Մարդիկ կհասկանան, որ Եվրոպական դատարանը արդյունավետ պաշտպանության միջոց է

    • Հարցազրույց - 10 Նոյեմբերի 2016, 10:25
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից ընդդեմ Հայաստանի կայացվող վճիռների խնդրի շուրջ Lragir.am-ը զրուցել է փաստաբան Հայկ Ալումյանի հետ

Պարոն Ալումյան, օրերս ՄԻԵԴ-ը սեփականության իրավունքի խախտման գործով հերթական վճիռը կայացրեց ընդդեմ ՀՀ-ի, և այս անգամ՝ որպես մեղավոր, կոնկրետ անուն նշվեց՝ Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի անունը: Սա ի՞նչ է նշանակում մեր դատական համակարգի համար:

ՄԻԵԴ-ում Հայաստանի Հանրապետության սովորական ու հերթական պարտությունն է: Սա միակ դեպքը չէ, երբ ՄԻԵԴ-ը կոնկրետ դատավորի անուն է տալիս: Ուղղակի առաջին դեպքն է Հայաստանի հետ կապված, երբ կոնկրետ դատավորի են մատնանշում: Բայց դա իրենց մոտ այնքան էլ հազվադեպ չէ: Եթե իրենք խնդիր են ունենում որոշելու՝ վեցերորդ հոդվածի խախտում կա, թե չէ՝ արդար դատաքննության, ապա երբեմն նաև անդրադառնում են կոնկետ դատավորի պահվածքին:

Տեսակետներ են հնչում, որ այս վճռից հետո Մկրտումյանը պետք է հրաժարական տա կամ պետք է պատիժ սահմանվի նրա նկատմամբ: Դուք ի՞նչ կարծիքի եք:

Այս վճիռը մնացած վճիռների շարքից դուրս եկող վճիռ չէ, չպետք է դրա հիման վրա ավելորդ ակնկալիքներ ունենալ: Եվ այս վճիռը մնացած վճիռների շարքում ամենավատը չէ: Բազմաթիվ վճիռներ են այս տարի եղել Հայաստանի դեմ, որոնցից յուրաքանչյուրում Վճռաբեկ դատարանի մեղքը կար:

Հատկապես վերջին շրջանում անընդհատ բարձրացվում է հարցը, որ այն դատավորները, որոնց մեղքով ՄԻԵԴ-ն ընդդեմ Հայաստանի վճիռներ է կայացնում, պետք է պատժվեն կամ փոխհատուցեն այդ գումարները: Սա կարո՞ղ է գործող մեխանիզմ դառնալ:

Հայաստանի դեմ ցանկացած վճիռ կայացվում է հենց այն պատճառով, որ դատական համակարգը թերացել է: Մենք պետք է մեզ համար երկրի ներսում կարողանանք կողմնորոշվել՝ պետք է արդյոք յուրաքանչյուր վճռից հետո նշանակվեն պատասխանատու անձինք և պատասխանատվություն կրեն, թե՞ չէ: Սա ավելի գլոբալ խնդիր է, պետք է լուծվի ոչ թե մեկ վճռի հետ կապված, այլ ընդհանրապես մեկընդմիշտ պետք է որոշվի՝ մենք պետք է արդյոք մտցնենք այնպիսի մեխանիզմներ, որ յուրաքաչյուր վճռից հետո փնտրվեն ու գտնվեն այդ պատասխանատուները:

Իսկ ձեր կարծիքով՝ պե՞տք է պատիժ լինի:

Ես միշտ փորձում եմ խնդրին նայել հետևյալ կերպ՝ եթե ՀՀ դեմ ՄԻԵԴ վճիռ ունենք, ամեն նման ակտ նշանակում է, որ մենք մեղավորներին պետք է փնտրենք առաջին հերթին Վճռաբեկ դատարանում, որը վերին ատյանն է, որը սխալվելու իրավունք չունի: Հիմա, եթե մենք ամեն վճռից հետո փորձենք Վճռաբեկ դատարանին պատասխանատվության ենթարկել, երկու-երեք վճռից հետո մենք Վճռաբեկ դատարան չենք ունենա ուղղակի: Եթե մենք առաջին ատյանի կամ Վերաքննիչ դատարանի դատավորներին ենթարկենք պատասխանատվության, սա էլ կլինի անարդարություն, որովհետև չէ՞ որ այդ դատական ակտերն ի վերջո Վճռաբեկ դատարան են հասել ու այդ ատյանի կողմից չեն փոփոխվել: Այսինքն՝ պատժի պրակտիկ իրագործումը ես լավ չեմ պատկերացնում: Ես դեմ չեմ, կողմնակից եմ, որպեսզի այնուամենայնիվ ինչ-որ մարդիկ պետք է պատասխանատու լինեն այս ամենի համար, բայց պրակտիկ իրագործումը չեմ պատկերացնում: Եթե մենք առաջին ատյանի դատավորին կալանավորենք, էն մարդը չի՞ ասի՝ բա լավ, ես անհիմն վճիռ էի կայացրել, բա Վերաքննիչ դատարանն ի՞նչ էր անում, նրանց ինչո՞ւ չեք պատժում: Անարդարությունը չպետք է ուրիշ անարդարություն ծնի:

Այդ դեպքում ի՞նչ լուծում եք տեսնում:

Ես կարծում եմ, որ դատական համակարգը նախ ինքն իր համար այս վճիռների արդյունքում պետք է հետևություն անի: Ի դեպ ասեմ, ես դեռ չեմ տեսել ՄԻԵԴ մեկ վճիռ, որից հետո մեր ներսում իրավակիրառ պրակտիկայում ինչ-որ դրական բան չփոխվի: Եթե այսօր մենք ունենք դատական համակարգ, որը շատ հեռու է կատարելությունից, դատական համակարգի թերությունը չէ, դա փաստաբանների թերությունն է: Եթե մենք 2004 թվականից ամեն 10-րդ գործով գոնե, որով ապօրինություն էր տեղի ունեցել, դիմեինք ՄԻԵԴ, արդեն 2010 թվականից սկսած մենք ՄԻԵԴ վճիռների արդյունքում Հայաստանում կունենայինք իդեալական դատական համակարգ: Մենք ենք շատ ժամանակ եղել անհետևողական կամ ՄԻԵԴ հարցով ոչ բավարար չափով արհեստավարժ: Թե չէ ցանկացած երկրի դատական համակարգ չունի որևէ ստիմուլ, որպեսզի այսօր ավելի լավը լինի, քան երեկ էր: Ոչ մի դատավոր այսօր չունի պատճառ՝ ձգտի ավելի լավ վճիռ կայացնելու, քան երեկ է կայացրել: Այսինքն՝ իրենց մասնագիտությունն է այդպիսին, որ իրենք ոչ մի խթան չունեն՝ ձգտել, որ այսօրվա վճիռը երեկվանից ավելի լավը լինի: Դատական համակարգը ցանկացած երկրում առողջացել է ու ապագայում էլ կառողջանա միայն ուժեղ փաստաբանության ճնշման տակ: Փաստաբանների ճնշումն այդ թվում հայցերը Եվրպական դատարան ներկայացնելու միջոցով են: Եթե դուք այսօր ունեք պրոբլեմներ դատական համակարգի հետ, դա նշանակում է, որ դուք այսօր պետք է առողջացնեք եւ ուժեղացնեք փաստաբանությունը: Ցանկացած փաստաբան, որը Վճռաբեկ դատարանի վճռից հետո դիմում է ՄԻԵԴ, ինքը դրանով ստիպում է, որ մեր Վճռաբեկ դատարանն ապագայում ավելի լավ աշխատի:

Եթե ՄԻԵԴ ամեն վճռից հետո իրավակիրառ պրակտիկան դեպի լավն է փոխվում, ինչո՞ւ է այնպես ստացվել, որ ընդդեմ ՀՀ ՄԻԵԴ վճիռներն ավելացել են:

Գործերի քանակը կարող է և աճել: Եթե այսօր ունենք ավելի մեծ քանակի վճիռներ, քան անցած կամ նախանցած տարի էր, դա մի քիչ այլ պատճառ ունի: ՄԻԵԴ-ում Հայաստանի անձնակազմը այնտեղ ստեղծել էր մի իրավիճակ, որ հայկական գործերը 2013-2014 թվականներին և մասամբ էլ 2015-ին համարյա չեն քննվել: Սա ջայլամային մոտեցում է եղել, գլուխներն ավազի մեջ են մտցրել, ասել են՝ ամեն ինչ նորմալ է: Բոլորին թվացել է, թե ամեն ինչ լավ է, ոչ, լավ չէ, ուղղակի այդ գործերի քննությունը հետաձգվել է: Մյուս տարի էլ են վճիռները շատ լինելու, էն մյուս տարի էլ: Հայկական գործերն այնտեղ կաթվածահար էին եղել, և հայկական դատավորը իր ժամկետը չլրացած դիմում գրեց ու դուրս եկավ: Իսկ առանց հայկական դատավորի այնտեղ գործերը չէին քննվի, արհեստական կաթվածահար արեցին: Լավ, ասենք նման աճպարարության միջոցով կարողացան մի 2-3 տարի հայկական գործերի քննությունը կաթվածահար անել, բայց դա չի նշանակում, որ այդ գործերը հօդս ցնդեցին: Չէ, ուղղակի կուտակվեցին:

Այսօր ՄԻԵԴ գնացող գործերի թիվը կտրուկ չի ավելացել, այն կուտակված գործերով են մեծ թափով վճիռները կայացվում: Մարդիկ 2012-2015 թվականներին, տեսնելով, որ հայկական գործերը շարժ չունեն, հուսահատվել էին ու որոշել էին չդիմել ՄԻԵԴ: Նաև շատ փաստաբաններ այդ տարիներին հուսահատվեցին: Բայց հիմա, երբ հայկական գործերն այս տեմպով սկսեցին լուծումներ ստանալ, ես կարծում եմ, որ մարդիկ կոգևորվեն ու կհասկանան, որ Եվրոպական դատարանը բավական արդյունավետ պաշտպանության միջոց է:

Ամենաընթերցվածը