Ավելի հեշտ կլիներ, եթե Հալեպի 8-10 հազար հայերը միանգամից որոշեին գալ Հայաստան

    • Հարցազրույց - 09 Հոկտեմբերի 2016, 12:44
Վերջին շրջանում Սիրիայում պատերազմական իրավիճակի սրման պայմաններում տարբեր ահազանգեր են ստացվում սիրիահայերից, որ ցանկանում են տեղափոխվել Հայաստան, սակայն գումար չունեն: Խնդրի վերաբերյալ Lragir.am-ը զրուցել է Սփյուռքի փոխնախարար Սերժ Սրապիոնյանի հետ:

Պարոն Սրապիոնյան, այս օրերին Հայաստան տեղափոխվող, նաև Սիրիայում գտնվող սիրիահայերից տեղեկանում ենք, որ շատերն են ցանկանում տեղափոխվել Հայաստան, բայց գումար չունեն, Հայաստանի կառավարության ու բարերարների աջակցությունն  են ակնկալում: Օրինակ՝ Հալեպ բարեսիրական կազմակերպությունը հայտարարել է, որ 600 սիրիահայ է դիմել իրենց Հայաստան տեղափոխվելու խնդրանքով, գումար է անհրաժեշտ: Ի՞նչ է մտածում Սփյուռքի նախարարությունը:

Սփյուռքի նախարարությունը մտածելու ժամանակ չունի, գործում է: Նախ, ինձ շատ զարմացնում է Հալեպ բարեսիրական կազմակերպության հայտարարությունը, մենք չգիտենք, թե այդ 600 թիվը որտեղից վերցվեց: Մենք նրանց հետ համագործակցում ենք, ինձ մոտ կա 2015 թվականի ցուցակը, 101 մարդ է դիմել Հալեպ միությանը՝ Հայաստան գալու համար: Ես խնդրել էի, որ ինձ ուղարկեին ընդհանուր նամակները, նման ցուցակ դեռ չկա: Ընդամենը երեք տասնյակ նամակ կա իրենց մոտ, ովքեր դիմել են Հայաստան տեղափոխվելու համար: Այդ նույն անձանց տվյալներն էլ մենք ունենք, խոսում ենք Ազգային կառույցների ղեկավարների հետ, ամեն օր 5-10 խոսակցություն ենք ունենում Սիրիայի հայկական կառույցների հետ: Ոչ թե չկան ցանկություն ունեցող մարդիկ, այլ խնդիրներ կան, որ այդ ցանկություն ունեցող մարդկանց հասցնենք այստեղ, և դա զուտ միայն գումարի հետ չի կապվում:

Իսկ ինչի՞ հետ է կապվում:

Այդ գումարի հարցը լուծելն ընդամենը երկու-երեք տասնյակ մարդու համար խնդիր չէ: Ավելին ասեմ, այնքան էլ հեշտ չէ այլ երկրի քաղաքացու Հայաստանում հայտնվելը: Դա որոշ փաստաթղթային պահանջներ է ենթադրում նաև: Այդ պահանջները պետք է անեն նրանց և մեր պետական կառույցները: Որպեսզի մարդը մտնի քո երկիր, պետք է ունենա փաստաթղթային համապատասխան ձևակերպում: Ամենաարագացված տեմպերով դրանք մենք անում ենք, եթե դրա կարիքը կա: Մարդը պետք է ապացուցի, որ ինքը հայազգի է, չէ՞, որպեսզի կարողանա Սիրիայից Հայաստան գալ: Ազգանունների զգալի մասը կամ արաբական են, կամ թուրքական: Եվ մենք նման ազգանունով անձանց տվյալները համապատասխան միջոցներով արագ ճշգրտում ենք, մեր համապատասխան մարմինների հետ համագործակցում ենք: Երեք ընտանիքի փաստաթղթային խնդիրը լուծել ենք ընդամենը 4 ժամում, և մարդիկ հասել են այստեղ: Այդ համատարած անուշադրության մասին խոսակցությունները, թե մարդիկ համատարած գալիս են այստեղ, տեղ չունեն գալու, հնարավորություններ չունեն, դա գերչափազանցություն է:

Օրական քանի՞ դիմում եք ստանում սիրիահայ ընտանիքներից, ովքեր ուզում են գալ Հայաստան, բայց և գումարի, և փաստաթղթերի կարիք ունեն:

Կա օր, որ ոչ մի դիմում չենք ստանում, կա օր, որ ստանում ենք 3-4 դիմում:

Իսկ օրական քանի՞ սիրիահայ ընտանիք է գալիս Հայաստան:

Երեկ եկել է երեք ընտանիք, որոնց դիմավորել են մեր աշխատակիցները:

Ի դեպ, այդ երեք ընտանիքների անդամներն էլ լրագրողներին փոխանցել են, որ սիրիահայերը բոլորն էլ ցանկանում են գալ Հայաստան, եթե գումար ունենան, որ այնտեղ վտանգավոր է ապրելը:

Գիտեք ի՞նչ, այդ երեք ընտանիքների անդամները համակարգված տեղեկություն չունեն, նրանք լսում են, որ մեկը, երկուսը, երեքը այդպես են ասում, դա համարում են համատարած: Այդ համատարծության մասին պետք է ճիշտ ինֆորմացիա իմանալ: Իհարկե, կան անհատներ, էդ ո՞վ է մտածում, որ մարդը, ով ռմբակոծության տակ է, չի ուզենա դուրս գալ այդ ռմբակոծության տակից: Դա հո չես կարող ժխտել: Բայց այդտեղ մի խնդիր կա, նրանց մի զգալի մասը չեն ուզում գալ: Հավատացեք, երեկ է մեր աշխատողը եկել այնտեղից, երեք-չորս օր Սիրիայում հանդիպումների մեջ էր, օգնություն էր բաժանում, իր աչքերով ամեն ինչ տեսել է, Հայաստան գալ ցանկացողներին էլ է տեսել: Նրանց մեծ մասը խնդիր են դնում մեծ մասամբ տեղում՝ Հալեպում կամ Սիրիայի ամբողջ տարածքում, տեղափոխվել համեմատաբար հանգիստ վայրեր, որտեղ ռմբակոծությունները չեն հասնում: Ավելի շատ նման ցանկություն ունեցող անձինք կան, մեր աշխատողի աչքով տեսածն եմ ասում ես: Սիրիայի համեմատաբար ապահով քաղաքներից մեկում, որը Հալեպից շատ հեռու չէ, 250 հայ ընտանիքը վերածվել է 850 հայ ընտանիքի՝ իրենց ցանկությամբ, մեր գիտությամբ ու օգնությամբ: Հիմա այդ ավելացած 600 ընտանիքը չեն ուզում Հայաստան գան, չէ՞:

Իսկ գուցե ուզում են, բայց հնարավորություն չունե՞ն և ստիպված են նման քայլի դիմել:

Չկա այդպիսի բան, դա մեկ-երկու ինֆորմացիայով հորինած լուր է: Ովքեր որ ուզում են գալ Հայաստան, հնարավոր բոլոր օգնությունները կան: Դուք մեզ ասեք, ի՞նչ պետք է անենք, ամեն օր մի ինքնաթիռ ուղարկենք, մեկ հոգի վերցնենք գա՞նք, մենք այդ հնարավորությունն ունե՞նք: Մենք դրա համար ասում ենք՝ դիմեք այս-այս մարմիններին,տվել ենք 7 կետի անուն, որտեղ կարող են դիմել, նրանց բոլոր օգնությունները ցույց կտան, օդակայանում էլ նրանց կդիմավորեն մեր հերթապահող աշխատողները, որոնք ամեն օր Արևելքից եկող օդանավերը դիմավորում են, տեղեկանում են՝ մեջը սիրիահայ կա՞, թե ոչ: Եկածներին խորհրդատվություն ենք տալիս, Սիլիկյան թաղամասում բարեգործներին աղաչել-պաղատել ենք, մի քանի ժամանակավոր կացարան ենք վերցրել, երևանամերձ գյուղերում խնդրել ենք, գյուղապետերը մեզ հասցեներ են տրամադրել, բնակարաններ, որտեղ մարդկանց կարող ենք տանել ու տեղավորել, ձեզ թվում է, որ մենք անտարբեր նստած ենք ու չենք ուզո՞ւմ ինչ-որ բան անել: Մենք հաստատ չենք խաբեում, խաբելը մեզ ի՞նչ օգուտ:

Հիմա դուք հավատացնում եք, որ գումարի խնդիր չկա՞, եթե որևէ սիրիահայ ընտանիք ցանկանա գալ Հայաստան, գումարի խնդիր չկա՞:

Այդպիսի ուղիղ միտք ես չասացի, ասացի՝ լուծումներ կան: Պետական գումարի ծախսերը դուք ո՞նց եք պատկերացնում, էդ պետական գումարը պետբյուջեից դուրս գալու համար պիտի ունենա հիմնավորում: Խոսում են 600 մարդու մասին, բայց դե ֆակտո 27 մարդու փաստ կա: Հիմա եթե էդ 600-ը գրում ենք, դառնում է մեծ գումար, չէ՞:

Խնդրում եմ հստակ ասել՝ եթե մեկ ընտանիք ուզում է այնտեղից տեղափոխվել Հայաստան, բայց գումար չունի, որքա՞ն ժամանակում է լուծվում այդ հարցը:

Այդ ընտանիքի լուրը հենց հասնում է մեզ, նրանց տեղափոխումը տեղում և այնտեղից Հայաստան, կապված նաև չվերթների հետ, կարող է տևել 3-4 օր:

Այսօր հստակ քանի՞ դիմում կա սիրիահայերից, որ ուզում են գալ Հայաստան:

Այս պահին Սփյուռքի նախարարությունում կա ընդամենը մեկ դիմում, տեղի սիրիահայ է եկել դիմել՝ իր երկու քույրերի ընտանիքներին Հայաստան տեղափոխելու համար: Դիմումը վերցված է, կապը հաստատված է, միջոցներ են ձեռնարկվում, նրանք մոտ օրերս կտեղափոխվեն Հայաստան:

Դուք լծակներ ունե՞ք, որ լիարժեք պատկեր ունենաք, թե ի վերջո Սիրիայում գտնվող ընտանիքների քանի տոկոսն է ուզում գալ Հայաստան: Որովհետև մարդիկ ավելի շատ հակված են հավատալ այնտեղից եկողներին, ովքեր հայտարարում են, որ շատերն են ուզում գալ Հայաստան:

Պարտադրանք չունենք, բայց համագործակցության լծակներ, այո, ունենք: Բուն Հալեպում այսօր մոտ 8-10 հազար հայ կա: Նրանցից կոնկրետ թիվ չունեմ, որ ասեմ, բայց մոտ 150-200-ն են ցանկություն հայտնում գալ: Հյուպատոսարանը մեզ ուղարկում է  տվյալները, որոնք իրենց են դիմել, Սիրիայի հայ հոգևոր խորհուրդն ու մյուս կառույցները ուղարկում են: Ցանկալի չէ, որ թվեր հրապարակենք, բայց դա մեծ թիվ չի կազմում: Այնպես որ, մեկ ինքնաթիռով էլ եթե նրանց տեղափոխենք, թիվը էլի քիչ է: Մարդիկ այնտեղ փրկված մասունքներ ունեն, մարդը ձեռք չի քաշում դրանից, չի գալիս, ի՞նչ անենք: Մենք նրանց ո՞նց պարտադրենք ու վերցնենք բերենք: Մեզ համար ավելի հեշտ կլիներ, եթե Հալեպի 8-10 հազար հայերը միանգամից որոշեին գալ Հայաստան, միանգամից տեղափոխեինք: Բա ի՞նչ կանեինք, կտեղափոխեինք, ո՞նց կարող էր մեր երկիրը նրանց թողնել անտեր: Բայց իրենք են որոշում իրենց ճակատագիրը: Ի վերջո, մենք խոստովանենք, թե ոչ, նրանք այլ երկրի քաղաքացիներ են: