Պաշտոնյաներին հանցագործությունների համար չեն ազատում աշխատանքից

    • Հարցազրույց - 07 Հոկտեմբերի 2016, 11:01
Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի հրաժարականի շուրջ զրուցել ենք Սյունիքի մարզից ԱԺ պատգամավոր Արմեն Կարապետյանի հետ

Պարոն Կարապետյան, ինչպե՞ս եք գնահատում Սյունիքի մարզպետի պաշտոնանկությունը։ Իշխանությունն այս քայլով փորձում է մաքրվե՞լ այս տարիներին տարբեր պատմություններում ներգրավված մարզպետերից, եւ առաջինը Սուրեն Խաչատրյանն էր, որի աշխատանքը միշտ բարձր եք գնահատել։

Ես չէի ասի, որ Սյունիքում է վարչապետը ցանկացել որոշ փոփոխություններ կատարել, այլ ընդհանրապես ամբողջ հանրապետությունում նոր վարչապետը ձևավորել է իր թիմը, նոր նախարարներ, նոր թիմ՝ նոր աշխատակազմով։  Շուտով, իմ կարծիքով, կլինեն պաշտոնանկություններ մնացած մարզերում, այդ գործընթացը կշարունակվի, որովհետև արդեն վարչապետի ազդակներից հասկացանք, որ նա այն մարդկանց է աշխատանքի տեղավորում, որոնց վստահում է, որ կարող են ծանր բեռը տանել։

Այսինքն՝ Սուրիկ Խաչատրյանը անվստահելի՞ գործընկեր է։

Չէի ասի, որ Սուրիկ Խաչատրյանը, կամ ընդհանրապես այն նախարարները, որոնք փոխվեցին, անվստահելի էին։ Պարզապես վարչապետը պաշտոններ է տալիս անմիջապես իր շրջապատի վստահելի ու պրոֆեսիոնալ մարդկանց, որպեսզի հետո հեշտ լինի կառավարել իր թիմը։

Հնարավոր համարո՞ւմ եք, որ Սուրիկ Խաչատրյանի պաշտոնանկությունը կարճ տևի՝ հաշվի առնելով, որ նախկինում էլի է հրաժարական տվել, սակայն որոշ ժամանակ անց նորից նշանակվել մարզպետի պաշտոնում, անգամ կոչում է ստացել։

Ես չեմ կարող ասել՝ նորից կլինի նշանակում, թե չի լինի, բայց հասկանում եմ, որ եթե վարչապետը փոխվել է, նա պիտի ձևավորի իր թիմը։

Ձեր կարծիքով, Սուրիկ Խաչատրյանն ինչպիսի՞ գործընկեր է եղել ՀՀԿ-ի համար՝ հաշվի առնելով, որ նա ընտրությունների ժամանակ կարողացել է բարձր քվե ապահովել իշխող ուժի համար։

Մարզպետների աշխատանքի գնահատականը կառավարությունն է տալիս։ Ամեն տարի կառավարությունում կա նշանակված մի օր, երբ կառավարությունը գնահատական է տալիս մարզպետների աշխատանքին։ Դուք կարող եք նայել վերջին 12 տարիներին ինչպիսի գնահատականի է արժանացել Սուրիկ Խաչատրյանը։

Բայց հասարակության մոտ կարծիքն այլ է։

Հանրության կարծիքը դեռևս կառավարության գնահատականը չէ, որովհետև կառավարությունը ստույգ ցուցանիշներով, պարամետրերով գնահատական է տալիս և նախարարներին, իրենց ղեկավարած ոլորտներին, և մարզպետներին, իրենց ղեկավարած մարզերին։

Կարո՞ղ ենք ենթադրել, որ այս հրաժարականի պատճառը եղել է այն, որ տարիներ շարունակ Սյունիքի մարզպետի և նրա հարազատների անունները տարբեր կրիմինալ պատմությունների կիզակետում են եղել, և շատերն էին խոսում նրա հրաժարականի անհրաժեշտության մասին։

Ոչ, դա հնարավոր չէ։ Մարզպետի հրաժարականը պայմանավորված է վարչապետի՝ թիմ ձևավորելու հետ։

Որտեղ Սուրիկ Խաչատրյանի պես մարզպետները տեղ չունե՞ն։

Ինչու միայն Սուրիկ Խաչատրյանի, հերթը կհասնի շատերին։ Եվ այստեղ չի քննարկվում լավ կամ վատ աշխատանքը, քննարկվում է այն, որ ձևավորվում է թիմ և պետք է որոշել՝ այս մարդը պետք է աշխատի այդ թիմում, թե ոչ։

Բայց վարչապետի նոր թիմում նաև շատ հին կադրեր կան, օրինակ Սփյուռքի նախարարը, սոցիալական հարցերի նախարարը և այլն։

Չկան, նոր թիմում չկան  հին կադրեր։ Կարելի է ասել հին նախարարները կառավարության շատ քիչ տոկոսն են կազմում։ Գուցե դա էլ է պետք, ժամանակ է պետք և համակցելու խնդիր գոյություն ունի։ Ի վերջո, դա էլ է վարչապետի հայեցողության տակ՝ պահել այս կամ այն նախարարին, թե ոչ։

Դուք Սուրիկ Խաչատրյանին այլ պաշտոնում տեսնո՞ւմ եք, նրա հնարավորությունները կներե՞ն այլ պաշտոնում ղեկավարելու համար։

Ամեն ինչ հնարավոր է, մարդը չի ամրագրված որևէ պաշտոնում, դա նրա սեփականությունը չէ։ Բացի այդ, ցանկացած ՀՀ քաղաքացի հավակնում է տարբեր պաշտոնների՝ ըստ իր կարողությունների։

Արդեն հայտնի է Սյունիքի նոր մարզպետի անունը։ Ի՞նչ կարող եք ասել Վահե Հակոբյանի մասին։

Ես մի բան կարող եմ ասել, որ համաշխարհային բորսայում մետաղների գները զգալիորեն իջել են, և նա այդ ընթացքում աշխատելով պղնձամոլիբդենային կոմբինատում որպես տնօրեն, եթե կարողացել է այնպես անել, որ գործարանը շարունակի իր աշխատանքը, պահպանել է աշխատատեղերը, աշխատավարձերը չի կրճատել, նշանակում է նա ի զորու է, կաշխատի նոր պաշտոնում։

Կարծիք կա, որ Սերժ Սարգսյանը թուլացնում է մարզպետների ինստիտուտը, և այդ համատեքստում մտավախություն չունե՞ք, որ հաջորդ ընտրություններում ՀՀԿ-ն կարող է այդքան ձայն չկարողանա ստանալ, քանի որ շատերն ասում էին, որ այդ ձայները Սուրիկ Խաչատրյանի «խաթեր» էին տալիս ՀՀԿ-ին։

Ես այդպիսի գնահատական չեմ տա։ Հատկապես վերջին ժամանակներս հենց ինքը՝ ընտրողն է որոշում, թե ում պետք է տա իր ձայնը։ Այնպես չի, որ ինչ-որ մի պաշտոնյայի պատճառով քաղաքացին կարող է տալ իր ձայնը։ Եկել է այն ժամանակահատվածը, երբ քաղաքացին որոշում է, թե ում տա իր ձայնը։ Չի կարելի այս հրաժարականը կապել հետագա ընտրությունների հետ։ Եթե այդպիսի բան լիներ, այդ մարդկանց պաշտոններից չէին հանի, կթողնեին նույն աշխատանքում։ Ես վստահ եմ, որ մեր քաղաքացիները հասունացել են այն աստիճանի, որ իրենք իրենց ընտրությունը կարող են կատարել՝ անկախ նրանից, թե ինչպիսի պաշտոնյա է ղեկավարում մարզը։

Ամենաընթերցվածը