Ինչ անել որակ փոխելու եւ թռիչք ապահովելու համար

    • Հարցազրույց - 09 Նոյեմբերի 2016, 12:48
Մեր զրուցակիցն է ծրագրավորող Արթուր Ղազարյանը

Երեկ վարչապետը ՏՏ ոլորտի ներկայացուցիչներին ասել է, որ թռիչք անելու, որակ փոխելու առումով հույսը կապում է նրանց հետ: Եվ նրանցից ծրագրեր է ուզել: Իբրև ոլորտի ներկայացուցիչ՝ ինչպե՞ս եք գնահատում նման քայլը:

Չեմ թաքցնի, որ Կարեն Կարապետյանի և նոր անբիծ անցյալով մի քանի նախարարների նշանակումը ես ևս ողջունել եմ, և սկզբնական շրջանում հույս ունեի, որ նա իրոք շեշտակի փոփոխությունների կգնա: Սակայն կառավարության ծրագիրը կարդալուց և կառավարության վերջին 1,5 ամսվա նիստերի օրակարգերը ուսումնասիրելուց հետո փոխել եմ կարծիքս: Նրանք ուղղակի ժամանակ են ձգում մինչև առաջիկա՝ ապրիլի 2-ի ԱԺ ընտրությունները: Նույն մոտեցումները ես տեսնում եմ ՏՏ ոլորտի հետ հանդիպումներում: Նախ սկսենք նրանից, թե ում հետ է հանդիպում նոր վարչապետը: Կարեն Կարապետյանը հանդիպում է նույն այն մարդկանց հետ, ովքեր որպես ՏՏ ոլորտի գրպանային ներկայացուցիչներ տարիներ շարունակ հանդիպում են նախկին վարչապետների և նախագահների հետ: Այդ ՏՏ ոլորտի մարդիկ մինչև այսօր նույնպես օգտվել են վարկային բազմամիլիոնանոց և արդյունքները չվերլուծած ծրագրերից, բյուջեի սուղ հատկացումներից:

Եթե վարչապետը ուզում է կոնկրետ ծրագրեր, թե ինչպես շեշտակի փոխել ՏՏ ոլորտի իրավիճակը, ես ունեմ իմ մոտեցումներն այդ հարցում:

Օրինակ, ինչպիսի՞ մոտեցումներ կան, հնարավորություն չի՞ եղել Դուք էլ ներկայացնեիք դրանք վարչապետին:

Ես վարչապետին կառաջարկեի գույքագրել տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետներ պատրաստող ԲՈՒՀ-երի ծրագրերը, դասավանդվող առարկաների ցանկը, կկրճատեի հնացած, ծրագրավորումից հեռու դասախոսական կազմը: Կուղարկեի բոլորին տուն:

Երկրորդ քայլով կառաջարկեի հանրապետականացված ԲՈՒՀ-երում արգելել երիտասարդական հանրապետական միության գործունեությունը, որը ուսանողներին ուսման վարձի հատուցում տրամադրելով՝ ուղղակի խեղում է ապագա մասնագետներին, ուղղակի գնում է նրանց հոգիները:

Երրորդ՝ ես բոլոր ՏՏ մասնագետների համար կստեղծեի պայմաններ, որպեսզի նրանք մուտք գործեն դպրոցներ և սկսեն ինֆորմատիկա առարկայի իրական դասերը: Բոլոր մասնագետներին, ովքեր կդասավանդեն դպրոցներում, կտրամադրեի հարկային արտոնություներ, կազատեի նրանց եկամտային հարկի վճարումից:

Չորրորդ՝ ես կհրավիրեի աշխարհի լավագույն ՏՏ մասնագետներին այստեղի ԲՈՒՀ-երում դասավանդելու, կվճարեի նրանց կացության և տեղափոխման ծախսերը: Կբերեի լավագույն պրակտիկաներն այստեղ:

Հինգերորդ՝ ես գումարներ կհատկացնեի, առցանց անգլերեն դասընթացները հայերեն թարգմանելու կամ հասանելի դարձնելու այստեղ: Coursera, EDx առցանց կայքերով կարելի է այսօր անվճար ուսում ստանալ աշխարհի հռչակավոր դասախոսների մոտ` MIT, Harvard, Berkley, Oxford: Թուրքիայի կառավարությունը տարեկան մոտ 250 մլն դոլար հատկացնում է թուրք մասնագետներին թուրքերենով այդ նյութերը հասանելի դարձնելու համար: Մեր համալսարանները չեն գիտակցում, որ արդեն փակված են:

Այո, առցանց ուսուցումը հեղաշրջել է աշխարհը: Իսկ մենք դեռ ուսուցանում ենք այն առարկաները, որ 30 տարի առաջ են դասավանդվել: Պետք է հասկանալ, որ տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետները բաց աշխարհի քաղաքացիներ են: Նրանք չունեն սահմաններ: Եվ նրանց արտահոսքը շատ հեշտ է: Այսօրվա աշխարհը խելացիների մտքի թռիչքի աշխարհ է, այլ ոչ թե զոռբա կուսակցականացված սաքուլիկների: Իսկ մեզ մոտ դեռ ֆակուլտետ են օրհնում ռեկտորի մասնակցությամբ: Պատկերացնում եք, 21-րդ դարում:

Պրն Ղազարյան, Տիգրան Սարգսյանն էլ շրջանառության մեջ դրեց գիտելիքահենք տնտեսություն ունենալու գաղափարը, ինչը դարձյալ մնաց թղթի վրա։ Կարծում եք՝ այս անգա՞մ էլ նույնը կկրկնվի։

Գիտեք, Տիգրան Սարգսյանի հայկական աշխարհ, տարածաշրջանի ֆինանսական կենտրոն, համահայկական բանկ ծրագրերը որտե՞ղ են... Չկան: Իսկ որտե՞ղ է Տիգրան Սարգսյանը: Մոսկվայում ԵՏՄ պաշտոնյա է: Միգուցե Մոսկվայում աշխատանքն է որոշ մարդկանց երազանքը, բայց ոչ մեր: Կարեն Կարապետյանը կազմել է ծրագիր, մի քանի էջով ներկայացնում է տնտեսության բոլոր բնագավառները`տրանսպորտ, կրթություն, գյուղատնտեսություն, արտաքին հարաբերություններ: Բայց Օբամայի միայն առողջապահության բարեփոխման ծրագիրը 25.000 էջ էր, որտեղ գրված էր ով, երբ, ինչ պետք է անի: Կարապետյանի ծրագրում չկա կոնկրետություն, դա բարի ցանկությունների կենացաճառ է: Ոչ ավել: Կտեսնենք նախընտրական պոպուլիզմից հետո ինչ են անելու:

Ֆինանսների նախարարության կայքից կարող եք ծանոթանալ, որ 2016 թվականի վերջին երեք ամսում ՀՀ պարտքը` ներքին և արտաքին, աճել է մոտ 250 մլն դոլարով, այսինքն՝ ամեն օր մենք պարտք ենք վերցնում 2.7 մլն դոլար: Սա իրոք մտահոգիչ է: Եթե կարող բոլոր ուժերը այսօր չաշխատեցվեն, այլ շարունակեն անգործության մատնվել, մենք կկորցնենք պետականությունը: Կարմիր գծերի փոխարեն թող պետականացնեին պղնձի և մոլիբդենի հանքերը: Դա արդեն լուրջ կլիներ:

Հարկային նոր օրենսգրքից դժգոհ են հենց ՏՏ ոլորտի մասնագետները։ Կիսո՞ւմ եք մտահոգությունը, հնարավո՞ր է՝ սա արտագաղթի նոր ալիք բարձրացնի։

Հարկային նոր օրենսգիրքը նոր վարչապետի նշանակման օրը ԱԺ-ում հանվել էր շրջանառությունից: Մտածել էին, որ իրոք պետք է նոր վարչապետը այն հիմնովին փոխի: Բայց, ավաղ, ոչ: Օրենսգիրքը բերվեց նորից ԱԺ օրակարգ և ընդունվեց վերջնականապես: Եկամտային հարկի բեռը այդ օրենսգրքում աճել է: Չմոռանանք նաև կենսաթոշակային սպասվող պարտադիր մուծումները: Այսինքն՝ աշխատողների հարկային բեռը ավելանում է: Եվ ամենահիմնական պայմանը, որ շահութահարկը պետք է հավասարեցվի եկամտային հարկին՝ սկզբից կար նախագծում, հետո հանվեց: Իրավաբանական անձի շահույթը` շահութահարկի տեսքով և ֆիզիկական շահույթը` եկամտային հարկի տեսքով պետք է հավասար լինեն: Իսկ նոր օրենսգրքով դա չարվեց: Իսկ արտագաղթի հիմնական ալիք, բացի այս սոցիալական, հանրության արդարության հարցերից` մնում է չլուծված ղարաբաղյան հարցը: Պատերազմի վտանգը ուղղակի դուրս է մղում արական սեռի բնակչությանը երկրից: Սրա մասին էլ են մոռանում: Եվ ի վերջո օրենսգրքերը, օրենքները այստեղ միայն հարկահավաքության համար են գործում, այն էլ ոչ բոլորի: Եթե ամեն մի նոր նախարար խոսում է «խաղի նոր կանոններից», ապա ինչ օրենք, օրենսգիրք պետք է գործի: Բոլորին թվում է, թե ինքը պետք է խաղի կանոն սահմանի՝ մոռանալով, որ կառավարումը խաղ չի, և պետք է գործեն օրենքները, ոչ թե նորանոր կանոններ ստեղծվեն:

Ի՞նչ եք կարծում՝ քառօրյա պատերազմից հետո որքանո՞վ են վերանայվել ՏՏ ոլորտի առաջնահերթությունները, որքանո՞վ է փոխվել վերաբերմունքը ոլորտի նկատմամբ։ Եվ արդյոք ՏՏ ոլորտի արտադրանքը իրացման շուկա ունի Հայաստանում։

Քառօրյա պատերազմը ի հայտ բերեց իրական վիճակը: Բոլորը հասկացան, որ տանկերը թղթի պես խոցվում են` իսրայելական բարձրտեխնոլոգիական զենքի կողմից: Կադրային փոփոխություններ եղան, բայց պատասխանատվության ոչ մեկը չկանչվեց: Գիտեք, անկեղծ չեմ հավատում, որ հասարակ արդյունաբերությունից զրկված Հայաստանը ունակ է հիմա բարձրտեխնոլոգիական արտադրության: Նույն Տիգրան Սարգսյանը ասում էր, որ մենք դարձել ենք ծառայություններ մատուցող երկիր, մեզ արդյունաբերություն պետք չի: Իսկ բարձրտեխնոլոգիական զենքի արտադրության համար պետք են ոչ թե հասարակ, այլ բարձրակարգ ինովացիոն գիտելիքների տեր մարդիկ: Պետք են մշակումների ընդունված ստանդարտներ:

Օրինակ, CMMI ստանդարտը ընդունվել է ի սկզբանե որպես նախապայման ԱՄՆ պաշտպանական ոլորտի պատվերները կատարելու համար: Չես բավարարում այդ պահանջին, պետական պաշտպանական պատվեր չես ստանում: Եթե հիմնարկը չի համապատաստանում ներքին պրոցեսների CMMI ստանդարտին, ապա որևէ պետական պատվեր, առավել ևս պաշպանական, նրանք ստանալ չեն կարող: Նույնը վերաբերում է բյուջեից սնվող պատվերներին և աշխատանքներին: Բոլոր մատակարարները պետք է անցնեն նմանատիպ հավաստագրում: Մեզ մոտ սա չկա: Պետք է սահմանել, որ ՊՆ-ի պատվերները կատարող հիմնարկները պետք է անցնեն CMMI հավաստագրում: Եթե աշխատենք այս ուղղությամբ, ամեն բան հնարավոր է ստեղծել, ուրիշ բան՝ դրա ժամանակը մեզ տրվա՞ծ է, թե ոչ...