Երբ սիրիահայերը կոչեր են անում, դա միայն լրագրողներն ու մե՞նք ենք լսում

    • Հարցազրույց - 14 Հոկտեմբերի 2016, 09:07
Մեր զրուցակիցն է ՍԴՀԿ Հայաստանի վարչության փոխատենապետ, սիրիահայ Վազգեն Մեսրոպյանը

Պարոն Մեսրոպյան, Հայաստան վերադարձած սիրիահայերը նշում են, որ բոլորը այսօր ցանկություն ունեն Հայաստան գալու, եթե հնարավորություն ունենան։ Ի՞նչ իրավիճակ է հիմա այնտեղ՝ Սիրիայում։

Ինձ հետաքրքիր է, երբ սիրիահայերը կոչեր են անում, դա միայն լրագրողներն ու մե՞նք ենք լսում, որիշ լսող չկա՞։ Փոխարենը հայտարարում են, թե խուճապ չկա Սիրիայում, հայերից ոչ մեկը չի ուզում գալ Հայաստան, եթե եկող լինի՝ պատրաստ ենք օգնել։ Սրանք անհիմն խոսակցություններ են։ Ի՞նչ է նշանակում՝ չեն ուզում գալ, ոչ մի բան չկա։ Արդեն մի տեղ ենք հասել, որ մտածում ես՝ գուցե սա կոնկրետ մարդկանց շահերի՞ց է բխում։ Իմ ուղեղում տեղ չեն անում նման հայտարարությունները։ Վերջին օրերին այսքան մարդ է եկել Սիրիայից, մյուս կողմից Սիրիայում մնացածներից ամեն օր լսում ենք օգնության կոչեր։ Մի՞թե այդ կոչերը մենակ մենք ենք լսում։ Այսօր էլի ռմբակոծումներ են եղել նույն շրջաններում, մի հայ կին վիրավորվել է։ Դպրոցի վրա են ռումբ գցել, երկու երեխա է զոհվել, ճիշտ է հայեր չեն, բայց անմեղ զոհեր են։

Սիրիայում մնացածների հետ Ձեր զրույցներից ի՞նչ տպավորություն եք ստացել, նրանք ուզո՞ւմ են օր առաջ վերադառնալ Հայաստան։ Յուրաքանչյուր սիրիահայի Հայաստան տեղափոխելու ընդհանուր գումարն ինչքա՞ն է կազմում։

Ես հստակ թվեր չեն կարող ասել։ Եթե Հալեպից Բեյրութ պետք է տեղափոխվեն, Բեյրութից էլ այստեղ, ապա մի քիչ թանկ է, բայց դա չէ կարևորը։ Մենք շատ լավ գիտենք Հայաստանի բյուջեի, ժողովրդի վիճակը, դրա համար ասում ենք՝ մի՞թե չկան բարերարներ Հայաստանում, թող օլիգարխները ձեռքները գրպանը տանեն։

Այս պահին քանի՞ հայ պետք է տեղափոխվի Հայաստան, որոնք այսօր Սիրիայի ամենավտանգավոր հատվածներում են ապրում։

Ամենավտանգավոր հատվածներն են Նոր Գյուղը, Սուլեյմանիան, Վիլաները, այն շրջանները, որտեղ հայեր են ապրում։ Վերջին 10 օրվա ընթացքում հենց այդ շրջաններն են ռմբակոծումների ենթարկվում։ Նախընտրելի է, որ այդ շրջաններից տեղափոխվեն։

Վերապատվելի Հարություն Սելիմյանը հայտարարում է, որ ով ուզում է գալ Հայաստան, իրենք օգնում են, որ գա։ Հակասական տեղեկություններ են  ստացվում։

Արդեն ասացի, որ մի շարք մարդկանց շահերից է բխում, որ այդպես ասեն։ Ինձ ամենից շատ հետաքրքրում է հետևյալը. ինչքան մենք մեղադրում ենք Հայաստանի կառավարությանը, Ազգային ժողովին, ԱԳՆ-ին, Սփյուռքի նախարարությանը, բայց մյուս կողմից ի՞նչ է անում Կիլիկիո թեմը։ Արդյոք բոլոր օգնությունները հասնում են պետք եղած շրջաններին։ Այո՛, շտապօգնությունը Հալեպում շատ լավ աշխատում է, բոլոր տղաներն էլ աշխատում են, Հալեպի առաջնորդն էլ է լավ աշխատում, բայց ի՞նչ է անում Կիլիկիո թեմը։ Նրանք էլ օգնություն ցույց տվել են, բայց ոչ այն, ինչ պետք է։ Ես չեմ ասում միանգամից ամբողջ համայնքը դատարկենք, միջազգային հանրությունը հայտարարի, որ Սիրիան հայերից դատարկվում է։ Ես դա էլ չեմ ուզում, թող այդպես միանգամից չլինի, այլ քայլ առ քայլ, բայց թող լինի։ Մարդիկ, որոնք ուզում են գալ Հայաստան, բայց փող չունեն գալու, նաև տեղ չունեն այստեղ մնալու, թող նրանց այդ ամենով ապահովեն։

Փաստորեն ստացվում է որ նոր կառավարությունը գոնե սիրիահայերի խնդրով այս պահին չունի այլ մոտեցում, քան նախորդ կառավարությունները։

Այո, այդպես է, բոլորը հիմա զբաղված են իրենց ներքին աթոռների խնդիրներով։ Երբ այդ աթոռների հարցը լուծեն՝ ով, ինչպես, երբ է պաշտոններ ստանալու, նոր դրանից հետո գուցե մտածեն մեր մասին, թեև ես անձամբ որևէ հույս չունեմ, որ կառավարությունն այս հարցով կզբաղվի։ Ես ուզում եմ, որ Ազգային ժողովը մեկ օր սիրիահայերին նվիրված հարցերով թեկուզ արտահերթ նիստ հրավիրի։ Ես ամեն օր խոսում եմ Սիրիայում մնացած հայերի հետ։ Նրանք ասում են, որ թեև վերջին 3 օրերին համեմատաբար խաղաղ է, բայց այսօր էլի ռմբակոծել են։ Մարդկանց կյանքն ամեն րոպե վտանգի տակ է, ոչ ոք չգիտի, թե երբ է գալու հաջորդ ռումբը։

Իսկ արդեն Հայաստան տեղափոխված սիրիահայերը տեսնո՞ւմ են իրենց ապագան Հայաստանում, թե՞ հիմնականում Հայաստանը տարանցիկ երկիր է դառնում այլ երկրներ տեղափոխվելու համար։

Ներկայում սիրիահայրերը մտածում են, որ ավելի ապահով երկիր են եկել։ Նրանք, ովքեր 2-3 տարի է Հայաստանում են, Սիրիայում ունեն տուն, կալվածք, գործարաններ, այս բոլոր հարցերը պետք է լուծել, և եթե այստեղ բնարական, աշխատանք ունեցան, չեն մեկնի այլ երկրներ։ Եղան դեպքեր, որ եկան Հայաստան, հետո տեղափոխվեցին այլ երկրներ։ Սա ցավալի է, մարդիկ գալիս են այստեղ, աշխատանք չեն գտնում, տան վարձը շատ բարձր է, չկա օժանդակություն։ Գնում են եվրոպական երկրներ, որտեղ հետագայում աշխատանք, բնակարան են ստանում։ Այստեղ դա չկա։ Եվ եթե այստեղ բնակարանի ու աշխատանքի հարցերը լուծվեն, բոլոր սիրիահայերն էլ կմնան։

Ամենաընթերցվածը