Միայն քաղաքական շրջադարձի դեպքում է հնարավոր ակնկալել տնտեսական աճի ռեսուրսներ

    • Հարցազրույց - 08 Նոյեմբերի 2016, 18:36
Lragir.am-ի զրուցակիցն է տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը

Պարոն Եղիազարյան, 2017 թվականի բյուջեի նախագծի քննարկման շրջանակներում կառավարության անդամները շեշտադրեցին, որ Ռուսաստանի տնտեսության վիճակը հաջորդ տարի ավելի լավ է լինելու, հետևաբար, դա դրական կանդրադառնա Հայաստանի տնտեսական աճի վրա: Որքանո՞վ է հիմնավոր այս գործոնը:

Դա ինքնին արդեն ռիսկ է՝ մեր տնտեսական աճը և բյուջեի պլանային ցուցանիշները Ռուսաստանի տնտեսական իրավիճակի հետ կապելը, մի երկրի, որը գտնվում է կոշտ պատժամիջոցների ներքո և որի նկատմամբ այդ մեկուսացման օղակը սեղմվում է: Դա արդեն ինքնին ռիսկային է: Ես չգիտեմ, թե ինչ գնահատականների վրա է հիմնված Ռուսաստանի տնտեսական աճի վերաբերյալ նման կանխատեսումը, որովհետև այն նույնպես ունի շատ մեծ հարցականներ: Այդ կանխատեսումներն անընդհատ փոփոխվում են, բացի այդ, չեմ կարծում, թե ճիշտ է ռուբլով տնտեսական աճի հաշվարկումը: Երբ մենք դիտարկում ենք Ռուսաստանի ՀՆԱ-ն դոլարային արտահայտությամբ, կտեսնենք, թե ինչքան անկում է ապրել այն: Եվ բացի այդ, Ռուսաստանը որոշակի տնտեսական ու բյուջետային խնդիրներ առայժմ լուծում է ի հաշիվ պահուստների: Իսկ պահուստներն անսպառ չեն: Ռուսաստանում արդեն լուրջ մտահոգված են այդ պահուստների ծախսմամբ: Եվ հարց է, թե ինչպիսի վարքագիծ կդրսևորի Ռուսաստանի տնտեսությունը դրանից հետո, ինչ վարքագիծ կդրսևորի ռուբլին: Մենք տեսնում ենք, որ այսօր նավթային այնպիսի երկիր, ինչպիսին Վենեսուելան է, ինչ վիճակում է հայտնվել:

Սրանք հարցեր են, որոնք կան, ռեալ են, իրական ու շոշափելի: Բացի այդ, արդեն խոսում են Ռուսաստանի նկատմամբ սպասվող նոր պատժամիջոցների մասին: Պետք է նկատի ունենանք, որ Ռուսաստանի նկատմամբ դիրքորոշումն էլ ավելի կխստացվի ամերիկյան նախագահական ընտրություններից հետո: Արդեն խոսակցություններ կան, որ Ռուսաստանի նավթի նկատմամբ նույնիսկ էմբարգո կարող է կիրառվել: Ի վերջո, կապելով մեզ այդ տնտեսության, այդ տարածքի հետ, այդ բոլոր ռիսկերը նաև իր վրա է կրում Հայաստանը: Միանշանակ, Ռուսաստանի տնտեսության դինամիկայի կանխատեսման վրա հիմնվելը շատ թույլ հիմնավորում է, նաև պլանավորման համար ոչ ճիշտ ելակետ: Ի վերջո, Ռուսաստանից դեպի Հայաստան ուղղակի ներդրումներ չկան, նաև տրանսֆերտներն են անկում ապրել: Հետևաբար Ռուսաստանի 1.2 տոկոս տնտեսական աճը չի նշանակում, թե կարող են վերականգնվել նախկին ծավալները:

Այսինքն՝ եթե բյուջեն այս հիմքով է կազմվում, արդեն իսկ ռիսկայի՞ն  է:

Այո: Այսինքն՝ ի սկզբանե հիմնավորումը, որ 3.2 տոկոս աճ կլինի, արդեն ռիսկային է: Այսինքն՝ այն, որ Հայաստանի տնտեսական աճի ռեսուրսներն ըստ էության սպառվել են, և ինքնին որպես աճի ռեսուրս դիտարկել Ռուսաստանի տնտեսության աշխուժացումը, մի քանի տոկոսով վերականգնումը, դա շատ թույլ հիմնավորում է:

