Մինչ օրենքի նախագիծը «քնած» է ԱԺ-ում, ողբերգությունը շարունակվում է

    • Հարցազրույց - 14 Հոկտեմբերի 2016, 15:05
Այսօր գիշեր տեղի ունեցած Երևան-Մոսկվա ավտոբուսի վթարը, պարզվում է, դարձյալ ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների հետ է կապվում: Իսկ ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների գործունեությունը, ինչպես հայտնի է, այսօր պետությունը չի վերահսկում: Նախորդ խոշոր վթարից հետո պետական մակարդակով դեռևս չեն շտկվել այս ոլորտում առկա թերությունները:

Նախորդ տարվա նոյեմբերի 3-ին, երբ Տուլայի տարածաշրջանում Երևան-Մոսկվա ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող ավտոբուսի վթարի հետևանքով զոհվեց 9 մարդ, կառավարությունը հաստատեց օրենքների նախագծերի փաթեթ, որով սահմանված է, որ խստացվում են ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներին վերաբերող դրույթները: Եթե այդ օրենքի ընդունումից հետո ոչ կանոնավոր ուղևորափոխադրողը խախտումներով գործի, սահմանվելու են խոշոր տուգանքներ: Մինչ օրս, սակայն, այս փաթեթը խորհրդարանում չի քննարկվել:

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից Lragir.am-ը տեղեկացավ, որ նախագիծը ներկայում շարունակում է գտնվել խորհրդարանում: Իսկ թե երբ կքննարկվի, հայտնի չէ: Իսկ մինչ այդ, պետությունը չունի մեխանիզմներ՝ վերահսկելու ոչ կանոնավոր ուղևորափոխադրողների գործունեությունը:

Իրավիճակի վերաբերյալ Lragir.am-ը մի քանի հարց ուղղեց Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության տրանսպորտի վարչության փոխադրումների քաղաքականության բաժնի պետ Դավիթ Մելքոնյանի հետ:

Պարոն Մելքոնյան, ոլորտը կարգավորող կառավարության նախագիծն ինչո՞ւ չի քննարկվում խորհրդարանում:

Ավտոմոբիլային տրանսպորտի մասին օրենքում և Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին փաթեթն ուղարկվել է Ազգային ժողով:

Նախորդ տարվա դեպքից հետո, ընդունելով այդ նախագիծը, ինչո՞ւ կառավարությունն այն խորհրդարանում քննարկելու համար հրատապ չճանաչեց:

Մի քիչ բարդ հարց եք ինձ տալիս, բայց մոտ օրերս նախագիծն ընթերցում է անցնելու, արդեն պլանավորած էր: Մի քանի անգամ հանձնաժողովներում արդեն լսումներ եղել են, ընթերցում պետք է լինի:

Նախարարությունն ունի՞ վիճակագրություն, թե քանի ընկերություն կամ անհատ է ոչ կանոնավոր փոխադրումներ իրականացնում:

Ոչ, չունենք:

Այսինքն՝ որևէ վերահսկողության մեխանիզմ չկա՞ այսօր:

Քանի որ մեր դաշտից դուրս է, հետևաբար մենք վիճակագրություն չէինք էլ կարող ունենալ:

Ստացվում է, որ յուրաքանչյուր անձ կարող է ավտոբուս գնել, մարդկանցից գումար վերցնել ու առանց վերահսկողության նրանց տեղափոխել ցանկացած կետ ու ողբերգության հանգեցնել:

Այո: Դրա համար էլ մենք օրենքներում փոփոխությունը կատարել ենք:

Իսկ ինչո՞ւ ավելի վաղ չէր արվում այդ աշխատանքը:

Ավելի վաղ էր արվել, նախագիծն ավելի վաղ էր մշակվել:

Ուզում եմ հասկանալ, ընդհանրապես ոչ կանոնավոր փոխադրումները վերահսկող որևէ մեխանիզմ կա այսօր, թե՞ ոչ:

Կա, բայց շատ թույլ է: Վարչական իրավախախտումը կարգավորված չէ, պատասխանատվության չափը շատ քիչ է, դա իրենից ոչինչ չի ներկայացնում:

Ինչքա՞ն է չափը:

Չեմ կարող ասել, բայց դա շատ թույլ պատասխանատվության չափ է, և վարչական պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտ հիմքերը նույնպես շատ թույլ են:

Իսկ հարկային դաշտում այդ փոխադրողները գործո՞ւմ են:

Էդ մարդկանց պետք է նախ գտնել, հետո նոր հարկային դաշտ բերել:

Այսինքն՝ ոլորտում ընդհանրապես բարձիթողի վիճակ է, չգիտեք ովքեր են ոչ կանոնավոր փոխադրողները, ինչ գործունեություն են ծավալում:

Այո, դրա համար էլ ունենք օրենքի նախագիծ, որոնցով բոլոր խնդիրներն ու պրոբլեմները կկարգավորվեն:

Այսօր գիշեր տեղի ունեցող ողբերգությունը հենց նմանօրինակ դեպի պատճառո՞վ է:

Այո: