Իշխանությունը ստեղծում է նոր պայթյունավտանգ իրավիճակներ

    • Հարցազրույց - 15 Հոկտեմբերի 2016, 12:53
Մեր զրուցակիցն է «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ, Երևան քաղաքի ավագանու անդամ Դավիթ Սանասարյանը

Դավիթ,  2013-ի սեպտեմբերի 3-ից հետո ստեղծված իրավիճակում, երբ դեկտեմբերին ՌԴ նախագահ Պուտինը եկավ Հայաստան, նրա դեմ բողոքն ավելի բուռն էր: Ինչո՞վ եք բացատրում, այս այս անգամ այն ավելի պասիվ էր կամ գրեթե չկար: Շատերն ասում են, որ «Իսկանդերների» տրամադրումից հետո հակառուսական տրամադրությունները նվազել են: Համամի՞տ եք։

Համաձայն չեմ, որ «Իսկանդերներն» է խնդիրը: Ուղղակի այնքան աննկատ է Պուտինը գալիս ու գնում, որ հանրության մի մեծ մասը տեղյակ չի լինում: Նախորդ անգամ երկար ժամանակ առաջ արդեն տեղյակ էինք և երկար պատրաստվել էինք: Այս անգամ չունեինք այդ ժամանակը, և չէինք կարողալու պարզապես իրականացնել բողոքի ակցիան: Այն մարդիկ, որոնք գիտակցված եկել են նախորդ ակցիաներին, նրանց դիրքորոշման մեջ որևէ փոփոխություն չկա, նրանք հասկանում են, թե ինչ է նշանակում «Իսկանդերների» այստեղ հայտնվելը և ինչ է նշանակում դրանից բխած քարոզը: Նման բաներով կարելի է խաբել այն մարդկանց, որոնք ճոճվելու ունակություն ունեն, էս կողմից սա են ասում՝ ճոճվում են այս կողմ, էն կողմից էն են անում, ճոճվում են էն կողմ: Իսկ այն քաղաքացիները, որոնք իրավագիտակից են, հասկանում են, թե երկրի անկախությունն ինչ բարձր արժեք է, նրանց մոտ ոչինչ չի փոխվել:

Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում ի՞նչ է փոխվել՝ հաշվի առնելով վերջին տարիների իրադարձությունները, ապրիլյան պատերազմը, որը ցույց տվեց, որ բավական տեղ ունենք մտածելու:

Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում հստակ փոփոխություն կա, և այդ փոփոխությունը կապված է նաև Հայաստանի հասարակության շատ կոշտ արձագանքի հետ: Ռուսաստանը հասկացել է, որ Հայաստանի հասարակությունն արդեն այս թատրոններին չի հավատում, քայլ առ քայլ Հայաստանում ձևավորվում են հակառուսական տրամադրություններ, դրա համար նրանք իրականացրեցին որոշակի քայլեր, այդ թվում Կարեն Կարապետյանին գործուղեցին Հայաստան որպես վարչապետ, որպեսզի իրավիճակը մի փոքր փոխի, և հասարակությունը մտածի՝ տեսա՞ք, Ռուսաստանն ուզում է Հայաստանում փոփոխություններ անել: Կարծում եմ՝ ինչ-որ որոշակի «բարեփոխումներ» տեղի կունենան, որպեսզի ընտրություններից առաջ ժողովրդի մոտ տրամադրությունների փոփոխություններ լինեն:

Իսկ այս ընթացքում ի՞նչ են անում արևմտամետ ուժերը, արդյոք բավարա՞ր են նրանց քայլերը:

Ես չգիտեմ՝ ինչ ուժերի մասին է խոսքը: Նրանք պետք է հստակ իրենց ասելիքն ասեն: Մենք դեռևս հստակ ասելիք չենք տեսնում: Եթե արևմտամետ ուժեր ասելով նկատի ունեք նաև «Ժառանգությանը», ապա այո, պետք է ակտիվ գործունեություն, ոչ թե պետք է միայն ամրագրել այս կամ այն դիրքորոշումը, այլև որոշակի քայլեր իրականացնել: Այնուամենայնիվ, «Ժառանգության» ծրագրային դրույթների մեջ հստակ ամրագրված է ԵՄ անդամակցության հարցը, և հնարավոր հարթակներում մենք մեր գործողություններն իրականացնում ենք:

Նոր կառավարությունը  ձևավորվեց, սակայն ԱԳ նախարարի փոփոխություն տեղի չունեցավ։ Ինչո՞ւ, ըստ Ձեզ։

Ըստ իս՝ ԱԳ նախարարն արդեն երկար ժամանակ է ռուսական մամուլի ծառայության դերակատարությունն է ստանձնել, և այսօր միտքս մի բան ընկավ, երբ տեսա ՀԱՊԿ ղեկավար Բորդյուժայի հետ։ Հիշեցի, որ մեկ էլ իրեն տեսել եմ ՌԴ ԱԳ նախարար Լավրովի հետ ասուլիս տալուց։ Մարդը ներկայանում է նրանց հետ, և պարզ է, որ նա պետք է մնար։ Ավելին, մենք տեսնում ենք, որ նոր կառավարություն են գալիս Գազպրոմի կադրերը, Կարեն Կարապետյանի շրջապատի մարդիկ։ Ամեն դեպքում, այս անմխիթար վիճակը երկար չի տևի, և մի օր պայթյունը կտեսնենք։ ՏԻՄ ընտրությունները Գյումրիում և հատկապես Վանաձոր քաղաքում ցույց տվեցին, որ այս իշխանությունները ոչ մի դաս չեն քաղել ոչ միայն ապրիլյան պատերազմից, այլ նաև Սասնա ծռերի գործողություններից, և ստեղծում են նոր պայթյունավտանգ իրավիճակներ, և նոր Սասնա ծռեր կմտնեն գործողության մեջ։ Այսինքն՝ հասարակության ինչ-որ հատվածի մոտ կար մի հավատք, որ հեսա Վանաձորում իշխանություն է փոխվում, որ կլինի ընդդիմադիր քաղաքապետ, բայց իշխանությունն արեց ամեն ինչ, որ դաշինքի ուժերի անդամներից քվեարկեն ՀՀԿ-ի օգտին։ Եվ ժողովուրդն այս ամենից ուրիշ հետևություններ է անում, որ այս ճանապարհով փոփոխություններ չեն լինելու։

Նկատի ունեք ընտրակա՞ն ճանապարհով։

Այո։

Ամենաընթերցվածը