Դա կնշանակեր, որ Հայաստանում իշխանափոխություն է տեղի ունեցել

    • Հարցազրույց - 17 Հոկտեմբերի 2016, 10:37
Մեր զրուցակիցն է Ժառանգություն կուսակցության անդամ Հովսեփ Խուրշուդյանը

Ըստ Ձեզ, ինչո՞վ է պայմանավորված, որ Երևանում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովում Ղարաբաղի վերաբերյալ հայտարարություն չընդունվեց, ինչպես նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրություն չկայացավ, որն ըստ ավելի վաղ արված հայտարարությունների՝ պետք է լիներ Հայաստանի ներկայացուցիչ։

Նախևառաջ իհարկե այն խայտառակ թույլ դիրքով, որին հասցրել են Հայաստանը նրա դե-ֆակտո նախագահը և իշխանությունը զավթած մյուս պաշտոնյաները: Հայաստանի հետ ՀԱՊԿ մյուս անդամները վարվում են այնպես, ինչպես կամենան, և Սերժ Սարգսյանը այդ ամենը լուռ կուլ է տալիս: Նման ցածր հեղինակություն ոչ միայն ՀԱՊԿ-ում, այլև ընդհանրապես միջազգային ասպարեզում նորանկախ Հայաստանի Հանրապետության որևէ նախագահ դեռ չէր ունեցել: Բայց կա ևս մեկ խնդիր: Չընդունվեց նաև հայտարարություն Սիրիայի վերաբերյալ: Դա Հայաստանի շահերի տեսակետից խիստ դրական է, քանի որ նման հայտարարությունը ակնհայտորեն պետք է ուղղված լիներ նախևառաջ ԱՄՆ-ի, ապա և ՆԱՏՕ-ի մյուս անդամ երկրների դեմ: Սակայն այս հայտարարության չընդունելը բնավ էլ Սերժ Սարգսյանի չարած ջանքերի շնորհիվ չէր, այլ Լուկաշենկոյի և հեռակա՝ Նազարբաևի, որոնք չեն պատրաստվում Ռուսաստանի պատճառով փչացնել իրենց հարաբերություններն Արևմուտքի հետ: Նույնը կարելի է ասել հակահրթիռային պաշտպանության ընդարձակման վերաբերյալ անհասցե և լղոզված հայտարարության մասին:

Ընդհանրապես, գլխավոր եզրահանգումը, որին կարելի է հանգել ՀԱՊԿ երևանյան գագաթաժողովի արդյունքներով, այն է, որ ՀԱՊԿ որպես այդպիսին այլևս գոյություն չունի: Այն վերածվել է մի ձևական կառույցի, ուր անգամ դրա հեգեմոն Ռուսաստանի պարտադրանքի ներքո որևէ միասնականություն դրանում սպասելն այլևս անհնար է: Գագաթնաժողովը նաև բացահայտեց Ռուսաստանի դիրքերի թուլացումը թե՛ այդ կառույցում, թե ընդհանրապես՝ Արևմուտքի հետ իր անհեռատես հակամարտության մեջ: Նման պայմաններում ՀԱՊԿ միակ թույլ օղակը, որի պետական շահերի հաշվին դեռ Ռուսաստանը կարողանում է ինչ -որ չափով իր շահերը իրացնել, Հայաստանն է:

Ինչպե՞ս եք գնահատում Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ Երևանում արած հայտարարությունը, որտեղ նա մասնավորապես ասել է. «Եթե Հայաստանը և Թուրքիան վերադառնան իրենց պայմանավորվածություններին առանց ղարաբաղյան հակամարտությամբ պայմանավորելու, մենք միայն ուրախ կլինենք, սակայն այնպիսի զգացողություն ունենք, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթացը կդառնա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման առանցքային պահը»: Ըստ էության սա Չավուշօղլուի հայտարարության կրկնությունն էր։

Նման հայտարարությունները՝ արված թե Լավրովի և թե Չավուշօղլուի կողմից, արցախյան հակամարտության կարգավորման շուրջ ընթացող ստվերային բանակցությունների համատեքստից են բխում: Տեղի է ունենում այն, ինչի մասին բազմիցս ահազանգել են Հայաստանի ինքնիշխանությամբ և Արցախի անվտանգությամբ մտահոգ հայաստանյան մի շարք փորձագետներ և քաղաքական գործիչներ. Սերժ Սարգսյանը բանակցում է Կրեմլի և Բաքվի հետ «տարածքներ կարգավիճակի դիմաց» ձևաչափի շրջանակներում, ընդ որում՝ կարգավիճակը չի ենթադրում Արցախի անկախություն: Սա հատկապես ակնհայտ է այն բանից, թե ինչ շեշտադրումներով է Արևմուտքը և հատկապես ԱՄՆ-ը փորձում ձախողել Կրեմլի հովանավորած այս գործընթացը: Այդ մասին վերջերս հրապարակայնորեն գանգատվեց Ալիևը. Արևմուտքը սկսել է առաջ քաշել Արցախի անկախության սկզբունքը, ինչը նորություն է բանակցային այս գործընթացի ողջ պատմության մեջ: Սրանով Արևմուտքը նաև կապում է Սերժ Սարգսյանի ձեռքերը՝ հնարավորություն չտալով նրան գնալ այնպիսի զիջումների, որոնք չեն ենթադրում Արցախի անկախության ամրագրում:

Ըստ էության, Արևմուտքն ի հակակշիռ իրեն անվերջ խաբող և այդ պատճառով էլ անվստահելի Սերժ Սարգսյանի, այժմ որոշել է դաշնակցել Հայաստանի ժողովրդի հետ, որը ապրիլյան պատերազմից հետո ցույց տվեց, որ այլևս ինքնուրույն գործոն է տարածաշրջանային քաղաքականության մեջ: Սերժ Սարգսյանին այս պայմաններում, երբ նա հայտնվել է երկու կրակի արանքում, մնում է ժամանակ ձգել մինչև խորհրդարանական ընտրությունները:

Գագաթնաժողովում նաև ահաբեկչության դեմ պայքարի դրույթ է ընդունվել, որն ըստ էության հակաամերիկյան ուղղվածություն ունի։ Սա որքանո՞վ կանդրադառնա հայ-ամերիկյան հարաբերությունների վրա։

Չեմ կիսում ձեր կարծիքը, թե այս հայտարարությունը հակաամերիկյան որևէ ուղղվածություն ունի: http://www.odkb-csto.org/news/detail.php?ELEMENT_ID=8364&SECTION_ID=91 : Ավելին, այս հայտարարությունը, լինելով խիստ ընդհանրական և լղոզված, ևս ապացուցում է իմ այն համոզմունքը, որ Ռուսաստանին այդպես էլ չհաջողվեց ՀԱՊԿ անունից որևէ հակաարևմտյան հայտարարություն ընդունել, այսինքն՝ ներքաշել Արևմուտքի դեմ իր հակամարտության մեջ նաև Բելառուսին ու Ղազախստանին:  Այսպիսով, շնորհիվ Նազարբաևի և Լուկաշենկոյի, Հայաստանը ևս գոնե ՀԱՊԿ շրջանակներում չի ներքաշվում Արևմուտքի դեմ ռուսական հակամարտության մեջ: Մնում է, որ Կրեմլը այս հարցում անհատապես «բերման չենթարկի» Սերժ Սարգսյանին, ինչը, ինչպես արդեն պարզ է, այդքան էլ բարդ չէ անել:

Նոր կառավարությունը արտաքին քաղաքականության հարցերում արդյոք նույն ուղղվածությունը կունենա, թե փոփոխություն, այնուամենայնիվ, կլինի։

Մտածել, որ նոր կառավարությունը կարող է ավելի ինքնուրույն, ինքնիշխան դիրքերից արտաքին քաղաքականություն վարել, միամտություն կլիներ, քանի որ դա կնշանակեր, որ Հայաստանում իշխանափոխություն է տեղի ունեցել, և իշխանության են եկել ազգային ուժեր: Մինչդեռ իշխանությունն ընդամենը կոսմետիկ փոփոխության է ենթարկվել, նրա գլխավերևում շարունակում է մնալ Սերժ Սարգսյանը, ով էլ որ ձևավորում է արտաքին քաղաքականությունը: Ավելին, անգամ Էդվարդ Նալբանդյանը իր տեղում է մնացել, որն ինքնին խոսուն է և արդեն հստակ պատասխան է պարունակում Ձեր հարցին: