Ընդդիմությունը հայտնվել է յուրատեսակ ծուղակում

    • Հարցազրույց - 11 Հոկտեմբերի 2016, 13:57
Մեր զրուցակիցն է քաղաքական մեկնաբան Լևոն Մարգարյանը

Լևոն, երեկ ամփոփվեցին Վանաձորում և Գյումրիում ՏԻՄ ընտրությունները, երկու քաղաքներում էլ հաղթանակեց ՀՀԿ-ի առաջադրած թեկնածուն։ Իշխանությունը մեծ քաղաքներում ըստ էության պատրաստ չէ՞ որևէ զիջման։

Ամբողջական զիջման պատրաստ չէ, բայց իշխանությունը կիսել պատրաստ է: ՏԻՄ ընտրություններում մեր տեսածը պառլամենտական Հայաստանի մանրակերտն է՝ ՀՀԿ-ն անվիճելի առաջատարի դիրքերով, և մի շարք ընդդիմություններ, որոնք ավագանիում, պառլամենտում կունենան տեղեր, փոքրիկ ճգնաժամեր կհարուցեն, երբեմն կհաջողեն, բայց կենտրոնական հարցերում որոշողը կմնա Հանրապետականը: Մեծ հաշվով, տարբերություն նախորդ իրավիճակից չկա, բայց միայն առաջին հայացքից: Փոխվում է ՀՀԿ դոմինանտության մեթոդաբանությունը: Այլևս կլինեն ընտրություններ, որոնք չեն անցնի շատ աչքի զարնող խախտումներով, կլինեն քիչ թե շատ ոչ օդիոզ թեկնածուներ, ընտրական պրոցես՝ մի քանի փուլով, մրցակցային ընտրության էֆեկտ և այլն: Այս ամենի մեջ կներքաշվեն տարբեր ընդդիմադիր ուժեր, և վերջնարդյունքում այդ ուժերի հարուցած գործողությունները լեգիտիմության էֆեկտ կհաղորդեն իշխանությանը:

Թե Գյումրիում, թե Վանաձորում որոշակի ակնկալիքներ կային, որ ՀՀԿ թեկնածուները վերջապես կպարտվեն, ինչ-որ ժամանակ այդ ինտրիգը մնաց օդում կախված, իր վրա ընդդիմադիր լիցքեր կուտակեց, բայց հետո այդ լիցքերը մարվեցին: Սա իր կառուցվածքով ավելի բարդ խաղ է, գրեթե սահմանագծի վրա իշխաննությունները պիտի փորձեն վերահսկել այս խաղը, որպեսզի փոքր ճգնաժամերից մեծերը չծնվեն: Բայց կարծում եմ, Սերժ Սարգսյանի տիպի քաղաքական գործիչների համար ներքին կառավարելի քաոսները խնդիր չեն, մենեջմենթի առումով նա ոչ միայն կկարողանա դիմագրավել այս փորձությանը, այլև կկարողանա կառավարել դրանք: Ինչպես այս տարվա դեպքերը ցույց տվեցին, Սերժ Սարգսյանի համար դժվարություններ են ստեղծվում, երբ արտաքին մարտահրավերներ ենք ունենում:

Ի՞նչ եք կարծում, արդյոք ճիշտ ճանապա՞րհ է ավագանու մանդատները չվերցնելը և բոյկոտելը։ Իշխանությանը հենց դա չէ՞ պետք։

Ընդդիմությունը հայտնվել է յուրատեսակ ծուղակի մեջ: Հիմա կփորձեն մարտավարական ինչ-որ հնարքներով դուրս գալ այս փակուղուց: Գյումրիում բոյկոտի նպատակն այն է, որ Բալասայանն իր 17 ավագանիների հետ մենակ մնա և խնդիր ունենա անընդհատ վերջիններիս փայփայել, որպեսզի քվորում և որոշումներ կայացնելու մեծամասնություն ունենա: Հաշվարկն արված է նրա վրա, որ տեղի հանրապետական կառույցների հետ նա խնդիրներ ունի, և նրանց մենակ թողնելով հնարավոր կլինի այդ խնդիրները վեր հանել և ճգնաժամեր հարուցել: Վանաձորում ՀՀԿ-ն ՀՅԴ հետ մեծամասնություն չի ապահովում, և բոյկոտ հայտարարելով՝ Լուսավոր Հայաստանը կփորձի հասկանալ, թե ովքեր էին հուշագրից շեղված 4 հոգին, ովքեր կգնան ավագանու նիստերին: Երկու քաղաքներում իրավիճակը որոշակի տարբերություններ ունի մարտավարական առումով: Բայց ռազմավարական առումով խնդիրը մեկն է՝ առջևում պառլամենտական ընտրություններն են, և ՏԻՄ հետընտրական շրջանն իր հարուցած խնդիրներով կարող է դառնալ հարթակ ընդդիմադիր ուժերի նախընտրական պայքարն արդեն հիմա սկսելու համար: Ըստ էության, պայքարելով ընտրախախտումների, նոր ընտրական օրենսգրքի տարընթերցումների արդյունքների, ներընդդիմադիր դավադրությունների դեմ, ընդդիմադիր ուժերը, բոյկոտելով ավագանին, կփորձեն վերցնել այլ հարթակներ՝ փողոցը, մեդիադաշտը, դատարանի դահլիճները, կփորձեն դառնալ քաղաքական օրակարգի մեյնսթրիմ: Իսկ պառլամենտական ընտրություններին շատ քիչ ժամանակ է մնացել:

Արձանագրվո՞ւմ է արդյոք, որ 2017-ի խորհրդարանական ընտրություններին իշխանությունը նույն կերպ ամեն գնով արձանագրելու է հաղթանակ։

Ամեն գնի մեջ նախկին պատկերացումները կփոխվեն: Փորձ կարվի հնարավորինս փափուկ մեթոդներով անել ամեն ինչ, հղում անել օրենքին, ստեղծել ժամանակավոր ճգնաժամեր, լսելի դարձնել ընդդիմության ձայները և այս քաղաքական գործընթացների կոնտեքստում հաղթանակ տանել: Կրկնում եմ, այդ ամենի իմաստը ՀՀԿ-ին լեգիտիմությամբ օժտելն է, իշխանության մասամբ զիջումը հենց այս նպատակն ունի: Հետևաբար, մենք անընդհատ ականատես ենք լինելու դիտարժան տեսարանների պառլամենտում, ամբիոններում, մեդիադաշտում: Եվ սրանք ոչ թե բեմադրվելու են, այլ լինելու են ինքնաբուխ, նոր խաղի կանոններից բխող գործողություններ: Բացի այդ, կա մեկ կարևոր խնդիր՝ ընդդիմադիր տրամադրությունների դաշտում առաջացած վակուումը, որ կարող է լցվել ամեն ինչով, օրինակ Սասնա ծռերով, պիտի լցվի: Իշխանությունները ձեռնամուխ են եղել դրան, և տարբեր ընդդիմությունների չխոչընդոտելով փորձելու են նրանց ներգրավել գործընթացի մեջ՝ հաշվի առնելով, որ դրանք վերահսկելի են և կանխատեսելի, կա սակարկման հարուստ պատմական փորձառություն ընդդիմադիր դաշտի հետ: Բացի այդ, կա նաև հայ-ռուսական քաղաքական հակամարտության այս փուլում պրոռուսական շահերը հաշվի առնելու խնդիր, և այդ շահերը ներկայացվեցին ոչ միայն Սերժ Սարգսյանի աշխատակազմում և կառավարությունում, այլև ընդդիմադիր դաշտում:

Ի՞նչ պետք է անի ընդդիմությունը, ո՞րն է, ըստ ձեզ, հերթական ձախողման պատճառը։

Ընդդիմություն հասկացության հետ խնդիրները գնալով շատանում են: Իշխանության համար ցանկալի ընդդիմությունը ԲՀԿ-ն , ՀՎԿ-ը, ՀՅԴ-ն են: ՀՅԴ-ն այժմ իհարկե կոալիցիայում է, բայց թե վերջինիս, թե Բարգավաճի և Հայկական վերածնունդ դարձած ՕԵԿ-ի դեպքում կա ընդդիմություն-իշխանություն դաշտում անընդհատ մանևրելու հարուստ փորձ: Այս ուժերը հռետորաբանության որոշակի թույլատրելիի սահման ունեն, որ երբեք չեն անցնում: Սա իշխանությունների սիրելին լինելու երաշխիքն է: Հասարակության լայն հատվածների համար այս ուժերն իհարկե այդքան էլ սկզբունքային չեն, բայց ուժ են ներկայացնում՝ ունեն ռեսուրսներ, կարողանում են «հարցեր լուծել» և պատահական չէ, որ հետծառուկյանական ԲՀԿ-ն և վարկաբեկված ՀՎԿ-ը երկու քաղաքներում էլ պատկառելի ձայներ ստացան: ՀՅԴ-ն չնայած լայն հասարակական աջակցություն չունի, բայց ունի կայացած կուսակցական համակարգ ՝ սերտաճած բիզնեսին, սերտաճած սփյուռքի ռեսուրսներին: Սփյուռքի կուսակցություն լինելու պատմական ավանդույթը ՀՅԴ մեջ դաստիարակել է երկու աթոռի նստելու բնավորություն: Այս երկու մոտեցումների՝ իշխանության ցանկություններ և հասարակության ընկալումներ, արդյունքում էլ ընդդիմության դերակատարումը բաժին է հասնում այս ուժերին: Իսկ այս ուժերն անընդհատ վճռական պահերին հետ են քաշվում, կորում են, փոխում են մարտավարությունը:

Ավելի սկզբունքային, քաղաքականությանը արժեհամակարգային մոտեցումներ ցույց տվող ուժերը այս իրավիճակում երկու ելք ունեն՝ կամ դառնալ մարգինալ, կամ հարմարվել գործող խաղի կանոններին և խաղալ իշխանության թելադրած խաղի կանոններով: Այս ուժերը չունեն բավարար ռեսուրսներ, նաեւ այն պատճառով, որ հրաժարվում են խաղալ այդ խաղի կանոններով: Այդ խաղի կանոններով խաղալ նաև նշանակում է իշխանության իմացությամբ ունենալ բիզնես համակարգեր և այդ համակարգերի միջոցով ձևավորել սեփական էլեկտորատը: Այնպես որ, հիմա մենք ինչքան էլ խոսենք մարտավարական առանձին սխալների մասին, կա ավելի մեծ խնդիր՝ խաղի կանոններն այնպիսին են, որ ընդդիմությունը պիտի բավարարվի իրեն բաժին հասած դերակատարմամբ, եթե իհարկե տեղի չունենան ֆորս մաժորներ: Իհարկե, ևս մի տարբերակ կա՝ ուժերի գերլարմամբ գնալ երկարատև գործընթացի, հրաժարվել քաղաքական գործընթացների պաշտոնական հատվածից և համբերատար կերպով ռեսուրսներ կուտակել: Այս տարբերակը փորձած ուժերը վաղ թե ուշ դառնում են մարգինալ, այս ճանապարհով գնալու ռիսկը շատ մեծ է:

Ամենաընթերցվածը