ԱՄՆ-ում համարում են, որ սա վատագույն ընտրություններն են ԱՄՆ-ի համար

    • Հարցազրույց - 09 Նոյեմբերի 2016, 14:51
Մեր զրուցակիցն է «Լուսավոր Հայաստան» կուսակցության Խորհրդի քարտուղար Մանե Թանդիլյանը, ով ԱՄՆ-ում հետևում էր ընտրությունների ընթացքին

Ինչպե՞ս եք դիտարկում ընտրությունների ընթացքը տեղում։

Մեր պատվիրակությունը հրավիրված է Լոս Անջելես ընտրական գործընթացի մասնակիցը լինելու և դիտելու ընտրությունները, արդյունքների ամփոփումը: Ընտրությունները տեղում ընթանում են շատ հանգիստ և բնականոն: Ընտրատեղամասերում մեր պատվիրակությանը հնարավորություն տրվեց դիտելու ընտրության ընթացքը՝ առանց նախապես տեղեկանալու մեր մասնակցության մասին: Մենք հնարավորություն ունեցանք հարցեր տալու հանձնաժողովի անդամներին, ովքեր բարյացակամորեն պատասխանում էին մեր հարցերին: Հատկանշական է, որ ընտրակեղծարարության մասին հարցերն անգամ զարմանք էին առաջացնում հանձնաժողովի անդամների և ընտրողների մոտ:

Ընտրատեղամասերի մոտ որևէ կուտակում կամ ագրեսիվ տրամադրված անձինք ներկա չեն: Որոշ տեղամասերում ուղղակի անուն-ազգանուն են հարցնում քվեաթերթիկը տալուց և անձը հաստատող որևէ փաստաթուղթ չեն հարցնում: Չկան նաև վստահված անձինք և լրագրողներ: Տիրում է վստահության համատարած մթնոլորտ:

Ընտրատեղամասը բացվում է առավոտյան ժամը 7-ին և փակվում է երեկոյան ժամը 8-ին: Մենք ներկա էինք նաև ընտրատեղամասի փակման արարողությանը, որն իրենից ներկայացնում էր քվեաթերթիկների հաշվարկ և տեղափոխում կենտրոնացված հաշվարկի համար նախատեսված տարածք: Փաստացի հաշվարկ ընտրատեղամասում տեղի չունեցավ, միայն կազմվեց արձանագրություն, որը ավտոմատ տպվեց ընտրատուփից:

Ինչո՞վ են առանձնանում այս ընտրությունները։

Այս ընտրություններն առանձնանում են նրանով, որ ԱՄՆ քաղաքացիներն անգամ զարմացած են, թե ինչքան անհաջող են երկու թեկնածուն էլ: Կարծես թե առաջին անգամ է, որ ԱՄՆ-ն ընտրում է չարյաց փոքրագույնին, և սրանով նմանվում է Հայաստանյան նախագահական ընտրություններին: Երկրորդ առանձնահատկությունն այն է, որ ամերիկացիները նշում են, թե թեկնածուները երբեք այսքան անձնական հակափիարով զբաղված չեն եղել՝ փոխարենը սեփական արժանիքներից խոսելու: Սա լուրջ հիասթափության պատճառ է դարձել իրենց համար, և համարվում է, որ սա վատագույն և ոչ բնական ընտրություններն են ԱՄՆ-ի համար: Ամերիկացիները հույս ունեն, որ իրենց համակարգը այնպես է աշխատում, որ նախագահը, թեպետ շատ կարևոր է, բայց միայնակ որոշող ֆիգուր չէ, կա կոնգրես, կան զսպող և հավասարակշռող պետական լծակներ և կառույցներ:

Որքանո՞վ հայ համայնքը ակտիվորեն մասնակցեց ընտրություններին։

Հայ համայնքի հետ այստեղ ուղղակի կապի մեջ չենք եղել: Մենք հնարավորություն ենք ունեցել ներկայացնելու Հայաստանը համայնքի ակտիվ անդամներին և այստեղ ներկա են եղել ազգությամբ  հայ ԱՄՆ բազմաթիվ ակտիվ քաղաքացիներ, ովքեր պատրաստվում էին մասնակցել նախագահական ընտրությունների և որպես երկրի քաղաքացի՝ համարում էին դա կարևոր գործընթաց: Շատ հույս ունեին, որ մեզ հետ նոր հմտություններ կտանենք Հայաստան՝ թափանցիկ և արդար ընտրություններ անցկացնելու նպատակով:

Ասում են հայ համայնքը չուներ թեկնածու այս ընտրություններում, և արդյոք չկողմնորոշված լինելը չի նվազեցնում հայկական գործոնի դերը։

Այս ընտրություններին հայկական համայնքն առանձնահատուկ չի կողմնորոշել ԱՄՆ հայազգի քաղաքացիներին Թրամփի կամ Քլինթոնի օգտին: Երկուսն էլ չեն ներկայացել որպես ամենալավ թեկնածուն հայկական համայնքի համար: Փաստացի ամեն մեկը ընտրել է առանց ուղղորդման՝ իր խղճից, հավատից և նախասիրություններից ելնելով: Հայկական համայնքը տարիներ շարունակ եղել է կողմնորոշված, սակայն սա որևէ կերպ չի լուծել հայոց ցեղասպանության խնդիրը, որը լոբբինգ է անում ամբողջ ԱՄՆ հայկական համայնքը: Սա թույլ է տալիս ենթադրել, որ ցեղասպանության ճանաչման հարցում էական ազդեցություն չի ունենում կողմնորոշված լինելը: Էական նշանակություն կարող է ունենալ Հայաստանի Հանրապետության ամրապնդումը՝  որպես ուժեղ,  անկախ և ինքնաբավ պետություն:

Անակնկա՞լ էին արդյունքները, և ի՞նչ կարող է փոխել սա հայ-ամերիկյան հարաբերությունների հեռանկարում:

Արդյունքները անակնկալ էին բոլորի համար, անգամ նրանց, ովքեր Թրափին էին ընտրում: Կարծում եմ՝ այս իրադարձությունը դեռ պետք է իմաստավորել և հասկանալ՝ թե արդյունքները, թե պատճառները: Իրականում, ԱՄՆ-ի նախագահները միայնակ որոշումներ կայացնողներ չեն, սակայն պետք է ակնկալել արտաքին քաղաքականության որոշակի ուղղվածության: Թրամփը հանդես է գալիս որպես գործընկերային հարաբերությունների ջատագով: Կարծում եմ, որ Հայաստանի հետ հարաբերությունների վրա էական ազդեցություն չի ունենա: