Բարեփոխումների անհնարինությունն ամբողջ քաղաքական վերնախավի բնույթով է պայմանավորված

    • Հարցազրույց - 10 Հոկտեմբերի 2016, 15:56
Մեր զրուցակիցն է քաղաքագետ Արմեն Գրիգորյանը

Պաշտոնանկությունների շղթան շարունակվում է: Հերթը հասավ մարզպետներին: Սուրեն Խաչատրյանի հրաժարականի պատճառը, ըստ Ձեզ, ո՞րն է: Իշխանությունն ի՞նչ է անում այս քայլով:

Կարծում եմ՝ ձևական, այսպես ասած, կոսմետիկ փոփոխություններ են` ընտրություններին ընդառաջ: Մի քանի վարկաբեկված անձանց երկրորդ պլան մղելով՝ իրական բարեփոխումների անհնարինությունն են քողարկում: Որոշ պատրանքներ առաջացնելով, համապատասխան փիառով, զուգահեռաբար որոշ նոր կուսակցությունների առաջխաղացնելով կարող են փորձել ընտրությունների ցանկալի արդյունքն առանց չափազանց արտառոց խախտումների ապահովել: Հնարավոր է, որ ընտրություններից հետո էլ կոալիցիոն կառավարություն կձևավորվի` վարկաբեկված ՀՀԿ-ի մենաշնորհային դիրքը քողարկելու համար: Կարծում եմ՝ հնարավոր առավելագույնը կարվի նաև ոչ միայն ապագա խորհրդարանական մեծամասնությունն ապահովելու, այլև ընդդիմության դարձյալ առավելապես ռուսամետ լինելն ապահովելու համար:

Oրերս կառավարություն է այցելել Սերժ Սարգսյանը: Նա հայտարարել է, որ աշխատանքային հարաբերություններում շատ դժվարություններ կլինեն, «բայց եղե՛ք ամուր, հաստատակամ, ինչպես և պայմանավորվել ենք, նեղանալ և նեղսրտել չկա»: Ըստ Ձեզ, ի՞նչ նպատակ էր հետապնդում նրա այցը կառավարություն:

Սովորական հերթապահ հռետորաբանություն է, դեմագոգիա: Իրական բարեփոխումների անհնարինությունն ամբողջ քաղաքական վերնախավի բնույթով է պայմանավորված. գոյություն ունեցող համակարգն այնպիսին է, որ հնարավոր չէ իրական բարեփոխումներ իրականացնել` առանց համակարգի հիմնասյուները` կոռուպցիան, օլիգարխիան, մենաշնորհները և այլն, այսինքն` համակարգը որպես այդպիսին քանդելու: Սրան եթե ավելացնենք հայ-ռուսական հարաբերությունների վասալային բնույթն ու գաղութացման շարունակվող տենդենցները, պատկերն ավելի ամբողջական կդառնա: Գուցե պատահականություն էր, բայց բավական խորհրդանշական է այն, որ գազի համար հերթական պարտքի հայտնվելու մասին հայտարարեցին հենց նոր կառավարության ձևավորման ընթացքում: