Կարեն Կարապետյանի նշանակումն արդեն ապտակ էր ՀՀԿ-ին

    • Հարցազրույց - 18 Հոկտեմբերի 2016, 11:16
Մեր զրուցակիցն է քաղաքագետ, Ֆրանսիայի Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի փորձագետ Կայծ Մինասյանը

Պարոն Մինասյան, ի՞նչ կարծիք ունեք Հայաստանի նոր ձևավորված կառավարության վերաբերյալ։ Արդյոք այս կառավարությունն ի վիճակի կլինի՞ իրական փոփոխություններ առաջարկել և իրականացնել։

Նոր վարչապետը փոփոխություններ իրականացնելու կամք ունի, սակայն իրականությունն ուրիշ է։ Երբ Կարեն Կարապետյանը նշանակվեց վարչապետ, նա կամք ցուցաբերեց փոխելու իրավիճակը, բայց իրականությունն այնքան վատն է, որ շատ դժվար է լինելու իր համար։ Կարեն Կարապետյանն ուզում է արագ փոփոխություններ անել, բայց այստեղ համբերություն է պետք ու չգիտենք՝ կհաջողի՞, թե ոչ։ Այստեղ միայն կամքը բավարար չէ։ Եթե ԱԳ նախարարն ու սփյուռքի նախարարները չփոխվեցին, դա կապված է ներքին քաղաքական և արտաքին քաղաքական հավասարակշռությունը պահելու հետ։ Սերժ Սարգսյանը չուզեց ամբողջությամբ փոխել իրավիճակը, որովհետև Կարեն Կարապետյանի նշանակումը վարչապետի պաշտոնում արդեն ապտակ էր ՀՀԿ-ին, նրա գործելակերպին։ Դա նշանակում է, որ ՀՀԿ-ն չկարողացավ շտկել վիճակը։ Երբ Սերժ Սարգսյանը վարչապետ է նշանակում մի անձի, որը կարևոր չէ ՀՀԿ-ի մեջ, դրանով նա ուզում է պարզապես ապտակ հասցնել իր քաղաքական կուսակցությանը։ Տեսեք, իրենց պաշտոններից հեռացվեցին Հովիկ Աբրահամյանը, Գագիկ Բեգլարյանը, ինչը ցույց է տալիս, որ Սերժ Սարգսյանն ու Կարեն Կարապետյանը դժգոհ են ՀՀԿ-ից։

Մյուս կողմից, Սերժ Սարգսյանն ու Կարեն Կարապետյանը ցանկանում են հավասարակշռություն պահել, դրա համար իրենց պաշտոններում թողեցին Էդվարդ Նալբանդյանին և Հրանուշ Հակոբյանին։ Չնայած բոլորն էլ գիտեն, որ մասնավորապես, Հրանուշ Հակոբյանն անկարող է որևէ բան փոխել սփյուռքի հետ հարաբերություններում, որ նա երեխայի տեղ է դնում սփյուռքահայերին։ Չկա որևէ քաղաքականություն, լսում ենք միայն լոզունգներ ու պարապ խոսքեր։ Հրանուշ Հակոբյանի ժամանակաշրջանը ավարտված է քաղաքականության մեջ, և նա պետք է հեռանա։ Թող մեկ ուրիշին բերեն, ով ավելի կարող է։ Այսինքն՝ պետք է զարգացնեն հարաբերությունները սփյուռքի հետ, ավելի պրոֆեսիոնալ ձևով աշխատեն։

Ինչ վերաբերում է Էդվարդ Նալբանդյանին, նա ավելի շատ կապված է ԼՂ խնդրի և Ռուսաստանի հետ հարաբերությունների հետ։ Մյուս կողմից, որոշակի մրցակցություն կա Էդվարդ Նալբանդյանի և պաշտպանության նոր նախարար Վիգեն Սարգսյանի միջեւ։ Կարծում եմ, այդ մրցակցությունում ՀՀ իշխանությունները նախապատվությունը տալու են Վիգեն Սարգսյանին, ինչը նշանակում է, որ Հայաստանի դիվանագիտությունը պետք է ռազմականանա։

Ինչպե՞ս եք գնահատում Երևանում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովը։

Խորհրդային Միության փլուզումից հետո Ռուսաստանը ստեղծեց մի շարք կառույցներ՝ ԱՊՀ, ԵՏՄ և ՀԱՊԿ, սակայն դրանք չեն աշխատում, արդյունք չկա։ Որևէ մեկը չի հավատում, որ ընդհանուր շահեր կան, կամ ընդհանուր պրոֆեսիոնալ գործելակերպ կա։ ՀԱՊԿ-ը թույլ կազմակերպություն է, և այդ համատեքստում չգիտեմ՝ լավ է, թե վատ, որ հայտարարություն չեղավ Ղարաբաղի վերաբերյալ կամ նոր գլխավոր քարտուղար չընտրվեց։ Փաստ է այն, որ ՀԱՊԿ-ը չի աշխատում, ավելի լավ չի կարող աշխատել։ Այսինքն՝ ավելի լավ է ունենալ ուղղակի կապեր Ռուսաստանի հետ, քան կոլեկտիվ վստահություն ունենալ ՀԱՊԿ-ի նկատմամբ։ ՀԱՊԿ-ը թույլ կազմակերպություն է, ԵՏՄ-ն գոյություն չունի։ Ամոթ է, որ ՀԱՊԿ-ը չի կարողանում նոր գլխավոր քարտուղար ընտրել կամ հայտարարություն ընդունել, բայց սա Ռուսաստանի գործելաոճն է։

Ինչպե՞ս եք գնահատում Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը, ըստ որի ԼՂ խնդրի կարգավորման գործընթացում առաջընթացը կդառնա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման առանցքային պահը։ Սա ըստ էության Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուի հայտարարությունն է։

Դա զուտ դիվանագիտական հայտարարություն է։ Այսինքն՝ թուրքերն ու ռուսները, որոնք իբրև թե բարեկամ են և գազի շուրջ նոր պայմանագիր ստորագրեցին, կփորձեն ավելի սերտ հարաբերություններ ունենալ իրար հետ, որովհետև նրանք երկուսն էլ վատ հարաբերություններ ունեն Արևմուտքի, գլխավորապես ԱՄՆ-ի հետ։ Կարծում եմ՝ Լավրովը նման հայտարարություն է անում, որպեսզի թույլ տա թուրքերին մտածելու, թե՝ տեսեք, մենք ձեր մտայնությունն ընդունում ենք, բայց դա զուտ հայտարարություն է։ Ես չեմ կարծում, որ այս հարցում ավելի խորը կգնան։ Ընդհանրապես, թուրք-ռուսական հարաբերությունները ներկայում կապված են Սիրիայում ստեղծված կացության հետ, և մենք պետք է ճիշտ գնահատենք իրավիճակը։

Մենք հիմա պետք է ավելի մեծ կարևորություն տանք Իրանին, բայց արդյոք Հայաստանի իշխանությունները պատրա՞ստ են դրան։ Անկախությունից ի վեր Հայաստանի իշխանության և ընդդիմության մտայնությունը հիմնված է Իրանի կղզիացման հեռանկարով։ Բայց հիմա, երբ փոխվել է Իրանի նկատմամբ վերաբերմունքը, Հայաստանի իշխանության և ընդդիմության վերաբերմունքը պետք է փոխվի այդ երկրի հանդեպ, պետք է հաշվի առնի ռազմա-քաղաքական այդ մեծ փոփոխությունը, որ կատարվել է Իրանի նկատմամբ։ Դա նշանակում է նոր գործելակերպ, բայց ինչպե՞ս, երբ, ով՝ սա է գլխավոր հարցը։ Արդյոք 1991-ից ի վեր մեր ունեցած իշխանությունները կարո՞ղ են այդպես շարունակել ապրել ու գործել։ Այնքան կարևոր է Իրանի վերադարձը միջազգային բեմի վրա, որ 4 պետություններն էլ ավելի շատ համագործակցում են Իրանի դեմ, այսինքն՝ Թուրքիան և Ռուսաստանը, Թուրքիան և Իսրայելը, Իսրայելն ու Սաուդյան Արաբիան շտկում են իրենց հարաբերությունները, քանի որ վախենում են Իրանի վերադարձից։ Եվ այդ չորս պետությունները, որոնք դեմ են Իրանի՝ այդ ձևով վերադարձին, համագործակցում են, որ բոլոր ճանապարհները փակվեն, որ Արևմուտքը և Իրանը չհամագործակցեն, և Հայաստանը ճիշտ խաչմերուկի վրա է։ Դրա համար եմ ասում, որ նոր մտածելակերպ, նոր գաղափարներ են պետք։ Սա է հարցը:

Ամենաընթերցվածը