Ինչ հետեւանք կունենա ԱՄՆ նախագահի ընտրությունը Հայաստանի համար

    • Հարցազրույց - 09 Նոյեմբերի 2016, 18:41
Քաղաքագետ Միքայել Զոլյանի հետ ամփոփել ենք ԱՄՆ ընտրությունների արդյունքները

Միքայել, բոլոր հարցումները ցույց էին տալիս, որ ընտրություններում հաղթելու է Հիլարի Քլինթոնը, բայց հաղթեց Դոնալդ Թրամփը: Ինչպե՞ս եք գնահատում ընտրությունների արդյունքները:

Խնդիրն այն է, որ հարցումները միշտ չէ, որ հստակ պատկեր են տալիս: Նախ՝ մենք տեսնում ենք, որ բացարձակ թվերով Թրամփի և Քլինթոնի ձայների քանակությունը շատ մոտ է իրար, սոցիոլոգիական հարցման վիճակագրական սխալի սահմաններում է: Բայց կար նաև ավելի լուրջ խնդիր. քանի որ Թրամփի կերպարը բավական հակասական է, նրա ընտրողներից ոմանք հարցման ժամանակ գերադասում էին չասել, թե ում են քվեարկելու: Արդյունքում Թրամփի հաղթանակն անսպասելի էր:

Ընդհանուր առմամբ, կարծում եմ, ամերիկյան ընտրողները մեսիջ ուղարկեցին, որ հոգնել են քաղաքական էլիտայից: Հիլարի Քլինթոնն ընկալվում էր իբրև իշխող էլիտայի, ինչպես ԱՄՆ-ում են ասում, իսթեբլիշմենթի ներկայացուցիչ, այդ պատճառով շատ ամերիկացիներ նրա դեմ էին:

Առայժմ դժվար է ասել, թե ինչ քաղաքականություն է վարելու Թրամփը, նրա խոստումներից շատերը սկզբունքորեն անիրագործելի են: Շատ հարցերում նա ընդհանրապես որևէ կոնկրետ քաղաքականություն չէր առաջարկում՝ սահմանափակվելով այս կամ այս հարցը լավագույն ձևով լուծելու շատ ընդհանուր խոստումներով: Ամեն դեպքում, չեմ կարծում, որ ԱՄՆ քաղաքականության մեջ ինչ-որ հեղափոխական փոփոխություններ կլինեն. անձի ազդեցությունը ամերիկյան քաղաքականության մեջ պետք չէ գերագնահատել:

Սակայն, իհարկե, Հայաստանի նման երկրի համար անգամ ԱՄՆ քաղաքականության ցանկացած փոփոխություններ կարող են լուրջ հետևանքներ ունենալ: Այսպես, Թրամփը խոստանում էր չեղյալ հայտարարել Իրանի հետ միջուկային պայմանագիրը. եթե նա իրոք գնա այդ ճանապարհով, դա լուրջ վտանգներ է պարունակում ողջ տարածաշրջանի համար: Նաև, Թրամփը խոսել է Ռուսաստանի հետ լեզու գտնելու անհրաժեշտության մասին, և հնարավոր է, որ ԱՄՆ կթուլացնի իր ներգրավվածությունը հետխորհրդային տարածությունում: Ամեն դեպքում, Թրամփի օրոք հավանաբար ԱՄՆ քաղաքականության մեջ ավելի կգերակշռեն մեկուսացման միտումները: Բայց, կրկնում եմ, Թրամփը թերևս ԱՄՆ պատմության մեջ ամենաանկանխատեսելի նախագահի թեկնածուն է, այնպես որ, ոչ մի բան բացառել չի կարելի:

Ընտրության արդյունքը հայ-ամերիկյան հարաբերությունների վրա ազդեցություն կունենա՞:

Ընդհանուր առմամբ, հավանաբար ԱՄՆ հետաքրքրությունը մեր տարածաշրջանի և մեր երկրի նկատմամբ ավելի փոքր կլինի, քան այն դեպքում, եթե նախագահ ընտրվեր Քլինթոնը: Քլինթոնը լավ էր տիրապետում տարածաշրջանին, եղել էր Հայաստանում, մասնակցել էր հայ-թուրքական գործընթացին: Թրամփը ակնհայտորեն քիչ հետաքրքրություն է ցուցաբերում արտաքին քաղաքականության նկատմամբ ընդհանրապես, առավել ևս Հարավային Կովկասի կամ Հայաստանի նկատմամբ: Ճիշտ է, խոսվում է նրա բիզնես-հետաքրքրությունների մասին Ադրբեջանում և Վրաստանում, բայց չեմ կարծում, որ դա էլի ինչ-որ զգալի դեր խաղա: Հավանաբար, Հարավային Կովկասի հետ հարաբերություններով կզբաղվեն Պետդեպի համապատասխան պաշտոնյաները, իսկ դա նշանակում է, որ հավանաբար քաղաքական գծի որևէ լուրջ փոփոխություն չի լինի: Բայց, ամեն դեպքում պետք է սպասել, թե ով է ղեկավարելու Պետդեպը, դրանից շատ բան կարող է կախված լինել: