Գալիս է պահը, երբ հանրային պահանջն այնքան է ուժեղանում, որ այլևս ոչինչ չես կարող անել

    • Հարցազրույց - 08 Հոկտեմբերի 2016, 14:26
Մեր զրուցակիցն է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀԿ խորհրդի անդամ Կարինե Աճեմյանը

Տիկին Աճեմյան, Վանաձորում ՏԻՄ ընտրություններից հետո հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել։ Էդմոն Մարուքյանի առաջարկն ընդունվել է Հայկական վերածնունդ և Բարգավաճ Հայաստան կուսակցությունների կողմից։ Իշխանությունը պատրա՞ստ է երրորդ քաղաքը զիջել ընդդիմությանը։

Սահմանադրական բոլոր բարեփոխումները, որոնց այո ենք ասել, պատրաստ ենք իրականացնել ու կյանքի կոչել։ Ճիշտ է, շատերն անվստահություն էին հայտնում, որ ընդդիմությունը չի կարողանում համախմբվել։ Եթե ընդդիմությունը համախմբվի, եթե կարողանա Վանաձորում իր թեկնածուին առաջ տանել կամ որևէ ձևով աջակցել այն գործընթացներին, որոնք միտված են ժողովրդի բարեկեցությունն ապահովելուն, մենք, իհարկե, պատրաստ ենք դրան, որովհետև մենք միշտ բարձրաձայնել ենք, որ ուզում ենք, որպեսզի իրական մրցակցություն լինի։ Իրականում այն ուժերը, որոնք ձայներ են հավաքում, կարողանան իրենց դիրքերն ամրապնդել։ Սա օրինակ է, և մեզ չեն կարող այլևս մեղադրել, թե չենք ցանկանում տեղեր զիջել։ Հակառակը, եթե իրենք կարողանան համախմբվել, մենք դրանից ոչ մի վախ կամ անհանգստություն չունենք։

Իսկ հնարավո՞ր չէ, որ այս ընթացքում այդ մի քանի ավագանիների հետ, որոնք պիտի կատարեն այդ քվեարկությունը, առանձին պայմանավորվածություններ ձեռք բերվի։

Քաղաքականության մեջ ամեն ինչ է հնարավոր, բայց ես չեմ կարծում, որ սա այդ դեպքն է։ Կարծում եմ, որ ներսում ուժերը կհամախմբվեն, մենք էլ մեր աշխատանքը պիտի իրականացնենք, այնպես չի, որ ձեռքներս ծալած նստելու ենք։ Ես հուսով եմ, որ ամեն ինչ Վանաձորում նորմալ կընթանա, և իրականում այն, ինչ մենք նպատակադրել էինք, փոխել մեր կյանքում, այն ինչ ցանկանում է նաև ընդդիմությունը, կարողանանք իրագործել։

Փաստորեն աննախադեպ կլինի, եթե Հայաստանի երրորդ քաղաքում ընդդիմադիր քաղաքապետ ունենանք։

Եթե ունենանք, այո, կարող է լինել աննախադեպ, բայց նաև բխում է մեր ընտրած քաղաքական կուրսի տրամաբանությանից։ Մենք անվերջ կրկնում էինք, որ այն ուժերը, որոնք ունեն իրական ձայներ, լուսանցքում չեն հայտնվի, սա հենց այդ դեպքն է։ Իհարկե, ժամանակը ցույց կտա, գործընթացն առաջ կգնա, բայց նաև մենք անհանգստություններ չունենք։

ՀՀԿ-ականներից շատերը շտապեցին շնորհավորել Վանաձորի քաղաքապետի ՀՀԿ-ի թեկնածու Մամիկոն Ասլանյանին, թեև նա ձայների 40+-ը չէր ապահովել։

Այնուամենայնիվ, նա բավական ձայներ էր հավաքել, և սա այն դեպքն է, որ կարելի է շնորհավորել, որովհետև նաև ձայների քանակով որոշվում է, թե մարդն ինչ դերակատարում կարող է ունենալ։ Ես ոչինչ չեմ բացառում։

Եթե քաղաքապետ դառնա ընդդիմության թեկնածուն, հնարավո՞ր է Լոռու մարզպետը պաշտոնանկ արվի՝ ոչ լավ աշխատանքի համար։

Ընդհանրապես ընտրական գործընթացները երբեմն անկանխատեսելի են, ամեն ինչ հնարավոր է, բայց այս պարագայում ես չեմ կարծում, որ մարզպետն իր իրավասություններից դուրս է գործել։ Հակառակը, շատ լավ է, որ ընդդիմությունը տեսնում է, որ կոնկրետ դեպքում իրենց աշխատանքը տվել է արդյունք։ Այսինքն՝ այլևս չեն կարող մեղադրել, որ մենք իրենց խանգարել կամ խոչընդոտել ենք։ Ես հուսով եմ, որ եթե ընդդիմադիրների կոալիցիան կայանա, և ունենանք ընդդիմադիր քաղաքապետ, նա այնպես կաշխատի, որ հետագայում որևէ խնդիր չառաջանա։ Որովհետև իրենք միշտ քննադատել են մեր քաղաքապետներին, մարզպետներին ու հիմա իրենք պետք է ավելի լավ արդյունքներ գրանցեն։

Նախօրեին Սերժ Սարգսյանը կառավարությունում հայտարարեց, որ այս նոր կառավարությանը հաջողվելու է անել այն, ինչը չի հաջողվել նախորդ կառավարություններին։ Որտեղի՞ց այդ վստահությունն ու երաշխիքները, Դուք է՞լ եք այդպես կարծում։

Ասում են՝ երբ դու հավատում ես մարդուն, նա ավելի լավն է դառնում։ Ասում են՝ երբ հավատում ես մարդու ուժերին, դրանք բազմապատկվում են։ Կարծում եմ՝ լավատեսությունն, այնուամենայնիվ, իր գործը կանի, և նաև տեսնում եմ, որ շատ մեծ ցանկություն կա։ Եթե կա մեծ ցանկություն, կարելի է նաև սարեր շուռ տալ։

Իսկ ինչո՞ւ այսքան տարի չկար այդ «շատ մեծ ցանկությունը»։

Ցանկություն կար, բայց երևի թե իրենց ուժերը ճիշտ չեն գնահատել կամ այնպես չեն աշխատել,- մարդը սխալական է,- ճիշտ նախարարներ ընտրել, ճիշտ կուրսով առաջ գնալ։ Դա այնքան էլ հեշտ գործ չէ մեր ժամանակներում։ Ընդհանրապես սոցիալ-տնտեսական հարցերը բազմազան ու բազմաթիվ են, ուժերի մեծ լարում է պետք, ամեն մի նախարար պետք է իր ողջ ուժերը ներդնի, կարողանա աշխատել անաչառ ու օբյեկտիվ, որպեսզի կարողանանք արդյունքներ գրանցել։

Որպես ԱԺ մշակույթի հանձնաժողովի անդամ՝ ինչպե՞ս ընդունեցիք մշակույթի նախարարի փոփոխությունը։ Համամի՞տ եք կարծիքին, որ այս տարիների ընթացքում այնքան մեծ էր դժգոհությունը Հասմիկ Պողոսյանից, որ նրան փոխարինելը պահի հրամայական էր դարձել։

Կարծում եմ՝ այդ դժգոհությունը խիստ չափազանցված է, թեև երևի թե ինչ-որ պատճառներ, այնուամենայնիվ, ուներ։ Բայց եթե դա հասարակական պահանջ է, ապա նույն Հասմիկ Պողոսյանն էլ ողբերգություն չպիտի ապրի, որովհետև նա, ի վերջո, 10 տարի աշխատել է, մենք շնորհակալ ենք իր աշխատանքի համար։ Ես կարծում եմ՝ ինքը որոշակի գործընթացներում կարողացել է դրական արդյունքներ գրանցել։ Երևի թե արդեն թարմ ուժ էր պետք, սա այդ դեպքն է, և կարծում եմ, որ Արմեն Ամիրյանին կհաջողվի և լավը շարունակել, և եթե կան բացթողումներ, դրանք խմբագրել։

Ինչո՞ւ պաշտոնանկ արվեց Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, նա այլևս պետք չէ՞ իշխանությանը։ Վերջին տարիներին հասարակությունը շատ բացասական էր տրամադրված նրա նկատմամբ, բայց մենք տեսանք, որ նա նույնիսկ վերանշանակվեց մարզպետի պաշտոնում։ Ի՞նչը ստիպեց հիմա գնալ նման քայլի։

Չեմ կարող ասել՝ ինչը ստիպեց, որովհետև ես չեմ որոշողը, բայց նաև տեսնում եմ, որ հանրային կարծիքն է կարևոր շատ դեպքերում, երևի կար նաև ներքին դժգոհություն, ես անձամբ տեղյակ չեմ։ Երևի թե մարզպետների դեպքում անհրաժեշտ է ունենալ նոր դեմքեր, ավելի թարմ ուժեր։

Նաև մարդիկ, որոնք հեղինակազրկված չե՞ն։

Հեղինակությունը շատ դժվար է ձեռք բերել և շատ հեշտ է կորցնել։ Ես ինքս համարում եմ, որ քաղաքական գործիչները, կառավարության անդամները խստորեն պետք է հետևեն իրենց հեղինակությանը, որովհետև այո, գալիս է պահը, երբ հանրային պահանջն այնքան է ուժեղանում, որ այլևս ոչինչ չես կարող անել։