայի նախարարը փոխվեց, թեև նորն էլ մի բան չի։ Ինչ-որ տեղ նույնիսկ ցանկություն է առաջանում մշակույթի նախարարության և անձամբ Կարեն Կարապետյանի հետ համագործակցելու։ Մարդիկ են, որոնց հետ կարելի է սեղանի շուրջ հավաքվել ու զրուցել, հաճելի է այդ մարդկանց հետ շփվել։ Սա դրական է, և ես վստահ եմ, որ սոցիալական խնդիրներ էլ կլուծվեն, ուղղակի այս 20-25 տարիներին մարդիկ այնքան են հիասթափված, որ եթե ոսկու պարկ էլ Կարեն Կարապետյանն ամեն մեկին նվիրի, մեկ է՝ մարդիկ էլի դժգոհ են, որովհետև մարդկանց դժգոհությունը չափ ու սահման չունի։ Այս տարիների ընթացքում իշխանություններն այնքան չափ ու սահման անցան և հիասթափությունն այնքան մեծ է, որ ևս 25 տարի է հարկավոր, որ իշխանությունը կարողանա վստահություն ձեռք բերել քաղաքացիների մոտ։ Եթե անգամ կախարդական փայտիկ հայտնվի Կարեն Կարապետյանի մոտ, այդ փայտիկն էլ օգտագործելով՝ չի կարող նույնիսկ 10 տարվա ընթացքում հավատ ներշնչել քաղաքացիներին։

Մի քանի տարի է Սերժ Սարգսյանը հայտարարում էր, որ իր պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո չի դառնալու երկրի վարչապետ կամ ԱԺ նախագահ, բայց վերջերս «Ալ Ջազիրային» տված հարցազրույցում չի հերքել, որ կարող է հետագայում զբաղեցնել վարչապետի պաշտոնը։ Ինչպե՞ս եք գնահատում այն։

Քանի որ մենք տեսանք, որ Կարեն Կարապետյանին Մոսկվան ուղարկում է Հայաստան և նշանակում վարչապետ, ով այսօր Հայաստանի միտքն ու գլուխն է, չնայած ձևական մաֆիան ղեկավարում է Սերժ Սարգսյանը։ Ես տեսա ՀՀԿ-ականների մի քանի հարցազրույցներ, որոնք իրենց անգրագիտության պատճառով բացեցին փակագծերը, և ես հասկացա, որ եթե Սերժ Սարգսյանը չլինի այսօր այնտեղ, Կարեն Կարապետյանը չի կարող նույնիսկ մեքենա նստել և աշխատանքի գնալ։ Այսինքն՝ այս մաֆիան այնքան վտանգավոր է, որ եթե Սերժ Սարգսյանը նրանց չզսպի, նրանք չեն թողնի Կարեն Կարապետյանին աշխատել, ինչպես չթողեցին քաղաքապետության ժամանակ։ Ուղղակի իմ կարծիքով, անձամբ Պուտինը զանգել ու ասել է՝ էս մարդուն ուղարկում եմ, պետք է նշանակես վարչապետ։ Ու ինչպես Սերժ Սարգսյանից վախենում են ՀՀԿ-ական մաֆիոզները, նույնկերպ ինքը վախենում է ռուսական, պուտինական մաֆիոզներից ու չէր կարող նրան մերժել։ Սերժ Սարգսյանն այս հարցում ստիպված կատարել է Մոսկվայի հրամանը։ Ես վստահ եմ, որ Սերժ Սարգսյանը շատ կուզեր, որ Հովիկ Աբրահամյանը մնար իր պաշտոնում, հլու-հնազանդ ծառայեր իրեն, իր ինչի՞ն էր պետք Կարեն Կարապետյանը։ Փաստորեն Սերժ Սարգսյանի ծրագրերը սրանով խառնվում են, որովհետև տարիներ շարունակ ՀՀԿ-ն ծրագրել էր, թե ինչպես պետք է Սերժ Սարգսյանը ղեկավարի երկիրը, մեկ էլ հանկարծ տրամադրություններ են փոխվում։ ՀՀԿ-ն նույնիսկ փոխեց Սահմանադրությունը, որպեսզի կարողանա երկարաձգել իր իշխանությունը, ու հանկարծ հիասթափությունն այնքան մեծ է, որ ասում են՝ դուք չեք կարողանում ղեկավարել հանրապետությունը։ Եթե Պուտինը որոշել է, որ Կարեն Կարապետյանը պետք է ղեկավարի Հայաստանը, Սերժ Սարգսյանը չի կարող դեմ գնալ նրան։