«Մենք շատ փոփոխությունների կարիք ունենք»

    • Հարցազրույց - 19 Հոկտեմբերի 2016, 18:03
Մեր զրուցակիցն է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀԿ խորհրդի անդամ Կարինե Աճեմյանը

Տիկին Աճեմյան, ՀՀԿ-ն քննարկել է կառավարության ներկայացրած ծրագիրը, ուրբաթ օրը արտահերթ նիստում կներկայացվի այն։ Սա ՀՀԿ-ի, թե Կարեն Կարապետյանի ծրագիրն է։ Ձախողման դեպքում ո՞վ է լինելու պատասխանատուն։

Եվ հաջողության, և ձախողման դեպքում ՀՀԿ-ն հստակ է, որ պատասխանատվություն է կրում, որովհետև կառավարության ծրագիրն իր տրամաբանությամբ ամբողջովին կառուցված էր նախագահ Սերժ Սարգսյանի հայտնի ելույթի շեշտադրումների հիման վրա։ Համարում եմ, որ կառավարությունը մեր՝ Հանրապետականի թիմն է, և մենք բոլորս պատասխանատու ենք և հաջողությունների, և անհաջողությունների համար։ Պետք է նշեմ, որ ծրագիրը շատ հստակ էր, կոնկրետ՝ առանց տեքստային ավելորդությունների։ Շատ կոնկրետ էր այն առումով, որ հարցադրումները և նպատակները շեշտված են, ակցենտավորված, այսինքն՝ պետք է նաև արդյունքներին սպասել, որովհետև չնայած վեց ամսվա կտրվածքով է այս ծրագիրն աշխատելու, որովհետև երբ ընդունվի, ապրիլի 2-ից հետո նոր կառավարություն է ձևավորվելու և, բնականաբար, նոր ծրագիր է բերվելու, բայց  իրականում բովանդակային առումով ամբողջական էր։ Իհարկե, դեռ կլինեն առաջարկություններ և նաև քննարկումներ, և կարծում եմ, որ դրա հիման վրա կձևավորվի այն փաստաթուղթը, որը կարևոր դերակատարություն կունենա։

Ծրագրում շեշտն ինչի՞ վրա է դրված՝ սոցիալական բեռի թեթևացման, կառուպցիայի դեմ պայքարի՞, բարեփոխումների՞։ Հիմքում ի՞նչ է դրված, որը պետք է հանրությանը հուսադրի, որ այն կարող է կենսունակ լինել և չմնալ թղթի վրա, ինչպես նախկինում էր։

Ձեր նշած բոլոր ակցենտները արձագրված էին։ Ամենակարևորը սոցիալ-տնտեսական վիճակն է, որը կառավարությանը շատ է անհանգստացնում, բայց բոլոր ոլորտների հետ կապված ուղղությունները հստակ են ներկայացված և նաև բոլորիս սպասումները շատ կոնկրետ են։

ԳՄ նիստին ներկա են եղել Գագիկ Բեգլարյանը և  Հովիկ Աբրահամյանը, ասում են նրանք շատ բարձր տրամադրություն են ունեցել...

Ես չեմ տեսել ոչ մի արտառոց բան, այսինքն՝ ոչ շատ տխուր էին, ոչ շատ ուրախ, աշխատանքային։ Կարծում եմ, որ իրենք կշարունակեն իրենց գործունեությունը կուսակցությունում։ Այդ առումով, գործադիր մարմնի նիստերը մեզ համար շատ կարևոր են, քանի որ շատ կարևոր հարցերը քննարկվում են հենց այդ ձևաչափում։

Պաշտոնանկ եղածները 2017-ի խորհրդարանական ընտրություններին դերակատարություն ունենալո՞ւ են, մասնակցելո՞ւ են արդյոք շտաբի աշխատանքներին։

Չեմ կարող ասել, քանի որ որևէ քննարկում չի եղել։ Իրենց պետք է հարցնեք՝ ինչպես և որտեղ են իրենց հետագա գործունեությունը պատկերացնում։

Իրատեսակա՞ն եք համարում, որ ծրագիրը  վեց ամիսների ընթացքում մի փոքր փոփոխություն ապահովի։

Դուք ասացիք մի փոքր, քանի որ շատ կարճ է ժամանակահատվածը, բայց նաև այնքան է, որ այդ փոքրիկ հաջողությունները, առաջընթացը ապահովեն, այսինքն՝ հասարակությունը որոշակիորեն պետք է իր մաշկի վրա զգա որևէ փոփոխություն։ Այդ առումով իհարկե դժվար գործ է, բայց նաև լսելով վարչապետին, հասկանում եմ, որ նա ավելորդ բառերից, բառակապակցություններից խուսափում է և իր խոսքում, և իր ծրագրում, և կարծում եմ, որ ավելի շատ գործի մարդ է և տրամադրված է, որ այդ փոփոխություններն իրականանան։

Նոյեմբերի 26-ին ՀՀԿ համագումարն է, մամուլը գրում է, որ զգալի փոփոխություններ են լինելու կուսակցության ղեկավար կազմում։ Արդյոք տեսնո՞ւմ եք կազմի փոփոխության  անհաժեշտություն։

2017-ի խորհրդարանում զգալիորեն նվազել է պատգամավորների թվաքանակը, նաև գործառույթները զգալիորեն ավելացել են, ես շատ կուզեմ, որ պառլամենտը շատ ավելի աշխատող, որակական հատկանիշներով ավելի բարձր լինի։ Իսկ ինչ վերաբերում է կուսակցության համագումարի որոշումներին, դրանք դեռ չեն քննարկվել, խորհրդի նիստում քննարկում չի եղել։

Այսինքն՝ տեսնում եք այս կազմի փոփոխության անհրաժեշտություն։

Ես ճիշտ փոփոխությունների կողմնակից եմ և միշտ դրական փոփոխությունների անհրաժեշտություն տեսնում եմ, որովհետև մեր կյանքը իդեալական չէ, այնպիսին չէ, որ ասենք հասել ենք ամեն ինչի գագաթնակետին։ Մենք շատ փոփոխությունների կարիք ունենք, և հուսով եմ, որ այդ փոփոխությունները դեպի ընտրությունը և ընտրություններից հետո ավելի տեսանելի կլինեն։

Ամենաընթերցվածը