Կառավարությունը մտադիր է բարելավել ներդրումային դաշտը, նաև դա է որպես տնտեսական աճի գործոն նշվում: Անգամ կանխատեսվում է, որ հնարավոր է տնտեսական աճը 3.2 տոկոսից ավելին լինել: Ի՞նչ եք կանխատեսում Դուք:

Դրանք խոսքեր են: Աճ կարող է լինել միայն մի դեպքում, երբ աճի ռեսուրսներ լինեն: Իսկ դրա համար նախ և առաջ ուղղակի ներդրումներ պետք է լինեն, որոնք մենք կարող ենք սպասել Եվրոպայից, ԱՄՆ-ից: Իսկ այդ առումով մենք սահմանափակումներ ունենք, մենք մեզ դարձրել ենք Ռուսաստանի տնտեսական ու քաղաքական տարածքի մաս: Դա ինքնին արդեն ներդրումների ներգրավման համար վանող միջավայր է, որովհետև Ռուսաստանի նկատմամբ կիրառվում են պատժամիջոցներ, ներդրումները Ռուսաստանից փախչում են: Եվ փաստացի ստացվում է, որ ներդրումները փախչում են նաև Հայաստանից: Նման պարագայում աճ ակնկալել հնարավոր չէ: Միայն քաղաքական շրջադարձի դեպքում է հնարավոր ակնկալել աճի ռեսուրսներ:

Բացի այդ, հետաքրքիր է, որ այս բյուջեում չի քննարկվել այն, որ նաև կան այլ ռիսկային գործոններ: Դժվար է այս պահին կանխատեսել, թե ինչպես կդրսևորի իրեն դրամը, բայց վերջին օրերին մենք նկատում ենք դրամի որոշակի արժեզրկում: Դա ունի պատճառներ: Դժվար չէ կռահել, որ դրա պատճառներից կարող է լինել կապիտալի արտահոսքը Հայաստանից, նաև արտագաղթը, մարդիկ վաճառում ու հեռանում են, դոլար է անհրաժեշտ: Իհարկե, մինչև այս պահը դրամը հնարավոր է եղել չարժեզրկել այն բանի շնորհիվ, որ ներմուծումն է կրճատվել: Բայց կապիտալի արտահոսքն ինքնին նշանակում է, որ երկրից դոլար է դուրս գալիս: Դա իր հերթին ճնշող ազդեցություն է ունենում դրամի վրա: Բացի այդ, արտաքին պարտքի սպասարկումը նույնպես մեծ բեռ է, այդ սպասարկումը նույնպես դոլարով է իրականացվում: Դրանք խնդիրներ են, որոնք լուրջ ռիսկեր են ստեղծում:

Հայտնի դարձավ, որ ԵՏՄ ընդհանուր կաթսայից այս տարվա 10 ամիսներին Հայաստանին ընդամենը 43 մլրդ դրամ մաքսատուրք է բաժին հասել: Կանխատեսվում, է, որ նախորդ տարվա համեմատ Հայաստանին բաժին մաքսատուրքերը կնվազեն 6 մլրդ դրամով: Այսինքն՝ հնարավոր չի՞ լինում նախօրոք խոստացված թիվը ապահովել:

Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ ԵՏՄ երկրների ներմուծումն էապես կրճատվել է, հետևաբար մաքսատուրքերը ևս կրճատվել են: Դա պայմանավորված է ԵՏՄ երկրների, նախ և առաջ Ռուսաստանի տնտեսական իրավիճակով: Բացի այդ, եթե ակնկալվում էր, որ մաքսատուրքերի պահով Հայաստանը կարող էր մեծ ծավալ ունենալ, մյուս կողմից չէր ասվում, որ Հայաստանը կարող է տուժել այլ հարկատեսակների գծով: Այսինքն՝ երրորդ երկրների հետ առևտրի սահմանափակումը չէին կարող փոխհատուցել այն մուտքերը, որոնք կարող էինք ստանալ ընդհանուր մաքսատուրքերից: Եվ կյանքը ցույց տվեց, որ չեն կարողանում ապահովել նույնիսկ նախկին մակարդակի մաքսատուրքերի հավաքագրումը: Հետևաբար, այդ փաստարկը նույնպես խաբուսիկ ու չհիմնավորված էր: Եթե նույնիսկ մաքսատուրքերն ավելանային, դա չէր նշանակում, որ Հայաստանը պետք է անդամակցեր ԵՏՄ-ին: Եթե նույնիսկ նախատեսվածից շատ ավելին  լինեին մաքսատուրքերը, դա չէր նշանակում, որ Հայաստանի տնտեսությունը դրանից կշահեր: