Ծրագիրն իրագործողները պարտվեցին ու հեռացան

    • Հարցազրույց - 13 Հոկտեմբերի 2016, 10:52
Մեր զրուցակիցն է ԳԽ նախկին պատգամավոր, նախկին քաղբանտարկյալ Ազատ Արշակյանը

Պարոն Արշակյան, ինչպե՞ս եք գնահատում Հայաստանում տեղի ունեցած վերջին ՏԻՄ ընտրությունները։

ՀՀԿ-ն պետք է կարողանա արմատապես վերանայել իր քաղաքականությունը և որքան հնարավոր է շուտ, որովհետև եթե ինքը դա չի անելու, ուրիշները կանեն, և Հայաստանը կթարմանա, կբարեփոխվի։ Եթե ՀՀԿ-ն կարող է, ինքը պետք է դա անի, եթե ոչ, ապա ևս կենթարկվի բարեփոխումների։ Ընտրությունների այս համակարգը խայտառակություն է, ՏԻՄ ընտրություններում կարկանդակ բաժանելը խայտառակություն է։ Կոպիտ օրինակ կարող եմ բերել. հավակնորդներից մեկն առաջարկում է ազատ տարածությունը դարձնել ավտոկայանատեղի, մեկ ուրիշն էլ առաջարկում է դարձնել այգի, հանգստի գոտի։ Ու հանկարծ նրանք վերջում միավորվում են ինչ-որ մեկի դեմ։ Դա անթույլատրելի է։ Եթե որևէ մեկը չի կարողացել հաղթահարել անհրաժեշտ խոչընդոտը ՏԻՄ-ը ղեկավարելու համար, ուրեմն պետք է լինեն վերընտրություններ։ Իսկ այն քաղաքական կուսակցությունների ծրագրերը, որոնք համընկնում են և նրանք կարող են ընտրությունների ընթացքում միավորվել, թող բարի լինեն հենց սկզբից միավորվել։ Շատ վատ բան է, որ նրանք ընթացքում իշխանության մեջ տեղ ունենալու համար միավորվում են։ Պետք է նախ անցկացվեն նոր ընտրություններ, որովհետև ոչ ոք չի հաղթել։ Եթե նախընտրական շրջանում կուսակցությունները չեն միավորվել, նշանակում է նրանց միջև կա լուրջ հակասություն։ Հիմա այդ հակասությունը հանուն պաշտոնի հաղթահարելն անթույլատրելի է։

Երկրորդ՝ այդպես էլ պետք է լիներ, որովհետև մարդիկ զրկվել են ուղիղ ընտրություններով գյուղապետ, քաղաքապետ կամ նախագահ ընտրելու իրավունքից։ Հիմա զրկվելը մի թերություն է, և դրա փոխարեն խոտանով, բարդ, անհասկանալի և ժողովրդավարությանը խոչընդոտող, կառավարությունն անարդյունավետ դարձնող համակարգ է առաջարկվել։ Ես կարծում եմ՝ ընտրությունների այդ հոդվածը Սահմանադրության մեջ խոտան էր, հակադեմոկրատական էր, և ընտրությունների մասին օրենքը դա ավելի խորացրեց։ Ուրեմն ընտրությունների արդյունքը պետք է անպայման բացասական լիներ, և մենք դրան բոլոր ընտրությունների ժամանակ հանդիպելու ենք։

Ինչպե՞ս եք գնահատում նոր կառավարության ձևավորումը, որից հետո հերթը հասել է մարզպետների պաշտոնանկություններին, որոնցից առաջինը Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն էր։ Նման մարդկանց քաղաքական դաշտից մաքրելը արդյոք կարո՞ղ է հասարակության մեջ տրամադրություն փոխի իշխանությունների նկատմամբ։

Այո, կարող է։ Ընդհանրապես, իշխանությունը գործիք է։ Իշխանությունում ներգրավված անհատները գործիչներ են, որ պետք է ծրագիր իրականացնեն։ Այսինքն՝ եթե գործիչները փոխվում են, գործիքը փոխվում է, բայց նպատակը, ծրագիրը չի փոխվում, ոչինչ էլ տեղի չի ունենա։ Իսկ եթե ծրագիրը փոխվել է, Կարեն Կարապետյանը նոր, «պերեստրոյկայի» ծրագրով է եկել, իհարկե, պետք է նախորդները փոխվեն, քանի որ նրանք՝ նախորդ կառավարության անդամները, հայկական պետությունը վարկաբեկող, ՀՀ քաղաքացիների մոտ թերարժեքություն առաջացնող, հիասթափեցնող անհատներ էին՝ իրենց նկարագրով, կենսագրությամբ։ Ես լավատես եմ և հույս ունեմ, որ հայկական պետությունը քանդելու, արատավորելու ծրագիրը ավարտվել է որոշակի «հաջողություններով»՝ մեկ մլն մարդ հեռացավ Հայաստանից։ Բայց գոնե 2 մլն մարդ մնացել է, նշանակում է այդ 2 մլն-ը հաղթեց, մենք ցույց տվեցինք, որ մենք չենք հիասթափվում մեր պետությունից, մենք մեր հայրենիքը սիրում ենք։ Կառավարությունը պարտվեց ու հեռացավ։ Հիմա հնարավոր է նոր վարձկաններ, նոր լեգեոներներ են եկել հին ծրագիրը նոր դեմքերով ու նոր ուժով շարունակելու համար։ Հիմա մենք սրանց ասում ենք՝ տեսեք նրանց ճակատագիրը, ձեզնից առաջները փորձեցին ու պարտվեցին։ Եթե դուք էլ եք ուզում հայկական պետությունը կործանել, դուք նույնպես դատապարտված եք պարտության։ Իսկ եթե դուք մեզ հետ եք, դուք էլ եք նրանցից, որոնք ուզում են ունենալ հայկական ինքնիշխան, լավ պետություն, որտեղ հայ ժողովուրդը կարող է երջանիկ ապրել, ուրեմն հենվեք մեզ վրա, միասին դա անենք։ Հայտարարեք ձեր ծրագիրը: Դեռ մինչև հիմա հայտարարված չի, թե ինչ են ուզում, բայց լավատես ենք ու ասում ենք՝ երևի վատից հետո շատ վատը չի կարող լինել, վատից հետո ինչ էլ լինի՝ համեմատաբար լավը կլինի։ Հիմա մի քանի փոփոխություններ կան, որ հույս են ներշնչում։ Օրինակ՝ Սյունիքի մարզպետի հեռանալն արդեն լավ է։ Քրեական օլիգարխիկ իշխանությունից նրան հեռացրել են, ինչը հարկավոր է ողջունել, և հույս ունենանք, որ դա կշարունակվի։

Իսկ քրեա-օլիգարխիայի դեմ հնարավո՞ր է պայքարել՝ հաշվի առնելով, որ դրանք հենց իշխանության հենասյունն են, գործող իշխանության երկարակեցության երաշխավորները։ Իշխանությունը կպայքարի՞ ինքն իր դեմ։

Իհարկե չեն պայքարի, նրանք այս պետությունը զավթել են, նրանք ընտրակեղծիքով գողացել են իշխանությունը։ Այսինքն՝ Հայաստանը շարունակելու է մնալ գողերի իշխանության տա՞կ, նրանց իշխանությունը փոխվելո՞ւ է, թե՞ նրանք մնալու են։ Ես կարծում եմ, որ նրանք  պետք է վռնդվեն իշխանությունից, մենք պետք է իշխանությունը վերցնենք, նվաճենք, նրանցից խլենք, իսկ իրենց ուղարկենք իրենց տեղը՝ պատժախուց։ Հիմա այդ պայքարն է գնում։

Կառավարության նիստում Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ պետք է չափից ավելի շատ աշխատել և որ այս կառավարությունը տարբերվելու է նախորդներից։ Կարծում եք՝ ինչ-որ բան փոխվե՞լ է, թե՞ հերթական անգամ գեղեցիկ խոսքեր են հնչում։

Կարծում եմ՝ Սերժ Սարգսյանը հենարան է փնտրում, թե ում միջոցով, ում վրա հենվելով, ինչ գործիքով կարող է քանդել այս քրեա-օլիգարխիկ համակարգը։ Արդեն իր ընդունակության, իր վարպետության սահմանով է որոշվելու՝ կկարողանա՞ իր ասածն անել, թե կպարտվի։ Ի տարբերություն այլ իշխանավորների, նա լիազորություններ ունի ոչնչացնելու քրեա-օլիգարխիկ համակարգը։ Հիմա մենք իրեն ասում ենք՝ հայտարարել ես, դե արա, դու այդպիսի հնարավորություն ունես։ Եթե օգնություն է պետք, հայտարարիր դրա մասին, մոբիլիզացիա հայտարարիր՝ ովքեր դեմ են քրեա-օլիգարխիկ համակարգին, ոտքի կանգնեն։ Թող զորակոչ հայտարարի, գնանք օգնենք, պայքարենք հաղթենք։ Եթե ինքը մոբիլիզացիա չի հայտարարում, վերջում էլ ասում է՝ ես պարտվեցի, նշանակում է իր ուժերից վեր է հաղթել այդ համակարգին։ Մինչև 2018 թվականը Սերժ Սարգսյանը կարող է հաղթել այդ համակարգին, իսկ ժամանակն արագ է գնում։

Նախորդ «պերեստրոյկայի» ժամանակ Սովետական Հայաստանի ադմինիստրացիան չմիացավ։ Կարեն Դեմիրճյանին և ադմինիստրացիային հեռացրին Ղարաբաղ կոմիտեի միջոցով։ Հիմա եթե ՀՀԿ-ն ինքը «պերեստրոյկա» չանի, նույն Ղարաբաղ կոմիտեն այդ պերեստրոյկան կանի և իրենց կուղարկի այնտեղ, ուր Ղարաբաղ կոմիտեն ուղարկեց նախորդ ադմինիստացիային։