Բարոյականությունն այդպիսի հասարակություններից «փախչում է»

    • Հարցազրույց - 14 Հոկտեմբերի 2016, 11:32
Մեր զրուցակիցն է ազգագրագետ Հրանուշ Խառատյանը

Տիկին Խառատյան, մեզ հետ զրույցներում բազմիցս նշել եք, որ Հայաստանում «լիսկայապետությունը» գնալով ընդարձակվում է: Այն, ինչ տեղի ունեցավ Սյունիքի մարզպետի հետ, կարո՞ղ ենք արձանագրել, որ լիսկայապետության վերացման անհրաժեշտությունը զգացել է նաև իշխանությունը, թե չի բացառվում նորից վերանշանակում:

Լիսկայությունը միայն Սյունիքի մարզպետի «մենաշնորհը» չի, լիսկայության ամենավերջին դրսևորումներ էին, օրինակ, Էջմիածնի, Գյումրիի քաղաքապետերի ընտրություններին ուղեկցող հաշվեհարդարները, կրակոցները, սպանությունները, առհասարակ տարբեր մակարդակների ընտրությունների քրեականացումը՝ չխոսելով արդեն խնամքով շրջանցվող զանազան ծավալների զինապահեստների գոյության խնդիրը քրեական քաղաքականության կամ քաղաքական քրեականության դաշտում, այն դեպքում, երբ խոհանոցային դանակը կամ գրչահատը կարող են դառնալ չպաշտպանված մարդկանց ձերբակալության հիմք: «Բոլորը հավասար են օրենքի առաջ» սահմանադրական նորմը շատ վաղուց զավեշտ է Հայաստանի Հանրապետությունում: Իրականության մեջ գործող օրենքը, այսինքն՝ այսպես կոչված արդարադատությունը բոլորի համար տարբեր է, ինչը լիսկայության պարարտ հողն է: Նույն Սուրիկ Խաչատրյանի հայտնի զինապահեստի առկայությունը և գերդաստանի անդամների՝ հասարակության համար սպառնալիք հանդիսացող վարքը լիսկայության դրսևորումներ են: Դրանք երբեք օրենքի պահանջին համապատասխան պատժի չեն ենթարկվել: Այդ մարզպետի պաշտոնաթողությամբ կարելի կլիներ հուսալ, որ իշխանությունը փորձում է հասարակությանը ներշնչել, որ լիսկայությունը սկսում է խնդրահարույց դառնալ նաև իշխանության համար, եթե պաշտոնաթողություններին հաջորդեին իրավական անաչառ քննությունները և պատիժները: Դրանք դեռևս չեն երևում, իսկ հասարակությունը վախենում է լիսկաներից և լիսկայությունից:

Լիսկայությունը բազմադեմ երևույթ է, դա տարբեր մակարդակների զոռբայության դրսևորումների հանրագումարն է: Լիսկայության՝ զոռբայության տարատեսակներ են, օրինակ, մանր հողատեր գյուղացիների մթերքի դիմաց մթերող կազմակերպությունների՝ տարիներ շարունակ չվճարելու ավանդականացող երևույթն այն դեպքում, երբ խոշոր հողատերերի մթերքի դիմաց վճարվում է անմիջապես: Լիսկայության՝ զոռբայության ակնհայտ դրսևորում են Արարատյան դաշտավայրի ձկնարդյունաբերության հետևանքները՝ անապատացվում է մեր երկրագործական հիմնական շտեմարանը: Զոռբայության առկայությունն ինքնին խոսում է օրենքի ստորադասման մասին: Մարդիկ, բնականաբար, ավելի վստահում են իրենց գործնական փորձին, քան ընտրողական արդարադատությանը: Նրանք իրենց փորձով համոզվել են, որ լիսկաները կարող են իրենց կողոպտել, և արդարադատությունը լիսկաներին կպաշտպանի:

Այս տարվա ամռան «Սասնա ծռեր» օպերացիան հենց հակալիսկայական օպերացիա էր, դա մաքուր քաղաքական հայտ էր լիսկայության դեմ ժողովրդական պայքար սկսելու: «Սասնա ծռերը» բանտերում են, ակնհայտ է, որ քննությունը չի անդրադառնում «Սասնա ծռեր» օպերացիայի պատճառներին, իսկ լիսկաները շարունակում են տնօրինել ընտրությունների ընթացքը: Ինչ վերաբերում է վերանշանակմանը, ապա ոչինչ չի բացառվում: Խնդիրը կոնկրետ Սուրիկ Խաչատրյանի վերանշանակումը չէ, խնդիրը որակական լիսկայության կրկնություններն են:

Նման մարդկանց քաղաքական դաշտից մաքրելը արդյոք կարո՞ղ է հասարակության մեջ տրամադրություն փոխել իշխանությունների նկատմամբ։

Ոչ միայն քաղաքական, այլև տնտեսական դաշտից: Այո, կարող է: Բայց դա նշանակում է մաքրել համարյա ողջ առկա իշխանական ներկայացուցչությունը. մաքրման գործողությունները տարածել իշխանության պատգամավորական կազմի, նախարարությունների, մարզպետարանների, նույնիսկ տեղական ինքնակառավարման մարմինների վրա: Նույնիսկ դիվանագիտական կորպուսի վրա: Բերել աշխատող, պրոֆեսիոնալ մարդկանց: Բայց դա կլինի ուրիշ իշխանություն, որին առկա իշխանությունը չի գնա:

Կառավարության նիստում Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ պետք է չափից ավելի շատ աշխատել և որ այս կառավարությունը տարբերվելու է նախորդներից։ Ինչ որ դրական ակնկալիքներ, սպասելիքներ կա՞ն:

«Չափից ավելի շատ աշխատելու», «տարբերվող կառավարության», «հասարակական համաձայնության» մասին Սերժ Սարգսյանը ոչ միայն ասել, այլ հավաստիացրել է բազմիցս: Հավաստիացրել է, որ «կտեսնեք»: Չենք տեսել: Ինքն էլ չի տեսել, այլապես կրկին չէր խոսի այդ մասին: Արարատյան դաշտավայրի չջրվող հողերից մարդիկ փախչում են, գյուղական բնակավայրերում, փոքր քաղաքներում կյանքը մեռած է, իսկ երիտասարդության մեջ աճում է կոմֆորմիզմը: Երեկ կարդացի, որ հարյուրից ավելի երիտասարդներ ընդունվել են ՀՀԿ շարքերը: ՀՀԿ-ի ինչո՞վ են ոգևորվել այդ երիտասարդները, ինչո՞վ են ոգեշնչվել, որ այդպես խմբովի մտել են ՀՀԿ: Ո՞րն է նրանց քաղաքական սկզբունքը, հեռանկարը: Օրերս ես կարդում էի 1936-ի հուլիսի 12-ին՝ Աղասի Խանջյանի թաղման օրվա երեկոյան տեղի ունեցած Կոմկուսի ակտիվի ժողովի արձանագրությունը: Այդ օրերին արդեն պարզ էր, որ Կոմկուսի հիմնական քաղաքական ազդեցությունը ռեպրեսիաներն են, և բոլորը շատ վախեցած էին: Հայաստանը դեռևս առանձին հանրապետություն չէր, մտնում էր Անդրֆեդերացիայի կազմի մեջ, իսկ Անդրֆեդերացիայի Կոմկուսի առաջին քարտուղարը Լավրենտի Բերիան էր: Բոլորը, բոլորը վախենում էին Չեկայից կուսակցական աշխատանքի անցած Բերիայից: Վախենում և ատում էին: Այդ նիստից երեք օր առաջ Թբիլիսիում մահացել էր Աղասի Խանջյանը, նրա մահվան մասին պաշտոնապես հայտարարվել էր «ինքնասպանություն», բայց համատարած վստահություն կար, որ նրան Բերիան է սպանել: Հայաստանում հազարից ավելի մարդ ձերբակալվել է միայն նրա համար, որ կիսաձայն, կիսաշշուկով կասկածել է Խանջյանի ինքնասպանության վարկածին: Բայց ահա թաղման օրը Կոմկուսի ակտիվի նիստին ելույթ են ունեցել 23 մարդ, բոլորն էլ Խորհրդային Հայաստանի կարևոր պաշտոնատարներ: Բոլորի, բոլոր 23-ի ելույթների կեսը նվիրված էր Խանջյանի «ինքնասպանությունը» դատապարտելու՝ որպես կուսակցության և անձամբ «մեր սիրելի, մեր հոգատար, մեր նվիրյալ» ղեկավար, «իսկական ստալինական», Անդրկովկասի ժողովուրդների «իսկական բարեկամ» «ընկեր Բերիայի» դեմ դավաճանական քայլ: Ելույթների մյուս կեսը Բերիայի նկատմամբ սիրո հավաստիացումներ էին: Խանջյանն «իրականում չի սիրել» ընկեր Բերիային և «ինքնասպանություն է գործել» «ընկեր Բերիային վարկաբեկելու համար»: Առհասարակ Կոմկուսի այդ նիստի ատելության, վախի, քծնանքի, մորթապաշտության խիտ մթնոլորտում այնքան շատ է խոսվել «սիրո» և «նվիրվածության» մասին, այնքան է վարկաբեկվել «սիրո» զգացումը, որ մնում է կասկածել «սիրել» բառի տարողությանը:

Հիմա ես մտածում եմ, որ ՀՀԿ մտած այդ երիտասարդներն արդյո՞ք ՀՀԿ-ի նկատմամբ «սիրո» զգացմունքով չեն ներշնչված եղել: Եվ, անկեղծ ասած, վախենում եմ դրանից:

Տիկին Խառատյան, հնարավո՞ր է արդյոք կոռուպցիայի, մենաշնորհների դեմ պայքար: Արդյոք իշխանությանը կհաջողվի՞ այնպիսի քայլեր իրականացնել, որ վստահության որոշակի չափաբաժին ձեռք բերի մինչև 2017-ի խորհրդարական ընտրություններ:

Հնարավոր է արդյոք կոռուպցիայի, մենաշնորհների դեմ պայքա՞ր: Իհարկե հնարավոր է: Դա միայն ցանկության հարց է: Կոռուպցիան երբեք օբյեկտիվ անհրաժեշտություն չի եղել, կոռուպցիան հասարակության զարգացման օրինաչափություն չի եղել և չի, կոռուպցիան բացառապես իշխանության կամք է: Կամ՝ իշխանության թուլություն: Չեմ կարծում, որ իշխանությանը հասարակության վստահությունը հետաքրքրում է: Մինչև 2017-ի խորհրդարանական ընտրությունները կարվեն որոշ կոսմետիկ փոփոխություններ, որոնք հնարավորություն կտան ընտրությունների հռետորաբանության մեջ օգտագործելու «մենք ասել ենք…», «մենք արել ենք…», «մենք պատրաստվում ենք…», «մեր երկրի համար…», «մեր հասարակության համար…» և այլ այս կարգի բառեր: Դրանք, կարծում եմ, վարագույր-բառեր են, այսպես կոչված «բարոյական իրավունքի» շղարշ, ցուցադրություն: Ընտրությունների իրական մեղանիզմը որևէ կապ հասարակական վստահության հետ չունի: Հիմա արդեն կարող ենք խոսել հասարակության անդամների՝ իշխանության հետ հարաբերությունների հաշվարկի մասին: Մարդիկ, ովքեր «սիրո հավաստիացումներ» կտան, հաշվարկելու են իրենց «ձեռքբերումները»: Ի դեպ, ավելորդ չեմ համարում տեղեկացնել, որ 1936-ի հուլիսի 12-ի նիստին «Խանջյանից զզվող» և «ընկեր Բերիայի» սիրուց տառապող մեր հայրենակիցների բացարձակ մեծամասնությունը հենց նույն՝ 1936-ի և 1937-38-ի ընթացքում գնդակահարության են դատապարտվել Հայաստանում Բերիայի դրածո, ՆԳԺԿ Մուղդուսու զնդաններում: 1938-ին գնդակահարվել է նաև Մուղդուսին ինքը, Մոսկվայի ՆԳԺԿ զնդաններում, որն այդ տարիներին արդեն տնօրինում էր նրա «սիրելի ընկեր Բերիան»:

Հասարակությունը, որում կուսակցական ընտրությունը սեփական կարիերայի և բարեկեցության, մեծ հաշվով տարբեր տրամաչափերի զոռբայության հնարավորության հաշվարկ է, չի կարող բարոյական լինել, չի կարող զարգացող լինել: Բարոյականությունը այդպիսի հասարակություններից «փախչում է»: