Հենց որ Սերժ Սարգսյանի իշխանությունը սասանվի

    • Հարցազրույց - 07 Նոյեմբերի 2016, 11:39
Մեր զրուցակիցն է քաղաքագետ Միքայել Զոլյանը

Միքայել, ինչպե՞ս եք գնահատում Հայաստանում ընտրություններից վեց ամիս առաջ ստեդծված իրավիճակը։ Կառավարությունը գազի և էլէներգիայի սակագնի նվազեցման քայլեր է կատարում, ինչպես նաև ճանապարհային երթևեկության կազմակերպման ոլորտում փոփոխություններ է կատարում։ Վարչապետը հայտարարում է, որ մենք տարբերակ չունենք լավ երկիր չկառուցելու, բայց դրան պետք է մասնակցեն բոլորը։ Նախըտրական ակցիա՞ են, թե՞...

Իհարկե այս ամենը պետք է դիտարկել ընտրությունների համատեքստում: Սակայն, միևնույն ժամանակ, կարծում եմ իշխանության մեջ կան խմբեր և անհատներ, որոնք գիտակցում են, որ այն կառավարման համակարգը, որը Հայաստանում առկա է, խիստ ոչ էֆեկտիվ է և, եթե բարեփոխումներ չլինեն, հնարավոր են շատ լուրջ խնդիրներ: Թե կոնկրետ ինչ խնդիրներ` դժվար է այսօր ասել, ամեն ինչ էլ հնարավոր է՝ սկսած դեֆոլտից, վերջացրած Սասնա Ծռերի նման գործողություններով: Այնպես որ, կարծում եմ, իշխանության առնվազն մի մասի մոտ կա համակարգը բարեփոխելու ցանկություն: Բայց, կարծում եմ, ցանկացած իրական բարեփոխում հանդիպելու է շահագրգիռ խմբերի լուրջ դիմադրության: Իսկ այն, ինչ այսօր տեսնում ենք, առայժմ այնպիսի մասշտաբի գործողություններ չեն, որ ցույց տան իշխանությունների իրական նպատակները՝ նրանք պատրաստվում են բարեփոխումներ իրականացնել, թե ոչ:

Ի՞նչ իրավիճակ է ընդդիմադիր դաշտում։ Շատ է խոսվում, որ իրական ընդդիմադիրները պետք է միավորվեն, որ հաջողություն արձանագրեն եկող ընտրություններին։ Որքանո՞վ է դա իրատեսական։

Կարծում եմ՝ ՏԻՄ ընտրությունները լուրջ ազդանշան դարձան ընդդիմության համար, քանի որ ցույց տվեցին, որ առանձին-առանձին ընտրությունների գնալով լուրջ հաջողություններ սպասել չի կարելի: Ավելին, ընտրություններից հետո տեղի ունեցած զարգացումները, մասնավորապես այն, թե ինչպես նշանակվեցին քաղաքապետերը Գյումրիում և Վանաձորում, նաև ցույց տվեցին, որ իշխանությունը պատրաստ է ցանկացած մանիպուլյացիաների, որպեսզի չընդունի իր պարտությունը: Արդյոք այս դասերը կհիշվեն մինչև ապրիլ, թե գաղափարական և անձնական հակասությունների պատճառով այդ միասնությունը չի կայանա, առայժմ դժվար է ասել:

Ինչպե՞ս եք գնահատում Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը, որ եթե անհրաժեշտ լինի, ինքը կվերադառնա քաղաքականություն։ Սա Գագիկ Ծառուկյանի՞, թե իշխանության հաշվարկներն են քաղաքականություն վերադարձնելու:

Կարծում եմ, Գագիկ Ծառուկյանի հայտարարությունները պետք է դիտարկել ավելի լայն համատեքստում: Սասնա Ծռերի գործողությունից հետո իշխանությունը հասկացավ, որ այն իրավիճակը, երբ քաղաքական ընդդիմությունը խիստ թուլացված է, դեռ չի երաշխավորում իշխանությունների այսպես ասած հանգիստ կյանքը: Ընդհակառակը, քանի որ իրավիճակը երկրում բարվոք չէ, մարդկանց դժգոհությունը ավելի արմատական ձևերով է դրսևորվում: Կարծում եմ՝ իշխանությունը դա հասկացել է, բայց, բնականաբար, պատրաստ չէ հանդուրժել իրապես ուժեղ և անկախ ընդդիմադիր դաշտի գոյությունը: Հետևաբար, իշխանությանն անհրաժեշտ է ստեղծել բազմազան և հզոր ընդդիմադիր ուժերի գոյության պատրանք: Այդ համատեքստում իշխանության համար ձեռնտու է, որ լինեն կուսակցություններ կամ գործիչներ, որոնք թեև ընդդիմադիր դիրքերից են հանդես գալիս, բայց իշխանության համար վերահսկելի են: Սա իհարկե չի նշանակում, որ բոլոր այդ գործիչները իշխանությունների դրածոն են, բայց ամեն դեպքում իշխանությունը հանդուրժում է նրանց, քանի որ գիտի, որ նրանք վերահսկելի են, օրինակ՝ բիզնեսներ ունեն, որոնցից կարող են զրկվել, եթե իշխանության տեսակետից անընդունելի քայլեր անեն:

Կարծում եմ, մինչև ընտրություններ փորձ կարվի քաղաքական դաշտի բազմազանության պատրանք ստեղծել: Դրա միջոցով, մի կողմից, կլեգիտիմացվի Հանրապետական կուսակցության ապագա հաղթանակն ընտրություններում, մյուս կողմից կստեղծվեն խողովակներ մարդկանց դժգոհությունը իշխանության համար անվտանգ ուղղությամբ տանելու համար:

Շարունակում են նոր կուսակցություններ, նոր շարժումներ առաջանալ: Որքանո՞վ է հնարավոր՝ ինչ-որ պահից իրավիճակը դուրս գա իշխանության գծած սահմանից։

Թե ինչու են այդ կուսակցությունները ստեղծվում, արդեն ասացի: Իհարկե, հնարավոր է, որ իրավիճակը դուրս գա իշխանության վերահսկողությունից: Հենց որ կիսա-ընդդիմադիր կամ կեղծ-ընդդիմադիր ուժերը զգան, որ իշխանությունը տապալման եզրին է, նրանք առաջինը կհայտնվեն հակաիշխանական ճամբարում, առավել ևս, որ նրանց նույնիսկ պետք չի լինի փոխել իրենց հռետորաբանությունը՝ չէ որ նրանք միշտ «ընդդիմադիր» են եղել: Ավելին, հենց որ Սերժ Սարգսյանի իշխանությունը սասանվի, միանգամից կտեսնենք բազմաթիվ հանրապետականների և իշխանության այլ ներկայացուցիչների, որոնք միանգամից կհայտնվեն նրա հակառակորդների ճամբարում: Հիշեք, թե ինչ եղավ Կոմկուսի հետ 1991 թ-ին, կամ Յանուկովիչի Ռեգիոնների կուսակցության հետ Մայդանից անմիջապես հետո: Սակայն, այս ամենը տեղի կունենա միայն իշխանության լուրջ ճգնաժամի դեպքում, առայժմ իշխանությունը հիմնականում վերահսկում է իրավիճակը:

Ի՞նչ եք կարծում, կարճ ժամանակում այս կառավարությունը կարո՞ղ է հաջողել։

Նայած ինչ ի նկատի ունենք հաջողել ասելով: Եթե խոսքը սոցիալ-տնտեսական իրավիճակի որոշակի բարելավման մասին է, ապա, կարծում եմ, դա հնարավոր է, քանի որ նախորդ կառավարություններն այնքան անհաջող են գործել, որ դժվար չի լինի կարճ ժամանակում որոշակի դրական արդյունքներ գրանցել: Արդեն իսկ այն հանգամանքը, որ մի քանի հայտնի պաշտոնյաներ նոր կառավարության կազմում չեն հայտնվել, որոշակի դրական տպավորություն է թողել: Ավելին, հասարակությունն այնքան է սովորել նրան, որ բարձրաստիճան պաշտոնյաներից շատերը բութ են և տգետ, որ այդ ֆոնին նոր կառավարության անդամները, որոնք հիմնականում կիրթ են և կարողանում են իրենց մտքերը հաջող ձևակերպել, արդեն իսկ դրական տպավորություն են թողնում:

Սակայն այլ խնդիր է, թե արդյոք նոր կառավարությունը կկարողանա լուրջ համակարգային բարեփոխումներ իրականացնել: Կարծում եմ, ցանկացած խորքային բարեփոխման փորձ հանդիպելու է լուրջ դիմադրության հենց իշխանական էլիտայի շրջանում: Ակնհայտ է նաև, որ եթե Սերժ Սարգսյանը որոշել է մնալ իշխանության ղեկին 2018 թ-ից հետո և լինել վարչապետ պառլամենտական հանրապետության մեջ, ապա նա շահագրգռված չէ, որ Կարեն Կարապետյանի կառավարությունը չափազանց մեծ հաջողություններ գրանցի:

Ամեն դեպքում, ես չեմ բացառում, որ Հայաստանում տեղի կունենա «հեղափոխություն վերևից», բայց դրա համար անհրաժեշտ է, որ հանրությունը լուրջ ճնշում գործադրի և պահանջի իրականացնել անհրաժեշտ բարեփոխումները: Միայն այդ դեպքում իշխանության մեջ հայտնված «բարեփոխիչները» հաջողության շանս կունենան: Այլապես, այս ամենը կսահմանափակվի բարեփոխումների իմիտացիայով:

Ամենաընթերցվածը